
Ինչ հիմքերով է զինծառայությունից ազատվել ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարարը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախարարությունից:
«1996-2002 թվականներին Արթուր Մարտիրոսյանը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, ապա մագրիստրոսի կրթական աստիճան, իսկ 2002-2005 թվականներին ԵՊՀ ասպիրանտուրայում՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Արթուր Մարտիրոսյանը զինապարտ է, շարքային, հաշվառված զինված ուժերի պահեստազորում»,- ասված է հարցման պատասխանում:
«Զինապարտության մասին» օրենքի 12-րդ հոդվածի հինգերորդ մասի համաձայն՝ գիտական աստիճան ունեցող քաղաքացին, որը զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ, ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
Արթուր Մարտիրոսյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել է փետրվարի 12-ին:
2018-2020 թվականներին զբաղեցրել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի զարգացման գծով տնօրենի, ապա հանրային գործընկերության գծով տնօրենի պաշտոնները: 2015-2018 թվականներին եղել է Հայ Դատի ԱՄՆ Արևելյան շրջանի Համայնքային ներգրավման և հաղորդակցության գծով տնօրենը, իսկ ավելի վաղ՝ սփյուռքի ներգրավման փորձագետ «Վորլդ Վիժն ԱՄՆ» (World Vision USA) միջազգային բարեգործական կազմակերպությունում:
Մեկնաբանել