HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արսեն Թորոսյան․ «Կորոնավիրուսի գրանցման դեպքը հանրային առողջապահական վտանգ չի ներկայացնում»

«Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքը մեզ նոր քայլեր անելու է դրդում, սակայն այն իրենից որևէ հանրային առողջապահական վտանգ չի ներկայացնում, նույնսիկ այդ վարակված անձի համար։ Փաստացի այդ մարդը հիմա պարզապես մեկուսացված պայմաններում հիվանդանոցում նստած է կամ ինչ-որ բանով զբաղվում է, և որևէ բուժական միջամտություն նրա նկատմամբ չի իրականացվում»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի 117 թեստ, որից 10-ը՝ երեկ։ Այս պահի դրությամբ մեկուսացվել է 32 անձ։ Նրանք գտնվում են Ծաղկաձորի «Գելդեն փելիս» հյուրանոցում։

«Ուզում եմ հիշեցնել, որ մեր ցամաքային սահմանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բաց է և բաց էլ պետք է լինի։ Եվ տեղում իրականացվող միջոցառումները բավարար են առողջապահական միջազգային կանոնների տեսանկյունից»,- ասաց առողջապահության նախարարը։ Նա շեշտեց, որ եղանակի տաքացման հետ մեկտեղ՝ վիրուսը կնահանջի։ 

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ վարակված ուղևորի մոտ բարձր ջերմաստիճանը նկատվել է ժամանումից 4 ժամ անց և ոչ թե օդանավակայանում ջերմաչափման ժամանակ, Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դա հիվանդության առանձնահատկություններից է և դրան դասագրքային բացատրություն կարող է չլինել։ 

«Բարձր քաղաքացիական գիտակցությամբ պացիենտ ենք ունեցել, որը ինքնազգացողության վատացման դեպքում դիմել է բժշկի»,- նշեց նախարարը։

Նա շեշտեց, որ կորոնավիրուսի թեստերը արագ, սկրինինգային թեստեր չեն և դրանով հնարավոր չի հազարավոր քաղաքացիների հետազոտել։

«Այդ թեստերը կարող են լինել բացասական հիվանդության առաջին 14 օրվա ընթացքում, և այս դեպքում անիմաստ է բոլոր քաղաքացիներին հետազոտելը։ Նաև առաջ անցնելով ասեմ, որ վիրուսը մարդու օրգանիզմից արտանետվում է այն ժամանակ, երբ այն արդեն բազմացել է նրա մեջ։ Սրանով միանգամից կանխում եմ այն վարկածը, որ Հայաստանում վարակված անձ կարող է բազմաթիվ մարդկանց վարակած լինել»,- նշեց առողջապահության նախարարը։

Անդրադառնալով Երևան-Միլան չվերթին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ չվերթը այս պահին չեղարկելու կարիք չկա, քանի որ Իտալիայում՝ մեծ քաղաքներում վիրուսը լոկալիզացվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter