HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ երազանքն է, որ մեր եղբայրներին, քույրերին, մայրերին, ովքեր ահաբեկիչների ձեռքում են, վերադարձնեն»

Այս ձմռան վերջին օրերի արեւի ջերմությամբ է լցվել Երեւանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկայի միջանցքը: Բաց պատուհանից թեթեւ քամի է ներս գալիս: Մտքիս մեջ անընդհատ պտտվում են եզդի կնոջ՝ Սուալ Խուդեդայի խոսքերը. «Ոչ մի ուրիշ ազգի երեխայի չեն սպանել եւ նրա միսը չեն տվել մորը եւ ասել, որ ուտի: Իսկ մենք ամեն ինչ տեսել ենք… Մեզ ոչինչ չի զարմացնի»:

Սուալ Խուդեդան 37 տարեկան է: Իրաքի Շեխանի շրջանի Բաշիկա գյուղից է: 2014 թ. օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» ահաբեկիչները ներխուժել էին եզդիաբնակ Շանգալ (Սինջար), որից հետո պատրաստվում էին նաեւ Շեխանի գյուղեր մտնել, այդ ժամանակ էլ Սուալի ընտանիքը համագյուղացիների հետ հասցրել է փախչել հարազատ բնակավայրից: Սուալը տնից միայն մի փոքր պայուսակ է հասցրել վերցնել, որի մեջ տեղավորել էր 4-ամյա որդու հագուստը: Ոտքով գյուղից գյուղ են գնացել, քանի որ կա՛մ ահաբեկիչների հարձակման վտանգ է եղել, կա՛մ պայմաններն են վատ եղել, ի վերջո հասել են Թուրքիայի հետ սահմանի հարեւանությամբ գտնվող Զախո քաղաք: Սուալը հիշում է, որ ճանապարհի եզրերին, դաշտերում եզդի փախստականներ էին տեղավորվել: Շոգից պատսպարվելու համար մարդիկ հավաքվում էին ծառերի տակ, այլապես, ասում է, շոգից կարող էին մահանալ:

«Մենք շատ երկար քայլեցինք, շատ երկար: Անտանելի վիճակ էր, շուրջբոլորը փախստականներ էին, պայմանները ծայրահեղ ծանր էին: Ճանապարհին տեղեկացանք, որ ռազմական օդանավը հարված է հասցրել մեր տանը, եւ տունը պայթել է»,- ասում է Սուալը:

Մեր զրույցի ընթացքում եզդի կինը խոսում է հանգիստ, կարծես, անցած-գնացած օրերի ծանր ապրումները քարացել են նրա ներսում: Հիշում է, որ Զախոյի ճամբարում պայմաններն ուղղակի անտանելի էին: Պատմում է, որ ամռանը շոգից նույնիսկ վրաններ էին վառվում, եւ մինչեւ հրշեջները տեղ հասնեին, բռնկված հրդեհը կարող էր կուլ տալ տասնյակ վրաններ, ու մարդիկ կարող էին չհասցնել լքել հրդեհի վայրը: Ձմռանն էլ վախենում էին վառարան դնելուց, քանի որ այս դեպքում եւս կրակ կարող էր բռնկվել: Վրանները տուժում էին նաեւ քամիներից:

Զախոյի ճամբարում էլ 2017-ի հոկտեմբերին ծնվել է Սուալի դուստրը՝ Արզնդան: 6 ամսականում երեխայի ում մոտ ախտորոշել են սրտի բնածին արատ: Թուրք բժիշկները, ովքեր Թուրքիայում վիրահատել են երեխային, ծնողներին ասել են, որ արատն առաջացել է ճամբարային ապրելակերպից, մոր հոգեբանական ապրումներից: Բժիշկները նաեւ նշել են, որ երեխան այլեւս չպետք է մնա ճամբարում: Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է ճամբարի մոտ գտնվող առանց տանիքի կիսակառույց շինություն: Սուալն ասում է, որ շինությունը ծածկել էին ցելոֆաններով՝ փոշուց պաշտպանվելու համար: Մինչ օրս ընտանիքն ապրում է այդտեղ, բայց աշխատանք չունի:

Իրաքի եզդիների վիճակն ավելի է վատացել

Շուրջ 350 հազար եզդի փախստական է բնակվում Իրաքի ճամբարներում՝ կենցաղային ծայրահեղ վատ պայմաններում: Նրանք այդտեղ են բնակվում արդեն 6-րդ տարին. 2014 թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի Շանգալի շրջանում եզդիների հանդեպ ցեղասպանական գործողություններից հետո հազարավոր եզդիներ ստիպված էին փախչել իրենց տներից: Այսօր նրանք ապաստան են գտել տարբեր ճամբարներում: Ճամբարներ կան, որտեղ փախստականների թիվը հասնում է 70 հազարի, ինչպես, օրինակ, Խանկեի ճամբարը: Եզդիների բնակավայրերն ավերվել են, ահաբեկիչների կողմից ավելի քան 10 հազար եզդի է սպանվել, շուրջ 3000-ն էլ գերեվարված են: Այս մասին մենք գրել էինք նախորդ տարվա օգոստոսին: ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն այցելել էր Իրաքում գտնվող եզդիական 5 ճամբարներ, եղել էր Շանգալի շրջանի թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, այցելել Շանգալ քաղաք, Շեխանի շրջան: Բաքոյանը մեզ հայտնել էր, որ ճամբարներում կենցաղային նվազագույն պայմաններ չկան: 6 ամսվա գործածության համար նախատեսված վրանները մարդիկ արդեն 5 տարի գործածում են, դրանց մի մասը ձյան, անձրեւի, քամու ժամանակ պատռվում է մաշվածությունից: Հիվանդությունները գլուխ են բարձրացրել, երեխաների կրթության հարցը չի լուծվել, ջուր եւ հոսանք ոչ միշտ է լինում, սնունդն էլ հիմնականում ստանում են ՄԱԿ-ից:

ԱԺ պատգամավորն մեզ նաեւ ասել էր, որ անձամբ է փորձելու ճանապարհներ գտնել, որպեսզի իրենց բնակավայրերը լքած եզդի երիտասարդ աղջիկներն ու տղաները կարողանան բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, ինչպես նաեւ մեր երկրից բժշկական օգնություն ուղարկվի Շանգալ եւ եզդիների ճամբարներ:

Այս զրույցից 6 ամիս անց նույն հարցերի շուրջ կրկին զրուցել ենք Ռուստամ Բաքոյանի հետ «Նորք Մարաշ» ԲԿ-ում:

Պատգամավորն ասում է, որ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները փոխեցին իր ծրագրերի ընթացքը: Մինչեւ նախորդ տարվա նոյեմբերի 15-ը մտադիր էին լինել Իրաքում՝ առողջապահական եւ այլ ծրագրեր իրականացնելու համար: Հայաստանից բժիշկներ պետք է  գործուղեին Շանգալ՝ բժշկական միջամտություններ կատարելու, սակայն Իրաքում իրավիճակը սրվեց: Բաքոյանի փոխանցմամբ՝ սպասելու փոխարեն որոշեցին ծանր հիվանդներին բերել Հայաստան՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս փուլում ընդգրկել են այն երեխաներին, ովքեր կյանքի համար վտանգավոր խնդիրներ ունեն:  Ըստ եզդի պատգամավորի՝ իր նախաձեռնությանը հավանություն էր տվել նաեւ առողջապահության նախարարը՝ պատրաստակամություն հայտնելով օգնել:

Առաջինը վիրահատել են փոքրիկ Արզնդային՝ Սուալ Խուդեդայի դստերը: Ռ. Բաքոյանն ասում է, որ կապ է պահում գրեթե բոլոր եզդիական կառույցների հետ, խոսել է Իրաքի խորհրդարանի եզդի պատգամավորի հետ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ազգությամբ եզդի Միրզա Դինայի հետ, ով կազմակերպում է Իրաքի պատերազմից տուժած երեխաների ու կանանց բուժօգնությունը: Հենց վերջինս էլ առաջարկել էր Արզնդային տեղափոխել Հայաստան եւ վիրահատել:

«Արզնդայի վիրահատությունը 10 ժամ տեւեց:  Դրանք իմ կյանքի երեւի ամենադժվար ժամերն են եղել: Ամեն վայրկյան աղոթում էի, որ բժիշկներից ոչ մի վատ լուր չստանամ»,- ասում է Ռուստամ Բաքոյանը, ով ամեն օր այցելում է աղջնակին:

Հիվանդասենյակ N8. արքայադուստր Արզնդան

Վիրահատությունից հետո 2-ամյա Արզնդան դեռ վերականգնման փուլում է, սակայն անգամ այդ վիճակում նա չի կորցնում արքայադուստր լինելու հմայքը: Արզնդայի գլխին փոքրիկ թագ կա, շրջապատված է տիկնիկներով ու փափուկ խաղալիքներով, իսկ անկողնու ծայրին վարդագույն զարդասեղանն է՝ հարդարման պարագաներով: Սրանք այն կարեւոր դետալներն են, որոնք կարծես մաքուր օդով են լցնում հիվանդասենյակը՝ անծանոթներին էլ տեղափոխելով Արզնդայի հեքիաթների աշխարհ:

Սուալն ասում է, որ երբ աղջիկը վերականգնվի, կվերադառնան տուն՝ Զախո, որտեղ իրենց սպասում են ամուսինն ու 10-ամյա որդին:

«Լավ օրից չեմ գնալու, բայց ես պետք է լինեմ իմ ազգի հետ: Ինչպես իրենք են, այդպես էլ ես կապրեմ: Մենք խեղճ ու որբ ազգ ենք, եւ մեզ չորս կողմից սպանում են: Բոլորս ենք նույն վիճակում: Պետությունները կուրացել են… Բոլորը, ցավոք, կույր են, չեն տեսնում»,- ասում է 37-ամյա Սուալը: Նրա  հայացքը մի կետի է ուղղված, դեմքին լարված նյարդեր են երեւում:

Մինչեւ եզդիների ցեղասպանությունը Սուալի երազանքները շատ էին, իսկ հիմա, ասում է, միայն մեկ երազանք ունի: «Իմ երազանքն է, որ մեր եղբայրներին, քույրերին, մայրերին, ովքեր ահաբեկիչների ձեռքում են, վերադարձնեն: Իմ ընտանիքից գերեվարվածներ չկան, բայց բոլորն էլ իմ ազգից են: Ես շանգալցի եմ, եթե մենք չապրենք Շանգալում, ուրեմն եզդի չենք»,- նշում է Սուալը: Զրույցի վերջում նկատում է, որ միշտ խուսափել է նկարվելուց, խոսելուց, բայց Արզնդան փոխել է ամեն ինչ:

Հայաստանում եզդի փախստականները երկար չեն մնում

Ռուստամ Բաքոյանն ասում է, որ 2014 թ. եզդիների ցեղասպանությունից հետո երկու եզդի ընտանիք էր եկել Հայաստան, սակայն նրանք այստեղ չեն հարմարվել՝ աշխատանքի, լեզվի, կրթության խնդիր էր առաջացել, ինչի հետեւանքով երկու տարի անց մի ընտանիքը վերադարձել էր Շանգալ, մյուսը՝ Իրաքի փախստականների ճամբարներից մեկը:

Ըստ մեր զրուցակցի՝ ներկայում Հայաստանում մեկ կամ երկու եզդի փախստական ընտանիք կա: Փախստականներին տեղափոխելու համար նախեւառաջ պայմաններ պետք է ստեղծվեն նրանց համար: Մեր դիտարկմանը, թե փախստականները կարող են եզդիական գյուղերում բնակություն հաստատել, պատգամավորն ասում է, որ այդ գյուղերը եզդիաթափվել են, ինչը պայմանավորված է սոցիալական պայմաններով: Ինչպես հայերը, այնպես էլ եզդիներն արտագաղթել են: Բաքոյանի խոսքով՝ անարդար է մարդկանց տանել-տեղավորել այն գյուղերում, որտեղ պայմաններ չկան, մյուս կողմից՝ խոսքը ոչ թե մեկ-երկու ընտանիքի, այլ հազարավոր մարդկանց մասին է:

«Խնդիրը պետք է լուծում ստանա Իրաքում: Եթե փախստական եզդիներին Իրաքից դուրս ենք հանում, եւ նրանք տարածվում են աշխարհով մեկ, արդյոք սա լուծում է… Այստեղ զուգահեռներ կարող ենք անցկացնել հայերի հետ, ովքեր կորցրին պատմական Հայաստանի մեծ մասը: Եզդիները եւս կորցրել են եզդիական տարածքների մեծ մասը, եւ մնացել է այդ մի հատվածը՝ Շանգալը: Կարծում եմ՝ Շանգալը կորցնելուց որոշ ժամանակ անց եզդիների մասին միայն պատմությունը կգրի»,- ասում է Ռուստամ Բաքոյանը:

Գարնանն ԱԺ պատգամավորը պատրաստվում է կրկին այցելել Իրաք: Գուցե այս անգամ հաջողվի իրականացնել կիսատ թողած ծրագրերը, իսկ մինչ այդ արդեն զբաղվում է երկրորդ եզդի երեխայի վիրահատությունը Հայաստանում կազմակերպելու թղթաբանությամբ: «Եթե նույնիսկ եզդիներ չլինեին, այլ ցանկացած ազգության երեխա, կրկին պատրաստ եմ օգնել»,- նշում է Ռ. Բաքոյանը:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Տես նաեւ՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter