HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արսեն Թորոսյան․ «Մենք չենք կարող դառնալ պանիկայի կղզյակ․ վախենալու կարիք չկա»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով պետք չէ վախենալ և խուճապի մատնվել․ «Մենք չենք կարող դառնալ պանիկայի կղզյակ՝ պարզապես մարդկանց վախերը մեղմելու համար։ Ցանկանում եմ ասել, որ վախենալու կարիք չկա և այն, ինչ արվել է, ավելին է, քան անհրաժեշտ էր անել»,- ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ չնայած Իտալիայում և Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճին, այնուամենայնիվ, այս պահին համաշխարհային անկում է արձանագրվում, և պետք է պատրաստ լինել դրա վերացմանը և սահմանափակումները հանելուն։

«Ես գիտեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մեր կարողությունների գնահատման մասին։ Այո՛, եղել են բազմաթիվ թերություններ առողջապահական համակարգում, որոնց շտկումը շատ դեպքերում արագ և պարզ է, իսկ որոշ դեպքերում համակարգային և ինստիտուցիոնալ փոփոխությունների կարիք ունի։ Չեմ ուզում ասել՝ գերազանց, բայց մենք բավական լավ պատրաստ ենք եղել»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում մեկուսացման նոր տարածքներ կարող են վերցնել (այս պահին 32 մեկուսացվածները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում են), սակայն եթե վիրուսի շրջանառություն լինի, ինչպես մյուս բոլոր ռեսպիրատոր վիրուսների դեպքում, երբ այն դառնա սովորական հիվանդություն, ապա մեկուսացման կարիք էլ չի լինի։

«Գիտե՞ք, թե իմ վստահությունը նաև ինչով է պայմանավորված։ Ես ինքս էի կասկածում, թե ինչպես է, որ մեզ մոտ դեպք չի գրանցվել։ Հետո վերլուծությունը ցույց տվեց, որ բոլոր վտանգավոր տեղերից եկածներին մենք հսկում ենք այցելություններով և զանգերով։ Եվ բոլոր գանգատ ունեցողներին՝ 117 հոգու հետազոտել ենք։ Մենք գիտենք հիվանդանոցներում առկա բոլոր հիվանդներին, օրինակ՝ թոքաբորբով հիվանդներին, որոնք նույնպես թեստ են անցել և բացասական արդյունք է եղել։ Եվ իմ այն կասկածները, թե ոնց է, որ մեզ մոտ վիրուսը չկար, ինքս իմ մեջ փարատեցի, որովհետև մենք, կարծես թե, ամեն ինչ ճիշտ ենք արել։ Չեմ ուզում ասել, որ այս դեպքը 100 տոկոսով առաջինն է, բայց հայտնաբերված առաջինն է և միգուցե վերջինը կամ միգուցե ոչ վերջինը, բայց այն մեր միջոցառումների շնորհիվ չի դառնա լոկալ դեպք»,- նշեց առողջապահության նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը։ Վարակվածը փետրվարի 28-ին Իրանից ժամանած Հայաստանի 29-ամյա քաղաքացի է։

Լուսանկարը՝ Առողջապահության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter