
Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուս. վարչապետը չի բացառում արտակարգ դրություն հայտարարելը
Կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով` թվի ավելացում չկա, երևանյան վարակակիրը ևս 28 դեպքի մեջ է մտնում, այսինքն՝ մեկուսացված է:
«Գիշերն աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում հասկանալու` ովքեր են կոնտակտավորները, որպեսզի նրանց մեկուսացնենք, մեկուսացման աշխատանքներն իրականացվել են և իրականացվում են»,- ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկա մեկուկես-երկու ժամվա ընթացքում Կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն:
«Եթե խորդակցության արդյունքներով որոշվի, որ պետք է Հանրապետությունում կամ նրա առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարել, կկայացվի նաև այդ որոշումը»,- ասաց նա: Փաշինյանը վստահեցրեց, որ արտակարգ դրությունը հանրության կյանք շատ փոփոխություններ չի բերելու:
«Ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի, ինչպես երեկ երեկոյանից անում ենք դա Էջմիածնում»,- ասաց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց` Կառավարությունը պարենային ապրանքների հետ կապված խնդիր չունի, ուստի պետք չէ չափազանցված գնումներ կատարել:
Հիշեցնենք նաև՝ ավելի վաղ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ իր ու տիկնոջ` Աննա Հակոբյանի հանձնած կրկնակի թեստի պատասխանները բացասական են, հետևաբար նրանք չեն վարակվել, ինչից հետո Փաշինյանը Սևանից վերադարձել է Երևան` աշխատանքի:
Մեկնաբանել