HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներ ջերմության և այլ գանգատով դիմողները քիչ են

Գավառի բժշկական կենտրոն

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բժշկական կենտրոն քչերն են դիմում ջերմության գանգատով։ Այսօր՝ 14:30-ի դրությամբ, ընդամենը երկուսն են եղել։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կորոնավիրուսի գրանցվող դեպքերից հետո այստեղ չի նկատվել ջերմությամբ կամ այլ գանգատով դիմող քաղաքացիների էական հոսք։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց  Գավառի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Կարապետյանը։ 

«Եթե հիվանդների մոտ կասկածելի ախտանշաններ հայտնաբերվեն կորոնավիրուսի հետ կապված, կուղարկենք Երևան։ Օրինակ՝ թոքաբորբի պարագայում։ Բայց դեռ նման ախտանշաններ չեն եղել։ Մեզ մոտ կորոնավիրուսի թեստավորում չի կատարվում»,- նշեց  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Ըստ նրա՝ հիվանդանոցն այսօր ունի անհրաժեշտ սարքավորումները նախնական հետազոտության համար։ «Հետազոտում են, թոքերն են լսում, ռենտգեն են անում։ Եթե կասկածելի ախտանշաններ չեն լինում, հիվանդները տուն են գնում՝ բուժումը շարունակելու տանը»,- ասաց Աշոտ Կարապետյանը։  Նրա խոսքով՝ հիվանդանոցի այցելուները հիմնականում Գավառից են։ 

Մարտունու բժշկական կենտրոն

Մարտունու բժշկական կենտրոն դիմողների թիվը ևս մեծ չէ։ Ըստ հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի՝ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերից հետո իրենց կենտրոնում ևս ջերմությամբ և այլ ախտանշաններով դիմողների թվի աճ չեն նկատել։ Եվ առայժմ կասկածելի ախտանշաններով հիվանդներ չեն եղել։ 

«Կասկածների դեպքում ուղարկում ենք Երևան։ Հիվանդանոցում կան համապատասխան սարքավորումները քաղաքացուն հետազոտելու համար։ Այժմ հիվանդանոց քաղաքացիների մուտքը հսկվում է, խստացված ռեժիմ է»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը։  

Վարդենիսի հիվանդանոց

Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը ևս հավաստիացնում է, որ խստորեն հսկում են այցելուների մուտք ու ելքը։

«Հիվանդանոցում տեսակցություններն արգելված են։ Կասկածելի դեպքեր չենք ունեցել։ Այսօր մեկ հոգի է դիմել ջերմության գանգատով, սակայն նրա մոտ այդ վիրուսային պատկերը չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Շահեն Շահինյանը։ 

Ըստ նրա՝ երբ քաղաքացին ջերմության, հազի կամ որևէ այլ գանգատով այցելում է հիվանդանոց, առաջինը ախտահանման աշխատանքներ են իրականացվում մուտքի մոտ, կատարվում է ռենտգեն հետազոտություն, թերապևտը զննում է հիվանդին։ «Եթե ինչ-որ կասկածելի խնդիրներ լինեն, ապա մենք պատկան մարմինների հետ կապ կհաստատենք։ Խուճապային տրամադրություն մեզ մոտ չկա»,- ասաց Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը։

Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Գայանե Էլիզբարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին օրերին ջերմության գանգատով դիմողներ եղել են, սակայն այստեղ էլ հոսքը մեծ չէ։

Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ հանրապետությունում այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվածության հաստատված 30 դեպք, որոնցից 1-ն արդեն առողջացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter