HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողական հանրակացարաններ. ինչ են առաջարկում բուհերը

Անին ցանկանում է մնալ ուսանողական հանրակացարանում, ասում է՝ հայրը դեմ է։ Նա ամեն օր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից համալսարան հասնելու համար հատկացնում է 1 ժամ։

«Մենակ աղջիկն ի՞նչ գործ ունի այնտեղ։ Նման մտահոգություններ ունեն նաև այլ ուսանողների ծնողներ։ Եթե տաքսիով կամ գազելով եմ գալիս, 45 րոպեում հասնում եմ Ռայկոմ, ստիպված եմ մի հատ էլ ավտոբուսով կամ գազելով հասնել կենտրոն»,- պատմում է Անին։

Գոհարին չեն արգելում, բայց նա նախընտրում է բնակարան վարձել, քանի որ ավելի ապահով է։

Ուսանողները նշում են մի քանի պատճառ, թե ինչո՞ւ չեն ուզում բնակվել հանրակացարանում։ Նրանք չեն ուզում օգտվել ընդհանուր սանհանգույցից, խոհանոցից։ Մյուս կողմից այնտեղ ապրելն ավելը թանկ է։ Ասում են, որ տուն են վարձում 2-3 հոգով եւ ավելի քիչ են վճարում:

Մեր զրույցներից պարզվեց՝ ուսանողներից շատերն ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ պայմաններ են առաջարկում հանրակացարանները։

Օրինակ՝ Երևանի պետական համալսարանը մեկ ամսվա համար մեկտեղանոց հանրակացարանային սենյակն իր ուսանողին տրամադրում է 55 հազար դրամով, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 3000 դրամով:

Հանրակացարաններում բնակվող ուսանողների մեծամասնությունը օտարազգիներ են։ Նրանցից ոմանք հայերեն են խոսում, մյուսներն էլ հաղորդակցվում են անգլերենով։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կծու, շա՜տ կծու․․․համեմունքների հոտն աստիճաններով բարձրանալիս արդեն զգում ենք։ Երևանի պետական բժշկական համալսարանի հանրակացարանում ենք։

Այստեղ բնակվող ուսանողների մեծ մասը հնդիկներ են, հանրակացարանն ամբողջությամբ լցված է հնդկական խոհանոցի բույրերով։ Երկու մասնաշենքերը միասին նախատեսված են 640 ուսանողի համար, հանրակացարանում բնակվում է 639 ուսանող։

Մեզ ուղեկցում է Ռահուլը։ Նա, թեև վաղուց էլ ուսանող չէ, սակայն շարունակում է կապը պահել այստեղի հնդիկ ուսանողների հետ, հիմա աշխատում է բժշկական համալսարանում՝ որպես միջազգային ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ։

Ռահուլը մեզ պատմում է ուսանողների կյանքից։ Ասում է, որ հնդիկ ուսանողներն ազատ ժամանակ դաշտում ֆուտբոլ, կրիկետ ու բադմինտոն են խաղում, երբեմն էլ միասին հավաքվում և նշում են իրենց ազգային տոները։

«Մեկ-մեկ լինում ա, որ ոստիկանությունը գալիս ա, մեր մենեջերին ասում ա ձեր հնդիկներին ասեք, որ էս ժամից հետո սալյուտ չվառեն, որ կողքի բնակչությանը չխանգարեն»,- ծիծաղելով պատմում է Ռահուլը։

Մտնում ենք խոհանոց, Շիվա Շաքդին ցույց է տալիս, թե ինչպես են պատրաստում հնդկական ավանդական ոլոռով ճաշը, որն ուտում են բրնձով։

Ասում է՝ շատ են ուտում բրինձ, հավի միս և բանջարեղեն։

Հանրակացարանի խոհարար Հայկուշ Բուդաղյանի խոսքով՝ շատ կերակուրներ պատրաստում են հնդիկ ուսանողների ուզածով՝ սոխով, սխտորով և համեմունքներով։

Հանրակացարանում նախաճաշն անվճար է։

«Ուսանողները, որ սոված գալիս են համալսարանից, հարցնում են՝ ինչ կա ուտելու, մենք շատ ենք ուրախանում, որ օգտվում են մեր ճաշարանից»,- ասում է խոհարարը։ 

Հայաստանում գործող 16 պետական բուհերից միայն 4-ն են ուսանողներին ապահովում հանրակացարաններով։

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» գործող օրենքով ուսանողն իրավունք ունի հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով ստանալու հանրակացարանում համապատասխան տեղ։

ԵՊԲՀ-ի ուսանողական հանրակացարանը գտնվում է Զեյթունում, այն շահագործման է հանձնվել 1963 թվականին։ Հանրակացարանն ի սկզբանե նախատեսված է եղել բոլոր բուհերի ուսանողների համար։ Այժմ հանրակացարանում բնակվում են ԵՊԲՀ-ի հայ և արտասահմանցի ուսանողները։

2003-ին հանրակացարանի 5-րդ, իսկ 2008-ին 6-րդ մասնաշենքերը ԵՊԲՀ ուսանողներին տրամադրվել են անհատույց և անժամկետ օգտագործման։

2014 թվականին բժշկական համալսարանը Նոր Նորքի 2-րդ զանգվածում ուսանողներիի համար վարձակալել է տարածք, ներկայում այնտեղ բնակվում է 43 հոգի։

Համալսարանը 2014-2019 թվականներին վարձակալել էր նաև Կոմիտաս 49/4 հասցեի հանրակացարանը, որը նախատեսված էր 80 ուսանողի համար։

Երևանի պետական համալսարան

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսանողական հանրակացարանը շահագործման է հանձնվել 2019 թվականի սեպտեմբերին։ Այստեղ կա 142 սենյակ՝ նախատեսված 301 ուսանողի համար։ 2019 թվականից հանրակացարանի շահագործման ընթացքում բնակվել է 45 ուսանող, որից 30-ը ԵՊՀ ուսանողներ են եղել, 15-ը՝ այլ բուհերի։

Զրուցեցինք ազգությամբ քուրդ Վադ Մաջիդի հետ։ Սենյակ մտնելուց առաջ նա մեզ խնդրեց հանել կոշիկները։ Ի դեպ, ԵՊՀ-ի հանրակացարանում մի քանի անգամ հանդիպեցինք սենյակների մոտ փակցրած նման գրությունների՝ «խնդրում եմ սենյակ մտնելուց առաջ հանել կոշիկները»։

Վադը սովորում է ԵՊՀ-ի ֆարմացիայի ինստիտուտում։ Ընտրել է Երևանի պետական համալսարանը, քանի որ կրթության բարձր որակ ունի և Հայաստանի մայր բուհն է։

«Հայերի հետ փոքր-ինչ դժվար է, որովհետև մենք՝ օտարերկրացիներս, չենք կարողանում նրանց հետ հեշտությամբ ընկերանալ։ Առաջին քայլը բավական դժվար է, բայց երբ ընկերանում ենք, հիասքանչ է։ Նրանք շատ սիրալիր են և ընկերասեր, բայց նախքան ընկերանալը՝ ոչ»,- պատմում է նա։

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակացարանը շահագործման է հանձնվել 1965 թվականին։ Նախատեսված է 170 ուսանողի համար։ Բնակվում է 50-60 ուսանող։

Համալսարանի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ շահագործումից ի վեր շենքը երբևէ կապիտալ չի վերանորոգվել:

«Ունենք տանիքի անսարքության, խոնավության, սանհանգույցներին եւ կահավորմանն առնչվող լուրջ խնդիրներ: Հանրակացարանն ի սկզբանե երկու մասնաշենք է ունեցել: Համատարած թողտվության 90-ականներին համալսարանը զրկվել է մասնաշենքերից մեկից, որն այժմ բնակելի շենք է:

Դիմել ենք կառավարությանը, ինչպես նաև այլ դոնորների ակտիվ որոնումների մեջ ենք՝ հանրակացարանի շենքի կապիտալ վերակառուցման-վերանորոգման համապատասխան միջոցներ հայթայթելու նպատակով: Նախնական գնահատականով դրա համար անհրաժեշտ կլինի շուրջ 450 մլն դրամ»,- նշված էր գրավոր պատասխանում։

Համալսարանի հանրակացարանի սենյակները տեսանկարահանել մեզ այդպես էլ թույլ չտվեցին։

Սենյակներում ընդհանուր ջեռուցում չկա։ Պարետի խոսքով՝ յուրաքանչյուր սենյակում առանձին հաշվիչ կա, բնակվող ուսանողն առանձին կատարում է կոմունալ վճարումները, սենյակները ջեռուցվում են էլեկտրական տաքացուցիչներով, 6-րդ հարկը տանիքի անսարքության պատճառով չի օգտագործվում։

ՀԱԱՀ ուսանողների համար ամսական վճարը 3000 դրամ է, այլ բուհերի ուսանողների համար՝ 12.000 դրամ։

Երևանի Վ Բրյուսովի անվան պետական համալսարան

Հանրակացարանը շահագործվում է 2014թ. դեկտեմբերից: Ունի 20 սենյակ 40 ուսանողի համար և 7 սենյակ արտերկրից ժամանած դասախոսների և հյուրերի համար:

Համալսարանի հանրային կապերի և լրատվության բաժնից մեզ տեղեկացրին, որ հանրակացարանը սպասարկում է արտերկրից ժամանած դասախոսներին և ուսանողներին, ինչպես նաև կրթական ծրագրերում ներգրավված կամավորներին:

Մեզ տրված պատասխանում նշված էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները, որոնք ՀՀ քաղաքացի են, չեն օգտվում հանրակացարանից, քանի որ դրա կարիքը չունեն:

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ուներ հանրակացարան։ Շենքի մի մասը համալսարանը  օգտագործել է որպես հանրակացարան 2012 թվականի նոյեմբերից։

Հանրակացարանը նախատեսված է եղել 170 ուսանողի համար։ Որպես հանրակացարան օգտագործման ընթացքում այստեղ բնակվել է 584 ուսանող, որից շուրջ 156-ը եղել են այլ բուհերի ուսանողներ։

Հանրակացարանի մեկ հարկը, որը նախատեսված է եղել 50 ուսանողի համար,  2014-2019 թվականներին տրամադրված է եղել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։

Համալսարանի հանրակացարանի գործունեության առնչությամբ հարուցված է քրեական գործ։ Գործունեությունը դադարեցվել է 2019 թվականի մայիսին կողմերի միջև կնքված համաձայնագրով։

 

Լուսանկարում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Սաբրինա Մարզուկան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter