HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և կնոջ վերաբերյալ գործը կարճվել է

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և կնոջ վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Մհեր Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին 2018-ի հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1 110 400 դոլար, 230 500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

2018-ի օգոստոսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրությամբ հայտնել էր, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վաչագան Ղազարյանի կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին։ Վերջինս մեղադրվում էր իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, նչպես նաև ապօրինի հարստանալու մեջ։

Ղազարյանը, սակայն, դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու և դրանք հրապարակելու հանձնաժողովի գործողությունները, «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել։ 2019-ի մայիսին վարչական դատարանը բավարարել էր հայցն ու Բարձրաստիճան պաշտոնաար անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցրել ոչնչացնել վերը նշված հայտարարագրերը։

Գործի քննության ընթացքում՝ 2019-ի փետրվարին դատախազությունը հայտնել է, որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է։

Նշենք, որ Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյան պնդմամբ՝ Ղազարյանն իրենից 40 միլիոն դրամ է շորթել: Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս գործի շրջանակներում որոշում է կայացվել Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter