
Էջմիածնից դուրս եկող ճանապարհներին հերթեր են
Էջմիածին-Երևան գլխավոր ճանապարհին ավտոմեքենաների հերթը հասնում է մոտ 700 մետրի: Բժիշկները՝ ոստիկաննների հսկողությամբ, չափում են քաղաքից դուրս եկող բոլոր ավտոմեքենաների ուղևորների ու վարորդների մարմնի ջերմաստիճանը: Գրանցվում են 37 և բարձր ջերմաստիճան ունեցողների տվյալները:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ժամը 23:00-ից սկսած՝ Էջմիածին քաղաքի 27 ելքերից միայն 3-ը բաց կլինեն։ Բաց են Էջմիածնից Աշտարակ (Շահումյան գյուղի ուղղությամբ), Երևան և Մասիս (Ոսկեհատ գյուղի ուղղությամբ) գնացող ճանապարհները: Նշված հատվածներում տեղում քաղաքացիների ջերմաչափում է իրականացվում։
Վարորդները չեն դժգոհում ստեղծված իրավիճակից: Ավելին, լինում են դեպքեր, երբ ճանապարհին հերթապահություն իրականացնող բուժաշխատողին խնդրում են կրկնակի ջերմաչափում իրականացնել:
Քիչ ավելի ծանրաբեռնված են մյուս երկու ճանապարհները, որտեղ նույնպես հերթապահում են բժիշկները:
Գնալով քաղաքացիներն ավելի ուշադիր են դառնում նաև քաղաքի ներսում: Երեկվա համեմատ փողոցներում քիչ մարդ կա: Մարդկանց հետ զրույցներից պարզվեց, որ տնից դուրս են գալիս հիմնականում խիստ անհրաժեշտության դեպքում:
Մեկնաբանել