HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխնախարարից մինչև անտառապահ․ անտառային հողերի վարձակալները

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը ամենաշատ անտառային տարածքները վարձակալության է տվել Հրազդանի տեղամասում։ «Հայանտառ»-ի տրամադրած ցանկի համաձայն՝ 77 տարածք է վարձակալության տրամադրվել տնտեսության տարբեր անտառներից։ Վարձակալած տարածքների աշխարհագրությունն ընդգրկում է հիմնականում Ծաղկաձորի, Աղվերանի, Հանքավանի, Սևան-Երևան մայրուղու եզրային, ինչպես նաև՝ մի քանի այլ անտառներ։

«Հրազդանի անտառտնտեսության» վարձակալներից առանձնացրել ենք հանրությանը քիչ թե շատ հայտնի 1 տասնյակ վարձակալի։ Նրանք են՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավորի ընկերությունը, «Գրանդ հոլդինգի» համասեփականատերը, Քաղսիի գյուղապետը և այլք։

«Հրազդանի անտառտնտեսության» վարձակալներից է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։ Նախարարությունում վարչության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակ՝ 2009 թ.-ին, նա վարձակալել է 0.25 հա անտառային հող՝ տարին 60 հազար դրամ վարձավճարով։ Մինչև 2034 թվականը վարձակալելու և տարիներ շարունակ վարձավճար չվճարելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2019 թ.-ին դիմել է դատարան։ Ըստ «Հայանտառ»-ի՝ փոխնախարարը  պետությանը պարտք է 529 հազար դրամ (վարձավճարն ու տույժ-տուգանքները միասին)։ ՊՈԱԿ-ի՝ վարձակալության պայմանագիրը լուծարելու և գումար բռնագանձելու հայցը դատարանը հետ է վերադարձրել, քանի որ այն թերի է եղել։

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի սկզբնամասում անտառային հող է վարձակալել Էներգետիկայի և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանի բարեկամներին պատկանող «Էկոագրո» ՍՊ ընկերությունը։ Հայկ Հարությունյանը, հիշեցնենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է։ Վարձակալության պայմանագրի կնքման ժամանակ էլ դեռ զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ 

«Հետք»-ը վարձակալության այս պատմությանն անդրադարձել է 2018 թ.-ին։ Մինչև 2078թ․ վարձակալված տարածքը 25 հա է, որի դիմաց տարեկան վճարն ընդամենը 536 հազար դրամ է։ Անտառային հողը վարձակալել են պտղատու այգի հիմնելու նպատակով։ Վարձակալված տարածքում ծառեր են տնկել։

Աղվերան չհասած՝ Արզական գյուղում, 2018թ․-ին 60 տարի ժամկետով 1000 քմ անտառային հող է վարձակալել նաև «Սելևկիա» ՍՊԸ-ն, որի համար տարեկան վճարում է  71,000 դրամ։ Ընկերությանն է պատկանում ժամանակին «Նաիրիտ գործարան»-ի առողջարանը։ Դրանից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ անտառի խորքում էլ գտնվում է վարձակալած տարածքը, որտեղ առաջիկայում առողջարանի հյուրերի համար ճեմուղի են բացելու և տաղավար են տեղադրելու։

«Սելևկիա» ընկերության բաժնետոմսերը 2000 թվականից 11 տարի պատկանել են «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերեր, ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանին և Աշոտ Բաղդասարյանին։ 2011 թ․-ից ընկերության 100 % բաժնետոմսերը վերաձևակերպվել են Աշոտ Բաղդասարյանի կնոջ՝ Թամարա Թադևոսյանի անվամբ։

«Գրանդ հոլդինգի» համասեփականատեր, 2007-12թթ․ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Վարդանյանն անտառային հող է վարձել Աղվերանում։ Անտառի մեջ՝ գետի ափին, վարձակալած  1 հա տարածքի համար նա վճարում է տարեկան 771 հազար դրամ։ Վարձակալության պայմանագիրը կնքվել է 2011 թ․-ին և գործում է մինչև 2036 թ.-ը։ Վարձակալելուց հետո տարածքում կառուցվել են փայտաշեն տնակ, պահակակետ, կամուրջ։ Տնակն այրվել է, իսկ պահակակետը թալանված վիճակում է։

Դուդուկահար Կամո Սեյրանյանի եղբայրը՝ Նաիրի Սեյրանյանը, իրենց ծննդավայր Չարենցավան քաղաքին կից 1120 քմ մակերեսով անտառային հող է վարձակալել։ Վարձակալված տարածքը գտնվում է Սեյրանյանների ընտանիքին պատկանող ռեստորանի հարևանությամբ։ 2018 թ․-ից մինչև 2077 թվականը կնքած պայմանագրի համաձայն՝ Նաիրի Սեյրանյանը տարեկան վճարում է 60 հազար դրամ վարձավճար, տարածքը վարձակալել է պոմպակայանի սպասարկման նպատակով։ Անտառային հողը պատված է սոճիներով։

Հրազդանի անտառտնտեսությունը անտառային հողեր ունի նաև Կոտայքի մարզի Բուժական գյուղի հարևանությամբ։ Բուժականի անտառային հողերից 0.2 հա 2009 թ․-ից մինչև 2034 թվականը վարձակալել է արցախյան ազատամարտի մասնակից, Երևանում ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Բուժականը նրա ծննդավայրն է։ Վարձակալած հողի համար Պավլիկ Մանուկյանը տարեկան վճարում է 60 հազար դրամ։ Այդ տարածք այցելեցինք Պավլիկ Մանուկյանի եղբոր՝ Թորոս Մանուկյանի հետ, որը նույն տարածքի անտառապահն է։ Թեղենյաց կիսավեր եկեղեցու հարևանությամբ գտնվող անտառային տարածքում Մանուկյանները հանգստի համար տաղավարներ են տեղադրել։

Բուժականում անտառային հողերի վարձակալներից էԳրիգոր Հարությունյանը, որը նույնպես անտառապահ է։ Նա 2010թ.-ից 2050 թվականը վարձել է 1995 քմ տարածք, որի դիմաց տարեկան վճարում է 154 հազար դրամ։ Տեղում ստեղծվել է հանգստի գոտի, տաղավարներ են տեղադրվել։

Հրազդանի անտառտնտեսության և, առհասարակ, «Հայանտառի» ամենամեծ վարձակալներից մեկը ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի (Արա Աբրահամյանի եղբայրը) գործընկեր ՄԱԷ-ի շեյխին պատկանող «Էյ ընդ էմ ռեյր» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունն Արտավազում հանքային ջրերի շշալցման գործարան է կառուցում և վարձակալության է վերցրել դրան հարակից 147․51 հա անտառային տարածք։ Շեյխին անտառներ անհատույց և անժամկետ «նվիրելու» որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը 2012 թվականին՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։  

Հրազդանի անտառտնտեսության Արզականի և Աղվերանի անտառների վարձակալները հիմնականում տեղացիներ են, որոնք իրենց գյուղի վարչական տարածքին կից անտառային հողերում հանգստի գոտիներ են կազմակերպել՝ զրուցարաններ տեղադրել։ 

Սևան-Երևան ճամփեզրի անտառային վարձակալների մեծ մասը Սոլակ համայնքից են, որոնք արագ սննդի կետեր են տեղադրել և հիմնականում սեզոնային գործունեություն են ծավալում։

Արթուր Առաքելյանի անվամբ ձևակերպված վարձակալությամբ տարածքում «Arma» սննդի կետի սպասարկման կառույցներ են տեղադրվել, դրանցից որոշները բետոնյա հիմքերի վրա են։ Այս համալիրը Քաղսիի ներկայիս համայնքապետ Ռաֆայել Գրիգորյանինն է, որը իր կենսագրության մեջ նույնպես նշել է, որ «Arma» թոնրատան հիմնադիրն է։ 

Շարունակելի․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter