HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսը դարձել է ռասիզմի տարածման պատճառ

Կորոնավիրուսի տարածումը նպաստել է չինացիների նկատմամբ ևս երկու երևույթների տարածմանը։ Խոսքն այլատյացության և ռասիզմի մասին է։ Չինացիների և ասիական մյուս երկրների ժողովուրդների նկատմամբ մեծացող ատելությունը, խտրականությունը և վատ վերաբերմունքն արդեն իսկ տեսանելի է ամբողջ աշխարհում։ Սոցիալական ցանցերում տարածվում են նոր կորոնավիրուսի բուժման ժողովրդական մեթոդներ, առասպելներ, որոնց զուգահեռ տարածվում է նաև ռասիզմը։ Ընդ որում, ռասիստական բնույթ ունեցող առասպելները բազմազան են․ սկսած այն ենթադրությունից, որ նոր կորոնավիրուսը «տարածվել է» գաղտնի լաբորատորիաներից, մինչև «ոչ քաղաքակիրթ չինացիների» առասպելը, որոնց մեղադրում են անսովոր կերակուրներ ուտելու, հիգիենայի և կենցաղային նվազագույն պայմանների բացակայության մեջ։

Ռասիզմը սոցիալական ցանցերում

«Instagram» սոցիալական կայքում տարածված տեսագրություններից մեկի նկարագրություններում օգտատերերից մեկը գրել է՝ «Ահավոր է, խոսքեր չունեմ ասելու»։ Տեսանյութում հեռավորարևելյան երկրներից մեկի բնակիչն ուտում է բազմոտանու։ Օգտատերն արձագանքում է․ «Ես ամեն ինչ հասկանում եմ, այլ մշակույթ է։ Ասիայում ուտում են ամեն ինչ, ինչը շարժվում է [...] Հետո էլ զարմանում են, թե որտեղից են առաջանում վիրուսների նոր դրսևորումները»։ Տեսանյութն ունի տասնյակ հազարավոր դիտումներ։ Տեսանյութի տակ նմանատիպ մեկնաբանությունները շատ են․ «սրանք մարդիկ չեն, պրիմատներ են», «երևույթն այնքան զզվելի է, որքան իրենք՝ չինացիները», «վայրի կապիկներ, թող մոլորակը մաքրվի»։

Մեկնաբանություններում ինչ-որ մեկը հակադարձում է․ «Բոլորին պետք է հայտնի լինի, որ արհեստականորեն ստեղծված այդ վիրուսները ազդում են միայն ասիացիների վրա [...]»: Համացանցում տարածվող մեկ այլ տեսագրությունում երևում է մի աղջիկ, որն ուտում է չղջիկի։ Այս պարագայում էլ մեկնաբանություններում չինացիներին կրկին քննադատում են «աննորմալ սննդատեսակներ» ուտելու մեջ, որն էլ դառնում է կորոնավիրուսի տարածման աղբյուր։

Հետաքրքրական են նաև այն տեսությունները, թե ինչպես է փոխանցվում կորոնավիրուսը․ սկսած Aliexpress-ի փաթեթներից, մինչև չինական ռեստորաններում առկա վտանգները։ Ոմանք էլ այնքան են չափազանցնում, որ, իբր, կորոնավիրուսով կարելի է հիվանդանալ, երբ կողքդ ինչ-որ մի չինացի փռշտում է։ Այս թեմայով համացանցում հայտնվել են բազմաթիվ մեմեր։

Այդուհանդերձ, գիտնականները և բժիշկները դեռևս չեն կարողանում պարզել, թե ինչպես է առաջացել նոր կորոնավիրուսի հարուցիչը, որը ստացել է Covid-2019 անվանումը։ Ամենահավանական տեսություններից մեկը պնդում է, որ նոր կորոնավիրուսը ինչ-որ ձևով մարդկանց փոխանցվել է չղջիկներից, քանի որ չղջիկների հատուկ իմունային համակարգը հնարավորություն է տալիս դառնալ վիրուսային բազմաթիվ ինֆեկցիաների կրիչ։ Ոմանք էլ պնդում են, որ մարդու և չղջիկների միջև կապի օբյեկտ է դարձել Ուհան քաղաքի ձկան շուկան, որտեղ տարածված է եղել նաև էկզոտիկ և հազվադեպ հանդիպող կենդանատեսակների անօրինական վաճառքը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ բազմաթիվ կենդանատեսակների այդքան մոտ գտնվելը կարող էր նպաստել նոր հիվանդությունների առաջացմանը։ Կա մեկ այլ վարկած ևս, համաձայն որի հարուցիչը տարածվել է պանգոլինների միջոցով։

Իսկ ի՞նչ է իրականում կատարվում։ Սոցիալական ցանցերից և ԶԼՄ-ներից ռասիզմը տեղափոխվել է իրական կյանք, որտեղ վերջինիս հետևանքներն ավելի զգալի են դառնում։ Բազմաթիվ չինացիներ, որոնք բնակվում են Չինաստանի սահմաններից դուրս, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ուկրաինայում և այլուր, նշում են, որ կորոնավիրուսի տարածումից հետո իրենց նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է։

Կազանում գործող հոսթելներից մեկի մուտքի մոտ ամրացված է չինացիների մուտքն արգելող գրություն, որոնք վերջերս ժամանել էին Չինաստանից։ Հոսթելի ղեկավարությունն ավելի ուշ հայտարարել է, որ իրենց գրությունը «ռասիզմի դրսևորման ձև չէ»։ Տալինում էլ չինացի երկու զբոսաշրջիկներ հայտնվել էին հիվանդանոցում այն բանից հետո, երբ հյուրանոցի աշխատակիցը, որտեղ իջևանում էին զբոսաշրջիկները, շտապ օգնություն է կանչել՝ կասկածանքի տակ դնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջիկները պարբերաբար լքում են հյուրանոցի իրենց սենյակը։ Կասկածներն անհիմն են եղել, չինացի զբոսաշրջիկները եղել են կատարյալ առողջ։

Բազմաթիվ չինացիներ պնդում են, որ եթե իրենց չեն վիրավորում կամ չեն հալածում, ապա, փոխարենը, իրենց վերաբերյալ հորինում են վիրավորական կատակներ՝ այդպիսով թաքցնելով միկրոագրեսիան։ Սոցիոլոգները պնդում են, որ ռասիզմը հաճախ մնում է աննկատ այն մարդկանց համար, որոնք իրենց թույլ են տալիս նման արտահայտություններ կամ վարքագիծ։

Պրոֆեսոր Ռոջեր Քեյլը կարծում է, որ ռասիզմը ապամարդկայնացման մղիչ ուժերից մեկն է։ Նրա խոսքերով, երբ հասարակության մեջ առաջանում է կապ բնակչության կոնկրետ խմբերի և հիվանդությունների միջև, գրեթե անհնարին է դառնում տվյալ խումբն առանձնացնել պոտենցիալ վտանգի աղբյուր լինելու կասկածանքից։ Ռասիզմի այդպիսի դրսևորման հետևանքները կարող են լինել առավել կործանարար և երկարաժամկետ, քան ինչ-որ հիվանդության տարածումը։ «NPR» ռադիոընկերությանը տված մեկնաբանությունում՝ Մինեսոտայի համալսարանի ասիական հետազոտությունների պրոֆեսոր, պատմաբան Էրիկ Լին խորհուրդ է տալիս, որ ամեն անգամ, երբ սոցիալական ցանցերում հրապարակում եք կորոնավիրուսի վերաբերյալ հերթական գրառումը կամ շփվում եք բոլոր այն մարդկանց հետ, որոնք ծնունդով հեռավորարևելյան տարածաշրջանից են, մի պահ կանգ առեք և ինքներդ ձեզ հարցրեք․ մեր արձագանքը նույնը կլինե՞ր, եթե վիրուսն առաջանար ոչ թե Չինաստանում, այլ եվրոպական երկրներից մեկում։ Այս կարծիքին է նաև Ռոջեր Քեյլը։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ Ֆրանսիայում գրանցվել է Ասիայից դուրս կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը: Ըստ Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզինի (Agnès Buzyn)՝ մահացածն ութսունամյա չինացի զբոսաշրջիկ էր, որը մոտ երեք շաբաթ առաջ Փարիզ էր ժամանել Չինաստանի Հուբեյ նահանգից, որտեղից սկիզբ է առել Covid-2019 վիրուսի համաճարակը։

Ըստ վերջին տվյալների՝ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1671-ի, վիրուսակիրների թիվը՝ 69289-ի, իսկ բուժվածների թիվը՝ 9883-ի։

Լուսանկարը՝ news.sky.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter