Գերմանիան փակում է Ֆրանսիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ իր սահմանները
Մարտի 16-ից Գերմանիան փակում է իր սահմանները Ֆրանսիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ։ Այդ մասին հայտնում է «Bild» պարբերականը։ Որոշումն ընդունվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերի, Բավարիայի ղեկավար Մարկուս Զյոդերի, Բադեն Վյուրտեմբերգի և Սաար հողի վարչապետների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Պարբերականը հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի օրն առավոտյան ժամը 08:00-ից։ Արգելքը չի տարածվի բեռնափոխադրումների, ինչպես նաև այն անձանց վրա, որոնք բնակվում են մեկ երկրում, սակայն աշխատում մյուսում։
Որոշման պատճառը ոչ միայն կորոնավիրուսի տարածման կանխումն է, այլ այն, որ օտարերկրացիները չկարողանան սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների զանգվածային գնումներ կատարել Գերմանիայի տարածքում։ Արդեն իսկ տարածվում են լուրեր, որ խանութներում քաղաքացիների «գրոհի» պատճառով, սահմանին ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել։
Ավելի վաղ «South China Morning Post» անգլալեզու պարբերականը տեղեկացրել էր, որ կիրակի առավոտյան Գերմանիայում գրանցվել էր կորոնավիրուսի 4585 դեպք, 9 մարդ էլ մահացել էր։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ նոր կորոնավիրուսով կարող է վարակվել Գերմանիայի բնակչության 70 %-ը, եթե առաջիկա ամիսների ընթացքում չհայտնաբերվի վիրուսի պատվաստանյութը։ Վերջին տվյալներով՝ Շվեյցարիայում գրանցվել է կորոնավիրուսի 1563 դեպք, իսկ հիվանդությունը 26 կանտոններից տարածվել է 24-ում։ Ավստրիայում էլ վարակակիրների թիվը հասել է 800-ի, իսկ Ֆրանսիայում՝ 4500-ի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել