HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանում հետազոտվեցին Լևոն Երանոսյանի մեղադրանքին առնչվող կադրեր՝ հեղափոխության օրերից

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով այսօր դատարանում հետազոտվեցին 2018 թվականի ապրիլ ամսին Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցում ոստիկանների և ցուցարաների միջև տեղի ունեցած բախումներից կադրեր, որոնք դրված են Երանոսյանի մեղադրանքի հիմքում։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Երանոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

Այսօրվա դատական նիստին ներկա էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։  Վերջինս գործով տուժող է, ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով  2018-ի ապրիլի 16-ին ոտքի շրջանում վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Նշենք, որ ապրիլի 16-ին հեղափոխության օրերին առաջին անգամ ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, որի հետևանքով տասնյակ քաղաքացիներ տեղափոխվեցին տարբեր բժշկական կենտրոններ։

Դատական նիստի ընթացքում հետազոտված տեսանյութերը վերցված էին տարբեր լրատվամիջոցներից, յուրաքանչյուր տեսանյութի հրապարակումից հետո կողմերը հայտարարություններ էին անում։

Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նկատեց, որ դրանք մոնտաժված տեսանյութեր են, որոնք իրականությունն ամբողջությամբ չեն արտացոլում։

Տեսանյութերից մեկի հրապարակումից հետո Տիգրան Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում կենտրոնացված ոստիկանական ուժերն անհամեմատ քիչ են եղել ցուցարարների համեմատ։ Այս հանգամանքին անդրադառնալով՝ տուժող Ալեն Սիմոնյանը նկատեց, որ կազմակերպված զորքն ավելի մարտունակ է, քան քաղաքացին, ով պարզապես եկել է բողոքի ակցիա անելու։

Մեկ այլ տեսանյութի հրապարակումից հետո Տիգրան Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ցուցարարները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։

«Տեսանյութը սկսվեց ոստիկանների նկատմամբ զանգվածային բռնությունները ցուցադրող կադրերով, որը ներառում էր ոստիկանական առաջին շղթայի քանդումը»,- ասաց Տիգրան Սաֆարյանը՝ նշելով, որ տեսանյութում, մասնավորապես, երևում է, որ ցուցարարները տարբեր իրեր, այդ թվում՝ քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ։

Տուժող կողմի շահերը ներկայացնող փաստաբան Արա Ղարագյոզյանը նկատեց, որ հատուկ միջոցներ կիրառելուց առաջ ոստիկանները ցուցարարներին չեն զգուշացնում դրա մասին, թեև պարտավոր էին։

Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը ևս մեկ անգամ ասաց, որ տեսանյութը մոնտաժված է, որ չմոնտաժված տարբերակում կա այդ նախազգուշացման դրվագը։

Անդրադառնալով այն հայտարարությանը, թե ցուցարարները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ հեղափոխության ամբողջ ընթացքում դրա առաջնորդներն առաջ են տարել այն գիծը, որ ոստիկանների նկատմամբ բռնություն չի կիրառվելու։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ գուցե եղել են անձինք, որոնք որոշ սադրիչ գործողությունների են դիմել։

«Եթե դու ոստիկանի վրա քար նետես, սկսես ուժ կիրառել իր վրա, ինքը կբերի ջրցան մեքենա։  Հեղափոխության օրերին ամեն ուժի կիրառման, ամեն միջոցի կիրառման պարագայում դուք կտեսնեք մարդկանց, որոնք ձեռքերը վեր են բարձրացնում»,-  հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Տիգրան Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ ապրիլի 16-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ ի սկզբանե քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով։ Ալեն Սիմոնյանը տրամաբանական համարեց, որ այդ օրերին պետք է զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցվեր քրեական գործը։ Նշենք, որ ապրիլի 16-ին Հայաստանում դեռևս իշխանափոխություն չէր եղել։

Գործում առկա են նաև այլ տեսանյութեր, որոնց հետազոտումը կշարունակվի հաջորդ՝ մարտի 23-Ի դատական նիստի ընթացքում։ Այսօրվա նիստի ավարտից հետո Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը երկու հատուկ միջոց է կիրառել՝  այլ մանրամաներ չհայտնելով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter