HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կորոնավիրուսի ստուգման թեստի արդյունքները բացասական են։ Այդ մասին հայտարարել է նրա անձնական բժիշկ Շոն Քոնլին։ «Երեկ երեկոյան, երբ ես նախագահի հետ մանրամասն քննարկեցի նոր տիպի կորոնավիրուսի թեստավորումը, նա որոշեց հանձնել այն։ Այսօր երեկոյան ես ստացել եմ դրա պատասխանը, որը բացասական է»,- նշվում է բժշկի հայտարարության մեջ։

Թրամփը որոշել էր կորոնավիրուսի թեստ հանձնել այն բանից հետո, երբ Ֆլորիդայում հանդիպել էր Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ բրազիլական պատվիրակության առնվազն հինգ անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Վիրուսի ախտանիշները, մասնավորապես, հայտնաբերվել էին նախագահի մամլո ծառայության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ։ Վարակվածների թվում է նաև Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը։ Ավելի ուշ Բոլսոնարուն անձամբ էր հերքել կորոնավիրուսով իր վարակման լուրը, իսկ իրականացված թեստը տվել էր բացասական արդյունք։

Շաբաթ օրը պարզ է դարձել նաև, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի տիկնոջ՝ Բեգոնյա Գոմեսի մոտ։ «Վերջին ժամերին Մոնկլոա ամրոցի մարդկանց շրջանում իրականացված անալիզների հանձնումը, որոնց մեծ մասը առնչվել են վարչապետի հետ, տվել է դրական պատասխան։ Նրանց թվում է նաև վարչապետի տիկինը՝ Բեգոնյա Գոմեսը։ Ինչպես Գոմեսի, այնպես էլ կառավարության ղեկավարի մոտ ամեն բան կարգին է, երկուսն էլ գտնվում են Մոնկլոա ամրոցում և մշտապես հետևում են առողջապահական մարմինների ցուցումներին»,- նշվում է իսպանական կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Վերջին օրվա ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրանցել է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի վարակման շուրջ 9700 դեպք, իսկ աշխարհում վարակակիրների թիվը գերազանցել է 142 000-ը։ Ներկայումս կազմակերպության տվյալներով մահացածների թիվը 5393 է։ Բուն Չինաստանում համաճարակը աստիճանաբար նահանջում է։ Վերջին օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 20 դեպք, մահացել՝ 10-ը։ Հիվանդանոցից դուրս է գրվել 1370 մարդ։

Ամբողջ աշխարհում շարունակում են խստացնել պրոֆիլակտիկ և կարանտինային միջոցառումները։ Այսպես, Էստոնիայի և Էկվադորի իշխանությունները արգելել են արտասահմանցիների մուտքը երկիր։ Լատվիական «Air Baltic» ավիաընկերությունը մարտի 17-ից դադարեցրել է իր բոլոր թռիչքները, իսկ աշխարհի խոշորագույն զբոսանավային ընկերություններից մեկը՝ «Royal Caribbean»-ը ամբողջ աշխարհում դադարեցրել է իր նավարկությունները։

Համաճարակն աստիճանաբար տարածվում է նոր երկրներում։ Նախօրեին կորոնավիրուսով առաջին վարակվածներն են հայտնաբերվել Կոնգոյում և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter