HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի իշխանությունները ձեռնարկել են արտակարգ միջոցներ

Իտալիան արտակարգ միջոցներ է ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 150-ը, որոնցից 110-ը բնակվում են Լոմբարդիայիում, իսկ 21-ը՝ Վենետոյում։ Տասնյակ քաղաքներ կարանտինի մեջ են, չեղարկվել է Վենետիկի կառնավալը, մոդելավորող Ջորջիո Արմանին որոշել է իր ցուցադրությունը կազմակերպել առանց հանդիսատեսի։

Այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Իտալիայի երկու քաղաքացիներ մահացել են կորոնավիրուսից, երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն շաբաթ օրը հայտարարել է նոր միջոցներ ձեռնարկելու մասին։ Իտալացի 78-ամյա տղամարդը մահացել է Վենետո պրովինցիայում, իսկ 77-ամյա կինը՝ Լոմբարդիայում։ Ընդ որում, կնոջ մոտ կորոնավիրուսի առկայությունը միայն պարզ է դարձել դիահերձումից հետո։ Փետրվարի 23-ին Իտալիայի իշխանությունները հաստատել են մահվան երրորդ դեպքը․ կորոնավիրուսից մահացել էր տարեց մի կին, որը քաղցկեղից բուժվում էր Միլանից 45 կիլոմետր արևելք գտնվող Կրեմա քաղաքի հիվանդանոցում։ Հյուսիսային այս երկու պրովինցիաների 11 քաղաքներ գտնվում են կարանտինի մեջ։ Մոտ 50 000 քաղաքացիներ իշխանություններից ստացել են կարգադրություն տնից դուրս չգալու վերաբերյալ։

Ինչպես մեկնաբանել է վարչապետը, առանց հիմնավոր պատճառների այսուհետ արգելվում է լքել կարանտինային գոտին, որտեղ հայտնաբերվել են նոր կորոնավիրուսի դեպքերը։ Իտալիայի այդ շրջաններում չեղարկվել են դպրոցական և համալսարանական դասերն ու եկեղեցական պատարագները, փակվել են թանգարանները, չեղարկվել սպորտային բոլոր իրադարձությունները, ներառյալ Իտալիայի ֆուտբոլի A Սերիայի մի շարք հանդիպումներ, որոնք տեղի էին ունենալու կիրակի օրը։

Կարանտինային պայմանների պահպանումը վերապահվել է ոստիկանությանն, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև զինված ուժերին։ Իտալական իշխանությունները մտավախություն ունեն, որ վիրուսն արդեն իսկ դուրս է եկել Լոմբարդիայի և Վենետոյի իզոլացված հատվածներից, ինչը դժվարացնում է վիրուսի դեմ մղվող պայքարը։ Լոմբարդիայի առողջապահության բաժնի ղեկավար Ջուլիո Գալերան նշել է, որ վիրուսի վարակելիության աստիճանը բավականին բարձր է։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է Իտալիայում տարածվել կորոնավիրուսը։

Կորոնավիրուսի տարածումն ազդել է նաև Միլանի նորաձևության փառատոնի վրա։ Կիրակի օրը, ժամը 16։00-ին կայանալիք Ջորջիո Արմանիի ցուցադրությունն անցել է դատարկ դահլիճում, քանի որ հյուրերին նախապես խնդրել էին չներկայանալ ցուցադրությանը։ Մոդելները  քայլել են հարթակում, իսկ արարողությունն ուղիղ եթերով ցուցադրվել է ընկերության պաշտոնական կայք էջում, «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի էջերում։

Ավելի ուշ պարզ է դարձել նաև, որ իտալական իշխանությունները որոշել են չեղարկել Վենետիկի կառնավալի վերջին երկու օրերի (երկուշաբթի և երեքշաբթի) միջոցառումները։ Այդ մասին հայտարարել է Վենետո պրովինցիայի ղեկավարը, որտեղ գտնվում է Վենետիկ քաղաքը։

Կորոնավիրուսի պատճառով փակվել է նաև Միլանի հանրահայտ «Լա Սկալա» թատրոնը։ Թատրոնը կիրակի օրը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, որը նպատակամիտված է անվտանգության ապահովմանը։

Եվրամիության ղեկավար կազմը միության բնակչությանը կոչ է արել խուճապի չենթարկվել։ ԵՄ տնտեսության և ֆինանսների հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, Սաուդյան Արաբիայում հանդիպելով «Մեծ քսանյակի» ֆինանսական առաջնորդներին, լրագրողներին հայտարարել է․ «Եվրամիությունն ամբողջությամբ վստահում է իտալական իշխանություններին և այն որոշումներին, որոնք կընդունի կառավարությունը։ Մենք նույնպես մտահոգված ենք վիրուսի տարածմամբ, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա»,-հավելել է հանձնակատարը։

*«Բժիշկները գիտեին, որ կվարակվեն, սակայն շարունակում էին աշխատել»․ հարցազրույց, որի հրապարակումն արգելվել է Չինաստանում

Փետրվարի 23-ի դրությամբ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2470-ի, վարակվածների թիվը՝ 78993-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 23419-ի։

լուսանկարը՝ tellerreport.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter