HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչ են քննարկել և որոշել Պուտինն ու Էրդողանը․ մոսկովյան հանդիպման ամփոփումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Մոսկվայում մեկնարկել էր Պուտին-Էրդողան հանդիպումը, որտեղ երկու երկրների ղեկավարները պետք է քննարկեին վերջին օրերին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող իրադարձություններն ու այդ ֆոնին ռուս-թուրքական հարաբերությունների սրումը։

Հանդիպումը տևել է շուրջ 6 ժամ, որից 3 ժամն առաջնորդները խոսել են դեմառդեմ։ Արդյունքում կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ։ Այսպես, մարտի 6-ին՝ ժամը 00։00-ից, Սիրիայի Իդլիբ նահանգում հակամարտող կողմերի միջև դադարեցվել է կրակը։ Այդ մասին Պուտինի հետ հանդիպումից հետո Մոսկվայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը։ Կողմերը հայտարարել են անվտանգության միջանցքի բացման, ինչպես նաև ամրացված դիտորդական դիրքերի մասին, որոնք պետք է գործեն երկու զորքերի տեղակայման հատվածներում։

«Ես հույս ունեմ, որ այս պայմանավորվածությունները հիմք կդառնան Իդլիբի ապաէսկալյացիոն գոտում ռազմական գործողությունների դադարեցման համար»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «Reuters» գործակալությունը։

Հանդիպման հենց սկզբում Պուտինը բարձրաձայնել է երկու կողմերին հետաքրքրող գլխավոր խնդրի մասին․ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող մարտերի, որտեղ, առաջին հայացքից, միմյանց դեմ պայքարում են Բաշար Ասադին հավատարիմ սիրիական կառավարական ուժերը և ապստամբները, որոնք որոշ լրատվամիջոցներում, այդ թվում նաև ռուսական, կոչվում են ահաբեկիչներ։ Այդուհանդերձ, բազմաթիվ տեսաբաններ պնդում են, որ իրականում միմյանց դեմ պայքարում են ռուսական և թուրքական զինված ուժերը։ Ասադի բանակին, որին ակտիվորեն աջակցում է պաշտոնական Կրեմլը, մեղադրում են Իդլիբում հազարավոր խաղաղ բնակիչների սպանության մեջ։ Դեկտեմբերի 1-ից ռմբակոծություններն ակտիվացել են, և ՄԱԿ-ի տարբեր գնահատականներով, Սիրիայի այդ հատվածը լքել է շուրջ 950 000 մարդ։ Հարվածի տակ են հայտնվել նաև թուրքական ուժերը։ Մի քանի տասնյակ թուրք զինծառայողներ զոհվել են սիրիական կառավարական ուժերի հարվածներից հետևանքով։

Մերձավորարևելյան մի շարք տեսաբաններ պնդում են, որ Էրդողանը Մոսկվա էր մեկնել Իդլիբում զինադադար հայտարարելու հույսով, և նա հասավ իր ուզածին։ Ամերիկյան «Washington Examiner» պարբերականը գրել է, որ Մոսկվայում Էրդողանը «ծնկի է եկել» Պուտինի առջև։ Շուրջ 6 ժամ տևած բանակցությունների ժամանակ եղել են պահեր, երբ կողմերը կարծել են, որ վերջնական համաձայնության չեն հասնի։ Մինչ այդ մամուլին տեղեկացրել էին, որ համատեղ մամլո ասուլիս տեղի չի ունենա։ Սակայն Պուտինը և Էրդողանը կարողացել են հասնել կոնկրետ որոշումների և անձամբ այդ մասին հայտարարել լրագրողներին։

Էրդողանը հայտնել է, որ Պուտինին հրավիրել է Անկարա և հավելել, որ Թուրքիան նախկինում էլ է Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով ընդհանուր հայտարարի եկել, երբ, օրինակ, որոշվեց հավելյալ ուժեր ուղարկել Իդլիբի նահանգ։ Հանդիպման ժամանակ Պուտինն անդրադարձել է նաև «Հմեյմիմ» ռուսական ռազմաբազային՝ նշելով, որ ռազմաբազան մշտապես ենթարկվում է «արմատականների» հարձակմանը։ Էրդողանն էլ պնդել է, որ թուրքական զինուժն իրավունք ունի պատասխանել սիրիական կառավարական բանակի հարվածներին։ Հետաքրքրականն այն է, որ հանդիպման ժամանակ Պուտինը չի կիրառել «ահաբեկիչներ» բառը, այլ օգտագործել է «արմատականներ» տերմինը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Լաթաքիա-Հալեպ ճանապարհի երկայնքով կստեղծվի 12 կիլոմետր լայնություն ունեցող անվտանգության միջանցք։ Այդուհանդերձ, տեսաբանները վստահ չեն պայմանավորվածությունների պահպանման առումով, քանի որ նախորդ պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել էր Մոսկվա, որտեղ կայանալու էր նրա հանդիպումը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական պատվիրակության կազմում եղել են երկրի արտաքին գործերի, պաշտպանության, գանձապետարանների և ֆինանսների հարցերով նախարարները, ինչպես նաև ազգային հետախուզական ծառայության պետը։ Մինչ այդ, փորձագետների մակարդակով, Մոսկվայում և Անկարայում տեղի են ունեցել ռուս-թուրքական բանակցությունների երեք փուլեր, որոնց արդյունքում կողմերը չէին կարողացել ձեռքբերել պայմանավորվածություններ, հետևաբար հարցը դրվել էր նախագահների քննարկման մակարդակում։

Լուսանկար՝ «Associated Press» գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter