HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այս պահին «օդի տուրքից» ազատված են 6 չվերթի ուղեւորներ

Ինչպես հայտնի է, անցյալ տարի խորհրդարանը լրացում կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում եւ պետտուրքից ազատեց այն ֆիզիկական անձանց, ովքեր 36 ամսվա ընթացքում կմեկնեն նոր բացված չվերթներով: Խոսքը «օդի տուրքի» կամ 10.000 դրամների մասին է:

Արտոնությունը 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ) տրվում է այն չվերթների համար, որոնց մեկնարկից 12 ամիս առաջ տվյալ ուղղությունը չի սպասարկվել, ընդ որում՝ ավիաընկերությունները պետք է թռիչքներ կատարեն առնվազն մեկ տարի, այսինքն՝ թե՛ ամառային, թե՛ ձմեռային աերոնավիգացիոն սեզոնին: Կառավարությունն էլ իր հերթին սահմանել է, որ այս չվերթների հաճախականությունը պետք է լինի շաբաթական առնվազն 1 անգամ, այլ կերպ՝ նվազագույնը 28 չվերթ ամառային սեզոնին եւ 20 չվերթ ձմեռայինի ժամանակ:  

Քանի որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնողները դեռ 2014-ի դեկտեմբերից են ազատված այս տուրքից, ստորեւ ներկայացվածները պետք է ընկալել բացառապես Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնող չվերթներ:

Արտոնությունը տալիս հաշվի է առնվում վերջնակետ օդանավակայանը, այլ ոչ թե քաղաքը: Օրինակ՝ «Air France»-ը ներկայում Երեւանից մեկնում է Փարիզի «Շառլ դը Գոլ», հետեւաբար եթե որեւէ փոխադրող ցանկանա «Զվարթնոցից» մեկնել այս օդանավակայան, ապա դրա ուղեւորները «օդի տուրքից» չեն ազատվի, բայց եթե նոր չվերթը լինի, ասենք, դեպի Փարիզի «Օռլի» օդանավակայան, ապա արտոնությունը կկիրառվի:  

Քաղավիացիայի կոմիտեի տեղեկացմամբ՝ այս պահին «օդի տուրքից» ազատված են 6 ուղղությունների ուղեւորներ: Դրանցից 3-ն արդեն սպասարկվում են: Խոսքը դեպի Հռոմ («Չամպինո» օդանավակայան, IATA-ի կոդը՝ CIA), Միլան («Բերգամո», BGY) եւ Կալուգա (Կալուգայի միջազգային օդանավակայան, KLF) թռիչքների մասին է: 3 ուղղություններն էլ սկսել են շահագործվել այս տարվա հունվարի 14-ից:

Ինչպես հայտնի է, իտալական ուղղություններով թռիչքներ է կատարում իռլանդական հայտնի «Ryanair» բյուջետային ավիաընկերությունը: Դեպի ռուսական Կալուգա էլ թռչում է Դոնի Ռոստովում բազավորվող «Ազիմուտը»:

Այդուհանդերձ, արդեն հայտնի է, որ Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով «Ryanair»-ը մարտի 13-ից մինչեւ ապրիլի 8-ը դադարեցնելու է այդ երկիր եւ դրանից մեկնարկող իր բոլոր թռիչքները, ինչը վերաբերում է նաեւ Երեւանից դեպի Հռոմ ու Միլան թռիչքներին: Չնայած, ինչպես ասվեց, կառավարությունը սահմանել է, որ արտոնությունից օգտվող չվերթները պետք է իրականացվեն շաբաթական գոնե 1 կամ սեզոնի ընթացքում 28 (ամառային) եւ 20 (ձմեռային) անգամ, գործադիրի որոշման մեջ նշվում է, որ այդ քանակից նվազեցվում են անհաղթահարելի ուժի հետեւանքով չիրականացված չվերթները, այսինքն՝ կորոնավիրուսի պատճառով չկատարված թռիչքները կարող են համարվել հենց այդպիսին:   

Ըստ ՔԱԿ-ի՝ մարտի 25-ից արտոնությունը կկիրառվի «Ryanair»-ի եւս մեկ չվերթի ուղեւորների համար: Խոսքը դեպի Բեռլինի «Շյոնեֆելդ» օդանավակայան (SXF) թռիչքների մասին է: Իսկ մարտի 30-ից արտոնություն կստանան «Ազիմուտի» միջոցով Երեւանից Ռուսաստանի Ուֆա (UFA) քաղաք մեկնողները: Մայիսի 3-ից նույնը կկիրառվի «Air Baltic»-ի Երեւան-Ռիգա (RIX) չվերթի ուղեւորների համար:

Այս բոլոր չվերթների համար արտոնություն է տրվել 36 ամիս կամ 3 տարի ժամկետով՝ սկսած առաջին թռիչքից:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter