Խախտումներ են հայտնաբերվել ՊՆ-ի և «Գազօիլի» գործարքում․ ինչպես են արձագանքում կողմերը
Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ուսումնասիրել է պաշտպանության նախարարության՝ «Գազօիլ» ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը։ Այս գործարքին «Հետք»-ն անդրադարձել էր դեռևս 2019 թվականի դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Թեև ընկերությունը գրանցված էր Մամե Ամիրյանի անունով, բայց ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն էր։
Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետք է մատակարարեր 4779 տոննա ամառային դիզելային վառելիք։ Որպես մատակարար ընկերությունը ընտրվել էր հրատապ բաց մրցույթով։
Ինչ խախտումներ է ՊՎԾ-ն արձանագրել գործարքում
Պետական վերահսկողական ծառայությունից «Հետք»-ին հայտնեցին, որ 2019-ի դեկտեմբերի 9-ին է սկսվել գործարքի ուսումնասիրությունը:
ՊՎԾ-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է գնման գործընթացին վերաբերող խախտումներ. մասնավորապես՝ գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության հետ կապված՝ գնումների պլանի փոփոխություն է կատարվել, սակայն գնումների հայտը ներկայացվել է ավելի ուշ և ընտրվել է հրատապ բաց մրցույթ գնման ձևը, ինչը չի հիմնավորվում: Գնահատող հանձնաժողովի կողմից չի պահպանվել գնումների մասին օրենքի պահանջները: Պայմանագրի ժամկետի երկարաձգում է կատարվել, ինչը նույնպես չի հիմնավորվել:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
«Հետքը» դեռևս դեկտեմբեր ամսին դիմել էր պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ինչու է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար գնվել ամառային վառելիք, և եթե վառելիքը գնվել է պահեստավորման համար, ինչու է հրատապ բաց մրցույթով գնումը կազմակերպվել։
Պաշտպանության նախարարությունից պարզաբանել էին, որ նախարարության կարիքների համար ամառային դիզվառելիքը նախատեսված էր կիսամյակի համար՝ հաշվի առնելով նաև տարեվերջի փոխանցիկ պաշարի անհրաժեշտությունը։ Նախարարությունը, անդրադառնալով ամառային վառելիքի հրատապ բաց մրցույթով գնման գործընթացին, պարզաբանել էր, որ հաշվի է առնվել ժամկետի սղությունը, քանի որ բաց մրցույթը տևում է մոտ 3 ամիս։ Այնինչ ՊՎԾ-ն հերքում է գործարքի հրատապ բաց մրցույթով անցկացնելու ընթացակարգը:
Պաշտպանության նախարարությունը՝ «Գազօիլ»-ից 40 միլիոն դրամ գումար է պահել
Ռոման Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պետական վերահսկողական ծառայության արձանագրած խախտումներն իր համար անհասկանալի են: Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարությունը որպես տույժ ընկերությունից 40 միլիոն դրամ է պահել պայմանագրով նախատեսված գումարը փոխանցելիս՝ հիմնավորելով, որ դիզվառելիքի սահմանված որակին չի համապատասխանում: «Գազօիլ»-ը դիմել է դատարան՝ պաշտպանության նախարարությունից պահանջելով վճարել չփոխանցած 40 միլիոն դրամ գումարը:
«Պայմանագրով տրված է, որ կրկնակի փորձաքննություն չի լինելու, բայց կրկնակի փորձաքննություն է արել նախարարությունը։ Հետո, չգիտես ինչու, կրկնակի փորձաքննությամբ իրենց չհավատարմագրված լաբորատորիան հիմք են ընդունել, երկու պետական փաստաթուղթը հիմք չեն ընդունել, ռեֆերենս լաբորատորիան (Վրաստանում) հիմք չեն ընդունել ու ասել են, որ դիզելը որակով չի»,-նշում է Ռոման Մուրադյանը:
Նա վստահեցնում է, որ իրենց ցածր գնով մատակարարած դիզելային վառելիքի շնորհիվ բանակին 85 միլիոն դրամի օգուտ են տվել:
«Ես լավ գիտեմ ինչ եմ արել: Գնացել եմ Պարսկաստանից էժան դիզել եմ բերել, մեզնից առաջ ով էր մատակարարում, խառնվել են իրար, ասում են՝ այդ որտեղի՞ց, լավը չի երևի: Դե երևի իրար մեջ տենց բարեկամական, քավոր-սանիկական հարաբերություններ ունեն… Ես սպասում էի, որ ասեին՝ շատ շնորհակալություն, որ հեղափոխությունից հետո այս խոշոր երեք ընկերություններից հայտնվեց չորրորդը, բայց ի՞նչ արեցին, 40 միլիոն դրամ տուգանք գրեցին»,- ասում է Ռոման Մուրադյանը:
Ռոման Մուրադյանի խոսքով՝ մատակարարումը երկարաձգվել է մեկ ամիս ժամկետով, որը եղել է օրենքով նախատեսված, քանի որ դիզվառելիքի մատակարարման հետ կապված Իրանի հետ խնդիրներ են առաջացել:
Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է
Պաշտպանության նախարարությունը նույնպես պարզաբանում է տարածել ՊՎԾ-ի ուսումնասիրության վերաբերյալ: ՊՆ-ն հայտնել է, որ գնման ընթացակարգերի կազմակերպման և պայմանագրերի կատարման նշված ծավալի մեջ կարող են արձանագրվել ինչպես բողոքներ, այնպես էլ թերացումներ և մատակարարումների հետ կապված խնդիրներ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ ՊՆ գնումները մշտապես գտնվում են ստուգումներ իրականացնող, իրավապահ տարբեր մարմինների ուշադրության կենտրոնում։
«Հարկ ենք համարում նշել, որ վերոհիշյալ թերացումների մասով չի բացառվում ՊՆ համակարգի պատասխանատուների բարեվարքության հետ կապված խնդիրների առկայությունը։ Այդուհանդերձ, հավաստիացնում ենք, որ ՀՀ ՊՆ-ն մշտապես և հետևողականորեն իրականացնում է լրջագույն միջոցառումներ՝ ուղղված հատկապես գնումների գործընթացում ներգրավված աշխատակիցների բարեվարքության բարձրացմանն ու ամրապնդմանը»,-ընդգծել է նախարարությունը:
Նշենք, որ «Գազօիլ» ընկերությունը վառելիք է ներկրում Իրանից՝ պետական գործարանից։ Ընկերությունն ունի բենզալցակայան Շենգավիթ վարչական շրջանի Սևանի փողոց 17 հասցեում։
Ռոման Մուրադյանը նաև հանդիսացել է «Նավթ և Գազ» ընկերության բաժնետերերից մեկը, որը Հայաստան դիզելային վառելիք էր ներկրում Իրաքից։ Դեռևս 2014 թվականին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսների մասին գրելիս տեղեկացրել էինք, որ «Նավթ եւ Գազ» ՍՊԸ-ի 50 %-ի բաժնետերը Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերության երբեմնի տնօրեն Խաչատուր Հովսեփյանն էր, մյուս բաժնետերը՝ Ռոման Մուրադյանը։ ՍՊԸ-ն հիմնադրվել էր 2013թ. հունիսին եւ վառելիքի առաքում էր իրականացնում Երեւանի ողջ տարածքում, ինչպես նաեւ` Գյումրի, Արտաշատ, Արմավիր, Աշտարակ եւ այլ քաղաքներ: Ընկերությունն այժմ գործունեություն չի ծավալում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել