HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավիաընկերություններն էականորեն տուժում են կորոնավիրուսի պատճառով

Մինչև մարտ ամսվա վերջ գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը չեղարկել է ներգերմանական չվերթներն, ինչպես նաև Մայնի Ֆրանկֆուրտից և Մյունխենից թռիչքները դեպի Հյուսիսային Իտալիա։ Տոմսերի նկատմամբ պահանջարկն ընկել է տարածվող կորոնավիրուսի համաճարակի ֆոնին։ «Deutsche Welle» պարբերականը գրում է, որ միայն մարտին «Lufthansa-ն չեղարկել է շուրջ 7100 թռիչք, որոնցից 3750-ն իրականացվելու էր Մայնի Ֆրանկֆուրտից, իսկ 3350-ը՝ Մյունխենից։ Չեղարկվող թռիչքների թվում են Միլանի, Վենետիկի, Հռոմի, Թուրինի, Վերոնայի, Բոլոնիայի, Անկոնայի և Պիզայի ուղղությունները։

Ամբողջական ուղղությունների չեղարկումը և այլ ուղղություններով թռիչքների հաճախականությունների կրճատումը ստիպում է ընկերությանը հրաժարվել շուրջ 150 ինքնաթիռներից։ Ընդհանուր առմամբ, «Lufthansa» ընկերության ավիապարկում առկա է շուրջ 770 ինքնաթիռ։ Այս թիվը ներառում է նաև դուստր ընկերությունների՝ «Swiss Airlines»-ի, «Austrian Airlines»-ի, «Brussels Airlines»-ի և «Eurowings»-ի ինքնաթիռները։

Չեղարկված թռիչքների մեծ մասը ներգերմանական թռիչքներ են։ Չեղարկվել են նաև դեպի Հյուսիսային Իտալիա իրականացվող թռիչքները, որը վերջին օրերին դարձել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հիմնական օջախը։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկված թռիչքները կազմում են բոլոր ուղղությունների շուրջ 25 %-ը։ Մարտի 8-28-ը ներառյալ ավիաընկերությունը չեղարկել է նաև դեպի Թել Ավիվ և Էյլաթ չվերթները, քանի որ իսրայելական իշխանություններն արգելել են երկիր մուտք գործել Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից և մի շարք այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների։

Համաճարակի դեռ սկզբնական շրջանում «Lufthansa»-ն չեղարկել էր նաև դեպի Չինաստան բոլոր թռիչքները։ Ավելի ուշ տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ չվերթները վստահաբար չեն մեկնարկի մինչև ապրիլի 24-ը։ Կրճատվել է նաև դեպի Հոնկոնգ և Հարավային Կորեա ավիահաղորդակցությունը, իսկ դեպի Իրան թռիչքները չեն վերականգնվի մինչև ապրիլի 30-ը։

Անընդհատ տարածվող կորոնավիրուսի ֆոնին ողջ աշխարհի ավիաընկերությունները բախվում են խոշոր խնդիրների հետ, որոնք արդեն իսկ ավիաընկերություններին ստիպել են կրճատել ուղևորափոխադրումները։ 2008-2009 թվականների տնտեսական ճգնաժամից նոր-նոր ոտքի կանգնող այս ճյուղը կարող է կրել էական ֆինանսական կորուստներ։ «BBC»-ն հայտնում է, որ կորոնավիրուսի պատճառով առաջինը սնանկացել է բրիտանական «Flybe» ավիաընկերությունը։ Վերջինս իր չվերթներն իրականացնում էր «Embraer» ինքնաթիռներով և սպասարկում շրջանային փոքր օդանավակայանները։ Սնանկացման արդյունքում գործազուրկ կդառնա ավիաընկերության շուրջ 2400 աշխատակից։

Դեռ երկու շաբաթ առաջ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA), կորոնավիրուսի պատճառով, ավիաընկերությունների շրջանառության կրճատումը գնահատել էր 30 միլիարդ դոլար։ Մարտի 5-ի դրությամբ այդ թիվը կրկնապատկվել էր և հասել 63 միլիարդ դոլարի։ Եվ եթե վիրուսի տարածումը չկանխարգելվի, ապա կորուստները շուրջ չորս անգամ կգերազանցեն նախնական հաշվարկները, և թիվը կհասնի շուրջ 113 միլիարդ դոլարի։

IATA-ի ղեկավար Ալեքսանդր դե Ժունյակը հայտարարել է, որ իրավիճակն արտակարգ է, և իրադարձությունները զարգանում են այնպիսի սցենարով, որը, որպես այդպիսին, չի ունեցել նախադեպ։

Ազգային մի շարք ավիափոխադրողներ, ինչպես օրինակ «British Airways»-ը, «KLM»-ը, «Lufthansa»-ն, «United Airlines»-ը, սկսել են կրճատել ներդրումները և նոր աշխատակիցների ներգրավումը։ «Aeroflot»-ը որոշ ուղղություններով կրճատել է թռիչքների քանակը, չեղարկել Հոնկոնգի ուղղությունը։ Նույն ռազմավարությամբ շարժվում են նաև լոուքոսթերները։ «Ryanair»-ը, «EasyJet»-ը և «Wizz Air»-ը նույնպես հայտարարել են թռիչքների կրճատման մասին, որոնք հիմնականում ասիական և իտալական ուղղություններով են։

Այդուհանդերձ, ի տարբերություն նախորդ ճգնաժամերի, կորոնավիրուսի տարածման արդյունքում դեռ չեն նվազում ավիատոմսերի գները։ Կորոնավիրուսի տարածումն ազդում է նաև համաշխարհային տնտեսության վրա։ Էականորեն ընկել են նավթի գները, ինչը ենթադրում է, որ էժանացել է նաև ավիակերոսինը։ Գաղտնիք չէ, որ ավիաընկերությունները հաջորդ տարվա ավիակերոսինի համար վճարում են նախորդ տարի, այդ իսկ պատճառով ավիաընկերությունները շտապում են օր առաջ վճարել հաջորդ տարվա ավիակերոսինի համար։

Լուսանկար՝ CNN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter