
Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
«Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ հրապարակեց վերը նշված որոշումը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Մայրապետյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը՝ ակնհայտ ապօրինի որակելով այս որոշումը:
Նշենք, որ կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող Մայրապետյանի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է օրեր առաջ: Ըստ ՀՔԾ-ի՝ Մայրապետյանը խախտել է այս խափանման միջոցի պայմանն ու խուսափել վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:
Նման պայմաններում Մայրապետյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը, փաստորեն, բավարարվել է:
Մայրապետյանին բուժման նպատակով երկրից թույլատրվել էր դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին։ Նրա համար անձնական երաշխավորություն էին տվել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ յուրաքանչյուրը վճարելով 15 մլն դրամ։
Մեկնաբանել