HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը ժամանել է Մոսկվա՝ բանակցելու Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա, որտեղ հինգշաբթի օրը կայանալու է նրա հանդիպումը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու երկրների առաջնորդները փորձելու են պայմանավորվել սիրիական Իդլիբի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ռուսական MK.ru-ն։ Թուրքական պատվիրակության կազմում են երկրի արտաքին գործերի, պաշտպանության, գանձապետարանների և ֆինանսների հարցերով նախարարները, ինչպես նաև ազգային հետախուզական ծառայության պետը։ 

Թուրքական «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահի ինքնաթիռը «Վնուկովո 2» օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 13։20-ին։ Նրան դիմավորել են փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ԱԳՆ արարողակարգի վարչության տնօրեն Իգոր Բոգդաշևը, Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը։

Մինչ այդ, փորձագետների մակարդակով, Մոսկվայում և Անկարայում տեղի են ունեցել ռուս-թուրքական բանակցությունների երեք փուլեր, որոնց արդյունքում կողմերը չէին կարողացել ձեռքբերել պայմանավորվածություններ, հետևաբար հարցը դրվել է նախագահների քննարկման մակարդակ։

Երկուշաբթի օրը Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ Մոսկվան հավատարիմ կմնա Սիրիայի հարցով Սոչիի պայմանավորվածություններին, հանդես կգա երկրի տարածքային ամբողջականության օգտին և կաջակցի Դամասկոսին՝ ահաբեկիչների դեմ պայքարում։ Շաբաթ օրն էլ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինին կոչ է արել Թուրքիային մենակ թողնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարում։

«Երեկ ես Պուտինին ասեցի։ Ի՞նչ եք դուք այնտեղ (Սիրիայում) անում։ Հեռացեք մեր ճանապարհից և մեզ մենակ թողեք ռեժիմի (Ասադի) դեմ․․․ Հավատացեք մեզ, մենք կանենք ամեն անհրաժեշտը»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ թուրքական զորքերն Սիրիայի տարածքն են մտել ոչ թե Ասադի հրավերով, այլ սիրիացի ժողովրդի խնդրանքով։ Ի պատասխան Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում գործում է սիրիական լեգիտիմ ղեկավարության խնդրանքով և միակ օտարերկրյա ուժն է, որի զինուժն օրինական հիմքերով է գտնվում Սիրիայում։

Իդլիբում իրավիճակը լարվեց այն ժամանակ, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման ահաբեկիչները լայնածավալ հարձակում էին սկսել սիրիական կառավարական ուժերի հենակետերի ուղղությամբ։ Սիրիական բանակը բացել էր պատասխան կրակ։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ավիահարվածների տակ էին հայտնվել նաև թուրք զինվորականները, որոնք չպետք է լինեին այդ տեղանքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին առնվազն 33 թուրք զինծառայող էր զոհվել Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած ավիահարվածներից։ Ավիահարվածները հասցվել էր սիրիական բանակի կողմից։ Ի պատասխան Իդլիբում տեղի ունեցած ավիահարվածների, թուրքական թե՛ օդուժը, և թե՛ ցամաքային ուժերը կրակ են բացել Սիրիայի բոլոր հայտնի նշանակետերի ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թուրքիային՝ Իդլիբիում իրավիճակը չսրելու համաձայնագրի խախտման մեջ։ Մարտի 4-ին էլ թուրքական F-16 կործանիչը Իդլիբում խոցել էր սիրիական L-39 ռազմական ինքնաթիռ։

Լուսանկարը՝ «TASS» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter