HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը և զրպարտելը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեականացնել փաստաբանին մասնագիտական գործունեություն իրականացնելիս վիրավորելու և զրպարտելու արարքները:

Խմբակցությունը փոփոխություններ է առաջարկում Քրեական օրենսգրքում:

Գործող կարգավորմամբ՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Առաջարկվում է նմանատիպ կարգավորում նաև փաստաբանի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերի առնչությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու դեպքերը, և միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունն արդյունավետ միջոց չի փաստաբանի արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար: Նշվում է, որ անհրաժեշտ է նախատեսել քրեական պատասխանատվություն՝ որպես կանխարգելող միջոց:

«Ինչ վերաբերում է փաստաբանին զրպարտելու արարքը քրեականացնելու առաջարկին, ապա, նախ և առաջ, կարևոր է արձանագրել, որ գործող Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի ներկա խմբագրությամբ՝ արդեն իսկ քրեորեն հետապնդելի արարք է որակվում դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը։ Հետևաբար, նշված անձանց ցանկում փաստաբանին՝ որպես արդարադատության իրականացմանը նպաստող կարևոր դերակատարի չներառելը բացթողում է, որն անհրաժեշտ է լրացնել»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ պաշտպանների վրա ճնշումների գործադրման դեպքում, երբ պետությունը որևէ կերպ չի միջամտում և չի ապահովում նրանց անվտանգությունը, համապատասխան դիմումի առկայության դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է պետության դեմ վճիռներ կայացնել, ինչը որևէ կերպ չի կարող բխել երկրի շահերից: Ներկայացված նախագծով դատախազին հավասար երաշխիքներ կսահմանվեն փաստաբանների մասնագիտական գործունեության համար, ինչպես նաև կնախատեսվի խիստ պատիժ փաստաբանի գործունեության ապօրինի միջամտելու, նրան սպառնալու, վիրավորելու, զրպարտելու կամ այլ ձևով փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter