HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շինարարություն. 2019-ի միտումներն ու 2020-ի ակնկալիքները

2019 թվականին Հայաստանում շինարարության ծավալների 4.6 % աճ է գրանցվել։ Որոշ տնտեսագետներ այն մեկնաբանում են որպես կայունացման տարի, ոմանց կարծիքով՝ աճը փոքր է, ոմանք էլ շինարարական «փուչիկի» ռիսկեր են տեսնում։ Իսկ 2020-ին շինարարության ակտիվացում է սպասվում։

Ըստ Վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2019 թվականին Հայաստանում մոտ 435 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ 2018 թվականի համեմատ այն 4.6 %-ով աճել է։ Սա ներառում է ինչպես պետական, այնպես էլ՝ բնակչության և այլ միջոցներով կատարված շինարարությունը։

Վերջին 10 տարիներին շինարարության ոլորտը Հայաստանում անկում էր ապրում։ Միայն 2017 թվականից դրական միտումներ նկատվեցին։ Մասնավորապես, 2009 թվականի շեշտակի անկումից հետո այս ոլորտը դեռևս չի վերականգնվել ու հասել նախկին մակարդակին։ Իսկ մինչ այդ, շինարարության ծավալներն արագընթաց աճում էին։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հեղինակությամբ այդ աճը ստացավ «շինարարական փուչիկ» անվանումը՝ աճ, որը ստեղծվել էր արհեստականորեն, և «պայթեց» համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Այդ տարիների իշխանությունը, սակայն, չընդունեց, որ ոլորտում գրանցվել էր անառողջ աճ։ Իսկ նախորդ տարի՝ 2019 թվականին, շինարարության որոշակի ակտիվացում գրանցվեց։ 

Վիճկոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ 2019 թվականին աճել է և՛ պետական բյուջեի հաշվին կատարվող շինարարությունը, և՛ բնակչության միջոցների, և՛ կազմակերպությունների։ Հանրապետությունում իրականացված մոտ 435 մլրդ դրամի շինարարության կազմում 42 %-ը (մոտ 183 մլրդ դրամ) կազմակեպությունների միջոցներով է կատարվել, 29.5 %-ը (128.5 մլրդ դրամ) պետական միջոցների հաշվին է, 25.2 %-ը (109 մլրդ դրամ) բնակչության միջոցներով է, մնացածը՝ համայնքների ու մարդասիրական օգնության։

Մասնավորապես, կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալները 2018 թվականի համեմատ աճել են 1.4 %-ով, պետական բյուջեի հաշվին՝ 8.9 %-ով, և բնակչության միջոցներով շինարարությունն էլ 6.1 %-ով։

Կազմակերպությունների կողմից շինարարության ծավալների մեջ է ներառվում նոր բազմաբնակարան շենքերի շինարարությունները։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին բնակարանաշինության ոլորտի աճին էապես խթանել է եկամտային հարկի վերադարձով հիպոթեքային ծրագիրը։

Ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է կառուցապատողից գնվող բնակարանի կամ տան հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ Եկամտային հարկ վճարողը, որը բնակարան է գնում անմիջապես կառուցապատողից, պետության կողմից որոշ սահմանափակումներով հնարավորություն է ստանում վճարած եկամտային հարկը հետ ստանալ և այն ուղղել հիպոթեքային վարկի տոկոսավճարներին։ Եվ ինչպես ավելի վաղ գրել ենք, սրանով մի կողմից զարկ է տրվում հիպոթեքային շուկայի զարգացմանն ու բնակարանաշինությանը, մյուս կողմից այն պետության վրա է բեռ դառնում։ Իսկ հաջորդ ռիսկն էլ այն է, որ հիպոթեքային վարկերի ծավալը, ինչպես նաև սպառողական վարկերինը, մի քանի անգամ ավելի արագ են աճում, քան մարդկանց եկամուտները։

Հատկանշական է, որ շինարարության ծավալների վրա բացասական ազդցեցություն է ունեցել կապիտալ ծախսերի թերակատարումը 2019 թվականին, որը նախորդ տարվա մեր տնտեսության ամենամեծ թերացումներից էր և շղթայաբար բացասաբար ազդեց նաև տնտեսության մյուս ճյուղերի վրա։

Ֆինանսների նախարարության ներկայացրած պետական բյուջեի կատարման վերաբերյալ վերջին ամսական տեղեկատվության համաձայն՝ հունվար-նոյեմբերի կտրվածքով պետական բյուջեի կապիտալ ծախսերը թերակատարվել են մոտ 57 %-ով։

Կապիտալ ծախսերը ենթադրում են նաև շինարարական ծախսեր, որոնք փաստորեն ծրագրվածից բավականին քիչ են կատարվել։ Սա երևում է նաև շինարարության վիճակագրության մեջ։ Մասնավորապես, ըստ Վիճկոմիտեի՝ 2019 թվականին Հայաստանում պետական բյուջեի հաշվին կատարված 128.5 մլրդ դրամի շինարարության կազմում մոտ 77 մլրդ դրամը միջազգային վարկերի հաշվին է իրականացվել, որը նախորդ տարվա համեմատ 4.4 %-ով կրճատվել է։ Այդ վարկերը Հայաստանը ստանում է Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից, Ռուսաստանից և այլ երկրներից ու կառույցներից, և դրանք ուղղում է կապիտալ ծախսերին։ Հետևաբար, եթե կապիտալ ծախսերը կատարվեին նախատեսված չափով, ապա դա դրական կանդրադառնար նաև շինարարության ծավալների վրա։

Տնտեսագետները Հայաստանում գրանցված շինարարության աճն ու ընդհանուր իրավիճակը տարբեր տեսանկյուններից են դիտարկում։

Էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի խոսքով ՝ շինարարության աճի նախորդ տարվա տեմպերը չեն համապատասխանում տնտեսության ընթացքին։ Հիշեցնենք, որ տնտեսական աճը 2019-ին կազմել է 7.6 %: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ բնակարանաշինությունից զատ կարևոր է նաև արդյունաբերական շինարարությունը, որը տնտեսական աճի տեսակետից շարունակական հիմք է ստեղծում։

«Բայց մենք այսօր այդ ոլորտում չունենք համապատասխան աճ։ Շինարարությունն ակտիվացել է ճանապարհաշինության և բնակարանաշինության հարցով։

Շինարարության ոլորտում պետք է կարողանանք զարգացման ճիշտ ուղղությունը դնենք»,- օրերս տեղի ունեցած տնտեսական քննարկմանը «Հետք»-ի հարցին ի պատասխան նշել էր Արծվիկ Մինասյանը։

Նա ևս շեշտեց, որ այսօր բնակարանաշինությանը էականորեն նպաստում է եկամտային հարկի վերադարձով հիպոթեքի ծրագիրը, և հիշեցրեց, որ այդ ծրագիրը մեկնարկել է նախկին իշխանությունների օրոք։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշում է, թե երբ և ում օրոք է մեկնարկել այդ ծրագիրը։ «Ինչը արվել է նախորդ իշխանությունների օրոք, ես այդպես էլ ասում եմ»,- նշեց Թունյանը։

Ըստ նրա՝ 2019 թվականը շինարարության ոլորտում վերականգնման տարի էր։

«Հիմա ընթանում է ակտիվ շինարարություն, որը երևում է նաև անզեն աչքով։ Հունվարին գրանցված աճի բարձր տեմպը (7.7%,-հեղ.) , համոզված եմ, պահպանվելու է։ Մեր նորակառույցներում արդեն բավական դժվար է ազատ բնակարաններ գտնել։ Այսինքն՝ կա շինարարության պահանջարկ։ Խնդիրը պետք է լինի ոչ միայն ինքնանպատակ շինարարությունն, այլև որ պահանջարկն ու առաջարկն իրար համապատասխանեն։ Մենք ունենք բնակֆոնդի մաշվածության խնդիր, սեյսմակայունության խնդիր։ Հիպոթեքային վարկավորման աճն առողջ երևույթ է»,- նշում է Բաբկեն Թունյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ հիպոթեքային վարկերի ծավալը, ինչպես նաև սպառողական վարկերինը, մի քանի անգամ ավելի արագ են աճում, քան մարդկանց եկամուտները, պատգամավորը նշում է, որ սպառողական վարկերի մասով անելիքներ կան և արվում են, իսկ հիպոթեքային շուկայի աճը նա առողջ աճ է համարում։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ տնտեսության զարգացման համար շինարարության աճի տեմպը պետք է գերազանցի տնտեսական աճին։

«Մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած. այն տարիներին էլ, երբ ասում էին շինարարական փուչիկ է ստեղծվել, մենք չենք ունեցել նորմալ շինարարություն։ Հայաստանում մոտ 800-900 հազար ընտանիք կա։ Տարեկան 15 հազար նոր ընտանիք է ձևավորվում, մոտ 5 հազարն էլ ամուսնալուծվում են։ Նոր բնակարանների պահանջարկը դրանով պետք է ձևավորվի։ Մենք առայժմ միայն բնակֆոնդի շինարարության մասին ենք խոսում»,- նշում է Բագրատ Ասատրյանը։

Չնայած այս տարվա հունվարին շինարարության ծավալների 7.7 % աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ Բագրատ Ասատրյանը ուշադրություն է հրավիրում ոչ թե աճի ցուցանիշի, այլ շինարարության ծավալների բացարձակ արժեքի վրա.

«Հունվարին ընդամենը 12 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ Դա ցածր, ծիծաղելի թիվ է»։

Տնտեսագետների մի խումբ էլ վտանգավոր է համարում բնակարանաշինության ներկա տեմպերը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է հանգեցնել «շինարարական փուչիկի»։ Արծվիկ Մինասյանը դեմ է առհասարակ «շինարարական փուչիկ» տերմինին։ Նա կարծում է, որ շինարարությունը ինքնանպատակ չի զարգանում՝ շղթայաբար դրական ազդեցություն է թողնում տնտեսության մյուս ոլորտների վրա։

«Ես դեմ եմ շինարարական փուչիկ ձևակերպմանը, որովհետև շինարարությունը համակարգաստեղծ ոլորտն է։ Նրանք, որոնք ասում են, որ շինարարությունը արտահանման ուղղվածություն չունի, դա չի նշանակում, որ այն աշխատատեղեր չի ստեղծում, ավելացված արժեք չի ստեղծում։ Մեր տնտեսությունը նախորդ տարիներին սկսեց անկում ապրել, որովհետև շինարարությանը փոխարինող ուղղություն չկար։ Նրա հետ մրցակցող ոլորտ չկար»,- նշեց տնտեսագետը։

Նա սպասում է, որ շինարարությունն այս տարի ակտիվանալու է. «Բազմաթիվ թույլտվություններ արդեն հրապարակված են։ Խնդրին այլ է՝ որքանո՞վ է այդ շինարարությունը համապատասխանում տնտեսության ընթացքին»։

Մասնագետներն այս տարի շինարարության ծավալների աճ են ակնկալում նաև կապիտալ ծախսերի աճի մասին իշխանությունների խոստումների ֆոնին։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter