HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսն արագ տարածվում է եվրոպական երկրներում

Վերջին երկու շաբաթվա ընթացքում COVID 19 նոր կորոնավիրուսն արագորեն տարածվում է ամբողջ Եվրոպայով։ Մայրցամաքում կորոնավիրուսի հիմնական աղբյուրն Իտալիան է, որտեղ վերջին շաբաթների ընթացքում եղել են վարակակիրները։

Գերմանիային սպառնում է COVID-19 նոր կորոնավիրուսի համաճարակը։ Այդ մասին հայտնում է «Deutsche Welle»-ն` հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը։ Նախորդ երկու օրերի ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսը հայտնաբերվել է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա հողի երկու, Բադեն Վյուրթեմբերգ հողի՝ 4 եւ Ռեյնլանդ-Պֆալցի՝ մեկ քաղաքացու մոտ։

Առողջապահության նախարար Յենս Շպանի կարծիքով՝ հարցականի տակ է վիրուսի տեղայնացման նախկին ռազմավարության հաջողությունը և ինֆեկցիոն գործընթացի շղթայականության դադարեցումը։ Հայնսբերգում ընտանեկան զույգի մոտ նոր կորոնավիրուսի հայտնաբերումից հետո տեղական իշխանությունները նախապատրաստվում են մասշտաբային գործողությունների, որպեսզի կանխեն վիրուսի հնարավոր տարածումը։ Համաձայն Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա հողի առողջապահության նախարար Կառլ Յոզեֆ Լաումանի՝ մեծ թվով մարդիկ պետք է գտնվեն տնային կարանտինի մեջ։

Իտալիայում էլ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 453-ի։ Ընդ որում, երեքշաբթի երեկոյան վարակակիրների թիվը 323 էր, իսկ փետրվարի 27-ի դրությամբ թիվն աճել է շուրջ մեկ երրորդով։ Կորոնավիրուսի տարածումից հետո վիրուսի պատճառով երկրում մահացել է 12 մարդ, ևս երեքն՝ ապաքինվել։ «BBC»-ն հայտնում է, որ վարակակիրների մեծ մասը գտնվում է Իտալիայի արդյունաբերական շրջաններում, այդ թվում՝ Լոմբարդիայում, որի կենտրոնը Միլանն է։ Երկրորդ տեղում Վենետո մարզն է։ Կառավարության ներկայացուցիչները հայտնում են, որ անում են հնարավորը՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով։ Երկրում փակվում են դպրոցները, համալսարանները և կինոթատրոնները, չեղարկվել են հանրային մի շարք միջոցառումներ։

*Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի իշխանությունները ձեռնարկել են արտակարգ միջոցներ

Չորեքշաբթի օրը կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն էլ հայտնաբերվել է Հունաստանում։ Այդ մասին հայտնում է «Athens voice» ռադիոկայանը։ Հունաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդը Սալոնիկ քաղաքի 38-ամյա բնակչուհի է, որը COVID-19 կորոնավիրուսի պատճառով հիվանդացել է թոքաբորբով։ Կինը վերջերս էր վերադարձել Իտալիայից։ Նա հոսպիտալացվել է Սալոնիկի հիվանդանոցներից մեկում, իսկ նրանք, ովքեր վերջին օրերին շփվել են հիվանդի հետ, ինքնակամ իզոլացվել են։

Նորվեգիայում նույնպես գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Հանրային առողջության գործակալությունը հայտարարել է, որ իրականացված թեստավորման արդյունքում մեկ քաղաքացու մոտ հայտնաբերվել է COVID-19 տիպի կորոնավիրուս։ Վարակակիրը նախորդ շաբաթ էր վերադարձել Չինաստանից։

Փետրվարի 26-ի երեկոյան կորոնավիրուսով իր առաջին հիվանդի մասին հայտարարել է նաև Ֆինլանդիան։ Հելսինկիի համալսարանական հիվանդանոցում իրականացված թեստավորման արդյունքում բնակչուհիներից մեկի մոտ, որը հիվանդանոց էր դիմել գրիպի պատճառով, հայտնաբերվել է նոր կորոնավիրուս։ Մինչ այս պահը ֆիննական իշխանությունները գաղտնի են պահում կնոջ տվյալները։ Համաձայն տարածված հաղորդագրության՝ նա վերջերս էր ժամանել Միլանից՝ Հյուսիսային Իտալիայով կատարած ճանապարհորդությունից հետո։ Կինը հիվանդանոց է դիմել Ֆինլանդիա ժամանելուց մեկ օր անց, իսկ այդ ընթացքում շփվել է միայն երկու մարդու հետ։

«Reuters» գործակալությունն էլ հայտնում է Ռումինիայում կորոնավիրուսով առաջին հիվանդի մասին։ Երկրի առողջապահության նախարար Վիկտոր Կոստաչեն հայտնել է, որ կորոնավիրուսով հիվանդ տղամարդը գտնվում է Գորժ ժուդեցում (ռումինական վարչական միավոր)։ Վարակվածն ուղիղ կապի մեջ է եղել Իտալիայի քաղաքացիներից մեկի հետ, որն այս ամսվա սկզբին եկել էր Ռումինիա։ Նախարարի խոսքերով՝ տղամարդու վիճակը լավ է և շուտով կտեղափոխվի Բուխարեստի ինֆեկցիոն հիվանդանոց։ Կոստաչեն նաև նշել է, որ տղամարդու ընտանիքի մյուս 7 անդամների մոտ թեստի արդյունքները բացասական են եղել։

Ավելի վաղ կորոնավիրուսով հիվանդների մասին հայտարարել էին Ավստրիան, Խորվաթիան և Շվեյցարիան։ Բոլոր երեք դեպքերում էլ հիվանդները եղել էին Իտալիայում։ Ավստրիայում կորոնավիրուսը հայտնաբերվել է իտալացի երիտասարդ զույգի մոտ, որոնք բնակվում են Տիրոլի Ինսբրուք քաղաքում։ Ամուսիններից մեկն աշխատել է քաղաքի հյուրանոցներից մեկում, որն այս պահին փակ է։ Անվտանգությունից ելնելով՝ 9 մարդ գտնվում է կարանտինի մեջ։

Շվեյցարիայի իշխանություններն էլ հայտնել են, որ Տիչինո կանտոնում բնակվող տղամարդը, որը սահմանակից է Իտալիային, Միլանում վարակվել է կորոնավիրուսով և ներկայումս իզոլացված է։ Վիրուսը հայտնաբերվել է նաև վերջերս Իտալիայից Խորվաթիա վերադարձած մի տղամարդու մոտ։

Կանարյան կղզիների խոշորագույն Տեներիֆե կղզում հյուրանոցի՝ մոտ հազար այցելուներ իզոլացվել են այն բանից հետո, երբ հյուրերից երկուսի՝ իտալացի բժշկի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Իսպանական իշխանությունները նաև հայտնել են ցամաքային Իսպանիայում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին, որը գրանցվել է Բարսելոնայում մի կնոջ մոտ, որը վերջերս էր եղել Իտալիայի հյուսիսում։

Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը։ COVID-19-ին զոհ է դարձել 60-ամյա մի տղամարդ։ Ավելի վաղ Փարիզում մահացել էր չինացի ութսունամյա զբոսաշրջիկ։

Բրիտանիայում դպրոցականներին, որոնք Հյուսիսային Իտալիայում իրենց հանգիստն էին անցկացնում, ուղարկել են տուն։ Փակվել է 8 դպրոց։ «Chevron» նավթային ընկերությունը Լոնդոնի իր գրասենյակի 300 աշխատակիցների ուղարկել է աշխատելու տնից այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Բացի այդ, առողջապահության նախարարությունը կազմակերպում է թեստավորում բոլոր նրանց համար, ում մոտ առկա են սովորական գրիպի ախտանիշներ։ Թեստավորումն անց է կացվում 100 կլինիկաներում և 8 հիվանդանոցներում։ Այս պահի դրությամբ, Մեծ Բրիտանիայում հիվանդների թիվը հասնում է 13-ի։

Փետրվարի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 82 186-ի, մահացածների թիվը՝ 2804-ի, իսկ ապաքինվածներինը՝ 32 905-ի։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter