HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյանն ուզում է ընդլայնել տրավերտինի հանքավայրը՝ մոտենալով «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ սթոուն» ՓԲԸ-ն ուզում է ընդլայնել Արարատի տրավերտինի հանքավայրի մակերեսը։ Այն 4,3 հա էր կազմում, ընդլայնման դեպքում կդառնա 6,3 հա։ Այս պարագայում տրավերտինի բաց հանքավայրը «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրից կգտնվի ընդամենը 885մ հեռավորության վրա:

Ընկերությանն այդ հանքավայրի համար 2004-ին տրամադրվել էր բնապահպանական փորձաքննական եզրակացություն և հանքարդյունահանման թույլտվություն 2003-2015թթ․-ի համար։ Ժամկետը երկարացվել էր մինչև 2020թ․ ապրիլի 30-ը։ Ժամկետի ավարտով և նոր տարածքների ներգրավման նպատակներով պայմանավորված՝ կազմվել է գործող բացհանքի ընդլայնման նախագիծ։

Ընդլայնվող բացհանքից Վանաշեն համայնք հեռավորությունը կկազմի 2 կմ, Ավշար համայնք՝ 4 կմ, ցեմենտի գործարան՝ 1,5կմ, Վեդի գետից՝ 1,5 կմ: Բացհանքը ամենից մոտ գտնվելու է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրին։

Արգելավայրի պահպանության օբյեկտն է Անդրկովկասում բնական ջուզգունի (Calligonum polygonoides) միակ ամբողջական աճման էկոհամակարգը՝ իր յուրօրինակ ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող տեսակներով:

Արգելավայրի վերականգնման աշխատանքների ծրագրից տեղեկացնում ենք, որ սա միակ տեղամասն է Փոքր Կովկասում, որտեղ ներկայացված են ջուզգունի համակեցությունները, և այն խիստ հազվագյուտ է ողջ Կովկասի համար:

«Արգելավայրը անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների բացարձակ թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում /10 տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում/: Ընդհանուր առմամբ, արգելավայրի տարածքում աճում են 160 տեսակի անոթավոր բույսեր»,- մանրամասնված է ծրագիրը:

«Գոռավանի ավազուտներ» արգելավայրը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կազմում է։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի տեղակալ Սմբատ Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն արտադրամաս չէ, այլ ընդամենը քարհանք և մեծ ազդեցություն չունի շրջակա միջավայրի վրա։

«Մերը ավազուտներ են, անապատային և կիսաանապատային էկոհամակարգ, մեր արգելավայրին կպած կամ հարակից չէ, ուղղակի ազդեցություն ավազուտների վրա չի գործում»,-նշեց արգելոցի փոխտնօրենը։

Նա տեղյակ չէր, որ հանքավայրն ուզում են ընդլայնել։ Մեր հարցին, թե որքան պետք է լինի նմանատիպ տնտեսական գործունեության հեռավորությունը արգելավայրից, Սմբատ Ղարիբյանը պատասխանեց, որ օրենքով բուֆերային կամ պաշտպանիչ գոտու հստակ չափ չկա, որով, օրինակ, 100 մետրը համարվեր արգելոցի պահպանման գոտի։ Հետևաբար, եթե վերամշակման արդյունաբերություն չէ, այդքան ազդեցություն չի ունենա։

Պայթեցումների կամ փոշու տարածումն արդյոք չի՞ վնասի տարածքի էնդեմիկ տեսակներին, արգելոցի փոխտնօրենը նշեց, որ իրենք աշխատում են պահպանել արգելավայրի ներսում գտնվող տեսակները․ «Արգելավայրի տարածքից դուրս մեր իրավասությունների մեջ չեն»։

Մեկնաբանություններ (1)

Cavalli Roberto
E' un vero crimine verso l'umanità quello che Gagik Tsarukyan sta per compiere. Avevo un grande concetto del popolo armeno, questo signore mi sta smentendo. In quel luogo unico e stupendo forse sarebbe importante informare la gente della miniera d'oro su cui è seduta: sviluppo turistico-scientifico e culturale. Gagik Tsarukyan pensa a riempire solo il proprio portafoglio in maniera disonesta e distruggendo ciò che appartiene a tutto il mondo. Va fermato assolutamente. Lui è' un disonore per tutto il popolo armeno che sto aiutando, ma vicende come questa mi fanno perdere del tutto il desiderio di continuare a farlo. don Roberto Cavalli

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter