HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Աշոտ Սուքիասյանը «Օֆշորի գործով» փողերի լվացում և խարդախություն չի կատարել. վերաքննիչ դատարանը հրապարակել է որոշումը

«Օֆշորի գործով» 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանի մեղադրանքը վերաքննիչ դատարանը մեղմացրել է:

2019թ. հունիսի 24-ի որոշմամբ՝ Աշոտ Սուքիասյանն անմեղ է ճանաչվել Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Աշոտ Սուքիասյանն, ըստ նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանի որոշման, չի իրականացրել փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերի խարդախություն:

Դատարանը բավարարել է Ա. Սուքիասյանի պաշտպաններ Յուրիկ Խաչատրյանի և Կարեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը և մասնակիորեն բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Էրեբունի եւ Նուբարաշեն նստավայր) 2017թ. հոկտեմբերի 2-ի դատավճիռը, որից հետո Սուքիասյանը դիմել է վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերից չարամտորեն խուսափելը), նշանակել է ազատազրկում՝ 6 տարի ժամկետով եւ 40 մլն դրամի չափով գույքի բռնագանձմամբ, պատժի կրման սկիզբը համարել 2014-ի հունվարի 31-ը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը մոտ 2,5 անգամ կրճատել է առաջին ատյանի դատարանի որոշմամբ պատժի կրման չափը: Վերաքննիչ դատարանը դատավճիռն ուղարկել է տուժող կողմին որոշման եզրափակիչ մասի հրապարակումից մոտ 120 օր հետո:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը ՝ նախագահությամբ Վարդան Գրիգորյանի 2017թ. հոկտեմբերի 2-ին որոշում էր կայացրել, որով Սուքիասյանը մեղավոր էր ճանաչել և դատապարտել 16 տարի ազատազրման, դատարանը որոշել էր վերջինից բռնագանձել  8 մլրդ 919 մլն դրամ՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու:

Ըստ մեղադրանքի` Աշոտ Սուքիասյանը Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող գույքի գրավադրումից 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011-ի հունիսի 15-ը «Ամերիաբանկ» ՓԲ-ից մաս-մաս ստացել է 10 մլն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ, սակայն չի կատարել վարկային պայմանագրով նախատեսած պարտավորությունները: 

Այս մասին «Հետք»-ն անդրադարձել է «Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով» հոդվածաշարում: Իսկ «Ամերիաբանկը» շարունակել է այդ ընթացքում գումարներ փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերություններին, գումարի  մի մասը հետագայում վերադարձվել է «Ձորագյուղ» Ա/Կ-ի հաշիվներին, որը պատկանում է Աշոտ Սուքիասյանին, նրա կնոջն ու դստերը: Բանկից ստացած վարկային գումարներից փոխանցվել է նաև օֆշորային գոտիներում գրանցված մի քանի ընկերությունների հաշվեհամարներին, որոնց բաժնետերի շարքում, ըստ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի, եղել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: Հետագայում նախկին վարչապետը հայտարարել էր, որ որևէ կապ չունի գրանցված ընկերության հետ, նույնը պնդել է նաև Նավասարդ Կճոյանը: Իսկ Աշոտ Սուքիասյանը հայտարարել էր, որ ինքը կեղծել է այդ անձանց ստորագրությունները՝ առանց նրանց համաձայնության:

Աշոտ Սուքիասյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել:

Վերաքննիչ բողոքի մեջ Սուքիասյանի պաշտպանները ներկայացրել էին, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ չի գնահատել հետազոված փաստերն ու ապացույցները, իսկ վեճին տրվել է քրեաիրավական գնահատական, այն ինչ այն պետք է լուծվեր քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Նախաքննության մարմինն անտեսել է պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները, չի ստացել Սիերա Լեոնեի իրավասու մարմիններին ուղարկված քննչական հանձնարարության պատասխանը: Ինչպես նաև դատարանը չի հրավիրել պաշտպանական կողմի վկաներին:

Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներով մեղադրական դատավճիռ կայացնելու համար առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, ի թիվս այլոց, պետք է հաստատված համարեր, որ

ա) մինչև գույքային իրավունքներ ձեռք բերելը և դրանց գրավադրման արդյունքում վարկային միջոցներ ստանալն Ա. Սուքիասյանը նպատակ է ունեցել հափշտակել որևէ գույք, չվերադարձնել վարկային միջոցները, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները

բ) փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի՝ նախորդող հանցագործության արդյունքում ձեռքբ բերված լինելու հանգամանքը, ինչպես նաև Սուքիասյանի նպատակը՝ քողարկելու, թաքցնելու հանցավոր ճանապարհով ստացած միջոցների իրավական աղբյուրները և այդ միջոցները ներգրավել օրինական շրջանառության մեջ:

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է այս կետերի ապացուցվածությանը և արձանագրել է, որ Աշոտ Սուքիասյանը նշել է, որ ինքը նպատակ չի ունեցել հափշտակել որևէ գույք, չվերադարձնել վարկային միջոցներ, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները, իսկ Փայլակ Հայրապետյանի հետ եղել են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք պարունակել են ռիսկային գործոն: Իսկ տվյալ փաստարկները մեղադրանքի կողմը  իրավական ընթացակարգի շրջանակում չի հերքել:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում որևէ փաստական ապացույց կամ տեղեկատվություն չի եղել, որ Սուքիասյանը նպատակ է ունեցել հափշտակել որևէ գույք, չվերադարձնել վարկային միջոցներ, չկատարել խոստումը կամ պարտավորությունները:

Վերաքննիչ դատարանը մերժել է նաև Փայլակ Հայրապետյանի, Վարդան Հայրապետյանի և Գագիկ Ղարիբյանի ներկայացրած քաղաքացիական հայցերը: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ առաջին ատյանի դատարանը կայացրած որոշման մեջ թույլ է տվել անմեղության կանխավարկածի, գործի արդար քննության սկզբունքի խախտում:

Վերաքննիչ դատարանը ՝ նախագահությամբ Ա. Մնացականյանի, որոշման մեջ չի հրապարակել Փայլակ Հայրապետյանի և նրա փաստաբան Աշոտ Գևորգյանի ներկայացրած փաստարկները: «Հետքի» հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ դատարանում ինքը և իր պաշտպանյալը ելույթ են ունեցել, խնդրել դատարանին ամբողջությամբ մերժել ներկայացրած բողոքը,  իսկ դատարանն իր պատասխանը քննարկման առարկա չի դարձրել:

Գևորգյանը նշեց նաև, որ դատարանը որոշման մեջ հիմնվել է երկու փաստերի վրա` Սուքիասյանի որդու աներոջ ցուցմունքի և Սիերա Լեոնեից ստացված մի քանի փաստաթղթերի վրա:

«Խնամին նախաքննության ընթացքում հարցաքննվել է, առաջին ատյանում չի հարցաքննվել, ինչքան հիշում եմ` տեղում չէր, հետո վերաքննիչ դատարանում կողմնակալ ցուցմունք է տվել: Դատարան է ներկայացվել նաև մի երկու փաստաթուղթ, սրանք նաև առաջին ատյանի դատարանում են ներկայացրել, բայց քանի որ տվյալ փաստաթղթերի հիմքը պարզ չէ, դատարանը որպես ապացույց չի ճանաչել», - ասում է փաստաբան Աշոտ Գևորգյանը:

Ըստ փաստաբանի՝ Սիերա Լեոնե հարցում են արել տարբեր ատյաններից, եւ նրա համար պարզ չէ, թե ինչու է գլխավոր դատախազի հարցումը անպատասխան մնում, իսկ Սուքիասյանի փաստաբանը ստանում է գրության պատասխան: Փաստաբանի պնդմամբ՝ դատարանը պետք է գոնե ստուգեր փաստաթղթի իսկությունը:

«Դատարանը գործում առկա մի շարք ապացույցներ չի հետազոտել, միայն վերցրել է այս կիսատ-պռատ ապացույցները, հիմք ընդունել և արդարացնող որոշում կայացրել», - ասում է Գևորգյանը:

Փայլակ Հայրապետյանը և նրա փաստաբանը պատրաստվում են բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter