HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՈՒԵՖԱ-ն հետաձգել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները

Եվրոպայում կորոնավիրուսի տարածման պատճառով՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (The Union of European Football Associations, ՈՒԵՖԱ) հետաձգել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաջորդ շաբաթ նախատեսված խաղերը: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Այսպիսով, մարտի 17-ին և 18-ին չեն կայանա Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները, ինչպես նաև մարտի 19-ին նախատեսված Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերը: Հետաձգվել է նաև մարտի 20-ի վիճակահանությունը:

ՈՒԵՖԱ-ն ընդգծում է, որ նշված հանդիպումների ժամանակացույցի մասին տեղեկությունը կհայտնի ավելի ուշ: 

«Երեկ Եվրոպական ֆուտբոլային միությունը հրավիրել է 55 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչներին, Եվրոպական ակումբների ասոցիացիաների ղեկավարությանը, եվրոպական լիգաների, ինչպես նաև FIFPro-ի ներկայացուցիչներին մասնակցելու համատեղ տեսակոնֆերանսին, որպեսզի քննարկվի ստեղծված իրավիճակը: Հանդիպումը նախատեսում է անցկացնել մարտի 17-ին»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրոպական մի շարք լիգաներ ներքին առաջնությունների խաղերը հետաձգելու որոշումներ էին կայացրել, որոնց թվում նաև այնպիսի ուժեղագույն լիգաներ, ինչպիսիք են Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների առաջնությունները: Գերմանական Բունդեսլիգան դեռևս համապատասխան որոշում չունի:

Այսօր նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էր մինչև մարտի 23-ը հետաձգել իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներից կորոնավիրուսով են վարակվել Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետան, Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Կալում Հադսոն-Օդոին, Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Դանիելե Ռուգանին, իտալական մեկ այլ թիմի՝ «Սամպդորիա»-ի հարձակվող Մանոլո Գաբյադինին, գերմանական «Հանովեր»-ի խաղացողներ Տիմո Հյուբերսն ու Յանես-Կիլիան Հորնը:

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter