Դիմում-բողոք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի քրեական վարույթ իրականացնող մարմիններից ունեցած դժգոհության եւ իր «խախտված իրավունքների վերականգնման համար ապարդյուն պայքարի» մասին քաղաքացի Անյա Կուլինոն նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը տրամադրել է նաեւ «Հետքին»՝ հրապարակման համար: Տկն Կուլինոյի վեճը «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի նախագահ Աշոտ Սուքիասյանի հետ է, որն անցնում էր «Հետքի» բացահայտած օֆշորային եռյակի գործով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ
պարոն Ն.Փաշինյանին
Պատճենը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ տիկին Լ. Թադևոսյանին
(գործ թիվ ԵԱՔԴ/0037/11/17)
Անյա Հովհաննեսի Կուլինոյից
/հաշվառված՝ ք. Երևան, Ֆուչիկի փող., 17շ., բն.5, բնակ.՝ հասցե` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Գրաֆ-Սպի փողոց 13 53572 Բրուքհաուզեն (Graf-Spee-Str. 13 53572 Bruchhauzen)/
Դիմում - բողոք
Մեծարգո՛ պարոն Վարչապետ,
Ձեզ է դիմում հուսահատված և ճարահատյալ մի կին, ով արդեն ավելի քան յոթ տարի պայքարում է իր խախտված իրավունքները վերականգնելու և արդարության հասնելու համար, բայց, ցավոք, քրեական վարույթ իրականացնող մարմինների շարունակական բնույթ կրող քմահաճ և անտարբեր վերաբերմունքի արդյունքում այդ պայքարը որևէ արդյունք չի տվել:
Մեծարգո՛ պարոն Վարչապետ,
Ի դեմս քրեական վարույթ իրականացնող մարմինների իմ առջև ծառացած հզոր պատնեշը ես պարզապես ի զորու չեմ հաղթահարել և իմ ձայնը լսելի դարձնել, ուստի դիմելով Ձեզ, ապավինում եմ Ձեր անմիջական աջակցությանը՝ օրենքի շրջանակներում ներքոհիշյալ խնդրին արդարացի լուծում տալու հարցում։
Չցանկանալով Ձեզ ավելորդ ծանրաբեռնել, փորձեմ շատ հակիրճ ներկայացնել խնդրո առարկան։ Այն կայանում է նրանում, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի նախագահ, տխրահռչակ Աշոտ Սուքիասյանը խաբեության և վստահությունս չարաշահելու եղանակով՝ Սիերա Լեոնեի Հանրապետությունում գտնվող, իբրև իրեն պատկանող ոսկու և ադամանդի հանքավայրերի շահագործման բիզնեսում ներդնելու միջոցով ինձ վերոհիշյալ կոոպերատիվի մասնակից դարձնելու և վերջինիս եկամուտներից տարեկան ներդրված գումարի 30 տոկոսի չափով ինձ հասույթ վճարելու պատրվակով, 2009թ. և 2010թ. սեպտեմբեր ամիսներին ինձնից և ամուսնուցս՝ ԳԴՀ քաղաքացի Գյունթեր Կուլինոյից ստացել է 100.000 եվրո և 37.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց մինչև 2011թ. սեպտեմբեր ինձ մաս-մաս վճարելով ընդամենը 27.500 եվրո և 9.200 ԱՄՆ դոլար՝ իմ կողմից ներդրված մնացած գումարը հափշտակել է։
Դեռևս 2012թ. օգոստոսի 8-ին այդ կապակցությամբ դիմում (հաղորդում) եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն, որտեղ արդեն իսկ քննվում էր "Ձորագյուղ" ԱԿ-ի նախագահ Աշոտ Սուքիասյանի կողմից Փայլակ Հայրապետյանի և նրա հարազատների վստահությունը չարաշահելու եղանակով, վերջիններիս պատկանող անշարժ գույքի նկատմամբ խարդախությամբ իրավունք ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Դիմումս կցվել է նշված քրեական գործին և քննարկվել վերջինիս շրջանակներում։ Նշեմ, որ հիշյալ քրեական գործի նախաքննությունը հետագայում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Քրեական գործի նախաքննության ընթացքում ես և ամուսինս մանրամասն ներկայացրել ենք դեպքի հանգամանքները և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել Աշոտ Սուքիասյանի կողմից վերը նկարագրված խարդախության փաստը հիմնավորող փաստաթղթեր։ Բացի այդ, 2013թ.-ից հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը 2014թ.-ին Վրաստանում հայտնաբերվելուց և Հայաստան էտապավորվելուց հետո որպես մեղադրյալ իր ցուցմունքում հաստատել է, որ իմ և նրա միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի ոսկերչական արտադրամասում ես պետք է ներդնեի 100.000 եվրո և տարեկան ստանայի նշված գումարի 30 տոկոսի չափով հասույթ՝ անկախ արտադրամասի շրջանառությունից։
Նշված ցուցմունքից մեկ օր անց տված լրացուցիչ ցուցմունքում Աշոտ Սուքիասյանն արդեն փոխել է իմ կողմից «Ձորագյուղ» ԱԿ-ում կատարված ներդրման կապակցությամբ հայտնած իր դիրքորոշումը, այս անգամ արդեն նշելով, թե իբր ես գումարն իր կոոպ"րատիվին տվել եմ տոկոսով և ստացել եմ տոկոսներ։
Նախաքննական մարմինը զարմանալիորեն շատ հեշտությամբ՝ «հալած յուղի պես», ընդունել է Աշոտ Սուքիասյանի այդ պատճառաբանությունը և առանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու, բազմաթիվ հակասությունների և գործով չպարզված հանգամանքների ու չփարատված կասկածների առկայության պայմաններում, անտեսելով դրանք, հաստատված է համարել իմ կողմից վաշխառություն կատարելու հանգամանքը և իմ նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել ոչ արդարացման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մինչդեռ իր իսկ կողմից մեկ այլ դրվագով՝ խարդախությամբ Փայլակ Հայրապետյանի և մյուսների՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացման և առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար դատի տրված անձի՝ Աշոտ Սուքիասյանի ցուցմունքներում ներկայացված հակասական և ոչ արժանահավատ պատճառաբանությունները հիմք ընդունելով, գտել է, որ վերջինս իմ գումարները խաբեությամբ հափշտակելու դիտավորություն չի ունեցել և նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Նախաքննական մարմնի այս որոշումներն իմ կողմից բողոքարկվել են ինչպես վերադաս դատախազներին, այնպես էլ դատական կարգով։ Առաջին բողոքիս հիման վրա ՀՀ գլխավոր դատախազը 2015թ. հուլիսի 21-ի որոշմամբ վերացրել է ինձնից 100.000 եվրո և 37.000 ԱՄՆ դոլար ստանալու և չվերադարձնելու դրվագով քրեական գործով Աշոտ Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի կայացրած որոշումն այն պատճառաբանությամբ, որ քրեական գործով դեռևս անհրաժեշտ է պարզել մի շարք կոնկրետ թվարկված հանգամանքներ, որից հետո միայն՝ ձեռք բերված ապացույցների հիման վրա իրավաբանական գնահատական տալ իմ և Աշոտ Սուքիասյանի արարքներին ու լուծել քրեական գործի ընթացքը։
Չնայած դրան, մինչդատական վարույթն իրականացնող քննիչը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները, ՀՀ գլխավոր դատախազի որոշման մեջ նշված՝ գործի լուծման համար էական հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու փոխարեն, սկզբունքորեն ձեռնպահ է մնացել այդպիսիք կատարելուց, այսինքն՝ չի կատարել դատախազի օրինական ցուցումը, և դա պատճառաբանել է նրանով, թե ՀՀ գլխավոր դատախազի որոշումը «չի բխում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից, որոշման պատճառաբանություններում առաջ քաշված պարզման ենթակա հանգամանքներն արդեն իսկ օրենքով սահմանված կարգով քննության առարկա դարձված եղել են, դրանք ստուգվել են և 2015 թվականի մայիսի 4-ի՝ քրեական հ"տապնդում չիրականացնելու մասին որոշման մեջ տեղ գտած վարույթն իրականացնող մարմնի հետևությունները բխում են քննությամբ ձեռք բերված ապացույցներից»։
Նկատի ունենալով, որ իմ և Աշոտ Սուքիասյանի նկատմամբ կայացված քննիչի կամայական և ակնհայտ ապօրինի որոշումների դեմ բերված իմ բողոքները ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից նույնպես մերժվել են՝ դեռևս 2017թ. փետրվար ամսին քննիչի և դատախազի հիշյալ որոշումների դեմ բողոք եմ ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան£ Դրանից շուրջ մեկուկես տարի անց՝ 2018թ. սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է բողոքս և որոշում կայացրել իմ իրավունքների ու ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմինների պարտավորության մասին, որը դատախազի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
Այս անգամ դատախազի վերաքննիչ բողոքը քննության է առնվել գրեթե վեց ամիս, արդյունքում՝ 2019թ. մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու և առաջին ատյանի՝ իմ օգտին կայացված որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին։
Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ 2019թ. հունիսի 18-ին վճռաբեկ բողոք է բերվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից, որը ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել երեք ամիս անց՝ 2019թ. սեպտեմբերի 24-ին£։
Մեծարգո՛ պարոն Վարչապետ, վստահ եմ, որ Ձեզ համար էլ անհավատալի կլինի այն փաստը, որ վերը նկարագրված շրջապտույտը շարունակվում է արդեն գրեթե հինգ տարի, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դատախազի բողոքը վարույթ ընդունելուց հետո անցել է հինգ ամիս, սակայն մինչ օրս դատական նիստ չի նշանակվել և հայտնի չէ, թե այն երբ կնշանակվի, առավել ևս, որ այդ ժամկետները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չեն։
Մեծարգո՛ պարոն Վարչապետ,
Հայտնելով վերոգրյալի մասին, խնդրում եմ իմ և Աշոտ Սուքիասյանի վերաբերյալ քրեական գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ և ապահովել ողջամիտ ժամկետներում արդար ու օբյեկտիվ քննության կատարումն ինչպես դատական ատյաններում, այնպես էլ՝ նախաքննական մարմիններում, բացառելով վերջիններիս համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր անօրինական, կամայական կամ սուբյեկտիվ որևէ դրսևորում։
Հարգանքներով՝
Ա.Կուլինո
20.02.2020թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել