HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն կորոնավիրուսի պատճառով փակել է մուտքը Եվրոպայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպայի հետ ԱՄՆ ցանկացած կապ, ներառյալ ծովային և օդային փոխադրումը, 30 օրով փակվում է։ Նպատակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարն է։ Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։ Սահմանափակումն ուժի մեջ կմտնի ուրբաթ կեսգիշերին։

Քաղաքացիներին ուղղված իր ուղերձում, որը նվիրված է եղել կորոնավիրուսի տարածմանը, Թրամփը հայտարարել է, որ «կտրուկ, սակայն անհրաժեշտ սահմանափակումները» չեն տարածվի Մեծ Բրիտանիայի վրա, որտեղ առկա է կորոնավիրուսի 460 հաստատված դեպք։ Նրա խոսքերով՝ Եվրամիությունը չի կարողացել ձեռնարկել անվտանգության այն միջոցառումները, ինչն անում է ԱՄՆ-ն։ ԱՄՆ ներքին գործերի նախարարության կայքում նշվում է, որ արգելքը տարածվում է Շենգենյան գոտում գտնվող բոլոր երկրների վրա։ 

Թրամփը կոչ է արել նաև Կոնգրեսին՝ թեթևացնելու հարկային բեռը, որը կարող է խնդիր հանդիսանալ ԱՄՆ տնտեսության համար՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ «Ես կոչ եմ անում Կոնգրեսին ամերիկացիներին անմիջապես տրամադրել եկամտահարկին համարժեք արտոնություններ»,- հայտարարել է Թրամփը։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր, որ նոր կորոնավիրուսի տարածումը հասել է աշխարհավարակի մակարդակի, քանի որ վիրուսի աշխարհագրական սահմանները ներառում են աշխարհի երկրների մեծ մասը։

Մինչ այս պահն ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1135 դեպք, 38 հիվանդներ էլ մահացել են։ Իշխանությունները հայտարարում են, որ ԱՄՆ բնակչության վարակման ռիսկը ցածր է, սակայն անհանգստություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ մարտ ամսվա սկզբին ԱՄՆ-ում հաստատվեցին COVID-19 վիրուսի նոր դեպքեր։

Կորոնավիրուս օջախ է հայտնաբերվել Նյու Յորքից հյուսիս գտնվող Նյու Ռոշել արվարձանում։ Այնտեղ են ուղարկվել զինվորականներ՝ տեղացիներին օգնելու նպատակով։ Ազգային գվարդիան էլ ապրանքներ է մատակարարում ինքնամեկուսման մեջ գտնվող քաղաքացիներին։ Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել է Նյու Ռոշելում ստեղծվող կորոնավիրուսի վարակման հատուկ գոտու մասին։ Վաշինգտոնում էլ չորեքշաբթի օրը հայտարարվել է արտակարգ դրություն։ Արգելվել է անցկացնել 1000 մարդը գերազանցող ցանկացած միջոցառում։ Բացի այդ, քաղաքապետարանին վերապահվել է իրավունք այս կամ այն առանձին շրջաններում և թաղամասերում ստիպողաբար հայտարարել կարանտին։ Նախատեսվող բոլոր խոշոր տոնակատարությունները և փառատոնները չեղարկվել են։ Արտակարգ դրությունը հայտարարվել է մինչև մարտի 31-ը։

Մարտի 12-ին էլ պարզ է դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (National Basketball Association - NBA) «Յուտա Ջազ» (Utah Jazz) ակումբի կենտրոնական Ռուդի Գոբերի մոտ։ Ֆրանսիացի խաղացողը թեստը հանձնել էր «Օկլահոմա Սիթի Թանդեր»-ի հետ արտագնա խաղից առաջ: Այն բանից հետո, երբ ստացվել են Գոբերի թեստի արդյունքները, NBA-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կանոնավոր առաջնության խաղերը անժամկետ հետաձգվում են:

Այսօր առավոտյան պարզ էր դարձել նաև, որ կորոնավիրուս է հայտնաբերվել հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսի և նրա կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի մոտ, որոնք գտնվում էին Ավստրալիայում։ Թոմ Հենքսը և նրա կինը դիմել էին բժշկական օգնության, երբ Քվինսլենդում նրանց մոտ հայտնաբերվել էին մրսածության ախտանիշներ։ Ներկայումս ամուսնական զույգը գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Ինչ վերաբերում է Եվրոպա աշխարհամասին, ապա Իտալիայում փակվել են բոլոր խանութները՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների։ Որոշումն ուժի մեջ կմնա մինչև մարտի 25-ը։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Փակվել են նաև բարերը, սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները և գրասենյակների մեծ մասը։ Ամբողջ երկրում կարանտինի հայտարարումից հետո էլ փակվել էին երկրի բոլոր ուսումնական հաստատությունները։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսով կարող է վարակվել Գերմանիայի բնակչության շուրջ 70 %-ը. Այսինքն մոտ 58 միլիոն մարդ։ Մերկելը կոչ է արել ցուցաբերել համերաշխություն պետության կողմից իրականացվող առողջապահական քաղաքականությանը։

Դանիայի կառավարությունն էլ որոշել է փակել երկրի բոլոր դպրոցները, համալսարանները և մանկապարտեզները։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ չորեքշաբթի օրը Կոպենհագենում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ Բացի այդ վարչապետի կարգադրությամբ ուրբաթ օրվանից տուն կուղարկվեն նաև պետական հատվածի բոլոր այն ծառայողները, որոնց աշխատանքը չունի կրիտիկական կարևորություն։ Վերջին տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի 340 դեպք։

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 128 058-ի, մահացածների թիվը՝ 4717-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 68 337-ի։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter