HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արսեն Թորոսյան. «Դպրոցականները պրակտիկորեն որևէ խնդիր չունեն կորոնավիրուսի հետ»

«Ես ունեմ երկու դպրոցական երեխա և պատրաստ եմ նրանց ուղարկել դպրոց, քանի որ հանրային առողջապահական վտանգը բարձր չեմ համարում, որպեսզի անհրաժեշտություն լինի դպրոցական երեխաների շարժը սահմանափակել՝ հատկապես հաշվի առնելով, որ դպրոցական երեխաները պրակտիկորեն որևէ խնդիր չունեն այս վիրուսի հետ։ Հազվադեպ է եղել, որ վիրուսը երեխաների վրա ծանր ազդի»,- ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ուսումնական հաստատությունների փակման անհրաժեշտության վերաբերյալ հարցին։

Նախարարի խոսքով՝ կառավարությունում և կրթության նախարարի հետ այս թեմայով դեռևս զրույց չեն ունեցել, և օրվա ընթացքում կտեղեկացնեն որոշման մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Անդրադառնալով դեղատներում դիմակների բացակայությանը՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանին դիմակներ մատակարարող երկու հիմնական երկրները՝ Չինաստանն ու Իրանը, իրենք ունեն դիմակների կարիք։ 

«Դիմակ արտադրողները պետք է իրենց հզորությունը ուժեղացնեն, որը, կարծում եմ, հիմա տեղի է ունենում։ Մենք մեր կարիքների համար 165 հազար դիմակ ենք ներկրել։ 50 հազար էլ կունենանք մոտակա մի քանի օրերի ընթացքում բժշկական հաստատությունների համար, քանի որ բուժաշխատողները գտնվում են ռիսկային գոտում։ Իսկ Հայաստանում ինչի չի եղել դիմակների արտադրություն, որովհետև այդ արտադրության ծավալներն ավելի մեծ են, քան մեր շուկան: Մենք չենք կարող հենց հիմա արտադրություն հիմնել»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Խոսելով Հայաստանից դիմակների արտահանման տեղեկությունների մասին՝ առողջապահության նախարարն ասաց․ «Գիտեք, որ Հայաստանը շուկայական տնտեսությամբ երկիր է, և ապրանքները ներկրվում ու արտահանվում են։ Նույն Չինաստանը նույնիսկ խնդրել էր մեզնից որպես մարդասիրական օգնություն՝ դիմակներ ուղարկել։ Եթե չեմ սխալվում, Գյումրի քաղաքը իր քույր քաղաքներից մեկին դիմակներ էր ուղարկել։ Արտահանման առանձին սահմանափակումների կարիք չկա, հատկապես երբ դրանք արդեն Հայաստանում չկան»։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր հիվանդությունների դասին չի պատկանում, ինչպես օրինակ՝ ժանտախտը, խոլերան, դեղին տենդը, էբոլան։ Այն համարվում է նոր ռեսպիրատոր վիրուս, որը տարբեր է նախկինում հայտնի վիրուսներից, սակայն նման է փոխանցման ճանապարհներով, ախտանշաններով և բուժման մեթոդներով։ 

Լուսանկարը՝ առողջապահության նախարարության

Մեկնաբանություններ (1)

Հովհաննես Տեր֊Զաքարյան
Երեխաները թերևս խնդիր չունեն,սակայն հեշտությամբ կարող են վարակը տարածել և վարակել մեծահասակներին ։Ուսումնական հաստատությունների փակումը կնպաստի վարակի շուտափույթ մարմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter