
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական մասնագիտացմամբ դատավորները կկարողանան պետական և ծառայողական գաղտնիքին հասանելիություն ստանալ
Խորհրդարանում շարունակվում են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումները:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Վահե Ենգիբարյանն անդրադարձավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ելույթին:
Հիշեցնենք՝ Բադասյանը հայտնել էր, որ առաջարկվող նախագծով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալը վերապահվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ բոլոր դատավորներին:
Ենգիբարյանը հետաքրքրվեց՝ արդյոք նման դատավորները ծառայողական ու պետական գաղտնիքի կրո՞ղ են համարվելու:
«Եվ քանի որ այդ միջնորդությունները բողոքարկման ենթակա են, արդյոք կարիք չկա՞ նման իրավունք վերապահել նաև Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորներին»,- հարցրեց Ենգիբարյանը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքեց` նախարարությունում արդեն իսկ նոր նախագիծ է մշակվում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ, որպեսզի նման դատավորները ևս պետական և ծառայողական գաղտնիքին հասանելիություն ստանան:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորներին ևս նման լիազորությամբ օժտելուն՝ նախարարի արձագանքը դրական էր:
Մեկնաբանել