HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմական հուշարձան-շենքի մեծ մասի սեփականատերը դիմել է դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

Տիգրան Մեծի 1 հասցեում գտնվող տեղական նշանակության պատմական հուշարձան-շենքում սեփականություն ունեցող «Արեգ» արտադրական կոոպերատիվը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի և Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի։ «Արեգ» ԱԿ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել վերջիններիս Տիգրան Մեծի 1 հասցեի շենքը գերակա շահ ճանաչված տարածքների ցանկից հանելու մասին առաջարկություն ներկայացնել Կառավարություն։

Հիշեցնենք՝ Տիգրան Մեծի 1 հասցեն ընդգրկվել է Երևանի 33-րդ թաղամասի (նախկին Ֆիրդուսի շուկան և հարակից տարածքները) իրացման գոտում և գերակա շահ ճանաչվել։ Ընդ որում՝ Կառավարությունը 2019թ․ մարտին երկրորդ անգամ էր նույն տարածքի վերաբերյալ որոշում կայացրել՝ ներառելով նոր տարածքներ, այդ թվում՝ պատմական հուշարձան-շենքը։ Այդ որոշմամբ նույն օրը, նույն անձի հիմնադրած 18 ընկերություն դարձել էր 33-րդ թաղամասում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների սեփականատեր: Դրանցից «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին է տրվել Տիգրան Մեծի 1 և հարակից հասցեների (նախագծի քարտեզում այդ հատվածը նշված է կապույտով-հեղ.) օտարման իրավունքը: 

«Արեգ» ԱԿ-ի հիմնադիր և նախագահ Վահան Խեկոյանն ու նրա եղբայրը՝ Վահագն Խեկոյանն, այդ շենքում սեփականության իրավունքով շուրջ 400 քմ տարածք ունեն, որը շենքի 70 տոկոսն է կազմում։ Այդտեղ իրենց բիզնեսն են հիմնադրել և ընդլայնել՝ սկսած 1996 թվականից։ Վաճառում են տարատեսակ գործիքներ, սարքավորումներ և Հայաստանում մի շարք արտասահմանյան ընկերությունների, ինչպիսիք են՝ ամերիկյան DWALT-ը, ճապոնական Makita-ն, ներկայացուցիչ են:

Եղբայրներ Խեկոյանները Կառավարության այս որոշումը որակում են սեփականության իրավունքի խլման և զավթման գործողություն, քանի որ հուշարձան-շենքը ենթակա չէ քանդման, այդ պարագայում իրենցից խլելն իմաստազուրկ է։ «Այս դեպքում գերակա շահ կոչվածը ոչ թե իրականում պետության կարիքների համար է, այլ մասնավոր շահի (նկատի ունի՝ «ԱԿՆ Քոնսթրաքշն» -ին), որը չի կարող գերակա լինել մեր շահից»,- նշում է Վահագն Խեկոյանը։

Տիգրան Մեծի 1 հասցեում գտնվող շենքը ներառված է Կառավարության որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որի պարագայում, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն, քանդելն արգելվում է՝ նույնիսկ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու պարագայում։

«Արեգ» ԱԿ-ի սեփականատերը Վարչական դատարան է դիմել դեռևս 2019թ․ մայիսին, սակայն հայցը վերադարձվել էր։ Ընկերությունը բողոքարկել է վերադարձնելու որոշումը Վերաքննիչում, որը բավարարվել էր։ Այժմ Վարչական դատարանը քննում է «Արեգ» ԱԿ-ի հայցը։

Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի նախաձեռնությամբ որպես երրորդ կողմ ընդգրկվել է նաև «ԱԿՆ Քոնսթրաքշն» ընկերությունը, որը, փաստորեն, այդ տարածքի նոր սեփականատերն է։

Այսօր նշանակված դատաքննության ժամանակ ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ից, ո՛չ «ԱԿՆ քոնսթրաքշն» ՍՊԸ-ից ներկայացուցիչ չէր եկել։ Պատասխան առարկություններ էին ուղարկել Երևանի քաղաքապետարանն ու ՀՈԱԿ-ը։ Դատավոր Դանիել Դանիելյանը որոշեց դատաքննությունն առանց նրանց անցկացնել։

«Արեգ» ԱԿ-ի ներկայացուցիչ Ազատ Շահբազյանը պատմեց, որ մինչ հայց ներկայացնելը դիմել են նաև Երևանի քաղաքապետարանին։ Պատասխան են ստացել, որ խնդիրը քննարկման ընթացքում է։ Սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել քննարկման արդյունքների մասին։

Դատավորին հետաքրքրում էր, թե ինչու չեն դիմել Կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, այլ՝ առաջարկ ներկայացնելուն պարտավորեցնելու համար են դիմել: Փաստաբանը պարզաբանեց, որ դա բազմաթիվ շահերի հետ հակասություն կարող էր առաջացնել, և այս ճանապարհն են արդյունավետ համարել հարցին լուծում տալու համար։

«Սրա միջոցով ավելի հեշտ ճանապարհով կարող ենք լուծման գալ, որովեհտև, ըստ մեր տեղեկության, եթե դատարանը պահանջի գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և Տիգրան Մեծի 1 հասցեի շենքի վարույթը, ապա կտեսնենք, որ վերջին պահին են ավելացրել այդ հատվածը։ Այսինքն՝ դրա վերաբերյալ պատշաճ ուսումնասիրություն չի արվել, իրավական բազան և խնդիրները ճիշտ չեն վերլուծվել, և կարծում ենք, սխալմամբ այդ շենքն ընդգրկվել է Կառավարության որոշման մեջ»,- նշեց փաստաբանը։

Դատավոր Դանիել Դանիելյանը նաև հարցրեց, թե արդյոք Կառավարության որոշման մեջ հուշարձան-շենքի քանդման մասին խոսք կա, փաստաբանը բացատրեց, որ Կառավարության որոշման մեջ նշված է՝ տարածքը պետք է իրացվի, ենթակառուցվածքներ պետք է ստեղծվեն։

«Օրենքը, միևնույն է. արգելում է քանդել պատմամշակութային շենքը։ Եթե ձեր մտավախությունը քանդելն է, հանրային գերակա շահ ճանաչվելու հետ ինչպե՞ս եք կապում»,- նորից հարցրեց դատավորը։

Փաստաբանը կրկին վկայակոչեց նույն Կառավարության որոշումը, որտեղ հստակ նշվում է, որ հավելվածներում (որից մեկում նաև Տիգրան Մեծի 1 հասցեն է ընդգրկված, ինչպես երևում է նաև քարտեզում, հեղ) նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայում առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով: Նույն որոշման հավելվածներում նշված տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով և փողոցներով։

«Մեր անշարժ գույքը ներառված է այդ ցանկում, և նրանց նպատակը նշված խնդիրները կատարելն է։ Ինչպե՞ս պիտի դրա տեղը կառուցեն բազմաբնակարան ֆունկցիոնալ կամ այլ ենթակառուցվածքներ, եթե ոչ քանդելու միջոցով»,- հավելեց փաստաբանը։

Նա նաև նշեց, որ «Արեգ» ԱԿ-ն զրկված է որոշակի տնտեսական գործունեություն իրականացնելուց, քանի որ սահմանափակված է սեփականության իրավունքը, ինչի հետևանքով բազում խնդիրներ են առաջացել։

Փաստաբանը նաև առաջարկեց Կառավարության որոշմանը նախորդած վարույթի նյութերը պահանջել, որից պարզ կդառնա, թե ինչ է պատրաստվում կառուցել «ԱԿՆ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն Տիգրան Մեծի 1 հասցեի փոխարեն, երբ են ուզում կառուցել և ինչպես։ Այս առաջարկը, սակայն, դատարանը չքննարկեց։

Դատարանն այսքանով ավարտեց դատաքննությունը և որոշման հրապարակման օր նշանակեց մարտի 30-ը։

Կարդացեք նաև՝

Լուսանկարում Տիգրան Մեծի 1 հասցեի հուշարձան-շենքն է։

Լուսանկարը՝  Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (1)

Էդգար
Իսկ մայրաքաղաքի ճարտապետական եւ պատմական ժառանգության պահպանմամբ խիստ մտահոգված այս Արեգ ԱԿ-ն չպե՚տք է դատվի այս պատմական հուշարձանի օրիգինալ փայտյա պատուհանները պլաստմասսե աղբով փոխարինելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter