HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի․ փոխնախարարը մանրամասնում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը վստահեցնում է, որ քայլեր են ձեռնարկվում Արտաշատի պատմական հողերի կատեգորիայի փոփոխման որոշումը վերանայելու ուղղությամբ։

«Դիմելու ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն՝ չեղարկելու Լուսառատի տարածքում հողերի նպատակային նշանակությունը փոխելու մեր նախորդ գրությունը»,– «Հետք»-ին տված պարզաբանման մեջ ասաց փոխնախարարը։

Նախորդ շաբաթ գրել էինք, որ Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող պատմական հողերի նշանակությունը փոխվել էր՝ դառնալով հասարակական կառուցապատման կատեգորիայի։ Լուսառատի բնակիչները մեզ տեղեկացրել էին, որ Արտաշատ քաղաքատեղիի բլուրներից երկուսի տարածքում Արարատի մարզպետի համագյուղացին ծրագրել է «Նոյան տապանի» տեսքով հյուրանոց կառուցել։ 

Մշակութային ոլորտը համակարգող փոխնախարար Խաչատուրյանը հայտնեց, որ տարածքում սկսվել է հնագիտական նոր գործընթաց, ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք, հնարավոր է, փոխեն նախագծի ընթացքը:

Նա ասաց, որ նոր տեխնոլոգիաների միջոցով տեսել են, որ ընդերքում բավական հարուստ քաղաքաշինություն կա։ «Հանդիպել ենք նաև հնագետների հետ, նրանք մեզ կուղարկեն համապատասխան հիմնավորող փաստաթուղթ, ըստ որի՝ հողի ընդերքում պատմամշակութային կոթողներ կան»,- ասաց փոխնախարարը: Կիրականացվի նաև Լուսառատի տարածքի նոր քարտեզագրում:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան որևէ նոր բան չի հայտնել։ Պարզապես նշել է, որ մարզպետարանը ստացել է հողերի կատեգորիան փոխելու մասին Լուսառատի համայնքապետարանի կազմած փաթեթը և դրան ընթացք է տվել։ «Փաստաթղթերի փաթեթը քննարկվել է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովում և 30.12.2019թ. տրվել է թիվ 125 դրական եզրակացությունը: Ծրագիրը դեռևս գտնվում է լրամշակման փուլում, որի վերաբերյալ պատշաճ և ամբողջական տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշել է Գարիկ Սարգսյանը։

Հողերի կատեգորիան փոխելու գործընթացում էական նշանակություն էր ունեցել ԿԳՄՍ նախարարության դրական եզրակացությունը։ Փոխնախարար Նարինե Խաչատուրյանը միջերատեսչական հանձնաժողովի նախագահին գրություն է ներկայացրել, որում նշել էր, թե այդ տարածքում նախարարության աշխատակիցը որևէ պատմական հուշարձան չի հայտնաբերել։ Այդ հիմքով էլ նախարարությունը դրական եզրակացություն էր տվել հողի կատեգորիան փոխելուն։ Միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո արդեն Լուսառատ համայնքի ավագանին փոխել էր բլուրների կատեգորիան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter