HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Բասկետբոլիստ Ռուդի Գոբերը կորոնավիրուսով է ախտորոշվել. NBA-ը դադարեցրել է կանոնավոր առաջնությունը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (National Basketball Association - NBA) «Յուտա Ջազ» (Utah Jazz) ակումբի կենտրոնական Ռուդի Գոբերի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել:

Ֆրանսիացի խաղացողը թեստը հանձնել էր «Օկլահոմա Սիթի Թանդեր»-ի հետ արտագնա խաղից առաջ: Այն բանից հետո, երբ ստացվել են Գոբերի թեստի արդյունքները, NBA-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կանոնավոր առաջնության խաղերը անժամկետ հետաձգվում են:

«NBA-ի կօգտագործի այդ ընդմիջումը՝ հետագա քայլերը որոշելու համար»,- ասվել է հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ NBA-ը թիմերի մարզումների սահմանափակում չի մտցրել:

Ռուդի Գոբերի թիմը՝ «Յուտա Ջազ»-ը, նույնպես հայտարարություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով բասկետբոլիստի հանձնած թեստից.

«Այսօր առավոտյան «Յուտա Ջազ»-ի խաղացողներից մեկը գրիպի և վերին շնչառական ուղիների վարակների թեստ է հանձնել, որոնք բացասական արդյունք են ունեցել: Այնուամենայնիվ, NBA-ի և Օկլահոմայի բժիշկների հետ խորհրդատվությունից հետո որոշում կայացվեց, որ խաղացողը պետք է կորոնավիրուսի թեստ հանձնի: Թեստի դրական արդյունքը մեր տրամադրության տակ հայտնվեց «Օկլահոմա»-ի դեմ խաղից առաջ, ինչի մասին մենք անմիջապես տեղեկացրել ենք լիգային: NBA-ի ղեկավարությունը որոշում ընդունեց չեղարկել խաղը»,- նշվում է Սոլթ Լեյք Սիթին ներկայացնող ակումբի հաղորդագրությունում:

Ինչպես նկատեցիք, ակումբը չի նշել կորոնավիրուսով վարակված խաղացողի անունը, սակայն NBA-ի ինսայդերները շատ ավելի վաղ հայտնել էին դրա մասին: «Օրլանդո Մեջիք»-ի խաղացող, Ռուդի Գոբերի հայրենակից Էվան Ֆուրնիեն հայտնել է, որ հեռախոսով զրուցել է Գոբերի հետ, և նրա մոտ ամեն ինչ կարգին է:

«Յուտա Ջազ» - «Օկլահոմա Սիթի Թանդեր» հանդիպումը պետք է կայանար Օկլահոմայի «Չեսըփիք Էներջի» մարզադաշտում: ESPN-ի լրագրող Էդրիան Վոյնարովսկին տեղեկացրել էր, որ թեստի դրական արդյունքների մասին իմանալուց հետո խաղացողների համար հենց մարզադաշտում կարանտին էր սահմանվել: Սակայն դրանից քիչ անց մեկ այլ ինսայդեր Ռոյս Յանգը հայտնեց, որ բասկետբոլիստները տեղափոխվել են մարզադաշտից: 

«Յուտա»-ի խաղացողները չեն կարող մեկնել Սոլթ Լեյք Սիթի, նրանց համար կարանտին կսահմանվի Օկլահոմայում:

ESPN-ի հաղորդմամբ՝ NBA-ը խնդրել է «Քլիվլենդ Քավալերս», «Բոստոն Սելթիքս», «Նյու Յորք Նիքս», «Դետրոյթ Փիստոնս» և «Տորոնտո Ռեպտորս» ակումբներին ինքնամեկուսացվել, քանի որ վերջին 10 օրերի ընթացքում «Յուտա Ջազ»-ը հենց այդ թիմերի դեմ է խաղացել: Ընդհանուր առմամբ Ռուդի Գոբերը խաղադաշտում հանդիպել է 34 տարբեր խաղացողների: 

Որոշ լրատվամիջոցներ նշում են, թե կորոնավիրուսով վարակված է նաև «Յուտա»-ի մեկ այլ խաղացող Էմանուել Մուդիեյը, սակայն տեղեկությունը դեռևս չի հաստատվել: 

Հարկ է նշել, որ մի քանի օր առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ Ռուդի Գոբերին հարց էին ուղղել կորոնավիրուսի մասին, նա ծիծաղել էր և ցուցադրաբար ձեռք էր տվել սեղանի վրա դրված խոսափողներին: 

Ռուդի Գոբերը 27 տարեկան է, հասակը՝ 2 մ 16 սմ, խաղում է կենտրոնականի դիրքում: Նա անցկացնում է իր 7-րդ մրցաշրջանը NBA-ում: Համարվում է «Յուտա Ջազ»-ի առաջատարը: Վերջին երկու մրցաշրջաններում Ռուդի Գոբերը ճանաչվել է NBA-ի լավագույն պաշտպանողական խաղացող, իսկ այս տարի իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել է NBA-ի բոլոր աստղերի խաղին:

Լուսանկարը՝ Omar Rawlings/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter