HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայտնի է Չինաստանում տեղի ունեցած կարանտինային հյուրանոցի փլուզման զոհերի նախնական թիվը

Չինաստանի Ցյուանչժոու քաղաքում մարտի 7-ին փլուզվել է հինգհարկանի «Xinjia Express Hotel» հյուրանոցը, որի արդյունքում փլատարկների տակ է մնացել շուրջ 71 մարդ։ Մարտի 8-ի կեսօրի դրությամբ հայտնի է, որ փլուզման արդյունքում զոհերի նախնական թիվը հասել է 10-ի։ Այդ մասին հայտնում է «China Xinhua News» անգլալեզու պետական պարբերականը՝ հղում կատարելով Չինաստանի արտակարգ իրավիճակներով հարցերով նախարարությանը։

Փրկարարները փլատակների տակից կարողացել են հանել 49 մարդու, կան անհետ կորածներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են մինչ այս պահը։ Փլուզման պահին հյուրանոցում եղել է 71 մարդ, որոնցից 58-ը եղել են կարանտինի մեջ։ Փլուզումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 7-ին, տեղի ժամանակով 19։30-ին (Երևանի ժամանակով 15։30-ին)։ Հյուրանոցը կառուցվել էր 2018 թվականին և ուներ 80 համար։ Մարտի 7-ից փրկարարական աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 փրկարարներ։ Աշխատանքներին ներգրավված  են 36 միավոր հատուկ տեխնիկա, շտապ օգնության 15 մեքենաներ, 67 հրշեջ մեքենաներ։

Ինչպես հայտնում է «Սինհուա» պետական գործակալությունը, չինական նոր տարվա սկզբից, հյուրանոցի առաջին հարկում տեղի էին ունենում շինարարական աշխատանքներ։ Ոստիկանությունն արդեն հարցաքննության է կանչել հյուրանոցի սեփականատիրոջը։ «Beijing News» պարբերականը մեջբերում է մի կնոջ խոսքեր, որի բարեկամները գտնվում էին հյուրանոցում․ 

«Ես չեմ կարողանում կապ հաստատել նրանց հետ, նրանք չեն պատասխանում իմ զանգերին։ Ես նույնպես կարանտինի մեջ եմ (մեկ այլ հյուրանոցում) և շատ եմ անհանգստանում։ Ես չգիտեմ՝ ինչ անել։ Նրանք առողջ էին, ամեն օր չափում էին նրանց ջերմությունը, և թեստերը ցույց էին տալիս, որ ամեն բան կարգին է»։

Ուրբաթ օրվա տվյալներով՝ Ֆուցզյան նահանգում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 296 դեպք, իսկ շուրջ 11 000 մարդ անմիջական հսկողության տակ է, քանի որ շփվել են վարակակիրների հետ։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 107 309-ի, մահացածների թիվը՝ 3652-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 60910-ի։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter