HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորաշենիկ գետ լցված ԶՊՄԿ-ի պարզվածքում եղել են թույլատրելիից բազմապատիկ շատ պղինձ, մոլիբդեն, մանգան ու այլ տարրեր   

Փետրվարի 3-ին գրել էինք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»  ՓԲԸ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի պարզվածքից Նորաշենիկ գետը կրկին գունափոխվել էր՝ դառնալով փրփրառատ եւ կապտաթույր: Դա երեւում էր կապանցի բնապահպան Արմեն Փարսադանյանի՝ «Հետքին» ուղարկած տեսանյութում: Փարսադանյանը առերեւույթ խախտման մասին տեղեկացրել էր նաեւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնին, որի աշխատակիցները կատարել էին պարզվածքի նմուշառում:

Փետրվարի 13-ին գրավոր հարցում էինք ուղարկել տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին: Պատասխանը ստացել ենք այսօր:

Ավետիսյանին հարցրել էինք, թե Նորաշենիկից վերցված նմուշները որ լաբորատորիայում են փորձաքննվել, քանի տարրի համար է կատարվել փորձաքննություն, որքան է դրանցից յուրաքանչյուրի սահմանային թույլատրելի խտությունը, եւ տարրերի ինչպիսի քանակ է հայնաբերվել պարզվածքի նմուշի մեջ:

Հետաքրքրվել էինք նաեւ, թե արդյոք հետազոտվել են Նորաշենիկ գետի ջրային կենդանիները, թե միայն պարզվածքի նմուշառում է իրականացվել: Բացի դրանից՝ հաշվի առնելով, որ Արծվանիկի պոչամբարից դուրս եկող պարզվածքն ընդունող Նորաշենիկ գետը պարբերաբար հայտնվում է բնապահպանների ուշադրության եւ մտահոգության կենտրոնում, հարցրել էինք, թե արդյոք տեսչական մարմինը գետում կատարում է կենսաբազմազանության եւ ջրի որակական հատկանիշների ուսումնասիրություններ:

Մեր հարցերին պատասխանել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Մարատ Բադալյանը: Նրա տեղեկացմամբ՝ կենսաբազմազանության, ինչպես նաեւ գետի տարբեր հատվածներում ջրի որակական հատկությունները պարզելուն ուղղված ուսումնասիրությունները դուրս են տեսչական մարմնի լիազորությունների տիրույթից:

Ըստ Բադալյանի՝ փետրվարի 3-ին կատարվել է միայն պոչամբարից դուրս եկող պարզվածքի նմուշառում, կենդանիների հետազոտություն չի իրականացվել: Փորձանմուշն ուղարկվել է փորձաքննության Երեւան՝ տեսչական մարմնի կենտրոնական լաբորատորիա:

Տեսչական մարմինը մեզ է ուղարկել անալիտիկ հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ թույլատրելի սահմանային արտահոսքը (ԹՍԱ) գերազանցել են պղինձը (14 անգամ), մոլիբդենը (5,7 անգամ), մանգանը (129 անգամ): Մի շարք այլ պարամետրերով եւս ԹՍԱ-ն գերազանցվել է:

«Ջրի միջավայրը հիմնային է, եւ մի շարք պարամետրեր գերազանցում են թույլատրելի սահմանային արտահոսքերի չափաքանակները: Ջրի նմուշում հայտնաբերվել են նաեւ մակերեւույթային ակտիվ նյութեր, որով պայմանավորված է փրփուրի առկայությունը»,- անալիտիկ հետազոտության եզրակացության մեջ գրել է տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների բաժնի պետ Գայանե Շահբազյանը:    

Փետրվարի 7-ին արված այս հետազոտության ֆոնին հետաքրքիր է, որ ամսի 3-ին ԶՊՄԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հերքել էր, թե գետն աղտոտվել է պոչամբարի պարզվածքից եւ հայտարարել. «Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետը լցվող պարզվածքի որակը մշտապես վերահսկվում է ինչպես «ԶՊՄԿ» ՓԲԸ համապատասխան ստորաբաժանման մասնագետների, այնպես էլ պետական լիազոր մարմնի կողմից: 

Անդրադառնալով լաբորատոր հետազոտության արդյունքներին եւ մինչ այդ արված ԶՊՄԿ-ի հայտարարությանը՝ բնապահպան Արմեն Փարսադանյանն ասում է, թե հուսով է, որ կոմբինատի տնօրինությունն այսուհետ լուրջ կվերաբերվի հասարակության մտահոգություններին եւ վաղաժամ, չհիմնավորված գնահատականներ չի տա, ինչպես նաեւ զերծ կմնա ուրիշներին սեւացնելու անհեռանկար քայլերից:   

Առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչատարի դյուկերային անցումի տակ կուտակված պոչանքները՝ Նորաշենիկ գետի ափին (2019 թ., հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter