HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Կա՞ Ճշմարտության տեղ. տենդենցիոզ գիտականությո՞ւն, թե՞ անձնական փորձառություն կամ գեղարվեստական պատում

Գիտականությունը հակադրել աչքով տեսածի՞դ, հումանիտար գիտության տենդենցիոզությամբ հերքել անձնական փորձառությո՞ւնը։

Այդ է անում գիտնական Աղասի Թադևոսյանը «Պատասխան Վահան Իշխանյանի «Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» զուգահեռներ Երևանի և Նեապոլի միջև» հոդվածին» գրությամբ։

Թադևոսյանը գիտականության դիրքերից քննադատում է իմ «Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին». զուգահեռներ Երևանի և 50-ականների Նեապոլի միջև» գրությունը՝ երեք անգամ «սխալ» բառով բնութագրում նյութի հատվածները։

Մի «սխալ»ն այն է, որ իր մասնագիտությունը ոչ թե մշակութային մարդաբան եմ գրել, այլ պատմաբան։ Կներեք, բայց մի քանի տեղ էլ հանդիպել եմ, որ նա ազգագրագետ է, իր կենսագրության մեջ գրված է «1995 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում ազգագրություն մասնագիտացմամբ»։ Սակայն խուսափելու համար այս մի «սխալից», այսուհետ ավելի ընդհանուր բառ գուցե օգտագործեմ՝ գիտնական։

Թադևոսյանը իմ գրությունը անվանում է հոդված, որ սխալ չէի անվանի, բայց կուզեի ճշտել՝ որ հոդվածը ուսումնասիրություն կամ հետազոտությունն է, ուրեմն իմ գրությունը հոդված չէ, եթե անհրաժեշտ է ինչ-որ ժանրի մեջ դնել, ապա էսսե, հայերեն՝ փորձագրություն՝ փորձ բառից, սեփական փորձառության վրա հիմնված, որտեղ խուսափել եմ օգտագործել «իմ», «ես» դերանունները, և այդ «սխալի» պատճառով էլ որոշ թյուրիմացություն է առաջացել, որն էլ օգտագործելով՝ Թադևոսյանը անձնական փորձառությանը հակադրել է ինչ-որ անհայտ անձանց վրա արված հետազոտություն։

Մյուս «սխալը». Աղասի Թադևոսյանը ասում է, թե իմ այն խոսքը, թե «Սովետական Հայաստանում չկար այն հետսովետական Հայաստանին բնորոշ սովորույթը, որ տղան աղջկա հետ հանդիպելու համար թույլտվություն է վերցնում նրա եղբորից» սխալ է, և որ իր և այլ գիտանականների հետազոտություններ ցույց են տալիս, որ «Խորհրդային Հայաստանում 1950-1980-ական թվականներին բավական տարածված պրակտիկա է եղել աղջկա հետ հանդիպելու համար եղբոր, հոր և նույնիսկ հորեղբոր տղայի թույլտվությունը խնդրելը»:

Ընդհանրապես, ամբողջ գրությունը փորձում է ապացուցել իր  «Բարոյականություն և սեռականություն. խոսույթներ և պրակտիկաներ» աշխատության այն դրույթը, թե Հայաստանում ավանդական բարքերը առաջացել են Սովետական միությունում սովետական համայնական, անհատի ազատությունը մերժող գաղափարախոսության հետևանքով։

Սովետը բազմաշերտ էր՝ Վիլնյուսի Սովետը մի բան էր, Պետերբուգինը` մի բան, Մոսկվայինը՝ այլ բան, Տաշքենդը՝ լրիվ ուրիշ, Բաքուն` այլ, Թիֆլիսը` այլ, Էջմիածինը` այլ, Գյումրին` այլ, Երևանն էլ` այլ։ Իմ նյութի վերնագրում գրված է զուգահեռներ Երևանի և Նեապոլի միջև։ Ավելին, տարբեր Երևաններ կային, Երրորդ մասը մի Սովետ էր, Կենտրոնը՝ մեկ այլ, Կոմիտասը՝ ուրիշ, Աջափնյակը՝ լրիվ այլ, և այլն։ Գրել եմ երևանյան մեր թաղամասում ապա համալսարանում ուսանելիս և իմ միջավայրում ունեցածս փորձառության մասին. մեծացել եմ աշխատավորների թաղամասում, ապա սովորել Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, պատանիներն ու երիտասարդները սիրահարվում էին, իրար հետ ման գալիս, բայց չի եղել կամ չեմ լսել, որ մեկը աղջկա հետ խոսելու համար թույլտվություն վերցնի աղջկա եղբորից։ Ապա նույն միջավայրը հետսովետական շրջանում փոխվեց, ադաթ մտավ, որ տղան պարտադիր պիտի աղջկա եղբորից թույլտվություն վերցնի, ընդ որում ամբողջ Երևանով՝ և՛ առավել առաջադիմական Կենտրոնում, և՛ Աջափնյակում, և՛ մյուս թաղերում։ Խորհրդային Հայաստանի այլ բնակավայրերում կամ Երևանում եղե՞լ է այս սովորույթը, իհարկե, հավանաբար եղել է, համատարա՞ծ է եղել, վստահ կարող եմ ասել՝ ոչ, այդպիսի չգրված օրենք չկար, իսկ Սովետական Միության փլուզումից հետո այն դարձավ գրեթե հասարակական չգրված օրենք։

Սովետական Միությունում նաև ոչխարներով օժիտ տալու սովորություն է եղել Կովկասում, ինչպես տեսնում ենք «Կովկասի գերուհի» ֆիլմում, արդյոք այդպիսի երևույթ եղե՞լ է Հայաստանում, հնարավոր է՝ եղել են դեպքեր, սակայն հասարակական չգրված օրենք չի եղել, ինքս էլ չեմ լսել նման դեպք։

Գիտություն չէ, բայց մի «հետազոտություն» էլ իմ ու իմ շրջապատի անձանց փորձառությունն է, իսկ անձնական փորձառությունը երբեմն կարող է գիտականից ավելի բնորոշ պատկերել հասարակությունը։ Արդյոք գիտական ամեն հետազոտություն ավելի ճշգրի՞տ է նկարագրում հասարակությունը, քան որևէ վեպ, կամ ֆիլմ։ Ֆերանտեի վեպն էլ՝ «Իմ հանճարեղ ընկերուհին», Նեապոլի մասին գիտական չէ, բայց պատկեր է տալիս Նեապոլի, թե ինչ պահապանողական միջավայր էր 50-ականներին, գուցե ավելի բնորոշ պատկեր, քան որևէ տենդենցիոզ գիտական հետազոտություն, որն, օրինակ, կարող էր նպատակ ունենալ ցույց տալ, որ «ազատական Եվրոպայում կանայք ավելի ազատ էին, քան Սովետական Միությունում, ուր անհատը ճնշվում էր» (Թադևոսյանի ուսումնասիրությունում  այն թեզը, թե իբր Սովետում է առաջացել կնոջ կախվածությունը տղամարդուց, հիմնավորվում է նրանով, թե Խորհրդային Միությունը մերժում էր անհատի ազատականացումը, այսինքն կնոջը ենթարկեցնում համայնքի բարոյականությանը, հիմնավոր չէ։ Հայրիշխանության առաջացման տարբեր վարկածներ կան, որոնցից հիմնավոր է թվում այն, որ ինչպես ընդհանրապես շահագործումը, այնպես էլ կնոջ շահագործումն ու կախվածությունը առաջացել են սեփականությունից, կինը վերածվել է  հոր ունեցվածքի համար ժառանգորդ արտադրող գործարանի, այսպիսով հետզհետե կինը  ապրանքայնացվել է, որպես «գործարան»՝ նրա արտաքին տեսքն է դարձել առաջնային, որ գեղեցիկ ժառանգորդ արտադրի։ 20-րդ դարի ձախ շարժումները, որոնք պայքարում էին ընդհանրապես շահագործման դեմ, նաև բերեցին սեռերի հավասարության ու կնոջ ազատագրման գաղափարը։ 1917֊ի Հոկտեմբերյան հեղափոխությունն էլ ինչ-որ չափով իրականացրեց սեռերի հավասարությունը, իսկ Սովետի փլուզումից հետո կապիտալիստական կարգերը կրկին սկսեցին ապրանքայնացնել կնոջը ու դարձնել կախված տղամարդուց, նրա կյանքում եղբոր ու հոր դերը մեծացավ)։

Կամ Խորհդային Հայաստանի բազմաթիվ բանաստեղծների, գրողների գործերն ու ֆիլմերը, որոնցում սիրային պատմություններում տղան աղջկա հետ կապ հաստատելու համար ո՛չ եղբորը, ո՛չ էլ հորն է դիմում, օրինակ՝ Ռուբեն Հախվերդյանի երգերում (օրինակ՝ «Քո հանգուցյալ տատիկի սենյակում, Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում»), Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Մետաքսեի բանաստեղծություններում,  Զորայր Խալափյանի «Վերադարձնելով ձեր դիմանկարը», Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն Անի» (ուր այսպիսի խոսք կա՝ «Եղբայրները չեն ուզում իրենց քույրերի հետ կինո գնալ, երբ որ 17-18 տարեկան են դառնում, նրանք ուրիշ աղջիկ են ուզում, ուրիշի քույր»), «Ապրած և չապրած տարիներ», «Վերջին ուսուցիչը» վեպերում, Ռաֆայել Նահապետյանի բազմաթիվ պատմվածքներում կնոջ և տղամարդու ազատ սերն է, Շահեն Թաթիկյանի «Բալենին», որի հիման վրա նկարվել է «Ապրեցեք երկար» ֆիլմը, նաև հայկանան ֆիլմեր՝ «Հայրիկը» (ուր հանրակացարանում ջահելներով տժժում են, աղջիկը հղիացել է, տղայի հայրն էլ գալիս, աղջկան ուզում է տուն տանի, աղջիկն էլ ասում է՝ ինչի՞ եք կարծում, որ ինձ չեն ուզում, գուցե ես չեմ ուզում), «Երջանկության մեխանիկա», «Երևանյան օրերի խրոնիկա», «Մեր մանկության տանգո», «Հին օրերի երգը» ֆիլմերը, որտե՞ղ է սիրահարված տղան աղջկա եղբորը դիմում։ Մի խոսքով, խորհրդային շրջանի գրականության ու արվեստի մեջ չկան կամ էլ եթե կան, թույլ են արտահայտված ավանդապահ բարքերը, որոնց մասին իր ուսումնասիրության մեջ խոսում է Թադևոսյանը։ Իսկ ահա, 2016-ին նկարահանված «Կյանք և Կռիվ» ֆիլմում տղան աղջկա հետ կապ ստեղծելու համար աղջկա եղբորից թույլտվություն է վերցնում: Եթե այս ավանդույթը սովորական բան լիներ Սովետում, «Տղամարդիկ» ֆիլմը ևս մի պերսոնաժ պիտի ունենար՝ Կարինեի եղբայրը:

Իր հետազոտության մեջ Թադևոսյանը ասում է, թե գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախախորհրդային Հայաստանի բարոյական պատկերացումները խիստ տարբերվում են հետխորհրդայինից։ Գուցե ինչ-որ բան էլ տարբերվում է, աշխարհը փոխվում է, իսկ ինչ-որ բան էլ չի տարբերվում, հետսովետական շրջան են վերադառնում ինչ-որ նախասովետական բարքե՞ր կամ դրանց փոփոխված ձևե՞ր։ Կրկին գրականությանը հղենք, Սունդուկյանի «Պեպոյում» եղբայն է պատասխանատու քրոջ ամուսնության համար, Թումանյանի «Անուշ»-ի ողբերգությունն այն է, որ հարսի եղբայրը հակամարտության մեջ է մտնում փեսայի հետ։ Իսկ, ահա Շուշանիկ Կուրղինյանի բանաստեղծություններում կնոջ ճնշվածության քննադատությունը արդիական է այսօր էլ, օրինակ 1907 թվին գրված «Հայ կինը» բանաստեղծության մեջ. «Ինչո՞ւ թախիծը դեմքիդ/Ման ես գալիս դու, հայ կին...Գուցե քո բիրտ ծնողի/Շահին դարձար դու ապրանք...» և այլն։

Այսպիսով, դժվար է ասել, թե ինչն է հասարակության ավելի մոտ պատկեր տալիս՝ այս կամ այն մշակութաբանական կամ պատմաբանական հետազոտությո՞ւնը, թե՞ այս կամ այն ֆիլմն ու գրականությունը, թե՞ չկա ճշմարիտ պատկեր, փոխարենը կան տարբեր դիրքորոշումներ ու դիսկուրսներ՝ լինի հումանիտար կրթանք, թե գրականություն կամ ֆիլմ։ Այսուհանդերձ՝ անցյալն ու ներկան պատմաբանի կամ մշակութաբանի սեփականությունը չի, որ ինքը սահմանի, թե այնտեղ որն է ճիշտ, որը՝ սխալ։

Իսկ, ահա Միլան Կունդերան «Վեպի արվեստը» գրքում գիտությանը հակադրում է վեպը՝ (իմա` գեղարվեստական պատումը): Ասում է, որ մարդուն գիտությունը միակողմանի է դարձնում, նա որքան առաջ էր շարժվում այդ դաշտում, այնքան իր տեսադաշտից կորցնում է ամբողջական աշխարհը և ինքն իրեն ընկղմում «կեցության մոռացության» մեջ։ Իսկ վեպը զննում է մարդու կոնկրետ կյանքը, պաշտպանում «կեցության մոռացությունից»։

Եթե Թադևոսյանը, այնուամենայնիվ, առանձին անձանց, գրականության կամ ֆիլմերի փորձառությանը հակադրում է իր գիտական հետազոտությունները՝ գիտականությունը որպես միակ ճշմարտություն պարտադրելով, ապա գիտական ճշգրտությունը պահանջում է ոչ թե սովետական շրջանի վերաբերյալ իր հետսովետական հետազոտություններին հղել, այլ գտնել Սովետական շրջանի սոցիոլոգիական տվյալներ, ապա ստանալ նման տվյալներ հետսովետական շրջանում և դրանք համեմատելով՝ եզրակացության հանգել (պատկերացնենք՝ տվյալները կան՝ աղջկա հետ խոսելու համար եղբորից թույլտվություն էին վերցնում Սովետական շրջանում հարցվածների 50 տոկոսը, իսկ այ լիբերալ Հայաստանում հարցվածների 25 տոկոսը, սա ցույց է տալիս, որ սովետական միությունում անհատականությունը ճնշվում էր, ու կինը ավելի էր կախված տղամարդուց)։

Բայց նույնիսկ սոցիոլոգիական տվյալները հնարավոր է մանիպուլացնել կանխակալ արդյունք ստանալու համար՝ օրինակ, 1986-ին եղել է՝ 81192 ծնունդ, իսկ 1996–ին` 48134 ծնունդ, և «հակասովետական դիսկուրսով» այս թվերի վրա «եզրակացնել», քանի որ Սովետի ժամանակ ծնունդները շատ էին, ուրեմն կինը կախված էր տղամարդուց։ Այսպիսի անհեթեթ եզրակացությունը ավելի «գիտական» կլինի, քանի որ գոնե այնտեղ տվյալները ճիշտ կլինեին ՝ 1986-ի ծնունդերի թիվը այդ նույն թվի ստացված տվյալ է և ոչ թե Սովետի փլուզումից հետո արված հետազոտություն։

Մեկ այլ «սխալ»-ս. Թադևոսյանը գրում է, թե «Իշխանյանը իր հոդվածի տարբեր մասերում նաև հակասում է ինքն իրեն: Եթե վերը մեջբերված հատվածում՝ ինձ ուղղված քննադատության համատեսքտում, նա փորձում է երևանյան խորհրդահայ իրականությունը տարբերակելով նեապոլյանից, ներկայացնել ոչ պահպանողական, որտեղ կինը ազատագրված էր, և չէին գործում քրոջ հանդեպ եղբոր վերահսկողության պահպանողական բարքերը, ապա իր հոդվածի սկզբում հենց ինքն է երևանյան միջավայրը բնութագրում որպես պահպանողական»:

Ստիպված եմ ներկայացնել գրությանս կոնտեքստը. ինչպես քրիստոնեական աշխարհը (իհարկե, ոչ միայն քրիստոնեական), այնպես էլ նրա մի մասը հանդիսացող Հայաստանը եղել է խորը նահապետական բարքերում, 1917 թվականի հեղափոխությունը բերել է սեռերի հավասարություն: Այսուհանդերձ, կախված մշակութային յուրահատկություններից Հոկտեմբերյան հեղափոխությունը յուրաքանչյուր ժողովրդի վրա տարբեր ազդեցություն է թողել, Հայաստանի հասարակության մեջ այս կամ այն չափով պահպանվել են նահապետական բարքերը, որոնք ընդհանրություններ ունեն 50-ականների Եվրոպայի հետ, այս դեպքում Նեապոլի հետ, իսկ Սովետական միության փլուզումից հետո պահածոյացված նահապետական որոշ երևույթներ էլ դուրս հորդեցին, և հասարակությունը ավելի գլորվեց եվրոպական 50-ականներ, որպես նորահայտ նահապետականության օրինակ՝ աղջկա կախվածությունը եղբորից, նրա հետ հարաբերության համար եղբորից թույլտվություն վերցնելու չգրված օրենքը: Բառացի գրել եմ. «Խորհրդային միության փլուզման հետևանքով առաջացած դրամատիրական հարաբերությունների ներխուժմամբ և հայ հասարակության մեջ պահածոյացված նահապետականության երևույթների վերակենդանացմամբ, որոշ խավերում կնոջ կախվածությունը տղամարդուց մեծանում է, և Հայաստանը լրիվ է գլորվում 50–ականների Նեապոլ»։

Թադևոսյանը այս բոլոր «սխալներ»-ը բռնացրել էր ի պատասխան իմ «Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» զուգահեռներ Երևանի և Նեապոլի միջև» գրության մեջ իր «Բարոյականություն և սեռականություն. խոսույթներ և պրակտիկաներ» աշխատության քննադատության։ Այս աշխատության մեջ նա եզրակացրել էր, թե Հայաստանում նահապետական բարքերը Սովետական Միության հետևանք են, իսկ իմ պատասխանում ասվում էր, որ այդպես չէ, հակառակը՝ Հոկտեմբերյան հեղափոխությունը սեռերի անհավասարությունը վերացրեց, կանայք ստացան տղամարդկանց հավասար իրավունքներ։ Սակայն Թադևոսյանը իր պատասխանում այս միակ քննադատությունը «սխալ» չի հանում, քանի որ հնարավոր չէ «սխալ» հանել։

Նրա առցանց աշխատությունը չունի հրատարակչություն, հրատարակության թիվ, միայն երկու լոգո է դրված՝ որոնցից մեկը՝ «Կանանց ռեսուրս կենտրոն»-ինը, մի տեղ օգտագործված «թավշյա հեղափոխություն» արտահայտությունից կարելի է ենթադրել, որ 2018-ից հետո է գրվել, բայց մի տեղ էլ հանդիպեցի այս գրքի հղումը, որ այն 2015-ին է հրատարակվել։

Սակայն սրանք չնչին թերություններն են, գլխավորը տենդենցիոզ հակասովետական բնույթն է, որը ակնհայտ է աշխատության եզրակացությամբ՝ «ներկայիս բարոյական նորմերը ձեւավորվել են գերազանցապես Խորհրդային Միության շրջանում», այսինքն` Հայաստանում կնոջ սեռականության ճնշումը, նրա կախվածությունը տղամարդուց, գալիս է խորհրդային կարգերից և խորհրդային քրեական ենթամշակույթից։

Գիտնական լինել պետք չէ իմանալու համար, որ պատրիարխալ (նահապետական կամ հայրիշխանական) մշակույթը՝ կնոջ կախվածությունը տղամարդուց հազարամյակների պատմություն ունի, որ այն տարբեր շրջաններ է ունեցել, ձևափոխվել է քրիստոնեությամբ, և որն ապացուցելու համար գիտական հղումներ անելու կարիք չկա, բավական է գնալ Հայ առաքելական եկեղեցի պսակադրության և լսել քահանայի հարցը փեսային՝ «տե՞ր ես», ապա հարսին՝ «հնազա՞նդ ես»։ Իսկ այս հարցերին ավելի շատ նորապսակներ են պատասխանել նախասովետական և հետսովետական Հայաստաններում, շատ ավելի քիչ՝ սովետական շրջանում (Թադևոսյանը կարող է օրինակ բերել ինչ-որ հետազոտություն, թե Սովետում էլ էին եկեղեցով պսակ անում, ու ասել՝ Իշխանյանը սխալ է)։

Ցավալի է, որ այս նոր սառը պատերազմում, որպես հակառուսության արտահայտություն` հակասովետական տենդենցներն այնքան ուժեղ են, որ նույնիսկ անհրաժեշտություն է առաջացել ասել այնպիսի հայտնի ճշմարտություն, ինչպես այն, որ պատրիարխալության ակունքները Սովետի հետ կապ չունեն, որ հակառակը՝ Սովետը կանանց ազատագրեց։ Իսկ Թադևոսյանի այս պնդումը, թե Սովետն է հնարել կնոջ կախվածությունը, Սովետի հետ կապված նրա մյուս հետազոտություններն էլ է կասկածելի դարձնում։

Մեկնաբանություններ (2)

AK
էդ ինչքան միամիտ պտի ըլնես, որ էսօրվա Ռուսաստանն ու սովետը նույնացնես
ՊՌՈՇՅԱՆ
Լիովին համամիտ եմ Պրն Իշխանյանին, որը վաղամեռիկ Դոբրոլյուբովի խոսքերով ասած այսօր` Луч света в царстве тьмы, բայց Պրն. Թադևոսյանը մի հարցում ճիշտ է, հետանկախության Հայաստանն այսօր շատ ավելի արխաիկ է կենցաղային հարցերում, քան իմ նկարագրած` տասնիներոդ դարի հայ գեղջկակական իրակամությունը, և գնալով ավելի ենք խրվում բարբարոսական սովորույթների տիղմի մեջ… Չմանրամասնեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter