HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԱՀԿ գլխավոր տնօրեն. «Մենք խորապես մտահոգված ենք, որ որոշ երկրներ լուրջ չեն վերաբերվում այս սպառնալիքին»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ հայտարարեց, որ կորոնավիրուսն արդեն պանդեմիա է: Այս որոշումը ԱՀԿ-ն կայացրել է՝ հաշվի առնելով վարակի փոխանցման արագությունն ու տարածման մասշտաբները: Այսօր ԱՀԿ գլխավոր տնօրենն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ երկրները պետք է ավելի լուրջ մոտենան կորոնավիրուսին.

«Չնայած հաճախակի զգուշացումներին՝ մենք խորապես մտահոգված ենք, որ որոշ երկրներ չեն վերաբերվում այս սպառնալիքին քաղաքական պարտավորության այնպիսի մակարդակով, որն անհրաժեշտ է վարակը վերահսկելու համար»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

Նա նշել է, որ թեև կորոնավիրուսի այս պանդեմիան վերահսկելի է, սակայն պետությունները պետք է շարունակեն քայլեր իրականացնել հանրային առողջության վտանգները նվազեցնելու համար, հակառակ դեպքում՝ խնդիրը կդառնա ավելի բարդ և ծանր հետևանքներ կունենա ամբողջ երկրի առողջապահական համակարգի վրա.

«Եկեք ազնիվ լինենք, կորոնավիրուսը՝ որպես պանդեմիա ներկայացնելը, դեռ չի նշանակում, որ երկրները պետք է հանձնվեն: Գաղափարը, որ երկրները պետք է զսպման մեթոդներից անցնեն մեղմացման, սխալ է և վտանգավոր: Հակառակը, մենք պետք է կրկնապատկենք ուժերը»:

 2019-nCoV-ը կորոնավիրուսի նոր տեսակ է, որն ախտահարում է թոքերը՝ նպաստելով թոքաբորբի առաջացմանը։ Կորոնավիրուսը նախկինում հայտնի վիրուս է, բայց մինչ այժմ դրա միայն 6 տեսակն է հայտնի եղել ու վարակել մարդուն։ Սկզբում նշվում էր, որ վարակի առաջնային աղբյուրը հիվանդ կենդանիներն են, բայց  հետագայում այն սկսվեց փոխանցվել նաև մարդուց մարդուն։

Վարակման ախտանիշները նման են գրիպի ախտանիշներին՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, դժվարություններ և թուլություն։

Մինչ օրս աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի վարակի մոտ 125 000 դեպք 118 երկրներում և տարածաշրջաններում, որից 80 981-ը՝ Չինաստանում: Աշխարհում կորոնավիրուսից մահացել են 4734 մարդ, բուժվել՝ 68 571-ը: 

Հայաստանում այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք, որից 5-ը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի: Վարակակիրներից մեկը ժամանել էր Իրանից, 3-ը՝ Իտալիայից, 2-ը շփվել են Իտալիայից եկած վարակակրի հետ, որ Էջմիածնի բնակիչ է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակակրի հետ շփված 57 հոգի մեկուսացվել է:

Կորոնավիրուսի թետսավորում
Infogram

Նախորդ երկու շաբաթում Չինաստանից դուրս կորոնավիրուսի դեպքերը 3 անգամ ավելացել են:

Չինաստանից հետո ամենաշատ դեպքերը գրանցվել են Իտալիայում՝ 10 590 դեպք, Կորեայում՝ 7520 և Իրանում՝ 6370 դեպք: Մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է. այնտեղ կորոնավիրուսից մահացել է հիվանդների 7,8 %-ը, այսինքն՝ ամեն 13-րդ հիվանդը: Համեմատության համար, Չինաստանում մահացության թիվը  5.25% է. մահանում է ամեն 19-րդը:

Եվրոպական երկրներից Իտալիայից հետո ամենաշատ դեպքերը գրանցվել են Ֆրանսիայում ՝ 2221 դեպք, Իսպանիայում՝ 1952 և Գերմանիայում՝ 1550 դեպք:

Կորոնավիրուս չկա 77 երկրում և տարածաշրջանում, իսկ 55 երկրում վարակների թիվը 10-ից քիչ է:

Մինչ օրս ԱՀԿ-ն անձնական պաշտպանիչ միջոցներ է ուղարկել 57 երկիր և պատրաստվում է ուղարկել ևս 28 երկիր: Բացի այդ, 120 երկրներ ԱՀԿ կողմից ստացել են լաբորատոր պարագաներ: Առաջիկայում ավելի քան 440 մլն դոլար է հատկացվելու ԱՀԿ-ին՝ ռազմավարական պատրաստվածության և արձագանքման ծրագիր մշակելու համար: Մոտ 176 000 մարդ գրանցվել է  կորոնավիրուսի վերաբերյալ ԱՀԿ օնլայն թրեյնինգներին:

«Բոլոր երկրները պետք է կարողանան հավասարակշռել առողջությունը պաշտպանելու, տնտեսական, սոցիալական ցնցումները կանխելու և  մարդու իրավունքները հարգելու սկզբունքները»,-ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ կոչ անելով ձեռնարկել հետևյալ «քառօրյա ռազմավարությունը».

Դրանք են՝

Առաջին. նախապատրաստվել և լինել պատրաստ

Բոլոր այն երկրներում, որտեղ արձանագրվել է կորոնավիրուս, կան  ապահով տարածքներ : Դուք հնարավորություն ունեք պահպանել դրանք: Նախապատրաստե՛ք մարդկանց և առողջապահական հաստատությունները:

Երկրորդ. հայտնաբերել, կանխել և բուժել

Դուք չեք կարող կանխել վիրուսը, եթե դուք չգիտեք՝ այն որտեղ է: Սա նշանակում է, որ պետք է ուժեղացնել վերահսկողությունը՝ հայտնաբերելու, մեկուսացնելու, թեստավորելու և բուժելու ճանապարհով՝ կոտրելով վարակի փոխանցման շղթաները։

Երրորդ. կրճատել և ճնշել

Կյանքեր փրկելու համար պետք է քչացնել փոխանցման հավանականությունը: Սա նշանակում է, որ պետք է գտնել և մեկուսացնել այնքան դեպքեր, որքան հնարավոր է՝ նվազեցելով նաև մարդկանց սերտ շփումը: Եթե նույնիսկ հնարավոր չէ կանխել փոխանցումը, ապա կարելի է դրանք նվազեցնել և պաշտպանել բժշկական հաստատությունները, ծերանոցները և կենսական նշանակության այլ տարածքներ: Պետք է թեստավորվել  բոլոր կասկածելի դեպքերը:

Չորրորդ. նորացնել և զարգացնել

Սա նոր վարակ է և նոր իրավիճակ: Մենք բոլորս էլ սովորում ենք և նոր ճանապարհներ որոնում՝ վարակը կանխելու, կյանքեր փրկելու համար: Բոլոր երկրներն էլ ունեն փորձառություն, որը կարող են միմյանց փոխանցել։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում այն երկրներին, որոնք համագործակցել են մեզ հետ, որովհետև սա դինամիկ իրավիճակ է, և մեզ անհրաժեշտ է առավելագույն ճկունություն՝ ապահովելու ամենամեծ հնարավոր աջակցությունը»,-ասել է Տեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter