
«Ryanair» ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Իտալիա և Իտալիայից այլ երկրներ բոլոր չվերթերը
«Ryanair» իռլանդական ավիաընկերությունը հայտարարել է դեպի Իտալիա, Իտալիայից այլ երկրներ և երկրի ներսում մինչև ապրիլի 8-ը բոլոր չվերթերի դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին տեղեկանում ենք ավիաընկերության պաշտոնական կայքէջից։ Պատճառն իտալական իշխանությունների՝ երկրի ողջ տարածքում կարանտինի հայտարարումն է, որն արվել է COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին:
Հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 11-ից ապրիլի 8-ն ավիաընկերությունը կդադարեցնի Իտալիայի ներսում իրականացվող բոլոր չվերթերը, իսկ մարտի 13-ից ապրիլի 8-ը կդադարեցվեն դեպի Իտալիա և Իտալիայից այլ երկրներ չվերթերը։
Բոլոր շահառու ուղևորներն արդեն իսկ ստացել են ծանուցումներ չվերթերի չեղարկման վերաբերյալ։ Փոխհատուցում ցանկացող ուղևորները կարող են անվճար տեղափոխել իրենց թռիչքը՝ փոխարինելով մինչև մարտի 13-ն իրականացվելիք ցանկացած չվերթով։ Բոլոր ուղևորները կկարողանան նաև ամբողջությամբ հետ ստանալ տոմսերի համար կատարած վճարումները կամ կուտակել դրանք ճանապարհորդական քարտի վրա, որը հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում օգտագործել գումարը՝ «Ryanair»-ի մեկ այլ չվերթի համար։
Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ պարբերաբար իր ուղևորներին կծանուցի հնարավոր փոփոխությունների կամ այլ թռիչքների չեղարկման վերաբերյալ։
Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ «Ryanair» բյուջետային ավիաընկերությունը մինչև 25 %-ով կրճատելու էր կարճ թռիչքների գրաֆիկը։ Իսկ մարտի 9-ին էլ, արագ տարածվող կորոնավիրուսի պատճառով, կարանտին էր հայտարարվել Իտալիայի ողջ տարածքում։ Այդ մասին հայտարարել էր Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Վարչապետը հայտարարել էր, որ ընդլայնվել է, այսպես կոչված, «կարմիր գոտին», որտեղ նախկինում գտնվում էին Հյուսիսային Իտալիայի շրջանները՝ ներառյալ Լոմբարդիայի մարզը։
Մեկնաբանել