
Աշոտ Սուքիասյանը «օֆշորի գործով» բողոքարկում է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը
16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը դատարանում բողոքարկում է Առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի կայացրած դատավճիռը: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ նիստի ընթացքում Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը ներկայացրեց բողոքը: Փաստաբանը նշեց, որ մեղադրանքը հաստատված և պատճառաբանված չէ, իսկ ներկայացված ապացույցների մի մասը չի բխում գործի հանգամանքներից:
«Առաջին ատյանի դատարանն իմ պաշտպանի նկատմամբ սխալ դատավճիռ է կայացրել»,- նշեց պաշտպանը, ապա ներկայացրեց այն հոդվածները, ըստ որոնց՝ մեղադրանք է առաջադրվել Աշոտ Սուքիասյանի նկատմամբ:
Ըստ փաստաբան Խաչատրյանի՝ պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցների մեծ մասը դատարանում չի հետազոտվել, իսկ միջնորդությունները մերժվել են: «Անօրինական կարգով իմ պաշտպանյալի գործողություններին տրվել է քրեաիրավական գնահատական: Աշոտ Սուքիասյանին մեղադրել են խարդախությամբ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով խոշոր չափով եկամուտներ օրինականացնելու և հարկեր–տուրքերից խուսափելու համար»,- հայտնեց փաստաբան Խաչատրյանը:
Փաստաբանը գտնում է, որ դատարանը և քրեակատարողական մարմնի աշխատակիցները հիմնվել են սուբյեկտիվ վերլուծությունների մեթոդաբանության վրա և անտեսել գործում առկա, իր պաշտպանյալի մեղավորությունը հերքող բազմաթիվ ապացույցներ.
«Ուստի ևս միակողմանի որոշում է կայացրել,- հավելեց փաստաբանը և շարունակելով խոսքը` պնդեց,- դատարանում կողմերի պաշտպանության զենքերը հավասար չէին, դատարանը հանդես էր գալիս մեղադրանքի կողմից: Մեկը երեքի հարաբերակցությամբ էր գործը քննվում»:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը, 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը:
Փաստաբանը նշեց նաև, որ Առաջին ատյանի դատարանը գործի քննության և ապացույցների հետազոտման փուլի ընթացքում հաշվի չի առել Սիերա Լեոնեում աշխատած անձանց ցուցմունքները, ըստ որի՝ իրենք աշխատել են Աշոտ Սուքիասյանի մոտ, և նաև հաշվի չի առել գործում առկա լուսանկարները, թե ինչպես են Աֆրիկայում աշխատանքներ իրականացվել:
Այսօրվա նիստի ընթացքում որպես Աշոտ Սուքիասյանի պաշտպան՝ գործում ներգրավվեց նաև փաստաբան Կարեն Հակոբյանը:
Դատավորի ծանրաբեռնվածության պատճառով նիստը և բողոքի հրապարակումը հետաձգվեցին, հաջորդ նիստը նշանակվեց 2018թ.-ի հունվարի 23-ին:
Մեկնաբանել