HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է տուն-ինտերնատ ընդունել միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է այս տարի նվազեցնել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը, դրա փոխարեն ավելացնել այլընտրանքային ծառայություներից օգտվողների քանակը։

Այլընտրանքային ծառայություն ասելով՝ նախարարությունը նկատի ունի փոքր տներ, տնային խնամքի և ցերեկային կենտրոններ, ընտանիքներին աջակցելու և այլ ծառայություններ։

Բացի այդ, նախարարությունը նախատեսում է խստացնել տուն-ինտերնատ ընդունելության պայմանները։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ տուն-ինտերնատ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձինք։ Իսկ այն անձինք, ովքեր մինչ այս ցանկանում էին խնամքի ծառայություններ ստանալ տուն-ինտերնատում՝ կդիմեն այլընտրանքային ծառայություններ ստանալու համար կամ կշարունակեն բնակվել իրենց տներում (առկայության դեպքում)՝ ստանալով տնային խնամք:

Նման առաջարկություններ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Նախագծի ընդունման արդյունքում առնվազն 30-40 %-ով (հստակ գնահատված հաշվարկ դեռ չի կատարվել, սակայն մոտավոր պատկերն այդպիսին է) կնվազի տուն-ինտերնատներում խնամվողների և այնտեղ ընդունվելու համար դիմողների թիվը։ Դրա փոխարեն խնամքի տրամադրում հայցող անձանց՝ իրենց գնահատված կարիքներին համապատասխան կտրամադրվեն նոր՝ առավել հասցեական, նպատակային և արդյունավետ ծառայություններ»,- հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Այս գործընթացը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները։

Քննարկման ներկայացված նախագծում նշված է, որ այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ընդհանուր տիպի երեք տուն-ինտերնատներում խնամվում է 640 շահառու, որոնց 60 %-ից ավելին ունեն զավակներ, իսկ մի մասն էլ ունի բնակարան: Գործող կարգը թույլ է տալիս տուն և ընտանիք ունեցող տարեցին ընդունել տուն-ինտերնատ, եթե ընտանիքում առկա են ինչ-ինչ խնդիրներ՝ սոցիալական մեկուսացվածություն, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ և այլն, և սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը տվել է դրական եզրակացություն:

Արդյունքում՝ մեծացել է տուն-ինտերնատներում խնամվողների և ընդունվելու համար հաշվառված անձանց թիվը, մինչդեռ տնային պայմաններում այդ տարեցներին խնամք մատուցելու դեպքում, զգալիորեն կնվազեր:

Նախարարությունը ընդգծել է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության ծրագրում ամրագրված՝ ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային ծառայությունների ներդրման գործընթացի իրականացման անհրաժեշտությունից: 

Ընթերցեք նաև 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter