HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Diamond Princess» զբոսանավում մեծացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

«Diamond Princess» զբոսանավի վրա, որը փետրվարի 3-ից կորոնավիրուսի համաճարակի պատճառով կանգնած է Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստի մոտ, կորոնավիրուսով վարակված ուղևորների թիվը հասել է 355-ի։ Դա Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվն է։ Հնարավոր է, որ Covid-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվի մարտի 5-ին նշանակված Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանը, որին մասնակցելու են երեք հազար պատվիրակներ։ Ինչպես հաղորդում է Սինհուա գործակալությունը, այդ մասին Մշտական կոմիտեն որոշում կկայացնի փետրվարի 24-ին։

Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ կորոնավիրուսով հիվանդ ուղևորների թվում կա Ռուսաստանի մեկ քաղաքացի։ Նշվում է, որ աղջիկը կտեղափոխվի հիվանդանոց, որտեղ էլ կանցնի բուժման կուրս։

ԱՄՆ պետդեպարտամենտն էլ հայտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների շուրջ 300 քաղաքացիների թույլատրվել է լքել զբոսանավը։ Նրանցից 40-ի մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս։ Վերջիններս ուղարկվել են ճապոնական հիվանդանոցներ, իսկ մյուսները, երկու ինքնաթիռներով, Տոկիոյից մեկնել են ԱՄՆ։ Բացի այդ, 40-ից 14-ի մոտ, տեղափոխման ժամանակ, նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուս, այդ իսկ պատճառով նրանք մեկնել են մյուսներից առանձին, որոնք ԱՄՆ ժամանելուց հետո երկու շաբաթ գտնվելու են բժիշկների հսկողության տակ։

Ամերիկացի որոշ զբոսաշրջիկներ որոշել են մնալ զբոսանավի վրա, ընդհուպ մինչև երկշաբաթյա կարանտինի վերջը, որն ավարտվում է փետրվարի 19-ին։ Իրենց քաղաքացիների տարհանման մասին, արդեն իսկ հայտարարել են Իսրայելը, Ավստրալիան և Կանադան։

Ի՞նչ է կատարվում Հուբեյ նահանգում

Չինական իշխանությունները խստացրել են Հուբեյ նահանգի բնակիչների համար հայտարարված կարանտինի պայմանները, որը Covid-19 կորոնավիրուսի տարածման օջախն է։ 60 միլիոն մարդու հրամայվել է դուրս չգալ տներից, բացառությամբ արտակարգ իրավիճակների։ Շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, ձերբակալվել է հայտնի քաղաքական այլախոհ Սյույ Չժիյուն, որը խստորեն քննադատում է կոմունիստական վարչակարգը և ՉԺՀ կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինին՝ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող անտարբերության և անմարդկային վերաբերմունքի համար։ Հայտնի չէ, թե ուր են տեղափոխել Սյույին։ Ձերբակալման պահին նա գտնվել է Ուհանից բավականին հեռու՝ Գուանչժոուում, որտեղ թաքնվում էր իշխանություններից՝ սոցիալական ցանցերում հրապարակումներ անելու համար։ Նրա ընկերուհին՝ Լի Ցյաոչուն, նույնպես անհետացել է։

Միայն փետրվարի 16-ին Չինաստանում մահացել է 107 մարդ, իսկ շաբաթ օրը՝ 139։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի տարածումից ի վեր մահացել է 1776 մարդ, վիրուսակիր է 71450-ը, իսկ ապաքինվածների թիվը հասել է 11 429-ի։ Չինական իշխանությունները հայտնել են, որ վարակվածների և մահացածների թիվն անկում է ապրել, իսկ վիրուսի տարածումը գտնվում է վերահսկողության տակ։

Հուբեյում երեք օրը մեկ անգամ ընտանիքի անդամներից միայն մեկին է թույլատրվում դուրս գալ տնից՝ սնունդ, դեղորայք և հիգիենայի պարագաներ գնելու նպատակով։ Բազմաբնակարան շենքերում բնակվող մարդկանց թույլատրվում է շենքերից դուրս գալ միայն անցագրային կետերում ստուգվելուց հետո։ Բոլոր ձեռնարկությունները և ընկերությունները, բացառությամբ դեղատների, հյուրանոցների, մթերային խանութների և պոլիկլինիկաների, փակ են։ Պարտադիր կերպով ստուգվում է բոլոր գնորդների և հաճախորդների ջերմությունը։ Անորոշ ժամանակով արգելվում է օգտվել մասնավոր տրանսպորտից, ներառյալ ավտոմեքենաներից, մոտոցիկլետներից և հեծանիվներից։ Փողոցներով կարող են երթևեկել միայն ծառայողական ավտոմեքենաները և շտապ օգնության, հրշեջ մեքենաները ու բեռնատարները, որոնք տեղափոխում են առաջին անհրաժեշտության պարագաներ։

Ուհանի հարևան Սյոգան քաղաքում, որն ունի 5 միլիոն բնակչություն, իշխանությունները բոլոր բնակիչներին անխտիր արգելել են լքել տները։ Հաղորդվում է, որ մթերքը և առաջին անհրաժեշտության պարագաները առաքվում են մարդկանց տներ։ Իշխանությունները նշում են, որ սահմանված ռեժիմը խախտողները 10 օրով կհայտնվեն մեկուսարանում։ Պեկինում իշխանությունների հրամանով քաղաք վերադարձածներին ուղարկում են երկշաբաթյա կարանտինի։ Հրամանը չկատարելու դեպքում՝ իրավախախտները կարող են պատժվել։

Մասնավոր ոլորտի վրա կորոնավիրուսի ազդեցությունը զգացվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան և Սինգապուրը, որոնք հայտնվել են ռեցեսիայի (աստիճանական հետընթաց) վտանգի առջև։ Սա պայմանավորված է նրանով, որ համաճարակը ազդել է զբոսաշրջիկների հոսքի և փոխադրամիջոցների վրա։ Նոր տարվա տոնակատարություններից հետո, չինական ձեռնարկությունները պետք է շարունակեին իրենց աշխատանքը, սակայն համաճարակի պատճառով, ձեռնարկությունները շարունակում են փակ մնալ, ինչը բացասաբար է ազդում արտադրության վրա՝ սկսած սմարթֆոններից, մինչև ավտոմեքենաների պահեստամասեր։

Լուսանկարը՝ nytimes.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter