
Քաղաքացիական ուղղաթիռների թիվն ավելացել է եւս մեկ «սկյուռով»
«Արմենիան Հելիքոփթերսը», որը քաղաքացիական ուղղաթիռներ շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում, համալրել է իր ավիապարկը՝ գրանցելով չորրորդ ուղղաթիռը մեր երկրում:
Հիշեցնենք, որ 2018-ին ստեղծված ավիաօպերատորն իրականացնում է ոչ կանոնավոր փոխադրումներ Հայաստանի տարածքում եւ դեպի Վրաստան, Ռուսաստան ու Թուրքիա: Օդանավ շահագործողի վկայական ընկերությունը ստացել է 2018-ի հունիսին: Նույն ամսում գրանցել է առաջին բորտը՝ ամերիկյան «Robinson R66» ուղղաթիռը (EK-H001, 1 օդաչու + 4 ուղեւոր), որն արտադրվել է 2014 թ. եւ մինչեւ ՀՀ բերվելը շահագործվել էր Ռուսաստանում:
2018-ի սեպտեմբերին գրանցվել է ավիաընկերության երկրորդ բորտը՝ «Airbus Helicopters»-ի կողմից թողարկվող «H130 T2» ուղղաթիռը (EK-H002, 1 օդաչու + 6 ուղեւոր), որի ներկրման համար 2018-ի գարնանը կառավարությունը մաքսային արտոնություն էր տվել դրա ներմուծող «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպությանը: Բորտը մինչ այդ գրանցված էր Հունգարիայում:
2019-ի մարտին էլ հայկական գրանցում է ստացել (EK-H004) երրորդ ուղղաթիռը՝ «Airbus Helicopters»-ի «H125» մոդելը (EK-H004, 1 օդաչու + 5 ուղեւոր), որը ձեռք է բերվել հենց «Airbus»-ից (Ֆրանսիա) եւ մեր երկրում առավել հայտնի դարձավ սանավիացիայի ծառայությունների մատուցմամբ:
ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված չէ, բայց տեսականորեն պիտի լիներ նաեւ EK-H003 ուղղաթիռը («SA 341G Gazelle» տիպի), որի ներկրման համար եւս կառավարությունը 2018-ի տարեվերջին մաքսային արտոնություն տվեց ուղղաթիռային օպերատորին, ավելին՝ այդ օդանավը ներկայացված է ավիաընկերության կայքում:
Հերթական ուղղաթիռը, որն ինչպես ասվեց, օպերատորի՝ ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված չորրորդ բորտն է, նույնպես «H125» մոդելի է, որը հայտնի է նաեւ իբրեւ «AS350 Écureuil» (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է սկյուռ): Ուղղաթիռը Հայաստանում գրանցվել է որպես EK-H005: Այս մասին տեղեկանում ենք քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցուցակից:
Հետաքրքիրն այն է, որ, ըստ ՀՀ օդանավերի ռեգիստրի, այսօր ամենաշատ բորտերն ունի հենց «Արմենիան Հելիքոփթերսը», իսկ ինքնաթիռ շահագործողներն առավելագույնը 3 օդանավ ունեն:
Լուսանկարները՝ ընկերության ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել