HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բարսեղ Բեգլարյանի որդիները հրաժարվեցին ցուցմունք տալուց

«Ֆլեշ Մոտորս» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդիները ՝ Հայկ և Նարեկ Բեգլարյանները, հոր վերաբերյալ գործով վկա են և այսօրվա նիստին ներկայացել էին դատարան։ Նրանք հայտարարեցին, որ 2015 թվականին ընկերությունում հայտնաբերված չարաշահումներից հետո ընկերության կոմերցիոն տնօրենի նկատմամբ ճնշումներ չեն եղել։

Խոսքը, հիշեցնենք, ընկերությունում 2015 թվականին հայտնաբերված չարաշահումներից հետո ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանի նկատմամբ ենթադրյալ ճնշումներ և բռնություն գործադրելու դեպքի մասին է, որի առթիվ հարուցված քրեական գործով Բարսեղ Բեգլարյանն ու «Ֆլեշ Մոտորս»-ի «Քանաքեռ» բազայի տնօրեն Հրայր Հովսեփյանը մեղադրվում են ինքնիրավչություն կատարելու մեջ։

Հայկ և Նարեկ Բեգլարյաններն այսօր, ինչպես նշեցինք, ներկայացել էին դատարան։ Ըստ քրեական գործի՝ նրանք ներկա են եղել չարաշահումներից հետո «Ֆլեշ Մոտորս» ընկերությունում հրավիրված ժողովին, որի ընթացքում, տուժող Արման Մկրտումյանի խոսքով, իր նկատմամբ Հրայր Հովսեփյանը բռնություն է գործադրել։

Հայկ և Նարեկ Բեգլարյանները հրաժարվեցին ցուցմունք տալ՝ օգտվելով իրենց իրավունքից։ Երկուսն էլ միայն հայտարարեցին, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունում հրավիրված ժողովի ժամանակ Արման Մկտումյանի նկատմամբ բռնություն չի գործադրվել։

Նախաքննության ընթացքում Բեգլարյան եղբայրները գրեթե նույնաբովանդակ և կարճ ցուցմունքներ են տվել։ Դատարանը որոշեց դրանք հրապարակել։

Նարեկ Բեգլարյանը հայտնել էր, որ մասնակցել է այն քննարկմանը, որը հրավիրվել է ընկերությունում հայտնաբերված չարաշահումներից հետո։ Տուժող Արման Մկրտումյանը պնդում է, որ իր նկատմամբ բռնություն գործադրողը եղել է «Ֆլեշ Մոտորս» ընկերության «Քանաքեռ» բազայի տնօրեն Հրայր Հովսեփյանը, որ վերջինս իր վրա ատրճանակ է պահել, պարտադրել, որ չարաշահումների գումարը վերականգնելու համար գրավադրի իր բնակարանն, ինչն ինքն արել է։ Նարեկ Բեգլարյանը նախաքննական ցուցմունքում հերքել է վերը նշված հանգամանքները՝ պնդելով նաև, որ ինքը Հրայր Հովսեփյանի ձեռքին զենք չի տեսել։

Բեգլարյանի մյուս որդին՝ Հայկ Բեգլարյանը, նախաքննական ցուցմունքում նշել է, որ ինքնիրավչություն կատարելու դեպքի մասին տեղյակ չէ, նման բան չի եղել։ Հայտնել է նաև, որ նկարագրվող դեպքի օրը Հրայր Հովսեփյանը Արման Մկրտումյանի հետ չի շփվել։ Քննիչի հարցին ի պատասխան՝ Հայկ Բեգլարյանը հայտնել է նաև, որ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի հետ կապված որևէ խոսակցություն, հեռախոսակապ չի ունեցել Արման Մկրտումյանի հետ։

Բեգլարյան եղբայրների հարցաքննությունն այսպիսով ավարտվեց։

Նշենք, որ Արման Մկրտումյանի պնդմամբ՝ Հրայր Հովսեփյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել Բարսեղ Բեգլարյանի ցուցումով և նրա ներկայությամբ: Հրայր Հովսեփյանը հարվածել է իր ուսերին, գցել է գետնին։ Մկրտումյանը հայտնել է նաև, որ ճնշումների հետևանքով ինքը բնակարանը գրավադրել է «Արարատ» բանկում, որը պատկանում է Բարսեղյաններին, և դրանցից հետո գումար չի ստացել:

«Այդ գումարը ես չեմ ստացել, քանի որ Բարսեղյանն, այսպես ասած, «Արարատ» բանկի տերն է, հետևաբար այդ գումարն անուղղակի ձևով փոխանցվել է նրան»,- ավելի վաղ մեզ հետ զրուցում պատմել է տուժող Մկրտումյանը:

Վերջինս խոսքով՝ գումարը վերցնելուց հետո Բարսեղ Բեգլարյանն իր վերաբերյալ հաղորդում է տվել Քննչական կոմիտեում, և 6-7 ամիս գործը քննելուց հետո որոշում է կայացվել իր՝ Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով: Նշենք, որ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների գործով հետագայում երկու այլ անձ քրեական պատասխանատվության է ենթարկվել։

Լուսանկարում՝ Հայկ Բեգլարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter