HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իտալիայի ողջ տարածքում հայտարարվել է կարանտին

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի ողջ տարածքը անցնում է կարանտինի ռեժիմի։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Վարչապետը հայտարարել է, որ ընդլայնվել է, այսպես կոչված, «կարմիր գոտին», որտեղ նախկինում գտնվում էին Հյուսիսային Իտալիայի շրջանները՝ ներառյալ Լոմբարդիայի մարզը։

Այդ շրջանների բնակիչները չէին կարող լքել իրենց բնակավայրերը, արգելված էր ոչ միայն մուտքը, այլև՝ ելքը։ Բոլոր նրանց մոտ, ում ջերմությունը գերազանցում էր 37 աստիճանը, անգամ եթե մարդը հիվանդ էր թեթև մրսածությամբ, արգելվում էր դուրս գալ փողոց և շփվել որևէ մեկի հետ։ Բացի այդ, «կարմիր գոտում» գտնվող անձանց խորհուրդ էր տրվում ժամանակավորապես չլքել տները։ Պահանջների պահպանմանը հետևում էին ոստիկանները։ Մարդիկ պետք է բացատրեին ոստիկաններին, թե ինչու են դուրս եկել փողոց։ Այդ շրջաններում փակ են դպրոցները և չեղարկվել են զանգվածային իրադարձությունները։ Բայց քանի որ վարակման դեպքերը շարունակում են աճել, իտալական իշխանությունները որոշել են կարանտին հայտարարել ողջ երկրում։

«Միջոցները ձեռք են առնվել քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Խոսքը հատկապես վերաբերում է խոցելի մարդկանց»,- վարչապետի խոսքը մեջբերում է «CNN»-ը։

Արգելքը տարածվում է նաև երկրի ներսում մի շրջանից մեկ այլ շրջան տեղաշարժվելուն։ Ինչպես մեկնաբանում է Կոնտեն, այդպիսի տեղաշարժերի համար անհրաժեշտ կլինի ներկայացնել ծանրակշիռ պատճառներ։ Արգելքն ուժի մեջ է մտել մարտի 10-ին։ Կոնտեն բոլորին կոչ է արել մնալ տներում։

«Մենք բոլորս պետք ինչ-որ բանից հրաժարվենք ի շահ Իտալիայի։ Մենք պետք է դա անենք հիմա և մենք կկարողանանք դա անել, եթե համագործակցենք և ընդունենք այս խստացված պահանջները։ Ահա, թե որն է պատճառն իմ կողմից ավելի խիստ սահմանափակումներ կիրառելու։ Իմ նպատակը մեկն է՝ պահպանել բոլոր քաղաքացիների առողջությունը»,- հավելել է Կոնտեն։

Երկրում չեղարկվել են բոլոր միջոցառումները, այդ թվում նաև իտալական «A Սերիայի» հանդիպումները։ Ուղևորների ջերմությունը կչափեն երկրի բոլոր կայարաններում և օդանավակայաններում։ Որոշ նավահանգիստներում կարգելվի զբոսանավերի մուտքը։

Վերջին մեկ օրվա ընթացքում Իտալիայում COVID-19 վիրուսից մահացել է 97 մարդ, ընդհանուր առմամբ, զոհերի թիվը հասնելով 463-ի։ Այդ մասին հայտնում է իտալական «IL Messaggero» պարբերականը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9172-ի, որը 1797-ով ավելին է, քան նախօրեին։ Ընդհանուր առմամբ, Իտալիայում ապաքինվել է 724 մարդ։ COVID-19 կորոնավիրուսի պատճառով իտալական 20 բանտերում սկսվել են խռովություններ, որոնց ընթացքում մահացել է 6 մարդ։ Արդյունքում, 50 բանտարկյալ փախել է, կեսից ավելիին հաջողվել է բռնել։

Ավելի վաղ՝ մարտի 8-ին էլ վարչապետ Ջուզեպե Կոնտեն ստորագրել էր երկրի հյուսիսային շրջաններում կարանտին հայտարարելու հրամանագիրը, որով 16 միլիոն մարդ Հյուսիսային Իտալիայում հայտնվելու էր կարանտինի մեջ։ Հրամանագրով կարանտինի գոտում հայտնվելու էին Լոմբարդիայի մարզը և 14 պրովինցիաներ, որոնք գտնվում են այլ մարզերի տարածքներում։ Ըստ նախնական որոշման՝ կարանտինը ձգվելու էր մինչև ապրիլի 3-ը։

Լուսանկարը՝ «Globalnews»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter