HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուս. Հայաստան (ժամանակագրություն)

2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում նոր շտամի կորոնավիրուսով (հայտնի դարձավ SARS-CoV-2 կամ 2019-nCoV անուններով) վարակվելու դեպքերը, որոնք երկրաչափական պրոգրեսիայով սկսեցին շատանալ, մտահոգվելու լուրջ առիթ տվեցին ամբողջ աշխարհի մասնագետներին: Այս վարակը կարող է հանգեցնել COVID-19 անունը ստացած սուր շնչառական հիվանդության, որը վատագույն դեպքում կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մարդու համար:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին պաշտոնապես հայտարարվեց մարտի 1-ին:

«Հետքն» այսուհետ կներկայացնի մեր երկրում կորոնավիրուսի տարածման ու ձեռնարկված միջոցառումների ժամանակագրությունը՝ սկսած հունվարի վերջից, երբ Հայաստանն անցավ ակտիվ գործողությունների: Մենք պարբերաբար կթարմացնենք տեղեկատվությունը՝ հենվելով միայն հավաստի եւ պաշտոնական ինֆորմացիայի վրա:

Կորոնավիրուսի վերաբերյալ «Հետքի» նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

DSC_7947.jpg (1.52 MB)

06.09.2020

Սեպտեմբերի 6-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 44.845 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +62), բուժվածները՝ 40.121 (+32), մահվան դեպքերը՝ 900 (+3): Վերջին մահացածները եղել են 70, 50 (տղամարդ), 65 (կին) տարեկան։ Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

Կորոնավիրուս. Հայաստան
Infogram

05.09.2020

Արցախում հաստատվել է 3 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 304, բուժվածները՝ 270: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: 

Սեպտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 44.783 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +134), բուժվածները՝ 40.089 (+266), մահվան դեպքերը՝ 897 (+2): Վերջին մահացածները եղել են 69 եւ 55 տարեկան կանայք։ Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

04.09.2020

Արցախում հաստատվել է 3 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 302, բուժվածները՝ 270: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: 

Խորհրդարանն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որը հնարավորություն է տալու չերկարաձգել արտակարգ դրության ժամկետը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն է տրվելու առանց արտակարգ դրության ժամկետը երկարացնելու հայտարարել կարանտին: Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող եւ վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխող ռեժիմ է, որը կարող է սահմանվել ՀՀ ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում: Կարանտին սահմանելու մասին որոշումը կարող է կայացնել կառավարությունը` հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում: Կարանտին սահմանելու լիազորությամբ կարող է օժտվել նաեւ մարզպետը, Երեւանի քաղաքապետը: 

Սեպտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 44.649 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +188), բուժվածները՝ 39.823 (+566), մահվան դեպքերը՝ 895 (+4): Վերջին մահացածները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) եւ 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Սեպտեմբերի 4-ի դրությամբ արձանագրվել է մահվան 275 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

03.09.2020

Սեպտեմբերի 3-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 44.461 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +190), բուժվածները՝ 39.257 (+402), մահվան դեպքերը՝ 891 (+4): Վերջին մահացածները եղել են 64 (տղամարդ), 81, 61 եւ 83 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Սեպտեմբերի 3-ի դրությամբ արձանագրվել է մահվան 272 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

02.09.2020

Արցախում հաստատվել է 7 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 295, բուժվածները՝ 265: Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի: ԱՀ պարետ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը որոշել է ելքի եւ մուտքի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Մարտունու շրջանի Նորշեն բնակավայրում: ԱՀ ոստիկանությունը տեղադրել է անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

Սեպտեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 44.271 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +196), բուժվածները՝ 38.855 (+224), մահվան դեպքերը՝ 887 (+3): Վերջին մահացածները եղել են 70 տարեկան 2 կին եւ 58-ամյա տղամարդ։ Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Սեպտեմբերի 2-ի դրությամբ արձանագրվել է մահվան 271 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

01.09.2020

Արցախում հաստատվել է 1 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 288, բուժվածները՝ 265: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: 

Սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 44.075 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +197), բուժվածները՝ 38.631 (+275), մահվան դեպքերը՝ 884 (+3): Սեպտեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է մահվան 269 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

31.08.2020

Օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 43.878 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +97), բուժվածները՝ 38.356 (+634), մահվան դեպքերը՝ 881 (+2): Վերջին մահացածները եղել են 64 (տղամարդ) եւ 67 (տղամարդ) տարեկան։ Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

30.08.2020

Արցախում հաստատվել է 6 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 287, բուժվածները՝ 262: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: 

Օգոստոսի 30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 43.781 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +31), բուժվածները՝ 37.722 (+72), մահվան դեպքերը՝ 879 (+2): Վերջին մահացածները եղել են 85 (տղամարդ) եւ 84 (կին) տարեկան։ Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 30-ի դրությամբ արձանագրվել է մահվան 268 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

29.08.2020

Արցախում հաստատվել է 6 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 281, բուժվածները՝ 252: Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի: 

Օգոստոսի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 43.750 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +124), բուժվածները՝ 37.650 (+87), մահվան դեպքերը՝ 877 (+5): Վերջին մահացածները եղել են 58 (տղամարդ), 82 (տղամարդ), 88 (տղամարդ), 70 (տղամարդ) եւ 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 29-ի դրությամբ արձանագրվել է մահվան 267 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

28.08.2020

Արցախում հաստատվել է 1 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 275, բուժվածները՝ 252: Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: 

Օգոստոսի 28-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 43.626 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +175), բուժվածները՝ 37.563 (+299), մահվան դեպքերը՝ 872 (+3): Վերջին մահացածները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) եւ 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

27.08.2020

ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» աշխատանքային խումբը որոշել է մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ, որն առաջիկայում Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Արցախում հաստատվել է 3 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 274, բուժվածները՝ 252: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի: 

Կառավարությունն ընդունեց նախագծերի փաթեթ, որով փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում։ «Օրենքների փաթեթը համապատասխան ժամկետներում ընդունելու դեպքում Հայաստանում մինչ սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը այլեւս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմափակումները»,- հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

ԱՆ-ն հայտնել է, թե փետրվարի 3–ից մինչեւ օգոստոսի 27–ը կատարված 200.507 թեստավորումները ինչ քանակով որ լաբորատորիաներում են կատարվել։ Լաբորատորիաները 11–ն են։ 

Օգոստոսի 27-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 43.451 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +181), բուժվածները՝ 37.264 (+276), մահվան դեպքերը՝ 869 (+5): Վերջին մահացածները եղել են 53, 55, 65, 72 (կին) եւ 65 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 27-ի դրությամբ արձանագրվել է մահվան 266 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

26.08.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առցանց ծնողական ժողովի ժամանակ հայտարարեց, որ եթե սեպտեմբերին բացվող կրթօջախներում անվտանգության կանոնները պահպանվեն, ապա երեխաները կստանան նորմալ կրթություն, չեն հիվանդանա, վիրուս չեն տարածի։ Նախարարը շեշտեց, որ պահպանվելու են ԱՆ-ի եւ պարետատան սահմանած կանոնները, որոնք վերաբերում են ինչպես ախտահանմանը, այնպես էլ սոցիալական հեռավորության պահպանմանը, դիմակների կրմանը։ Ըստ Հարությունյանի՝ այս կանոնները պահպանելով 95 %-ով կանխելու են վարակի տարածումը։ Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց, որ ուսուցիչները մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը կթեստավորվեն։

Օգոստոսի 26-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 43.270 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +203), բուժվածները՝ 36.988 (+262), մահվան դեպքերը՝ 864 (+3): Վերջին մահացածները եղել են 75 (կին), 98 (կին) եւ 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 26-ի դրությամբ արձանագրվել է մահվան 265 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

25.08.2020

Օգոստոսի 25-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 43.067 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +131), բուժվածները՝ 36.726 (+251), մահվան դեպքերը՝ 861 (+3): Վերջին մահացածները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) եւ 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 25-ի դրությամբ արձանագրվել է մահվան 264 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

24.08.2020

Արցախում հաստատվել է 1 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 271, բուժվածները՝ 249: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Օգոստոսի 24-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 42.936 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +111), բուժվածները՝ 36.475 (+426), մահվան դեպքերը՝ 858 (+4): Վերջին մահացածներից երկուսը կին են՝  61 եւ 67 տարեկան, երկուսը՝ տղամարդ՝ 65 եւ 70 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 24-ի դրությամբ արձանագրվել է մահվան 260 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

23.08.2020

Արցախում հաստատվել է 2 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 270, բուժվածները՝ 249: 

Օգոստոսի 23-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 42.825 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +33), բուժվածները՝ 36.049 (+58), մահվան դեպքերը՝ 854 (+2): Վերջին մահացածները եղել են 72 (կին) եւ 71 (կին) տարեկան։ Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 23-ի դրությամբ արձանագրվել է մահվան 256 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

22.08.2020

Օգոստոսի 22-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 42.792 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +176), բուժվածները՝ 35.991 (+84), մահվան դեպքերը՝ 852 (+2): Վերջին մահացածները եղել են 71 (տղամարդ) եւ 62 (տղամարդ) տարեկան։ Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 22-ի դրությամբ արձանագրվել է մահվան 255 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

21.08.2020

Օգոստոսի 21-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 42.616 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +139), բուժվածները՝ 35.907 (+214), մահվան դեպքերը՝ 850 (+8): Վերջին մահացածները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) եւ 60 (կին) տարեկան։ Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 21-ի դրությամբ արձանագրվել է մահվան 254 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

20.08.2020

Արցախում հաստատվել է 7 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 268, բուժվածները՝ 248: 

«Գնահատելով եւ համեմատելով նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը՝ կարող ենք հանգել, որ ունենք իրավիճակի կայունացում, եւ դրան նախորդող անկման միտումը կարծես թե դադարել է առնվազն 2-3 շաբաթվա համար։ Սակայն բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է ավելի քան կառավարելի, որեւէ խնդիր չունենք»,– կառավարության նիստում հայտարարել է ԱՆ Արսեն Թորոսյանը։ Նա նաեւ նշել է, որ Վանաձորի 2 խոշոր տեքստիլ գործարաններում նոր օջախներ են հայտնաբերվել։ 

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհի գումարը կազմում է 2 մլն դոլար։ 

Օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 42.477 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +158), բուժվածները՝ 35.693 (+217), մահվան դեպքերը՝ 842 (+6): Վերջին մահացածները եղել են 84, 85, 92, 51 տարեկան (կանայք), 82, 75 տարեկան (տղամարդիկ)։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 20-ի դրությամբ արձանագրվել է մահվան 253 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

19.08.2020

Արցախում հաստատվել է 6 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 261, բուժվածները՝ 248: Մահացել է 81-ամյա տղամարդ, որի մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 2 է:

Արցախում համավարակի կառավարելի իրավիճակի դեպքում հանրակրթական դպրոցներում դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին, իսկ բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Մագիստրատուրայում սողովորողների համար կպահպանվի ուսուցման առցանց ռեժիմը: 

Օգոստոսի 19-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 42.319 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +263), բուժվածները՝ 35.476 (+250), մահվան դեպքերը՝ 836 (+3): Օգոստոսի 19-ի դրությամբ արձանագրվել է մահվան 251 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

18.08.2020

Արցախում հաստատվել է 1 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 255, բուժվածները՝ 248:

ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն» ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում մինչ այս կատարված աշխատանքները։

Հրապարակվել է պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումների եւ կանոնների վերաբերյալ։ Դրանք վերաբերում են կրթությանը, տարբեր միջոցառումների անցկացմանը, դիմակ կրելուն: Պարետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելուց հետո սահմանված կարգով ինքնամեկուսացված անձը կարող է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն եւ բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Օգոստոսի 18-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 42.056 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +210), բուժվածները՝ 35.226 (+244), մահվան դեպքերը՝ 833 (+1): Վերջին մահացած եղել է 70 տարեկան կին եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 18-ի դրությամբ արձանագրվել է մահվան 249 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

17.08.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում: Առաջին կուրսի ուսանողները դասի կգնան սեպտեմբերի 1-ից, իսկ մյուսները՝ ամսի 15-ից:

Օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 41.846 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +145), բուժվածները՝ 34.982 (+27), մահվան դեպքերը՝ 832 (+8): Վերջին մահացածները (4 կին եւ 4 տղամարդ) եղել են 65, 82, 70, 91, 71, 69, 84 եւ 79 տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 17-ի դրությամբ արձանագրվել է մահվան 245 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

16.08.2020

Արցախում հաստատվել է 2 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 254, բուժվածները՝ 248:

Օգոստոսի 16-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 41.701 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +38), բուժվածները՝ 34.655 (+71), մահվան դեպքերը՝ 824 (+6): Վերջին մահացածները (4 կին եւ 2 տղամարդ) եղել են 72, 82, 59, 82, 74 եւ 45 տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 16-ի դրությամբ արձանագրվել է մահվան 244 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

15.08.2020

Արցախում հաստատվել է 1 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 252, բուժվածները՝ 243:

Ռուսաստանում արտադրվել է COVID-19-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այն դեռեւս պետք է անցնի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որն իրականացվելու է մի քանի հազար կամավորների վրա։ 

Օգոստոսի 15-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 41.663 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +168), բուժվածները՝ 34.584 (+100), մահվան դեպքերը՝ 818 (+1): Վերջին մահացածը եղել է 30 տարեկան տղամարդ եւ չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 15-ի դրությամբ արձանագրվել է մահվան 243 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

14.08.2020

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ զբոսաշրջության ոլորտի շրջանառությունն այս տարի 70 %-ով նվազել է, այդուհանդերձ, նախարարն աշնան վերջին զբոսաշրջիկների հոսք է կանխատեսում։ Էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսական անկումը կկազմի շուրջ 5 %։

Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ՝ սահմանվել են այն դեպքերը, երբ կարելի է դիմակ չկրել: 

Օգոստոսի 14-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 41.495 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +196), բուժվածները՝ 34.484 (+320), մահվան դեպքերը՝ 817 (+3): Վերջին մահացածները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) եւ 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 14-ի դրությամբ արձանագրվել է մահվան 242 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

13.08.2020

Կառավարությունը հաստատեց աջակցության 23-րդ եւ 24-րդ ծրագրերը, որոնցից առաջինով օգնություն կստանա զբոսաշրջային ոլորտը, իսկ երկրորդով՝ գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները: 

Օգոստոսի 13-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 41.299 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +276), բուժվածները՝ 34.164 (+267), մահվան դեպքերը՝ 814 (+5): Վերջին մահացածները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) եւ 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 239 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

12.08.2020

Կառավարությունն արտահերթ նիստում որոշեց մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն, երկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը: Այդուհանդերձ, գործադիրը սահմանափակումների որոշ մեղմացումներ կատարեց: Օրինակ՝ վերացվում է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը մեր երկիր, սակայն եկողները պետք է 14 օրով ինքնամեկուսանան կամ էլ հանձնեն ՊՇՌ թեստ եւ ունենան բացասական արդյունք, վերացվում են նաեւ ընտանեկան արարողություններ եւ ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ մասնակցելու սահմանափակումները: Այդպիսի միջոցառումները այսուհետ կարող են անցկացվել առավելագույնը 40 մասնակցով: Անձնական մեքենաներում, բնության գրկում այլեւս պարտադիր չի լինի դիմակ կրելը, թույլատրվում են հավաքներն ու գործադուլները, որոնք, սակայն, պետք է անցկացվեն դիմակի կրմամբ եւ սոցիալական հեռավորության պահպանմամբ, թույլատրվելու է կենդանի երաժշտությունը բացօթյա միջոցառումների ժամանակ: Որոշ դեպքերում թույլատրվելու են ֆիլմերի դիտումն ու սպորտային խաղերի անցկացումը: ԱԺ-ում պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ բուհերի դասապրոցեսի վերաբերյալ պարետատունը վերջնական որոշում չունի. քննարկվող մոդելը հիբրիդային է, ենթադրում է եւ՛ առկա, եւ՛ հեռավար ուսման եղանակներ: Առաջիկա օրերին որոշումը կկայացվի: Մյուս կողմից՝ հայտնի է, որ դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից:   

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում ներկայացրեց «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ, որին կողմ էր նաեւ ԲՀԿ-ն, սակայն այն չընդունվեց

Առողջապահության նախարարը հաստատել է COVID-19-ի բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու դրույթները: 

Օգոստոսի 12-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 41.023 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +229), բուժվածները՝ 33.897 (+405), մահվան դեպքերը՝ 809 (+3): Օգոստոսի 12-ի դրությամբ արձանագրվել է մահվան 238 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

11.08.2020

Օգոստոսի 11-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 40.794 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +201), բուժվածները՝ 33.492 (+335), մահվան դեպքերը՝ 806 (+3): Օգոստոսի 11-ի դրությամբ արձանագրվել է մահվան 234 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

10.08.2020

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» ՓԲԸ–ում (Նուբարաշենի հոգեբուժարան) հայտնաբերել են կորոնավիրուսի կանխարգելմանն առնչվող մի շարք թերություններ։ 

Արցախում հաստատվել է 1 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 251, բուժվածները՝ 227:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ Գորիսում միաժամանակ կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն՝ դրանցում արձանագրված խախտումների հիմքով։ Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։

Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 40.593 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +160), բուժվածները՝ 33.157 (+541), մահվան դեպքերը՝ 803 (+7): Վերջին մահացածները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) եւ 67 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 234 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

09.08.2020

Օգոստոսի 9-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 40.433 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +23), բուժվածները՝ 32.616 (+96), մահվան դեպքերը՝ 796 (+5): Վերջին մահացածները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) եւ 81 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

08.08.2020

Արցախում հաստատվել է 2 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 250, բուժվածները՝ 213:

Օգոստոսի 8-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 40.410 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +225), բուժվածները՝ 32.520 (+125), մահվան դեպքերը՝ 791 (+6): Վերջին մահացածները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) եւ 59 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

07.08.2020

ՄԻՊ աշխատակազմը հայտնել է, որ Արման Թաթոյանի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների քննարկմանը արդյունքները ուղարկվել են պարետատուն: Թաթոյանը նշել էր, որ հավաքների ազատության սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարիչը հայտնել է, որ տարեկան 3 միլիոն ուղեւորաշրջանառությունը կրճատվել է 98 տոկոսով։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ ավիացիոն անվտանգության աշխատակիցները շրջիկ ծառայություն կիրականացնեն եւ ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձեւով կջերմաչափեն ուղեւորներին, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կերպով կախտահանվեն

Օգոստոսի 7-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 40.185 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +200), բուժվածները՝ 32.395 (+387), մահվան դեպքերը՝ 785 (+8): Վերջին մահացածները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) եւ 51 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

06.08.2020

Օգոստոսի 6-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 39.985 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +166), բուժվածները՝ 32.008 (+452), մահվան դեպքերը՝ 777 (+5): Վերջին մահացածները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) եւ 89 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

05.08.2020

Արցախում հաստատվել է 1 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 248, բուժվածները՝ 189:

Պարետատան նիստից հետո պարետ Տ. Ավինյանը հայտարարել է, որ արտակարգ դրության ժամկետը եւս մեկ անգամ կերկարացվի, սակայն սահմանափակումները կմեղմացվեն: «Մասնավորապես վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասել է նա՝ հավելելով, որ ունեն մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով են վերաբացելու հանրակրթական օջախներն ու բուհերը։ Իր հերթին ԱՆ Ա. Թորոսյանը հայտնել է, որ ծանր վիճակում է 300, ծայրահեղ ծանր՝ 68 քաղաքացի, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի: Կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող 20 բուժհաստատությունների թիվը հասցվել է 15-ի: Եվս 2-ը մոտ օրերին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին:

Օգոստոսի 5-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 39.819 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +233), բուժվածները՝ 31.556 (+706), մահվան դեպքերը՝ 772 (+2): Վերջին մահացածները եղել են 82 (կին) եւ 62 (տղամարդ) տարեկան: Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 5-ի դրությամբ արձանագրվել է մահվան 228 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

04.08.2020

Արցախում հաստատվել է 4 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 247, բուժվածները՝ 181:

Օգոստոսի 4-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 39.586 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +288), բուժվածները՝ 30.850 (+478), մահվան դեպքերը՝ 770 (+2): Վերջին մահացածները եղել են 64 (տղամարդ) եւ 63 (կին) տարեկան: Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

03.08.2020

Արցախում հաստատվել է 4 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 243, բուժվածները՝ 179:

Վարչապետի աշխատակազմը եւ մի շարք գերատեսչություններ օրենսդրական փոփոխություններ են մշակում, որպեսզի հնարավոր լինի այս ամիս չերկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը: Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» եւ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքներին։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիր։ 

Օգոստոսի 3-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 39.298 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +196), բուժվածները՝ 30.372 (+511), մահվան դեպքերը՝ 768 (+6): Վերջին մահացածները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) եւ 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

02.08.2020

Արցախում հաստատվել է 2 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 239, բուժվածները՝ 167:

ԱԱՏՄ-ն հայտնեց, որ ոչ աշխատանքային օրով ուժեղացված վերահսկողական աշխատանքներ է կատարել Ծաղկաձորում, եւ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ են արձանագրվել։ Մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվեն պարետին։

Օգոստոսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 39.102 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +52), բուժվածները՝ 29.861 (+111), մահվան դեպքերը՝ 762 (+8): Վերջին մահացածները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) եւ 57 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Օգոստոսի 2-ի դրությամբ արձանագրվել է մահվան 228 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

01.08.2020

Արցախում հաստատվել է 1 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 237, բուժվածները՝ 167:

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հանվել է այն դրույթը, որ առավոտյան 10։00-12։00-ն պետք է սպասարկվեն միայն կենսաթոշակային տարիքի անձինք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը առողջապահության ոլորտի ճգնաժամ է, որը պատահում է հարյուր տարին մեկ անգամ, եւ որի ազդեցությունը կզգացվի տասնամյակներ շարունակ։ 

Օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 39.050 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +209), բուժվածները՝ 29.750 (+193), մահվան դեպքերը՝ 754 (+5): Վերջին մահացածները եղել են 80 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 72 (կին) եւ 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

31.07.2020

Արցախում հաստատվել է 4 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 236, բուժվածները՝ 167:

ՄԻՊ Արման Թաթոյանը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկմանը, անդրադառնալով հավաքների ազատության սահմանափակումներին, նշել է, որ դրանց հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:

Կառավարությունում ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ պատրաստման փուլում է այս բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը: 

Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 38.841 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +291), բուժվածները՝ 29.557 (+560), մահվան դեպքերը՝ 749 (+11): Վերջին մահացածները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) եւ 41 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

30.07.2020

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ կատարած այցի ընթացքում արձանագրել են, որ քրեակատարողական համակարգում առկա չէ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր:

Արցախում հաստատվել է 4 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 232, բուժվածները՝ 162: 

«Մինչեւ տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են եւ ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից»,- կառավարության նիստում ասաց վարչապետը։

Հուլիսի 30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 38.550 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +354), բուժվածները՝ 28.997 (+631), մահվան դեպքերը՝ 738 (+10): Վերջին մահացածները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) եւ 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 30-ի դրությամբ արձանագրվել է մահվան 228 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

29.07.2020

Արցախում հաստատվել է 11 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 228, բուժվածները՝ 162: 

Ճեպազրույցում վարչապետն ասել է, թե ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել, եւ հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում։ ԱՆ Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրել է, որ իրավիճակով պայմանավորված Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը եւ Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի 1-ից հավանաբար կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։

Հուլիսի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 38.196 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +259), բուժվածները՝ 28.366 (+542), մահվան դեպքերը՝ 728 (+5): Վերջին մահացածները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) եւ 55 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 29-ի դրությամբ արձանագրվել է մահվան 225 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

28.07.2020

Արցախում հաստատվել է եւս 2 դեպք, ընդհանուր թիվը՝ 217, բուժվածները՝ 154: Բժիշկների գնահատմամբ՝ 9 հիվանդի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության:

«Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոցում 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը, որոնցից 59-ը՝ 0-2 ամսական։ 

Սեւանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով: Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ողջ ընթացքում կիրառվում է առաջին անգամ։

Պարետի որոշմամբ՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով կստեղծվի մասնագիտական խումբ։

Հուլիսի 28-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 37.937 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +308), բուժվածները՝ 27.824 (+467), մահվան դեպքերը՝ 723 (+4): Վերջին մահացածները եղել են 83 (կին), 64 (կին), 84 (տղամարդ) եւ 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 28-ի դրությամբ արձանագրվել է մահվան 225 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

27.07.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավի ժամանակ ադրյունքում հուլիսի 22-ի դրությամբ հավաքվել է 800.030 դոլար, որից 695.244 դոլարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երեւանի եւ մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաեւ բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։

Արցախում վարակվածների թիվն ավելացել է 3-ով՝ հասնելով 215-ի, բուժվածների թիվը՝ 153: Բուժվողներից 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության: Արցախի նախագահի հրամանագրով ԱՀ պարետ է նշանակվել տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Մինչ այդ պարետի լիազորությունները կատարող պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունն առաջիկայում ԱԺ-ում առաջադրվելու է հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարել է, որ տարբեր կայքերի կողմից առաջարկվում են կանոնավոր չվերթների ավիատոմսեր, այնինչ երկու պետությունների միջեւ կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռեւս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները քննարկման փուլում են։ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաեւ ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տարեցների խնամքի կենտրոններում կորոնավիրուսով վարակվել է 297 շահառու, մահացել է 24-ը։ Այս մասին «Հետքին» հայտնել է նախարարությունը։

Հուլիսի 27-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 37.629 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +239), բուժվածները՝ 27.357 (+692), մահվան դեպքերը՝ 719 (+8): Վերջին մահացածները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) եւ 89 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 27-ի դրությամբ արձանագրվել է մահվան 223 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

26.07.2020

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է եւս 9 քաղաքացու մոտ, ընդհանուր թիվը՝ 212: 149 հոգի հաղթահարել է հիվանդությունը, փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:

Հուլիսի 26-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 37.390 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +73), բուժվածները՝ 26.665 (+221), մահվան դեպքերը՝ 711 (+6): Վերջին մահացածները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) եւ 56 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 26-ի դրությամբ արձանագրվել է մահվան 221 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

25.07.2020

Արցախում հաստատվել է վարակվածության 10 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 203-ի, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 104, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:

ԱՆ ներկայացրել է 2020 թ. մարտից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների շրջանակներում իրականացված փաստացի ծախսերը, որոնք կազմում են 5,8 մլրդ դրամ:  

Հուլիսի 25-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 37.317 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +321), բուժվածները՝ 26.478 (+235), մահվան դեպքերը՝ 705 (+5): Վերջին մահացածները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) եւ 77 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։  

24.07.2020

«Հետքը» պարզել է, որ հայկական թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին: 

Արցախում գրանցվել է 6 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 193, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:

Վարչապետ Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, թե հիմքեր կան պնդելու, որ ոչ միայն մտել ենք կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլեւ աշնանը կանխատեսվող հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ: «Բոլորիս համար էլ տհաճ է դիմակ կրելը, ժողովու՛րդ ջան, ինձ համար էլ է տհաճ, բայց ակնհայտ է, որ այս դինամիկան ունենք դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու շնորհիվ: Դիմակի կրումն անկյունաքարային նշանակություն ունի, մեր նպատակն ու խնդիրն է, որ աշնանը լինենք պատրաստ հնարավոր երկրորդ ալիքին»,- ասաց նա:

Հուլիսի 24-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 36.996 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +383), բուժվածները՝ 26.243 (+509), մահվան դեպքերը՝ 700 (+8): Վերջին մահացածները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) եւ 64 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 24-ի դրությամբ արձանագրվել է մահվան 220 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

23.07.2020

Արցախում հաստատվել է եւս 4 դեպք, ընդհանուր թիվը՝ 187: Բուժվածների թիվը՝ 144: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 76 քաղաքացի: 

Արցախի պարետի կայացրած որոշմամբ՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղեւորափոխադրումները պետք է կատարվեն հատուկ ընթացակարգով: Մեկ այլ որոշմամբ՝ ոստիկանությունը Մարտակերտի շրջանի Գետավան եւ Զագլիկ համայնքներից Հաթերք համայնք տանող ճանապարհների մուտքի մոտ տեղադրել է հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։ 

Գերմանիայից ժամանած բժշկական թիմն ավարտել է առաքելությունը ՀՀ-ում: Թիմն իր հետ բերել էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներ, նյութեր (PPE, դեղեր)։ Բժիշկներն աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնում եւ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում:

Հուլիսի 23-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 36.613 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +451), բուժվածները՝ 25.734 (+490), մահվան դեպքերը՝ 692 (+4): Վերջին մահացածները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) եւ 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 23-ի դրությամբ արձանագրվել է մահվան 218 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

22.07.2020

Արցախում հաստատվել է եւս 10 դեպք, ընդհանուր թիվը՝ 183: Բուժվածների թիվը՝ 144: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի: 

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ չնայած այս տարվա ապրիլին 70 հազար աշխատատեղ է կրճատվել, 2020 թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ ավելի շատ աշխատողներ կան: 

Եվրոպական միության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Հայաստան է առաքվել 28 հազար պաշտպանիչ բժշկական հանդերձանք եւ 20 հազար N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար: 

Կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի 56-ամյա բուժքույր Արմինե Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հուլիսի 22-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 36.162 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +469), բուժվածները՝ 25.244 (+478), մահվան դեպքերը՝ 688 (+10): Հուլիսի 21-ի դրությամբ արձանագրվել է մահվան 217 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

21.07.2020

Արցախում հայտնաբերվել է վարակվածության 2 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 173: 144 հոգի հաղթահարել է հիվանդությունը, փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 66 քաղաքացի:

Հուլիսի 21-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35.693 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +439), բուժվածները՝ 24.766 (+560), մահվան դեպքերը՝ 678 (+16): Վերջին մահացածները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) եւ 59 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 21-ի դրությամբ արձանագրվել է մահվան 217 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

20.07.2020

Արցախում կորոնավիրուսով ախտորոշվել է եւս 3 քաղաքացի, ընդհանուր թիվը դարձել է 171: 144 հոգի հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:

Հուլիսի 20-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35.254 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +273), բուժվածները՝ 24.206 (+704), մահվան դեպքերը՝ 662 (+12): Վերջին մահացածները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) եւ 89 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 20-ի դրությամբ արձանագրվել է մահվան 215 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

19.07.2020

Արցախում հաստատվել է վարակվածության եւս 1 դեպք, ընդհանուր թիվը՝ 168: 134 հոգի հաղթահարել է հիվանդությունը, փաստացի բուժում է ստանում 34 քաղաքացի: 

Հուլիսի 19-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 34.981 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +104), բուժվածները՝ 23.502 (+208), մահվան դեպքերը՝ 650 (+9): Վերջին մահացածները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) եւ 89 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 19-ի դրությամբ արձանագրվել է մահվան 209 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

18.07.2020

Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ հաստատվել է ընդհանուր 167 դեպք (+4), որոնցից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 33, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: COVID-19-ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, 4-ինն էլ՝ միջին ծանրության:

Հուլիսի 18-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 34.877 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +415), բուժվածները՝ 23.294 (+171), մահվան դեպքերը՝ 641 (+10): Վերջին մահացածները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) եւ 89 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 18-ի դրությամբ արձանագրվել է մահվան 205 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

17.07.2020

Հուլիսի 19-ին՝ Վարդավառի տոնին ընդառաջ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց. «Կոչ եմ անում եւ հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից: Տեղեկացնում եմ նաեւ, որ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով»: Նմանատիպ հայտարարություն տարածեց ոստիկանությունը: 

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 34.462 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +461), բուժվածները՝ 23.123 (+631), մահվան դեպքերը՝ 631 (+11): Վերջին մահացածները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) եւ 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 17-ի դրությամբ արձանագրվել է մահվան 201 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

16.07.2020

Կառավարության նիստում ԱՆ Արսեն Թորոսյանը հայտարարել է. «Ցավոք սրտի, դեռ բավական շատ թվեր են արձանագրվում, սակայն համեմատական անցկացնելով մոտավորապես երկու շաբաթվա վաղեմության թվերի եւ իրավիճակի հետ, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու եւ մեր քաղաքացիներին արագ եւ պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով մենք ունենք էական առաջընթաց։ Արդեն 4 օր է՝ չունենք տանը տեղափոխման սպասող քաղաքացի, ինչպես նաեւ բուժհաստատություններում քաղաքացիներ, որոնք սպասում են տեղափոխման»։ Ըստ նախարարի՝ ծայրահեղ ծանր եւ ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կրկին կայուն, տատանվում է 650-ի շուրջ, նաեւ մոտ 50 հոգի միացված է թոքերի օդափոխության սարքերին: 

Հուլիսի 16-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 34.001 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +442), բուժվածները՝ 22.492 (+561), մահվան դեպքերը՝ 620 (+13): Վերջին մահացածները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) եւ 63 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 16-ի դրությամբ արձանագրվել է մահվան 197 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

15.07.2020

Հուլիսի 15-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 33.559 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +554), բուժվածները՝ 21.931 (+583), մահվան դեպքերը՝ 607 (+15): Վերջին մահացածները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) եւ 83 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

14.07.2020

Արցախում հաստատվել է եւս 5 դեպք, ընդհանուր թիվը՝ 153։ Բուժվածների թիվը 124 է, փաստացի բուժվում է 29 հոգի։ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:

Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատող՝ մարդասիրական առաքելության շրջանակում աջակցելու Հայաստանի առողջապահական համակարգին։ Արդեն մեկ շաբաթից ավելի խումբն աշխատում է այն հիվանդանոցներում, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդները։ Նախատեսվում է, որ բուժանձնակազմը Հայաստանում կմնա երեք շաբաթ, որից հետո էլ կշարունակի հայաստանյան բուժաշխատողներին աջակցել խորհրդատվությամբ եւ դասընթացներով։ Իտալացի բժիշկներին հետեւել են գերմանացի եւ լեհ գործընկերները, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին՝ կրկին ի պատասխան ԱՀԿ-ի համաշխարհային կոչին։

Հուլիսի 14-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 33.005 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +515), բուժվածները՝ 21.348 (+619), մահվան դեպքերը՝ 592 (+11): Վերջին մահացածները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) եւ 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 14-ի դրությամբ արձանագրվել է մահվան 189 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

13.07.2020

Արցախում հաստատվել է վարակվածության 148 դեպք (+1), բուժվածները՝ 120: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի: 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:

Կառավարությունը որոշեց արտակարգ դրության ժամկետը երկարացնել մինչեւ օգոստոսի 12-ը՝ 17:00-ն ներառյալ: Խորհրդարանում պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ արդեն չորրորդ անգամ է երկարաձգվում արտակարգ դրության ժամկետը` ընդգծելով, որ երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացած չեն: Ըստ նախնական հաշվարկների` գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին 140 նոր արձանագրված վարակակիր կլինի: Պարետը նշեց, որ կարելի էր խստացնել միջոցները, սակայն այդ դեպքում կտուժեր տնտեսությունը:

Ըստ ոստիկանության՝ հուլիսի 12-ին արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 3013 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով կազմվել է 93712 արձանագրություն։ 

Հուլիսի 13-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 32.490 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +339), բուժվածները՝ 20.729 (+864), մահվան դեպքերը՝ 581 (+8): Վերջին մահացածները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) եւ 53 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 184 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

12.07.2020

Հուլիսի 12-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 32.151 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +182), բուժվածները՝ 19.865 (+232), մահվան դեպքերը՝ 573 (+8): Վերջին մահացածները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) եւ 74 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 12-ի դրությամբ արձանագրվել է մահվան 183 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

11.07.2020

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ իշխանությանը ներկայացրել 3 պահանջ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արտակարգ իրավիճակն Արցախում կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ:

Հուլիսի 11-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 31.969 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +577), բուժվածները՝ 19.633 (+214), մահվան դեպքերը՝ 565 (+6): Հուլիսի 11-ի դրությամբ արձանագրվել է մահվան 182 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

10.07.2020

Արցախում հաստատվել է եւս 4 դեպք, ընդհանուր թիվը՝ 146: Ապաքինվել է 116 հոգի, փաստացի բուժվում է 30 քաղաքացի, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, եւս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: Մյուսների վիճակը բավարար է: Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտարարել է, որ կորոնավիրուսի հետեւանքով հանրապետության տարածքում զբոսաշրջությանը  պատճառված տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագիր է մեկնարկում:

Նիդերլանդների ԱԳՆ-ն որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200.000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն: 

Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստանը աջակցություն է տրամադրել՝ կանխելու քրեակատարողական հիմնարկներում վարակի լայն տարածումը եւ ապահովելու բանտերում մարդու կյանքի ու առողջության իրավունքի պաշտպանությունը: Աջակցության շրջանակներում կազմակերպվելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումների բժշկական անձնակազմի վերապատրաստում, ՔԿՀ-ներին հատկացվել են համակարգիչներ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհի երկրների մեծ մասում կորոնավիրուսը չի վերցվել հսկողության տակ, եւ իրավիճակը գնալով խորանում ու վատթարանում է։ Նա նշել է, որ վերջին վեց շաբաթների ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկնապատկվել է։

Հուլիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 31.392 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +489), բուժվածները՝ 19.419 (+710), մահվան դեպքերը՝ 559 (+13): Վերջին մահացածները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) եւ 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 180 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

09.07.2020

«Հետքը» պարզել է, որ ՀՀ-ում բժիշկներին տրամադրվող հանդերձանքը չունի պարտադիր պետական գրանցում, այնինչ ենթակա է պարտադիր գրանցման: 

Կառավարության նիստում վարչապետը հայտնել է, որ ծավալվել են ռեկորդային թվով թթվածնային կետով մահճակալներ՝ 1488 հատ։ ԱՆ Ա. Թորոսյանն էլ նշել է, որ հոսպիտալացման ենթակա ու տանը սպասող հիվանդ չկա:

Արցախում հաստատվել է եւս 1 դեպք, ընդհանուր թիվը՝ 142: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, եւս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է: Բուժվածների թիվը 113 է:   

Կառավարությունը հավանություն տվեց այն նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է ֆրանսիացի բժիշկների առաքելությունների թեմայով հրապարակումներին՝ նշելով, որ ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են դրանց կայացումն ու կազմակերպումը։

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 80575  արձանագրություն, իսկ հուլիսի 8-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3089 դեպք։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 100 միլիոն դրամ կհատկացվի COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կստեղծի փորձագետների խումբ, որը կուսումնասիրի կազմակերպության գործողությունները, ինչպես նաեւ այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են աշխարհի պետությունների կառավարությունների կողմից՝ ի պատասխան կորոնավիրուսի համավարակի։

Հուլիսի 9-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 30.903 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +557), բուժվածները՝ 18.709 (+709), մահվան դեպքերը՝ 546 (+11): Վերջին մահացածները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) եւ 85 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 9-ի դրությամբ արձանագրվել է մահվան 177 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

08.07.2020

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւս վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ԱԺ-ում հայտնել է պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մի շարք խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց հնարավորություն է տրվում հանրային բաց տարածքներում դիմակ չկրել, եթե վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող փաստաթուղթ:

Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը հերքել է այն տեղեկությունները, թե բժիշկները վարձատրվել են իրենց աշխատանքի համար: «Ես չեմ հավատում դրան, սրտխառնոց առաջացնող լուր է, մեզնից ոչ մեկը չի վճարվել»,- «Հետքին» փոխանցել է պրոֆեսորը:

Հուլիսի 8-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 30.346 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +526), բուժվածները՝ 18.000 (+573), մահվան դեպքերը՝ 535 (+14): Վերջին մահացածները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) եւ 63 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 8-ի դրությամբ արձանագրվել է մահվան 170 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

07.07.2020

Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ հաստատվել է եւս 1 դեպք, փոխարենը առողջացածների թիվն ավելացել է 2-ով: Մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի: 

Ոստիկանությունը հիշեցրել է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ, այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 74.548 արձանագրություն, իսկ հուլիսի 6-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3437 դեպք։

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է դիմակ չդնելու համար տուգանքը բարձրացնելու նախագիծը:

Հուլիսի 7-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 29.820 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +535), բուժվածները՝ 17.427 (+520), մահվան դեպքերը՝ 521 (+18): Վերջին մահացածները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) եւ 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 7-ի դրությամբ արձանագրվել է մահվան 164 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

06.07.2020

Երեւանում տեղադրվել են անվճար դիմակ բաժանելու կետեր: Ն. Փաշինյանը հայտնել է, որ ներկայում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան:

Առողջապահության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները, որոնք ամփոփ ներկայացրել է մեկ տեղեկանքում: 

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման ընդհանուր 137 դեպք, իսկ հուլիսի 5-ին՝ 1 դեպք. Իջեւանի բնակչուհիներից մեկը կենցաղային պատճառներով տնից դուրս է եկել։ Այդ փաստով կազմվել է արձանագրություն։

Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ԱՆ Ա. Թորոսյանը նշել է, որ կատարված թեստերի 30 տոկոսի դեպքում պատասխանը դրական է: «Լավ է, որ այդ առումով աճ չկա, բայց վատ է, որ բացարձակ առումով այդ թվերը մնում են բարձր: Երեկվա դրությամբ մեր մահճակալային ընդհանուր ֆոնդն արդեն հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, դրանց մեծ մասը հագեցած է թթվածնային կենտրոնական մատակարարումով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներն են: Զբաղվածությունը շատ բարձր է, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում: Ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների ընդհանուր թիվը մոտ 650 է, նրանցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սաքրերի տակ»:

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է կրկնապատկել դիմակ չկրելու համար տուգանքի չափը` 10 հազար դրամից դարձնելով 20 հազար դրամ: Իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելը, ըստ նախագծի, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50 հազար դրամ:

Հուլիսի 6-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 29.285 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +349), բուժվածները՝ 16.907 (+605), մահվան դեպքերը՝ 503 (+12): Վերջին մահացածները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81 (տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) եւ 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 6-ի դրությամբ արձանագրվել է մահվան 164 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

05.07.2020

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ եւս 6 դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը՝ 135: Բուժվել է 101, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 34 քաղաքացի: Մահվան դեպքեր չկան: 

Հուլիսի 5-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 28.936 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +330), բուժվածները՝ 16.302 (+162), մահվան դեպքերը՝ 491 (+7): Վերջին մահացածները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) եւ 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 5-ի դրությամբ արձանագրվել է մահվան 159 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

04.07.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիրն» անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր օգտակարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:

Պարետատունը հրապարակել է վարակակիրների տեղորոշումն իրականացնող ծրագիրը մշակողների անունները: Այդուհանդերձ, առկախ են մնում այդ ծրագրի անվտանգությանն ու աուդիտին առնչվող հարցերը։

Հուլիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 28.606 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +706), բուժվածները՝ 16.140 (+205), մահվան դեպքերը՝ 484 (+7): Վերջին մահացածները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) եւ 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 4-ի դրությամբ արձանագրվել է մահվան 158 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

03.07.2020

Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ հանրապետությունում գրանցվել է եւս 4 դեպք, ընդհանուր թիվը՝ 129: Բուժման մեջ գտնվող 28 քաղաքացիներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի խրոնիկ հիվանդություններ եւ երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:

Սպիտակի ԲԿ-ն միացել է համավարակի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից 15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։ ԱՆ Թորոսյանի այցի ժամանակ ԲԿ-ն արդեն 6 հիվանդ էր ընդունել։ 

Լիտվացի բուժաշխատողներն ավարտել են իրենց առաքելությունը ՀՀ-ում: 11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել երկու շաբաթ առաջ` իր հետ բերելով բժշկական պաշտպանիչ պարագաներ, սարքավորումներ եւ Covid-19-ի ախտորոշման թեստեր: Պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսը ԱՆ-ում ներկայացրել է իրենց դիտարկումները, եզրակացությունները եւ արել առաջարկներ:

Հուլիսի 3-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 27.900 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +580), բուժվածները՝ 15.935 (+451), մահվան դեպքերը՝ 477 (+8): Վերջին մահացածները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) եւ 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 3-ի դրությամբ արձանագրվել է մահվան 157 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

02.07.2020

Կառավարության նիստում Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, սակայն կան մեկ-երկու տեղեր բուժհիմնարկներում, եւ կարողանում են դրանց հաշվին ծանր ու ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվը գումարային մոտ 650 հոգի է, նրանցից 44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Ըստ Թորոսյանի՝ առավոտյան 09։00-ի դրությամբ կա հոսպիտալացման սպասող 11 հոգի, որից 4-ը՝ միջին ծանրության, 7-ը՝ թեթեւ։ Խոսելով հնարավոր պատվաստանյութի եւ դրա ձեռքբերման մասին՝ նախարարը նշել է. «Աշխարհում արդեն 100-ից ավել թեկնածու-պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, բայց դրանցից մոտ 20-ը ավելի հավանական է, որ կդառնան, եւ նախնական փուլերի հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր, եւ լինելու են մի քանիսը։ Երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, այդ վակցինան ամենահավանական թեկնածուներից մեկն է»։

Արցախում գրանցվել է եւս 6 դեպք, ընդհանուր թիվը՝ 125: Առողջացել է 101 քաղաքացի: Մահվան դեպքեր չկան: Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է:

Խորհրդարանական ընդդիմությունը ձեւավորել է ժամանակավոր հանձնաժողով` կորոնավիրուսի տարածումը կանխելու եւ համաճարակի հետեւանքները վերացնելու ուղղությամբ կառավարության ու պարետատան իրականացրած աշխատանքների ուսումնասիրության համար:

Հուլիսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 27.320 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +662), բուժվածները՝ 15.484 (+448), մահվան դեպքերը՝ 469 (+10): Վերջին մահացածները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) եւ 62 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 2-ի դրությամբ արձանագրվել է մահվան 156 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

01.07.2020

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 300 հազար դոլարին համարժեք դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Դեռ ապրիլին «Տաշիր» հիմնադրամը եւս 100.000 ԱՄՆ դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանից վերադարձող ՀՀ քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը։

Արցախում գրանցվել է եւս 1 դեպք, առողջացել է եւս 14 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:

Մարտի 1-ից մինչեւ հունիսի 26-ը Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 248 բժիշկ, 510 բուժքույր եւ 191 մայրապետ։ Այս մասին «Հետքը» տեղեկացել է ԱՆ-ից: ԱՆ-ն հայտնել է, որ Երեւան է հասել ԱՀԿ-ի կողմից ԵՄ ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10.000 թեստ՝ աջակցելու Հայաստանի արձագանքմանը համավարակին: 

Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 26.658 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +593), բուժվածները՝ 15.036 (+473), մահվան դեպքերը՝ 459 (+6): Վերջին մահացածները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) եւ 78 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հուլիսի 1-ի դրությամբ արձանագրվել է մահվան 153 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

30.06.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին ուղարկած նամակում հայտնել է, որ Ֆրանսիան առաջիկայում Հայաստան կուղարկի բժիշկների երրորդ խումբը: «Այս ճգնաժամը նաեւ մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի»,- նշել է Մակրոնը: 

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսով ախտորոշված պացիենտներից մեկը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից եւ ստացել կոտրվածքներ: 

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է լիտվացի բուժաշխատողների խմբին: ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իտալիայից եւ Գերմանիայից նույնպես խմբեր կժամանեն:

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 132 դեպք, իսկ հունիսի 29-ին իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում՝ 5 դեպք, որոնց փաստերով հարուցվել է վարչական վարույթ։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն 100.000-200.000 դրամի չափով։ Եթե այդ կանոնների խախտման պատճառով առաջացել է անձի վարակում, անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացել է երկու կամ ավելի անձանց վարակում կամ անզգուշությամբ առաջացել է մարդու մահ, ապա հարցը տեղափոխվում է քրեական պատասխանատվության դաշտ։

Հունիսի 30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 26.065 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +523), բուժվածները՝ 14.563 (+515), մահվան դեպքերը՝ 453 (+10): Վերջին մահացածները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) եւ 76 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 30-ի դրությամբ արձանագրվել է մահվան 149 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

29.06.2020

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են։ Մայիսի 25-ին մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա եւ 6 դայակ։

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 52.476 արձանագրություն, իսկ հունիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1327 դեպք։ 

Գյումրու բժշկական կենտրոնի բակում հունիսի 29-ից գործում է թեստավորման տաղավար, որտեղ ցանկացողները կարող են ստուգվել արագ թեստերի միջոցով: 

Վարչապետն ամենօրյա ճեպազրույցում հայտնել է, որ հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 123 հիվանդ, ծանր վիճակում՝ 529 հիվանդ, 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահին կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր: «Այս վիճակագրության հեղինակները մենք ենք՝ բոլորս, եւ մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը: Յուրաքանչյուրիցս պահանջվում է մեր անհատական ջանքը, եւ ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել: Իմ կոչը շարունակում է մնալ նույնը՝ համախմբենք մեր ուժերը եւ բարձրացնենք մեր կարգապահությունը»,- հայտարարել է նա:

Հունիսի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 25.542 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +415), բուժվածները՝ 14.048 (+751), մահվան դեպքերը՝ 443 (+10): Վերջին մահացածները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) եւ 46 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 28-ի դրությամբ արձանագրվել է մահվան 147 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

28.06.2020

Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ ախտորոշվել է 118 քաղաքացի (+3): 87 հոգի առողջացել է: Մահվան դեպքեր չեն արձանագրվել: 

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացրել է, որ իրազեկման, մշտադիտարկման ու կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն եւ ճշգրիտ պահպանելուն։ Ըստ ԱԱՏՄ-ի՝ մարզերում եւ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները եւս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ 

ԱՆ Ա. Թորոսյանը հայտարարեց. «Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։ Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։ Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ»։

Հունիսի 28-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 25.127 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +482), բուժվածները՝ 13.297 (+181), մահվան դեպքերը՝ 433 (+7): Վերջին մահացածները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) եւ 67 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 28-ի դրությամբ արձանագրվել է մահվան 143 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

27.06.2020

Ոստիկանությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Ըստ ոստիկանության՝ կորոնավիրուսով վարակված Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը, խախտելով ինքնամեկուսացման պայմանները, իր մեքենայով Աբովյանում տաքսի ծառայություններ է մատուցել։ Ոստիկանները հայտնաբերել են 68-ամյա տղամարդուն, որի առողջական վիճակը նույն օրը վատթարացել է, եւ նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում։

Ոստիկանությունը նաեւ տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 49 հազար արձանագրություն։ 

Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ Գեւորգ Թամամյանը վստահ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում խոսափողը պետք է տրվի համաճարակաբաններին ու վարակաբաններին, որոնց կարծիքը շատ ավելի լսելի կլինի, քան քան ցանկացած նախարարի կամ պատգամավորի հորդորը:  

ԱՆ Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայկական բժշկական ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը։ Մասնագետները կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին եւ պատրաստակամություն հայտնել նախարարության հետ ստեղծել համագործակցության հարթակ: Ընդհանուր առմամբ, հավանություն տալով նեղ մասնագետների ներկայացրած առաջարկներին՝ Արսեն Թորոսյանը շեշտել է, որ առաջիկայում ակնկալում է դրանք տեսնել ավարտուն եւ գործնականում կիրառելուն պատրաստ:

Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների երկրորդ խմբի ղեկավար, պրոֆեսոր Լորան Փափազյանը «Հետքին» հայտնել է, որ բժիշկների խնդիրն է օգնել հնարավորինս հետաձգել այն պահը, երբ հիվանդները կմիացվեն շնչառական սարքերին, որովհետեւ այդքան շատ հնարավորություններ չկան։ 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մ. Գրիգորյանին խորհրդակցության արդյունքներով ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր-ռազմավարության մշակմանը:

Հունիսի 27-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 24.645 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +736), բուժվածները՝ 13.116 (+205), մահվան դեպքերը՝ 426 (+6): Վերջին մահացածները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) եւ 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 27-ի դրությամբ արձանագրվել է մահվան 139 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

26.06.2020

Կորոնավիրուսով վարակվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ու կինը: Սա պատգամավորների շրջանում 6-րդ դեպքն է:

Հունիսի 26-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 23.909 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +662), բուժվածները՝ 12.911 (+762), մահվան դեպքերը՝ 420 (+10): Հունիսի 26-ի դրությամբ արձանագրվել է մահվան 133 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

25.06.2020

Կառավարության նիստում ԱՆ Ա. Թորոսյանը հայտնեց, որ 09։00-ի դրությամբ կա 51 քաղաքացի, ովքեր կարիք ունեն տեղափոխվել կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը, մնացած 49-ը գտնվում են այլ հիվանդանոցներում: Ըստ Թորոսյանի՝ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը կայուն է, տատանվում է 600-ի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ՝ 502 հոգի ծանր վիճակում է, 113՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հոգի:

Գործադիրը հաստատեց 22-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի պատճառով աշխատաշուկայում գոյացած դժվարությունների հետեւանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած քաղաքացիներին: 

Արցախի ԱՆ-ն փոխանցեց, որ գրանցվել է եւս 3 դեպք, ընդհանուր՝ 113: 

Օրվա ընթացքում հայտնի դարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 2 պատգամավորների՝ Ծովինար Վարդանյանի եւ Հայկ Գեւորգյանի վարակման մասին: Մինչ այդ կորոնավիրուսով ախտորոշվել էր եւս 3 պատգամավոր: 

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսից մահացել է Մարտունու անձնագրային բաժնի պետը: Ոստիկանությունից էլ «Հետքին» հայտնել են, որ մարտի 23-ից կառույցի ստորաբաժանումներում արձանագրվել է վարակման 199 դեպք, որից 84-ը՝ առողջացած:

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 46610  արձանագրություն, իսկ հունիսի 24-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1710  դեպք։ Արտակարգ ռեժիմով ծառայությանը ներգրավված են նաեւ ԱԱԾ, ՀԿԱԾ եւ ՌՈ ծառայողները։ 

Հունիսի 25-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 23.247 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +759), բուժվածները՝ 12.149 (+814), մահվան դեպքերը՝ 410 (+13): Վերջին մահացածները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) եւ 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

24.06.2020

Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ գրանցվել է եւս 7 դեպք: Ստեփանակերտում էլ հայտնաբերվել է վարակի նոր օջախ: Վարակակիրների թիվը 110 է, առողջացածները՝ 77, մահվան դեպքեր չկան: Արցախի տեղեկատվական շտաբն էլ փոխանցել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Արցախում առողջապահական համակարգին է նվիրաբերել հիվանդանոցային 57 ֆունկցիոնալ մահճակալ՝ ներքնակներով, բարձերով եւ վերմակներով հանդերձ: Կազմակերպությունը նաեւ տրամադրել է ավելի քան 20 կաթիլային ներարկման շտատիվներ, քլորի փոշի եւ ձեռնոցներ:

Հունիսի 23-ի երեկոյան Հայաստան է ժամանել ֆրանսիացի բժիշկների նոր խումբ՝ ռեանիմատոլոգ Լորան Փափազյանի գլխավորությամբ։ Նրանք աջակցելու են հայ բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում, իրենց լավագույն փորձն ու գիտելիքները ներդնելու Հայաստանում՝ համավարակի հետեւանքով ստեղծված ճգնաժամի հաղթահարման համար։ 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: Թիերենի խոսքով՝ համավարակի մասին տեղեկատվությունն աշխարհում լիարժեք չէ, դրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնագետներն ու փորձագետները ներկայացնում են դրա դեմ պայքարի ոչ միանման տեսակետներ: Նրա խոսքով՝ միայն ժամանակի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր դառնում գտնել վարակի դեմ պայքարելու գործիքները:

ԱՆ Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մշակած թեստերը պատրաստ են. «Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման ԱՆ-ի կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար»։

Հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանից բացի՝ կորոնավիրուսով վարակվել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Քրիստինե Պողոսյանը: 

ԱՆ-ն առաջարկում է օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությունն իրավունք կունենա ՀՀ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցել ԱՆ-ին՝ անկախ դրանց ենթակայության եւ սեփականության ձեւից։ Նպատակը համակարգի կենտրոնացված կառավարում ունենալն է: 

«Գյումրի» ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը հայտնել է, որ 420 աշխատակիցներից վարակակիր է 17-ը, մոտ 40 հոգի ինքնամեկուսացած է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել ընդլայնել դեքսամետազոնի արտադրության ծավալները, որն արդյունավետ է COVID-19 տիպի կորոնավիրուսով հիվանդ պացիենտների շրջանում մահացության կրճատման հարցում։ ԱՀԿ-ի ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը նշել է, որ դեղամիջոցի պահանջարկը կտրուկ աճել է, երբ Օքսֆորդի համալսարանի գիտնականները հրապարակել են կորոնավիրուսի դեմ պայքարում դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություն։ 

Հունիսի 24-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 22.488 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +771), բուժվածները՝ 11.335 (+538), մահվան դեպքերը՝ 397 (+11): Վերջին մահացածները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) եւ 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 24-ի դրությամբ արձանագրվել է մահվան 131 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:  

23.06.2020

Արցախի ԱՆ-ն տեղեկացրել է, որ հանրապետությունում գրանցված դեպքերի թիվն ավելացել է 6-ով՝ հասնելով 103-ի: Առողջացել է 65 հոգի: 

ՍԱՏՄ-ն հայտնել է, որ նախորդ երկու օրերի ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով տեսչական մարմինը կասեցրել է սննդի շղթայի մոտ 200 կազմակերպությունների գործունեությունը, որոնք անփույթ ու անպատասխանատու վերաբերմունք են ունեցել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ: Դրանցից 8-ի աշխատանքը դադարեցվել է 72 ժամով. այս տնտեսավարողները պարետի որոշումների կրկնակի խախտողներ են:

Հայաստանում է ԱՀԿ առաքելությունը՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու եւ առաջարկներ անելու համար: ԱՀԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱՆ Արսեն Թորոսյանին: 

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Սա ԱԺ պատգամավորների շրջանում առաջին դեպքն է: 

Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնը «Հետքին» պատմել է մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի, խնդիրների եւ իրենց կողմից այստեղ կատարվող աշխատանքի մասին:

Հունիսի 23-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 21.717 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +711), բուժվածները՝ 10.797 (+653), մահվան դեպքերը՝ 386 (+14): Վերջին մահացածները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամարդ), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 23-ի դրությամբ արձանագրվել է մահվան 130 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:  

22.06.2020

ԱՆ-ն հայտնեց, որ հունիսի 21-ին Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը: Հայաստան են տեղափոխվել նաեւ ԱՆ-ին նվիրաբերված բժշկական սարքավորումներ եւ անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակը։ Նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։

Արցախի ԱՆ-ն փոխանցել է, որ վարակված 97 քաղաքացիներից 65-ն արդեն առողջացել են: 

ՍԱՏՄ-ն մշտադիտարկումներ է անցկացրել մայրաքաղաքի «Երեւան Սիթի» սուպերմարկետի ցանցի մասնաճյուղերում: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց մասին բոլոր արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Հունիսի 22-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 21.006 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +418), բուժվածները՝ 10.144 (+1013), մահվան դեպքերը՝ 372 (+12): Վերջին մահացածները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) եւ 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 22-ի դրությամբ արձանագրվել է մահվան 126 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

21.06.2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների երկրորդ խումբը, որը կղեկավարի հայտնի հայազգի բժիշկ Լորան Փափազյանը: Արդեն իսկ Հայաստան ժամանած 10 ֆրանսիացի բժիշկները իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են եւ հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Չինաստանից ժամանած բեռնատար ինքնաթիռով Հայաստան է բերվել թթվածին արտադրող 3 կայան: Դրանք կտեղադրվեն Նորքի ինֆեկցիոնում, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Մատակարարման փուլում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Ոստիկանության հոսպիտալի եւ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:

Հունիսի 21-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 20.588 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +320), բուժվածները՝ 9131 (+129), մահվան դեպքերը՝ 360 (+10): Վերջին մահացածները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) եւ 60 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 21-ի դրությամբ արձանագրվել է մահվան 117 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

20.06.2020

Արցախում եւս 1 հոգի ախտորոշվել է կորոնավիրուսով: Ըստ Արցախի ԱՆ-ի՝ վարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որից առողջացել է 63-ը:

Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» ու Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոններում: 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնել է, որ Երեւանի Էրեբունի վարչական շրջանում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ հիմնական խնդիրներն առնչվել են բենզալցակայաններին, որոշ չափով նաեւ շինանյութի խանութներին: Ոստիկանությունն էլ հաղորդեց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 951 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հունիսի 20-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 20.268 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +560), բուժվածները՝ 9002 (+148), մահվան դեպքերը՝ 350 (+18): Վերջին մահացածները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տղամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61 (տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) եւ 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 20-ի դրությամբ արձանագրվել է մահվան 114 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

19.06.2020

ԱՆ-ն անդրադարձել է կորոնավիրուսով վարակվածների բուժման համար դեքսամետազոն դեղամիջոցի կիրառմանը, որի դրական ազդեցության մասին հայտարարել էին բրիտանացի բժիշկները: ԱՆ-ն նշել է, որ հակացուցված է տվյալ դեղամիջոցի ձեռքբերումն ու կիրառումն առանց բժշկի դեղատոմսի: 

ՍԱՏՄ-ն հայտնել է, որ հունիսի 19-ին հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ սննդի շղթայում գործող կազմակերպությունների գործունեությունը: Ավելի վաղ նրանց մոտ հայտնաբերվել էին պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման եւ ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չեն ապահովել սեղանների եւ անձանց սոցիալական հեռավորությունը եւ այլն:

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության եւ փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների եւ փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տեւելու են 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաեւ բժշկական պաշտպանիչ պարագաներ եւ սարքավորումներ։

Հունիսի 19-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 19.708 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +551), բուժվածները՝ 8854 (+588), մահվան դեպքերը՝ 332 (+13): Վերջին մահացածները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 38 (կին), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ) եւ 56 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 19-ի դրությամբ արձանագրվել է մահվան 113 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

18.06.2020

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ կորոնավիրուսի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում, որտեղ համայնքներից մեկում հայտնաբերվել է 2 դեպք: 1 դեպք է գրանցվել նաեւ Հադրութի շրջանում: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը փոխանցեց, որ պարետի որոշմամբ Մարտակերտի շրջանի Չափար եւ Գետավան համայնքներում հունիսի 19-ի 12.00-ից կիրառվելու են մուտքի եւ ելքի ժամանակավոր սահմանափակումներ: 

Երեւանի քաղաքապետարանը հայտնեց այն մանկապարտեզների ցանկը, որոնք կաշխատեն եւ կընդունեն տվյալ վարչական շրջանում ապրող երեխաներին:  

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը եւ դրա շրջանակում աջակցության տրամադրման կարգը: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին: 

«Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներ ու սարքավորումներ բերող առաջին օդանավը, իսկ հունիսի 19-ին կժամանի եւս մեկը: Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրում 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական եւ 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք եւ այլ անհրաժեշտ պարագաներ:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների ու բժշկական կենտրոնների տնօրենների հետ՝ անդրադառնալով կազմակերպչական հարցերի:

Հունիսի 18-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 19.157 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +459), բուժվածները՝ 8266 (+706), մահվան դեպքերը՝ 319 (+10): Վերջին մահացածները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) եւ 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 18-ի դրությամբ արձանագրվել է մահվան 110 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

17.06.2020

Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ հանրապետությունում գրանցվել է եւս 12 դեպք, ընդհանուր թիվը՝ 91: 54 հոգի առողջացել է, մահվան դեպքեր չկան: 

Վարչապետի մամուլի խոսնակը «Հետքին» հայտնել է, որ պարետատունը եւ Երեւանի քաղաքապետարանը համաձայնության են եկել ժամանակավորապես դադարեցնել մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատանքը՝ թույլատրելով յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզի աշխատանքը՝ այդ վարչական շրջանի երեխաների համար։ Ըստ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ մինչեւ մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացումը, հարցումների արդյունքում ակնկալվում էր, որ հաճախելիությունը լինելու է մինչեւ 30 տոկոս, սակայն վերաբացվելուց հետո առաջին օրերին հաճախելիությունը մոտ 10 տոկոս է եղել, որը այս շաբաթների ընթացքում գնալով նվազել է մինչեւ 6-7 տոկոսի։

ՊԵԿ-ը տեղեկացրել է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը, որն ընդունվել էր հունիսի 15-ին: Կոմիտեն նաեւ հայտարարել է, որ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի եւ Հայաստանի միջեւ միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնել է բնականոն աշխատանքի։

ԱՆ Ռուստամ Բադասյանը նշել է, որ 12 ՔԿՀ-ներում կորոնավիրուսով վարակված միայն 1 դատապարտյալ կա, նա մեկուսացված է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Խոսքը հունիսի 6-ին ախտորոշված անձի մասին է, որը մինչ այդ գտնվում էր «Կոշ» ՔԿՀ-ում: 

Հունիսի 17-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 18.698 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +665), բուժվածները՝ 7560 (+746), մահվան դեպքերը՝ 309 (+7): Վերջին մահացածները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) եւ 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 17-ի դրությամբ արձանագրվել է մահվան 101 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

16.06.2020

Հայաստանի եւ Լիտվայի առողջապահության նախարարների առցանց տեսազրույցում գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ այս շաբաթ Լիտվայից Հայաստան ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր։ Լիտվայից ժամանող մասնագետների թիմը` 8 բուժաշխատող, 3 փորձագետ, Հայաստան կժամանի հունիսի 19-ին: Միաժամանակ բժշկական սարքեր եւ ախտորոշիչ թեստեր կնվիրաբերվեն մեր երկրին:

Վարչապետը նշել է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի շրջանակում պարետատունն ավելացնում է կորոնավիրուսի հակահամահաճարակային կանոնների պահպանմանը հետեւող կարգախմբերի թիվը: Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հունիսի 17-ից անձը հաստատող փաստաթուղթ իրենց մոտ չունենալու դեպքում կտուգանվեն 10 հազար դրամով: «Դիմակ չկրելու համար վարչական իրավախախտումը ձեւակերպելու ընթացքում խնդիր է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ: Սրանից գործընթացի արդյունավետությունը տուժում է: Անձնագիր չունենալն ու դիմակ չկրելը կլինեն առանձին իրավախախտումներ»,- հայտնել է գործադիրի ղեկավարը:

Հունիսի 16-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 18.033 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +544), բուժվածները՝ 6814 (+243), մահվան դեպքերը՝ 302 (+9): Վերջին մահացածները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) եւ 68 (կին) տարեկան: Բացի վերջինիս՝ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 16-ի դրությամբ արձանագրվել է մահվան 99 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

15.06.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մարզում վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, 72 հոգի առողջացել է, մահվան դեպքերը 6-ն են: 

Արցախի տեղեկատվական շտաբն իրազեկել է, որ բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ: Արցախ մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել, եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեսթի կամ արագ թեսթի պատասխանները: Թեստավորումն արժե 7000 դրամ:

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 33996  արձանագրություն, իսկ հունիսի 14-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 774 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

«Եկել է խոստովանելու ժամանակը, որ մենք մինչ այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ պահպանեն ամենատարրական ու ամենաէֆեկտիվ միջոցը: Խոսքը դիմակներ կրելու մասին է: Ըստ էության, արձանագրենք, որ Հայաստանում, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, կիրառվող քարոզչության, վարույթների, կառավարության գործունեության թափանցիկության, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հունիսի 15-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 17.489 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +425), բուժվածները՝ 6571 (+295), մահվան դեպքերը՝ 293 (+8): Վերջին մահացածները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) եւ 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 15-ի դրությամբ արձանագրվել է մահվան 96 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

14.06.2020

Ոստիկանությունը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքում եւ Կոտայքի մարզում գործող մի քանի տասնյակ ռեստորանահյուրանոցային համալիրներ։ Հայտնաբերվել է 13 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հունիսի 14-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 17.064 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +397), բուժվածները՝ 6276 (+62), մահվան դեպքերը՝ 285 (+16): Վերջին մահացածները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) եւ 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 14-ի դրությամբ արձանագրվել է մահվան 94 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

13.06.2020

Արցախի ԱՆ-ն հայտարարեց, որ հաստատվել է եւս 10 դեպք, ընդհանուր թիվը՝ 78: Վարակը հաղթահարել է եւս 11 քաղաքացի:

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հերթական խորհրդակցությանը ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել կառավարության սուբսիդավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ գյուղացիական տնտեսություններին բարձր արտադրողականությամբ ցորենի որակյալ սերմացու առաջարկելու միջոցով:

Ամենօրյա ճեպազրույցում Ն. Փաշինյանը հայտնեց. «Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան եւ վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ բակերում պետք է հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի: 

Հունիսի 13-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 16.667 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +663), բուժվածները՝ 6214 (+133), մահվան դեպքերը՝ 269 (+5): Վերջին մահացածները եղել են եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ 

12.06.2020

Կառավարության արտահերթ նիստում որոշվեց երրորդ անգամ երկարաձգել արտակարգ դրության ժամկետը մինչեւ 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն: ԱՆ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է. «Ունենք մոտ 7000 պացիենտ, ովքեր գտնվում են տնային հսկողության տակ եւ մնացած 1800-ը գտնվում է հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425 ծանր դեպք ունենք, 100-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 23-ը միացված է արհեստական շնչառական ապարատին»: 

Ա. Թորոսյանն էլ ԱԺ-ում ասել է. «Ծայրահեղ ծանր դեպքերի մահացության տոկոսը շատ մեծ է, հետեւաբար մեծ թվերը բերում են մեծ մահացության: Բոլոր գործողությունները պետք է լինեն թվերի զսպմանը եւ ոչ թե միայն հզորությունների բարձրացմանն ուղղված»: Նա նաեւ նշել է, որ նախապատրաստվում են աշնանը տարածվելիք հնարավոր երկրորդ ալիքին: Անդրադառնալով կորոնավիրուսի բուժմանը ԲԿ-ների ներգրավվածությանը՝ Թորոսյանը նշել է. «Մարդիկ այլ հիվադություններից էլ են հիվանդանում, մենք չենք կարող կարեւոր բժշկական ծառայությունները դնել կասկածի տակ միայն այն պատճառով, որ հիվանդանոցն ուզում է COVID-ով զբաղվել: Միանշանակ է, որ չենք կարող ամբողջ առողջապահական համակարգը դնել սրա տակ՝ մահճակալային իմաստով: Էս թեման արհեստական է ուռճացվել որոշ շրջանակների կողմից, կարծում եմ` ժամանակը ցույց կտա, որ ճիշտ էինք»: Նախարարի խոսքով՝ հունիսի 11-ի դրությամբ 120 պացիենտ սպասում է հոսպիտալիզացիայի. նրանց մեջ ծանր հիվանդներ չկան:

«Այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով: Ընդ որում՝ այդ վարքագծային փոփոխությունների հիմնավորումը կարեւոր է, որովհետեւ ամենատարբեր կանխատեսումներով կորոնավիրուսի համավարակը ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում գոյություն է ունենալու առնվազն մեկուկես տարի: Նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում աշխարհը գտնվելու է կորոնավիրուսի համավարակի մեջ»,- ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշման համաձայն՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք եւ բռնագանձում չի կիրառի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների նկատմամբ: 

Երեւանի քաղաքապետարանից «Հետքին» հայտնել են, որ իրենց ենթակա պոլիկլինիկաների 12 բժիշկ վարակված է կորոնավիրուսով, 21 բժիշկ էլ մեկուսացած է։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմում էլ կորոնավիրուսով վարակվել է 6 անձ, որոնցից 2-ն ապաքինվել են ամբողջությամբ, իսկ 4-ը դեռ կմնան ինքնամեկուսացման մեջ, որպեսզի իսպառ չեզոքացնեն վարակելու հավանականությունը:  

Արցախի պարետի որոշմամբ՝ Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները, քանի որ շրջանի համայնքները վարակի տարածման օջախներ չեն եւ այլեւս վտանգ չեն ներկայացնում: 

Առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանեն երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Մեր երկիր կհասցվեն մասնավորապես 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական եւ 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Նախագահ Սարգսյանի նախաձեռնած եւ Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Հունիսի 12-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 16.004 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +723), բուժվածները՝ 6081 (+442), մահվան դեպքերը՝ 264 (+6): Վերջին մահացածները եղել են 65 տարեկան (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 12-ի դրությամբ արձանագրվել է մահվան 91 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

11.06.2020

Կառավարության նիստում ԱՆ Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նախորդ օրվա դրությամբ եղել է մոտ 500 ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդ: Վարչապետն էլ նշել է, որ վերջին շրջանում լուրջ խնդիր է դառնում հուղարկավորությունների եւ հոգեհանգիստների ժամանակ պարետատան սահմանած կանոնների չպահպանումը։ Խնդիր են նաեւ «ընդհատակյա հարսանիքները»։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Հայաստանին օգնելու մասին. «Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարեւաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարեւոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք՝ պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարեւան Հայաստանին: Ինչպես երեւում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»: Հեռախոսազրույց են ունեցել Ա. Թորոսյանը եւ նրա վրացի գործընկեր Եկատերինե Տիկարաձեն: 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել արտակարգ իրավիճակը մինչեւ հուլիսի 11-ի ժամը 22-ը երկարաձգելու մասին: ԱՀ-ում արտակարգ իրավիճակ հայտարարվել է ապրիլի 12-ին: Արցախում գրանցվել է վարակման եւս 4 դեպք, ընդհանուր թիվը՝ 68, բուժվածները՝ 43: ԱՀ պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը որոշել է հունիսի 11-ից մուտքի-ելքի հատուկ ռեժիմ մտցնել Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր, Ուխտաձոր համայնքներում: Պատճառն այն է, որ այս համայնքներից մեկում սգո արարողության է մասնակցել վարակված անձ: Մասնագետները նշված բնակավայրերում նմուշառումներ են կատարել

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 28916  արձանագրություն, իսկ հունիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2426 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հունիսի 11-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 15.281 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +612), բուժվածները՝ 5639 (+173), մահվան դեպքերը՝ 258 (+13): Վերջին մահացածները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74 (տղամարդ), 55 (տղամարդ), 69 (կին), 83 (տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) եւ 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Հունիսի 11-ի դրությամբ արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

10.06.2020

Արցախում մտցվել են ԱՀ մուտք գործելու սահմանափակումներ: Հունիսի 15-ից քաղաքացիները (բացառությամբ մինչեւ վեց տարեկան երեխաների) Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս անցակետում ԱՆ աշխատակիցներին պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ ՊՇՌ կամ արագ (ռապիդ) թեստի պատասխանը: Սույն կանոնից բացառություն կարող է արվել միայն պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում: Թեստի պատասխանը բացասական լինելու եւ զննությամբ վարակի ախտանիշներ չհայտնաբերվելու դեպքում բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման (բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի եւ մեկ ուղեկցողի): Դրականի դեպքում անձը կհոսպիտալացվի եւ (կամ) կկիրառվի այլ սահմանափակող միջոց: Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ հաստատված 64 վարակակրից 43-ը բուժվել է: 

Լիտվան կօգնի Հայաստանին՝ բժշիկներից եւ փորձագետներից բաղկացած խումբ ուղարկելով, իսկ Էստոնիան աջակցել է Լոռու մարզի բժշկական հաստատություններին բժշկական պարագաներ եւ պաշտպանիչ միջոցներ գնելու միջոցով: 

Ամենօրյա ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ակնհայտ է, որ այսօր բնակիչների մեծամասնությունը կրում է դիմակ, հետեւում կանոններին, բայց դեռեւս ցանկալի արդյունք չունենք: «Այսօր օրվա առաջին կեսին ոստիկանները 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու համար: Այս թիվն ասում եմ ցավով, որովհետեւ մեր նպատակը տուգանելը չէ: Երեկ բացառիկ ցուցանիշ ենք ունեցել բուժվածների մասով՝ 775 բուժված: Ըստ էության, մենք ակտիվ դեպքերի որոշակի նվազում ենք արձանագրել»,- նշել է վարչապետը:

Հունիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 14.669 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +566), բուժվածները՝ 5466 (+240), մահվան դեպքերը՝ 245 (+18): Վերջին մահացածները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Հունիսի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 82 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

09.06.2020

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա դրանով զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռեւս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները:

Ավելի ուշ ֆեյսբուքյան եթերով նա հայտնել է, որ տներ ուղարկված եւ պոլիկլինիկաների բժիշկների հսկողության տակ տներում ինքնամեկուսացած հիվանդները 14 օրից համարվում են առողջացած: «14 օրվա մոտենալուն զուգընթաց՝ առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ 14-օրյա ավարտը եւ քաղաքացիների բուժման ավարտը, հանգամանքը: Նույնը տեղի է ունենում նոր արձանագրված դեպքերի հետ, որոնք ընդհանրապես հիվանդանոցային համակարգ չեն ընդունվում, այսինքն՝ ի սկզբանե բուժվում են տանը»,- նշել է Թորոսյանը՝ հավելելով, որ սրա արդյունքում հունիսի 9-ին արձանագրվելու է առողջացածների մեծ թիվ: 

Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ոլորտի մասնագետները: Հանդիպման նպատակն էր քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը եւ առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները, եւ թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը եւ համավարակի հաղթահարմանը:

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 25697 արձանագրություն, իսկ հունիսի 8-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 606 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ գրանցվել է եւս 5 դեպք, ընդհանուր թիվը՝ 64: Նրանցից 41-ն առողջացել են: Մահվան դեպքեր չկան:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացրեց, որ 1 միլիոն դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից՝ Հայաստանում համավարակի անմիջական եւ կարճաժամկետ սոցիալ-տնտեսական հեեւեւանքները լուծելու համար:  

Հունիսի 9-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 14.103 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +428), բուժվածները՝ 5226 (+775), մահվան դեպքերը՝ 227 (+10): Վերջին մահացածները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Հունիսի 9-ի դրությամբ արձանագրվել է մահվան 77 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

08.06.2020

Վարչապետը հայտնեց, որ ինքը եւ ընտանիքի անդամները ապաքինվել են. նրանց կրկնակի թեստերի արդյունքները բացասական են եղել: 

Ըստ ԱԻՆ-ի՝ հունիսի 2-8-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 7988 վարակազերծում, որից 5283-ը՝ մարզերում, 2705-ը՝ Երեւանում։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաեւ բնակելի շենքեր, վերելակներ, իսկ առավել մարդաշատ վայրերում օրվա ընթացքում վարակազերծումն իրականացվում է մի քանի անգամ։

Վարչապետի առաջարկով նախագահի կողմից պաշտոնից ազատվել են ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ոստիկանապետ Արման Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: Մամուլը նախորդ օրը գրել էր, որ Դավթյանի տանը արտակարգ դրության պայմաններում կազմակերպվել է նրա որդու հարսանեկան արարողությունը: 

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն, ամփոփելով կորոնավիրուսով պայմանավորված ներկա դրությունը ՀՀ-ում ու իր առաջարկների վերաբերյալ կառավարության կողմից եղած արձագանքը, նշել է, որ ներկա իրավիճակը կարելի է բնութագրել հետեւյալ կերպ՝ 2020 թվականի տուրիստական սեզոնում Հայաստանը հայտնվել է խաղից դուրս վիճակում։  

Ն. Փաշինյանն այցելել է «Նորք» ինֆեկցիոն եւ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներ, որտեղ իրականացվում է վարակվածների բուժում: 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ անհրաժեշտ է խստացնել միջոցառումները: Քննարկումների արդյունքում, մասնավորապես, որոշվել է վերանայել հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվության կարգը: Անցակետերում արագ թեստավորման հնարավորություն կստեղծվի, եւ մուտքի թույտվություն կստանան միայն թեստավորված ու բացասական արդյունք ունեցող քաղաքացիները:

2020 թվականին, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, Հայաստանի տնտեսության անկումը 2,8 % կլինի, իսկ 2021-ին այն կվերականգնվի՝ հասնելով 4,9 %-ի:

Պարետատան նիստից հետո ԱՆ Ա. Թորոսյանը նշել է, որ կորոնավիրուսով վարակված անձանցից 403-ի վիճակը ծանր է, 94-ինը՝ ծայրահեղ ծանր։ «Թիվը վերջին օրերին կարծես թե կայուն է, ինչը մի կողմից լավ է, սակայն, միեւնույն ժամանակ, բացարձակ թվով շատ բարձր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծանր եւ ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնել ընդհանուր թվի քչացման արդյունքում»: Ըստ նախարարի՝ շուտով բուժման գործընթացին կմիանան Սպիտակի, Վեդու, Մարտունու, Դիլիջանի, «Արմենիա» ԲԿ-ները, ավելացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի համապատասխան մահճակալների թիվը: 

Հունիսի 8-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 13.675 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +350), բուժվածները՝ 4451 (+352), մահվան դեպքերը՝ 217 (+6): Վերջին մահացածները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Հունիսի 8-ի դրությամբ արձանագրվել է մահվան 74 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

07.06.2020

ԱՆ-ն հայտարարեց, որ կորոնավիրուսային հիվանդության բուժմանը ներգրավվելու ցանկություն ունեցող ԲԿ-ները կարող են հայտ ուղարկել նախարարությանը, բայց պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները՝ սանիտարական եւ հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Ավելի ուշ վարչապետը հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում առողջապահական համակարգին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) եւ Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): 

«Հետքը» պարզել է, որ Հայաստանում «ալկոգել» անվան տակ իրացվող ապրանքները սխալ են գրանցվում: Դա հաստատել է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: 

Հունիսի 7-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 13.325 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +195), բուժվածները՝ 4099 (+85), մահվան դեպքերը՝ 211 (+11): Վերջին մահացածները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նոր վարակակիրների փոքր թիվը պայմանավորված է նրանով, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը, ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով չի աշխատել։ 

06.06.2020

Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ հաստատվել է եւս 2 դեպք, ընդհանուր թիվը՝ 59, բուժվածները՝ 31:

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 23456 արձանագրություն, իսկ հունիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1058 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

ԱՀԿ-ի ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյուսը հայտարարել է, որ դիմակներ պետք է կրել հանրային տրանսպորտում, խանութներում կամ այնպիսի տարածքներում, որտեղ հաճախ են մարդիկ այցելում։ «Նոր պայմաններից ելնելով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հանրությանը կրել դիմակներ, երբ առկա է վիրուսի զանգվածային տարածման ակտիվ վտանգ, եւ դժվար է պահպանել ֆիզիկական հեռավորություն»,- նշել է նա։ ԱՀԿ-ն նաեւ խորհուրդ է տվել բոլոր բուժաշխատողներին կրել բժշկական դիմակներ, եթե անգամ չեն աշխատում այնպիսի բժշկական հաստատություններում, որտեղ չկան կորոնավիրուսով հիվանդներ։

Ա. Թորոսյանը հայտնել է, որ հունիսի 6-ից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների եւս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման եւ տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Նոր կենտրոնն ունի 65 մահճակալ, եւս 9-ը՝ վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա եւս 58 մահճակալ։ Ընդհանուր կլինի 132 մահճակալ։

Պարետը սահմանել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի: Որոշումն ուժի մեջ է հունիսի 6-ի 18:00-ից մինչեւ հունիսի 20-ի ժամը 23։59-ը:

Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ կորոնավիրուսով ախտորոշվել է «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել եւ թեստավորվել են նաեւ «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։

«Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա դրությամբ շուրջ 200 հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանր է աշխատում, որ չենք հասցնում նրանց տեղավորել: Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել»,- ամենօրյա ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հունիսի 6-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 13.130 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +766), բուժվածները՝ 4014 (+294), մահվան դեպքերը՝ 200 (+10): Վերջին մահացածները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Հունիսի 6-ի դրությամբ արձանագրվել է մահվան 72 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

05.06.2020

Մինչ օրս Երեւանի մանկապարտեզների 12 աշխատակից կորոնավիրուսով է ախտորոշվել։ Այս մասին «Հետքին» հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրանցից 3-ի մոտ վարակը հաստատվել է մինչեւ մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբերացվելը։

«Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել, սա ուղղակի անտրամաբանական է: Մենք վարչական մեթոդներ կիրառել ենք, շուրջ 20 հազար եւ ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք: Վարքագծի կանոն պետք է ձեւավորվի՝ սկսած ինձնից, վերջացրած մեր սիրելի քաղաքացիներով»,- ԱԺ-ում հայտարարել է ոստիկանապետ Արման Սարգսյանը: Դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ դժգոհում են, որ դիմակով շնչելը դժվար է, ոստիկանապետն ասել է. «Ինձ թվում է՝ ավելի լավ է դժվար շնչել, քան, Աստված մի արասցե, մի բան լինի ու չշնչել»: Ըստ Սարգսյանի՝ ոստիկանության համակարգում կան 100 վարակակիր: 

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին:

Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների եւ ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի հետեւանքով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն է հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։ Մարզպետը հորդորել է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները եւ հետեւել պարետատան ցուցումներին:

ՍԱՏՄ-ն հայտնել է, որ տեսուչներն այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցրել են 100-ից ավելի հանրային սննդի ոլորտում գործող տնտեսավարողների գործունեությունը: Դրանցից երկուսի աշխատանքը, կրկնակի խախտումների հայտնաբերման հիմքով դադարեցվել է 48 ժամով: Եվս մեկ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը դադարեցվել է 72 ժամով, քանի որ այդ տնտեսավարողը, խախտելով 24 ժամով կասեցման պարետի որոշումը, շարունակել էր աշխատել: 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակվածության 251 դեպք է գրանցվել մարզում: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Բուժվածների թիվը 67 է: 

Ամենօրյա ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակներ: Ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որեւէ մեկի կապակցությամբ: Որովհետեւ մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր խնդիրները: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետեւյալն է. դա հիմնավորող եւ ապացուցող որեւէ տվյալ չկա: Որեւէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, այլ ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին, նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին: Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի վարակն ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, տարբեր տեմպերով ու հետեւաբար, այս առումով անորոշությունները շատ են»։ Ըստ վարչապետի՝ իր պատկերացրած հիմնական լուծումը յուրաքանչյուրդ մարդու անհատական վարքի փոփոխությունն է։ 

Հունիսի 5-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 12.364 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +547), բուժվածները՝ 3720 (+207), մահվան դեպքերը՝ 190 (+7): Վերջին մահացածները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

04.06.2020

«Հայփոստ» ՓԲԸ-ն, պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների եւ նպաստների տրամադրումը շահառուներին իրենց բնակության վայրերում։ Մարդկանց կուտակումներից խուսափելու համար կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի:

Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարությունը հայտարարեց պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին, երկրորդ եւ երրորդ ծրագրերի մեկնարկի մասին: 

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 21612 արձանագրություն, իսկ հունիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 870 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Կառավարության նիստում ԱՆ Ա. Թորոսյանը հայտնեց, որ ծանր վիճակում է 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հոգի։ Ըստ նախարարի՝ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների իրավիճակը. «Արձանագրված դեպքերի մոտավորապես 15-20 %-ը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի, եւ միայն մնացածն է մնում տանը»:

Գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացրել է, որ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ՝ «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերեւույթների, իրերի ախտահանման համար: 

Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Դա տեղի է ունեցել Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում: Վարակակիրը 44-ամյա բնակիչ է: 

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում Ա. Թորոսյանը նշել է, որ կա 418 ծանր եւ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ «Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները։ Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք, մենք ենք որոշում՝ վարակվել, թե՝ ոչ, վարակել մեր հարազատներին, թե չվարակել։ Որքան էլ ծանր, դժվար լինի, բուժաշխատողները ոչ մի քայլ հետ չեն գնալու, չեն նահանջելու հիվանդության առջեւ, այս պայքարում մենք միասին ենք հաղթելու»,- իր հերթին ասել է Արտաշատի ԲԿ-ի կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը:

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 11.817 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +596), բուժվածները՝ 3513 (+45), մահվան դեպքերը՝ 183 (+7): Վերջին մահացածները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Հունիսի 4-ի դրությամբ արձանագրվել է մահվան 69 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

03.06.2020

ԱՆ Ա. Թորոսյանը հայտնեց, որ Կավասակիի սինդրոմ է հայտնաբերվել 4-ամյա երեխայի մոտ, ով նաեւ կորոնավիրուսով է ախտորոշվել: «Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ»,- նշել է Թորոսյանը՝ հավելելով, որ Հայաստանը կանխավ պահեստավորել է հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:

ԱԺ-ն ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որի համաձայն՝ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրություն է հայտարարվել հանրաքվե նշանակվելուց հետո, ապա հանրաքվեի հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով։

ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը մարտի համեմատ ապրիլին պակասել է 74.359-ով: 

Արցախում վարակակիրների թիվը հասել է 57-ի, 26 հոգի ապաքինվել է: 

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսեց արտակարգ ռեժիմի խախտման դեպքերի մասին, իսկ հետո դրանց մասշաբները որակեց կատաստրոֆիկ: Երեւանի քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ 6 դպրոցների տնօրենների նկատողություն է հայտարարվել պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու հիմքով:  

Պարետի որոշմամբ՝ Սեւանում մուտքի-ելքի սահմանափակումները երկարաձգվել են հունիսի 3-ից մինչեւ հունիսի 10-ը: Պարետը նաեւ որոշեց, որ հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչեւ 6 տարեկան երեխաների, ինչպես նաեւ ֆիզիկական վարժություններ անելու եւ հեծանիվ վարելու դեպքերի։

Հունիսի 3-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 11.221 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +697), բուժվածները՝ 3468 (+14), մահվան դեպքերը՝ 176 (+6): Վերջին մահացածները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Հունիսի 3-ի դրությամբ արձանագրվել է մահվան 68 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

02.06.2020

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսը հաղթահարել է 101-ամյա Նազանի Սիմոնյանը: 

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ընդհանուր առմամբ մինչ օրս կազմվել է 19811 արձանագրություն, իսկ հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1011 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել 46 անձի մոտ, որոնցից բուժվել է 26-ը:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստին վարչապետը նշել է. «Մենք առաջ ենք գնում կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման տրամաբանությամբ: Լրջագույն աշխատանք պետք է իրականացվի՝ պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման եւ զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով»: 

ԱԱԾ-ն հաղորդեց, որ Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որին, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ երեխաներ եւ ծնողներ: Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ:

Հունիսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10.524 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +515), բուժվածները՝ 3454 (+27), մահվան դեպքերը՝ 170 (+12): Վերջին մահացածները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Հունիսի 2-ի դրությամբ արձանագրվել է մահվան 59 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

01.06.2020

Առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով վարչապետ Ն. Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու ընտանիքի բոլոր անդամները վարակվել են կորոնավիրուսով, սակայն ախտանշաններ չունեն: 

Արցախի ԱՆ-ն հաղորդեց, որ վարակակիրների թիվն ավելացել է 3-ով՝ հասնելով 43-ի: Վերջիններից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Արմավիրի մարզպետարանից էլ «Հետքը» տեղեկացել է, որ մարզում վարակվածների ընդհանուր թիվը մայիսի 31-ի դրությամբ 624 է, ինքնամեկուսացածները 721-ն են, առողջացել է 275 հոգի, գրանցվել է մահվան 10 դեպք։ Իր հերթին Շիրակի մարզում հունիսի 1-ի դրությամբ արձանագրվել է 290 դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք: Խոշոր օջախներն այս մարզում եղել են Գյումրին եւ Անիի տարածաշրջանը:

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսը հաղթահարել է 47-ամյա Ք. Մակարյանը, ով ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Նա բուժկենտրոն էր տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել էր շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետեւանքով հիվանդը միացվել էր թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման 24-րդ օրը հիվանդը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել եւ սնվել, բացասական է եղել նաեւ կորոնավիրուսի թեստը:

ԱԳՆ-ն հայտարարեց, որ մայիսի 31-ին ավարտվել է Հայաստանի ու Իրանի միջեւ առանց վիզաների մուտքի ռեժիմի ժամանակավոր կասեցման ժամկետը, եւ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող իրանցիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձեւակերպման ժամանել Հայաստան: Սակայն քանի որ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը մինչեւ հունիսի 13-ն է, ՀՀ տարածք մուտքի եւ ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները դեռ ուժի մեջ են:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ 24-ի փոխարեն 48 ժամով դադարեցվում է այն տնտեսվարողների գործունեությունը, որոնց մոտ մինչ այդ արձանագրված խախտումները կրկնվել են: 

ՊԵԿ-ն էլ հիշեցրեց, որ ժամանակավոր արգելվում է մի շարք գյուղատնտեսական ու բժշկական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից: Սահմանափակված է նաեւ ՀՀ-ից բժշկական օգտագործման ենթակա մի խումբ ապրանքների արտահանումը: 

Հունիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10.009 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +517), բուժվածները՝ 3427 (+25), մահվան դեպքերը՝ 158 (+19): Վերջին մահացածները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Հունիսի 1-ի դրությամբ արձանագրվել է մահվան 56 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

31.05.2020

ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք: Նրանցից 1-ը՝ պացենտների շրջանում, 7-ը՝ անձնակազմի։

ԱՄՆ-ի եւ Թայվանի գիտնականները «Science» ամսագրում հրապարակել են հետազոտություն, որտեղ ներկայացվում է դիմակների կրման անհրաժեշտությունը. ըստ այդմ՝ դիմակը կարող է կանխել այն մասնիկների մուտքը օրգանիզմ, որոնք տեղափոխում են վիրուսները։ «Հետքի» անդրադարձը՝ այստեղ:

Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ընդհանուր առմամբ մինչ օրս կազմվել է 17568 արձանագրություն, իսկ մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ մայիսի 31-ի մարզում ընդհանուր արձանագրվել է 528 դեպք, որոնցից 241-ն՝ առողջացած, 7-ը՝ մահվան ելքով: 

Մայիսի 31-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 9492 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +210), բուժվածները՝ 3402 (+16), մահվան դեպքերը՝ 139 (+8): Վերջին մահացածները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մյուսներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 31-ի դրությամբ արձանագրվել է մահվան 55 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

30.05.2020

ԱԳՆ-ն հայտարարեց, որ մայիսի 31-ին կավարտվի Հայաստանի ու Չինաստանի միջեւ առանց վիզաների մուտքի ռեժիմի ժամանակավոր կասեցման ժամկետը, եւ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձեւակերպման մեկնել Չինաստան: Այդուհանդերձ, մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին: Նախարարությունը նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 29-ին Դելի-Երեւան-Դելի չվերթով Հնդկաստանից ՀՀ է ժամանել 23 հայաստանցի, փոխարենը հայրենիք է մեկնել 130 հնդիկ ուսանող: 

Ոստիկանությունը հայտնեց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ընդհանուր առմամբ մինչ օրս կազմվել է 16.492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Իրավապահ կառույցը, հաշվի առնելով փաստը, որ Ղալթաղչիի (Լոռու մարզ, Հարթագյուղ) Սբ. Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում, իսկ մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները եւ սոցիալական հեռավորություն, որոշել է փակել մատուռ տանող ճանապարհները: 

ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ սեպտեմբերի 1-ից դասերը վերսկսելուն՝ նշելով, որ դասի գնալու հավանականություն կլինի, եթե վարակվածների թիվը նվազի։

ԱՆ Արսեն Թորոսյանը հանդիպել է մի շարք ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, եւ լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։ Առաջարկվել է ստեղծել ներհիվանդանոցային բազա եւ ըստ անհրաժեշտության ու պացիենտների կուտակումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին գործուղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններ։

Մայիսի 30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 9282 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +355), բուժվածները՝ 3386 (+69), մահվան դեպքերը՝ 131 (+4): Վերջին մահացածները եղել են 86, 70 եւ 68 տարեկան տղամարդիկ ու 54 տարեկան կին, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 30-ի դրությամբ արձանագրվել է մահվան 50 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

29.05.2020

ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով դիմել է բժիշկներին՝ ասելով, որ անհրաժեշտ է նրանց մասնագիտական ներուժը: «Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք»,- նշել է Թորոսյանը։ Վերջինս ավելի ուշ հանդիպել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) քաղաքային եւ մարզային մասնաճյուղերի տնօրեններին։ Հիմնական խնդիրներից նշվել է կադրային հագեցվածության պակասը, մասնավորապես՝ համաճարակաբանների եւ մանրէաբանների։ 

Կառավարության տեղեկացմամբ՝ սահմանված նորմերի խախտման հետեւանքով մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները բարձրախոսով կահավորված տեխնիկայով իրականացնում են շրջայցեր Երեւանում ու մարզերում՝ իրազեկելով վարվելակերպի կանոնների մասին։ 

Մայիսի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8927 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +251), բուժվածները՝ 3317 (+20), մահվան դեպքերը՝ 127 (+7): Վերջին մահացածները եղել են 82, 76, 75, 73, 70 եւ 64 տարեկան տղամարդիկ ու 61 տարեկան կին, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 29-ի դրությամբ արձանագրվել է մահվան 48 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

28.05.2020

ԱՆ-ն ներկայացրեց ուղեցույց, թե ինչպես պետք է իրականացվի կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնեց, որ մայիսի 28-ին 24 ժամով կասեցվել է հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտի գործունեությունը: 

ԱՆ-ում տեղի է ունեցել Հայաստանում համաճարակային իրավիճակի վերաբերյալ քննարկում, որը վարել է նախարար Արսեն Թորոսյանը: Քննարկմանը մասնակցել են տվյալագետներ, համաճարակաբաններ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկանը, ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դասախոսներ։ Մասնակիցները քննարկել են կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ այս պահին եղած տվյալները, կիրառվող ուղեցույցների արդյունավետությունը, կառավարման ընտրված մոդելը, ինչպես նաեւ ներկայացրել են իրենց դիտարկումները:

Մայիսի 28-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8676 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +460), բուժվածները՝ 3297 (+10), մահվան դեպքերը՝ 120 (+7): Վերջին մահացածները եղել են 72, 66, 64 եւ 59 տարեկան տղամարդիկ ու 65, 56 եւ 42 տարեկան կանայք, ովքեր, բացի 56-ամյա կնոջից, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 28-ի դրությամբ արձանագրվել է մահվան 45 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

27.05.2020

Կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Երեկ պարետատան նիստի արդյունքներով որոշել ենք՝ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիներն, առանց բացառության, կիրառեն այդ կանոնները»։ Ոստիկանապետ Արման Սարգսյանը նշել է, որ հաստատված պայմանները խախտելու հիմքով կազմվել է 966 արձանագրություն. 240-ը՝ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր դիմակ չեն ունեցել, 657-ը՝ հանրային տրանսպորտի վարորդների նկատմամբ, 69-ը՝ անձնական մեքենաների վարորդների նկատմամբ: 

Գործադիրը հաստատեց աջակցության 19-րդ միջոցառումը: Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման եւ ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել բիզնես ստեղծելու գաղափարների իրագործմանը եւ շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 5-ական մլն դրամ հատկացրեց մարզերին՝ բժշկի ցուցումով ինքնամեկուսացած սոցիալապես խոցելի խմբերին սննդամթերք ու սանիտարահիգիենիկ պարագաներ տրամադրելու համար: 

Արցախում գրանցվել է եւս 4 դեպք, ընդհանուր թիվը՝ 38, որից ապաքինվել է 14 հոգի: Մահվան դեպքեր չկան: 

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ հարուցեց մի շարք տնտեսվարողների նկատմամբ մարտի 16-ից մինչեւ մայիսի 15-ը լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ եւ բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների եւ/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: 

ԱՆ-ն հայտարարեց, որ հիդրօքսիքլորոքվինն (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների COVID-19 բուժման ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստան, եւ ավելի քան 26 կլինիկական հետազոտություն է ընթանում ամբողջ աշխարհում։ Հայաստանում բուժման ուղեցույցի համաձայն՝ հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի խմբերի եւ թոքաբորբով պացիենտներին, այդ թվում՝ ծանր դեպքերում։ Դեղի արդյունավետության տվյալները COVID-19-ի բուժման առումով դեռեւս ամփոփված չեն, սակայն ըստ նախնական տվյալների՝ զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում հայտնեց, որ ընդունելության քննություններն առցանց չեն լինի: «Պետք է խնդրեմ, որ ծնողները մաքսիմալ զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չլինեն: Մենք կարգ ենք սահմանելու, որ հերթ կանգնեն, եւ որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ անվտանգ կանցնեն քննությունները»,- ասաց նա:

Խոսելով համավարակով պայմանավորված առողջապահական համակարգի գերբեռնվածության մասին՝ ԱՆ Արսեն Թորոսյանը ԱԺ-ում ասաց, այդ բեռը հիմնականում ընկած է այն ԲԿ-ների վրա, որոնք սպասարկում են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք այդ կոլապսը, դրա համար տեղի է ունենում հզորությունների շարունակական զարգացում»,- նշեց նա: Նախարարն անդրադարձավ նաեւ տուն-ինտերնատում եւ մանկատանն արձանագրված դեպքերին: 

ԱՆ-ն հայտնեց, որ մարզերի ու Երեւանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին բաշխվել է 500 մատնային պուլսօքսիմետր, որը ստուգում է արյան հագեցվածությունը թթվածնով: Մարզպետարաններին եւ Երեւանի քաղաքապետարանին տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ՝ առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու նպատակով: 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Բաբաջանյանը «Հետքին» պատմել է, թե ինչպես է ախտորոշվել կորոնավիրուսով ու առանց բուժվելու տուն ուղարկվել՝ կանգնելով անորոշության առաջ: Բաբաջանյանը նման միակ օրինակը չէ: 

Մայիսի 27-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8216 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +442), բուժվածները՝ 3287 (+32), մահվան դեպքերը՝ 113 (+15): Վերջին մահացածները եղել են 43-92 տարեկան: Մայիսի 27-ի դրությամբ արձանագրվել է մահվան 44 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

26.05.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դուրս է հրավիրելու նիստերի դահլիճից այն պատգամավորներին, որոնք դահլիճում դիմակ չեն կրում: 

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ վարակվածը 23-ամյա աղջիկ է: Աղջկան խնամող սանիտարին եւ նրա հետ նույն խմբում գտնվող անձանց մեկուսացրել են, թեեւ որեւէ մեկը ախտանիշ չի ունեցել։ Նրանք եւս կթեստավորվեն։

ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության հաղորդմամբ՝ ակադեմիայի ղեկավարությունը ծանոթացել է Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկել աշխատանքների ընթացքը եւ զարգացումները: «Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100.000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության եւ Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից  թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- ասել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է այն 32 օբյեկտների աշխատանքը, որտեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ (անձնակազմի եւ հաճախորդների պարտադիր դիմակ եւ ձեռնոցներ կրելը, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելը, հաճախորդներին ջերմաչափելը, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալը պարտադիր է): 

ՏՄՊՊՀ-ն որոշեց վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ մարտի 16-ից մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների եւ/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: 

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին վարչապետը կարեւորել է հետեւողական եւ խիստ վերահսկողության իրականացումը ինչպես տնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտներում, այնպես էլ ավտոճանապարհներին, մասնավորապես՝ ավտոբուսներում, երթուղայիններում եւ տաքսիներում: 

Մայիսի 26-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 7774 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +372), բուժվածները՝ 3255 (+35), մահվան դեպքերը՝ 98 (+7): Վերջին մահացածները եղել են 76 եւ 56 տարեկան տղամարդիկ ու 85, 78, 69, 66 եւ 60 տարեկան կանայք, ովքեր, բացի 56-ամյա տղամարդուց, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 26-ի դրությամբ արձանագրվել է մահվան 44 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

25.05.2020

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ գրանցվել է եւս 1 վարակակիր, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 34-ի, առողջացածները՝ 13, մահվան դեպքեր չկան: Մեկուսացման մեջ է 72 քաղաքացի: 

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը ԱԺ-ում հայտարարեց, որ մեր երկրում արտադրված դիմակը տնտեսվարողները ձեռք են բերում մեծածախ, որոշ գին ավելացնում, ապա բաժանում դեղատնային ցանցերին, որոնք իրենց հերթին եւս գին են ավելացնում: Գեւորգյանը տեղեկացրեց, որ պարետատան վերջին նիստին քննարկել են հնարավորության դեպքում հանրային վայրերում ավտոմատ ապարատներից դիմակներ գնելու հարցը. «Էս պարագայում մոտ 100 դրամով գինը կիջնի, որովհետեւ միջնորդները դուրս կգան»: Թանկացման պատճառների մասին նա նշեց հետեւյալը. «Տրամաբանությունը հետեւյալն է. եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված եռաշերտ, մեկանգամյա օգտագործման դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ-մայիսին եղել է 116 դրամ: Հայաստանում արտադրված դիմակի ինքնարժեքը երբ հաշվում ենք, հիմնականում ներկրվում են պարագաները, ներկրված պարագաների գինը թանկացել է»: Գեւորգյանի խոսքով` ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների` Հայաստանում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ: Մեկանգամյա ձեռնոցների շուկայում եւս գնաճ կա, բայց ավելի մեղմ: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը «Հետքին» հայտնել է, որ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել։ Վարակվածներից 9-ը երեխա են, 6-ը՝ աշխատակից։

Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը: 

Ըստ ոստիկանության՝ այն բանից հետո, երբ մայիսի 18-ից թույլատրվել է ուղեւորափոխադրումը հանրային տրանսպորտով հստակ կանոններով, ոստիկանության ծառայողները ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում հայտնաբերել են կանոնների խախտման 53 դեպք։ Ուղեւորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից, եւ դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։ Հայտնաբերվել է 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են իրենց վերաբերող պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Հայտնաբերվել է 145 անձ, որոնք դիմակ չեն ունեցել։ Այս փաստերով եւս կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 դեպք, որից 203-ը՝ Սեւանի տարածաշրջանում։ Գրանցվել է մահվան 6 մահվան դեպք, առողջացել է 204 անձ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզպետի օգնական Լիանա Հովհաննիսյանը:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին վարչապետն ասել է, որ կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսեւորել անհատական բարձր պատասխանատվություն եւ հետեւել սահմանված կանոններին:  

ԱՆ-ն հայտնել է, թե որ դեպքերում են կորոնավիրուսով վարակակիրները հոսպիտալացվում: Նախարարությունը նաեւ հիշեցրել է, որ պարետի որոշմամբ արգելվում է 5 եւ ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը, այդ թվում՝ հոգեհանգստի եւ թաղման արարողությունները։ Վերջիններիս ժամանակ վարակման դեպքեր են գրանցվել Դդմաշենում, Ոստանում, Մրգավետում, Նորաշենում եւ այլն։ «Ցավոք, միշտ չէ, որ ելքը կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով է ավարտվել, դրա հետեւանքով արձանագրվել են նաեւ մահվան դեպքեր»,- նշել է ԱՆ-ն:  

Մայիսի 25-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 7402 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +289), բուժվածները՝ 3220 (+75), մահվան դեպքերը՝ 91 (+4): Վերջին մահացածները եղել են 85 տարեկան տղամարդ ու 83, 81 եւ 70 տարեկան կանայք, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 25-ի դրությամբ արձանագրվել է մահվան 39 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

24.05.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ մայիսի 24-ի դրությամբ մարզում գրանցվել է 369 դեպք, որոնցից 161-ն՝ առողջացած, 5-ը՝ մահվան ելքով։ Նոր դեպքերի թիվը 35 է, ապաքինվածներինը՝ 26:

Պարետ Տ. Ավինյանը որոշեց մուտքի ու ելքի եւ տնտեսական գործունեության սահմանափակումներ կիրառել Սեւան համայնքում մայիսի 25-ից մինչեւ հունիսի 3-ը: 

ԱՆ Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Կա 230 ծանր եւ 52 ծայրահեղ ծանր պացիենտ:

Մայիսի 24-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 7113 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +452), բուժվածները՝ 3145 (+81), մահվան դեպքերը՝ 87 (+6): Վերջին մահացածները եղել են 69, 67, 61 եւ 58 տարեկան տղամարդիկ ու 86 եւ 85 տարեկան կանայք, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 24-ի դրությամբ արձանագրվել է մահվան 39 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

23.05.2020

ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի եւ կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է հարուցել մի շարք ներմուծողների, առեւտրային ցանցերի եւ միջնորդ տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ կապված գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների եւ/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ:

Մայիսի 23-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 6661 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +359), բուժվածները՝ 3064 (+128), մահվան դեպքերը՝ 81 (+4): Վերջին մահացածները եղել են 82, 77 եւ 71 տարեկան տղամարդիկ ու 73 տարեկան կին, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 23-ի դրությամբ արձանագրվել է մահվան 33 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

22.05.2020

Ինժեներական ասոցիացիան հայտարարել է դրամաշնորհային մրցույթ, որը վերաբերում է թոքերի արհեստական շնչառական սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձեւավորման աշխատանքներին: Մրցույթի կազմակերպման համար դեռ ապրիլի 16-ին կառավարությունը 90 մլն դրամ էր հատկացրել ասոցիացիային: 

Ոստիկանությունից «Հետքին» հայտնել են, որ ազատ տեղաշարժվելու եւ այլ սահմանափակումները խախտելու հիմքով 12.231 անձի նկատամամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Բայց քանի որ մայիսի 19-ին ԱԺ-ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն է կատարել՝ սահմանելով 10 հազար դրամ տուգանք արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտելու դիմաց (մինչ այդ կիրառվում էր 100-250 հազ. դրամ տուգանք), ոստիկանությունը նշել է, որ համապատասխան վարչական ակտերը ենթակա են վերանայման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ նոր իրավակարգավորմանը համապատասխանեցնելու նպատակով:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբյեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում:

Մայիսի 22-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 6302 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +374), բուժվածները՝ 2936 (+62), մահվան դեպքերը՝ 77 (+3): Վերջին մահացածները եղել են 74 տարեկան տղամարդ եւ 86 ու 54 տարեկան կանայք, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 22-ի դրությամբ արձանագրվել է մահվան 32 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

21.05.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստին հայտարարեց, որ դիմորդներն այս տարի կհանձնեն 2-3 պարտադիր առարկաներից միայն մեկի քննություն: Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի առաջին տասնօրյակում։

ԱՆ-ն «Հետքին» հայտնել է, որ մայիսի 5-ին Հայաստանում եղել է կորոնավիրուսի համար նախատեսված 56.276 ՊՇՌ թեստ, եւ ձեռք է բերվել եւս 20.000-ը։ Մայիսի 5-ին ԱՆ-ն ամբողջ հանրապետությունում արդեն իսկ իրականացրել էր կորոնավիրուսի 25.846 թեստավորում։ Ձեռք բերված 102.122 ՊՇՌ թեստերից 80.000-ը ձեռք է բերվել պետական միջոցներով, իսկ մնացածը նվիրատվություն է։ «Թեստերը ստացվել են որպես նվիրատվություն այլ երկրներից կամ օտարերկրյա կազմակերպություններից՝ Չինաստան, Ռուսաստան, Ճապոնիա, Նիդերլանդներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն»,- հայտնել է ԱՆ-ն։ 80.000 թեստը, որը ձեռք է բերվել պետական միջոցներով, Չինաստանի արտադրանք է։

91-ամյա Սրբուհի Մուրադյանն, ով վարակվել էր կորոնավիրուսով, առողջացմամբ դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ մայիսի 21-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով: Հաստատված նոր դեպքերի թիվը 19 է, իսկ առողջացածներինը՝ 2, մահվան նոր դեպքերը՝ 1։ 

Մայիսի 21-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 5928 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +322), բուժվածները՝ 2874 (+293), մահվան դեպքերը՝ 74 (+4): Վերջին մահացածները եղել են 82, 81, 61 եւ 52 տարեկան տղամարդիկ, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 21-ի դրությամբ արձանագրվել է մահվան 28 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

20.05.2020

Հայտնի դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Ոստիկանությունը «Հետքին» հայտնել է, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո (16.03.2020)՝ մայիսի 14-ի դրությամբ, սոցիալական կայքերից գրառումներ հեռացնելու պահանջ է ներկայացվել 34 օգտատիրոջ, ինչի արդյունքում վերջիններս հեռացրել են 29 հրապարակումներ: Իսկ 5 օգտատերերի կատարած հրապարակումների վերաբերյալ պարզվել է, որ հիշյալ անհատական էջերը Ադրբեջանի Հանրապետության ցանցահենները ենթարկել են հաքերային հարձակման եւ գրառումները կատարել են վերջինները։ 

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին վարչապետը նշել է. «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի եւ գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք, մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների եւ առավել եւս դրանց կիրառման որակը եւ ծավալը»:

Մայիսի 20-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 5606 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +325), բուժվածները՝ 2581 (+162), մահվան դեպքերը՝ 70 (+3): Վերջին մահացածները եղել են 90, 65 եւ 64 տարեկան տղամարդիկ, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 20-ի դրությամբ արձանագրվել է մահվան 27 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

19.05.2020

ԱԺ-ն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում է 10 հազար դրամ տուգանք արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտելու դիմաց: Մինչ այս կիրառվել է 100-250 հազ. դրամ տուգանք՝ հիմք ընդունելով մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը, սակայն այժմ տարբերակում է կատարվում այդ կանոնները եւ ազատ տեղաշարժման պայմանները խախտելու միջեւ: Նախկինում ազատ տեղաշարժման պայմանները խախտած եւ արդեն իսկ 100 հազ. դրամով տուգանված քաղաքացիներին հետ կվերադարձվի մնացած գումարը:  

ԱՆ Ա. Թորոսյանը հայտարարեց, որ դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ, կամ դրանք շատ թեթեւ են, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում։ Սրան 2 պատճառ կա: «Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների եւ այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից»,- հայտնեց նախարարը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իրազեկեց, որ մարզում հաստատվել է 21 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 284: Առողջացել է 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը՝ 3: 

ՊԵԿ-ը հայտարարեց, որ Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթեւ համար որոշում է կայացվել, որ Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար անցակետում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր, ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ եւ տերմինալներ, որտեղ եւ կիրականացվեն վերջնական մաքսային ձեւակերպումներն ու բացթողումը։

Մայիսի 19-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 5271 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +230), բուժվածները՝ 2419 (+255), մահվան դեպքերը՝ 67 (+3): Վերջին մահացածները եղել են 78, 68 եւ 65 տարեկան տղամարդիկ, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: 

18.05.2020

ՄԻՊ-ը հայտնեց, որ ահանզագ է ստացվել Իրանից Հայաստան ժամանող մի շարք բեռնատարների վարորդներից այն մասին, որ գտնվում են Իրանի տարածքում՝ Հայաստանի սահմանագծի մոտ եւ  3-4 օր չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել: Քաղաքացիները հավելել են, որ իրանական կողմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հայկական կողմը չի ընդունում բեռնատար մեքենաներ, սակայն իրենց պնդմամբ գիշերային ժամերին թույլատրում են իրանական համարանիշներով մեքենաներին մուտք գործել ՀՀ տարածք: Պաշտպան եւ պարետատան համագործակցության արդյունքում մի շարք վարորդներ բեռնատար մեքենաներով հնարավորություն են ստացել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրեց, որ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը, եւ հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող եւ Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ Ավելի ուշ դեսպանությունը հայտնեց, որ կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։

ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով իրազեկեց, որ կորոնավիրուսային հիվանդության 100-ից ավել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպք կա: 

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով հանրային տրանսպորտի վերագործարկմանն, ասաց՝ երթուղի են դուրս բերվել ինչպես Երեւանի քաղաքապետարանի, այնպես էլ մասնավոր ուղեւորափոխադրողների ավտոմեքենաները։ «Աննախադեպ ցածր ուղեւորափոխադրում կա այս պահի դրությամբ։ Մեզ հարկավոր է, որպեսզի հասկանանք, թե այդ ուղեւորափոխադրումն ինչ տենդենց ունի։ Կարծում եմ` մի քանի օրվա ընթացքում կհասկանանք, այնուհետեւ նոր կկարողանանք որոշում կայացնել՝ ըստ հաճախականության երթուղայինների քանակն ավելացնել, թե ոչ»,- նշեց նա:

Ոստիկանությունն էլ հայտնեց, որ օրվա ընթացքում հայտնաբերվել են մի քանի հասարակական տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են առանց դիմակի անձինք։ Ուղեւորներն իջեցվել են, իսկ ավտոբուսները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Արտակարգ ռեժիմով ծառայության են անցել նաեւ Երեւանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները։ Նրանք հետեւում են, որ մետրոյից օգտվեն բացառապես պաշտպանիչ դիմակ կրող անձինք։ Հետեւում են նաեւ, որ կայարաններում եւ վագոններում մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն։

Կառավարության տեղեկացմամբ՝ ներկայացվել է զրոյից բիզնես ստեղծելու նախաձեռնություններին տարբեր գործիքակազմերով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցառման նախագիծը: Այն վերաբերելու է Երեւանից դուրս արտադրության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում նոր բիզնես նախագծերին: Օժանդակությունը ցուցաբերվելու է Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով: 

Մայիսի 18-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 5041 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +218), բուժվածները՝ 2164 (+145), մահվան դեպքերը՝ 64 (+3): Վերջին մահացածները եղել են 59 եւ 56 տարեկան տղամարդիկ ու 74 տարեկան կին, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: 

17.05.2020

ԱՆ-ն հայտարարություն տարածեց տարբեր լաբորատորիաների կողմից իրականացվող կորոնավիրուսի վճարովի հետազոտությունների (ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով) մասին՝ շեշտելով, որ նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով: 

Չարտերային չվերթով Մոսկվայից Երեւան վերադարձավ ՀՀ քաղաքացիների հերթական խումբը (229 քաղաքացի):  

Մայիսի 17-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4823 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +351), բուժվածները՝ 2019 (+94), մահվան դեպքերը՝ 61 (+1): Վերջին մահացածը եղել է 84 տարեկան տղամարդ, ով ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 17-ի դրությամբ արձանագրվել է մահվան 25 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

16.05.2020

Առցանց մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հակաճգնաժամային 18 միջոցառումների ամփոփ տվյալները: Սրանցից 7-ն ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 84,4 մլրդ դրամ, որից օգտվել է 48400 իրավաբանական եւ շուրջ 1,1 մլն ֆիզիկական անձ:

ԱՆ մամուլի խոսանկ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով ախտորոշվել են Նորքի տուն-ինտերնատում բնակվող 40 հոգի, ովքեր ավագ սերնդի ներկայացուցիչներ են. «Արդեն 2 օր է՝ տեղում աշխատում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները՝ պացիենտների առողջական վիճակը գնահատելու եւ հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաեւ նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»:

Արցախի ԱՆ-ն տեղեկացրեց, որ հաստատվել է եւս 4 դեպք՝ ընդհանուր դեպքերի թիվը հասցնելով 28-ի, ապաքինվել է 8 անձ: Նոր վարակակիրներն ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են: 

Մայիսի 16-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4472 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +189), բուժվածները՝ 1925 (+134), մահվան դեպքերը՝ 60 (+5): Վերջին մահացածները եղել են 89 եւ 80 տարեկան կանայք, 78, 74 եւ 51 տարեկան տղամարդիկ, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 16-ի դրությամբ արձանագրվել է մահվան 24 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

15.05.2020

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ հաստատվել է եւս 4 դեպք: Նոր վակարակիրներն ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են: Ըստ ԱՆ-ի՝ Արցախում ընդհանուր գրանցվել է վարակվածության 24 դեպք, առողջացածների թիվը 8 է, 62 հոգի էլ մեկուսացման մեջ է: 

«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն տեղեկացրեց, որ մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին եւ աշխատելու է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչեւ 23։00-ն։ Երթեւեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով եւ ձեռնոցներով։ Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման եւ իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղեւորափոխադրումը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրեց մայիսի 18-ից հանրային տրանսպորտից օգտվելու կանոնները: Արգելվում է ուղեւորների նստեցումը առանց դիմակի ու ձեռնոցների: Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղեւորների փոխադրումը՝ բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներից: 

Քաղաքապետարանն էլ հայտնեց, որ մանկապարտեզները կաշխատեն մայիսի 20-ից: Ավելի ուշ կայացած խորհրդակցությանը քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ պետք է ամեն օր պարտադիր ախտահանել մանկապարտեզների տարածքը՝ ընդհանուր 305 հազ. քմ:

ԱԳՆ-ն նշեց, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայում գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: Նրանք մերժել են առաջիկայում կայանալիք Սոչի-Երեւան, Կրասնոդար-Երեւան թռիչքներով վերադարձը հայրենիք՝ նախընտրելով սեփական մեքենաներով ցամաքային տեղափոխությունը, ինչը անհնար է, քանի որ Վրաստանի սահմանն արտասահմանցիների համար փակ է: Իսկ ահա Մոսկվայից հերթական չարտերային չվերթով ահա ավելի քան 200 հայաստանցիներ վերադարձան Երեւան:  

Մայիսի 15-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4283 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +239), բուժվածները՝ 1791 (+125), մահվան դեպքերը՝ 55 (+3): Վերջին մահացածները եղել են 46 տարեկան կին, 71 եւ 60 տարեկան տղամարդիկ, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: 

14.05.2020

Կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ի ժամը 17:00-ից 30 օրով` մինչեւ հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ: Կառավարության նիստում հայտնի դարձավ, որ ԱՆ Արսեն Թորոսյանն ու ՏԿԵՆ Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացման մեջ են, նրանք թեստ են հանձնել, քանի որ իրենց նախարարություններում վարակակիրներ են հայտնաբերվել: Հետո պարզվեց, որ նրանց թեստերը բացասական են:

Գործադիրը հաստատեց աջակցության 18-րդ ծրագիրը, որը վերաբերում է մինչեւ 100 աշխատող ունեցող ընկերություններին: «Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը եւ որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ»,- ասել է Փաշինյանը:  

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ ՔԿՀ-ներում վարակված անձ չկա: «Իհարկե, կարծում եմ՝ այս իրավիճակը դժվար թե երկար շարունակվի, որովհետեւ կորոնավիրուսի տարածման տեմպերն ու տարածման հեշտությունն անպայմանորեն բերելու է մի իրավիճակի, երբ կունենանք նաեւ վարակված դատապարտյալ։ Բայց սա չի նշանակում, որ որեւէ կատաստրոֆա կլինի, որովհետեւ մենք նաեւ «Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն վաղուց նախապատրաստել ենք հատուկ կահավորված երկու մասնաշենք, որտեղ արդյանավետ բուժումը, արդյունավետ վերահսկողությունը եւ մեկուսացումը հնարավոր կլինի ապահովել»,- նշեց Բադասյանը։ 

ԱԺ-ում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Չինաստանից դեպի մեր երկիր կատարվելու է երրորդ թռիչքը, որով Հայաստան կբերվեն բժշկական սարքավորումներ, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրության համար ռեագենտների (քիմիական հակազդակ) վերջին խմբաքանակը: Պարետը նաեւ նշեց, որ կառավարությունը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջովին գործարկել հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առեւտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, ինչպես նաեւ բացօթյա պատմամշակութային վայրերը, նախակրթարանները: Ավինյանի խոսքով՝ մայիսի 25-ից պարտադիր է դառնալու ոչ միայն հանրային փակ, այլ նաեւ հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնները խախտողներին ոստիկանությունը տուգանելու է:

Ըստ պարետի՝ շուտով ներդրվելու է նոր համակարգ, որը կնպաստի ինքնամեկուսացած կամ մեկուսացած քաղաքացիների կողմից կանոնների պահպանմանը. «Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների: Այդ շրջաններում գործելու են ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների 1-ական խմբեր, որոնք ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն եւ համակարգին ազդանշան տան: Ինչ վերաբերում է տեղորոշման համակարգին, ապա մենք ունեցել ենք 1938 հիվանդի կոնտակտավոր անձանց տեղորոշում: Եվ մոտավորապես այդ թիվը համակարգով տրված է եղել 36 հազար, այդ մարդկանցից ֆիլտրվել է այն անձանց շրջանակը, որոնց հետ հիվանդը իսկապես կոնտակտ է ունեցել»: Հանրային միջոցառումներին մինչեւ 20 անձի մասնակցության սահմանափակումը, Ավինյանի փոխանցմամբ, խստացվել է՝ առավելագույն թիվը լինելու է 5-ը:  

Տ. Ավինյանը նաեւ հայտնեց, որ մայիսի 15-ին գործարկվելու են չվերթները Ռուսաստանից Հայաստան: Ինչ վերաբերում է Վրաստանի ու Իրանի հետ ցամաքային սահմաններին, ապա, ըստ պարետի, հարեւանների հետ դեռեւս այս հարցով քննարկում չի եղել, սակայն մոտ ապագայում անդրադառնալու են: Իր հերթին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իրազեկեց, որ մայիսի 15-ին Մոսկվայից կատարվելու է հերթական չարտերային չվերթը դեպի Երեւան, որով հայրենիք կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները:    

Մայիսի 14-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4044 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +184), բուժվածները՝ 1666 (+94), մահվան դեպքերը՝ 52 (+3): Վերջին մահացածները եղել են 68 տարեկան կին, 81 եւ 82 տարեկան տղամարդիկ, ովքեր ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 14-ի դրությամբ արձանագրվել է մահվան 22 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

13.05.2020

Ֆեյսբուքյան եթերով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում, եւ հակահամաճարակային պայմանները համատարած կերպով չեն պահպանվում: «Եթե այս տեմպերով մենք գնանք, եւ դեպքերի թիվը այս տեմպով ավելանա, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, ինչը խիստ անցանկալի է բոլորիս համար: Սահմանափակումների նպատակը այն է լինելու, որ հանկարծ մենք չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որեւէ քաղաքացի մնա առանց բուժօգնության: Կոչ եմ անում խստիվ հետեւել հակահամաճարակային կանոններին»,- նշեց նա:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կանխատեսել է, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կունենա: Բանկն ակնկալում է, որ ՀՀ տնտեսությունը կվերականգնվի 2021-ին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ գրանցվել է վարակվածության եւս 6 դեպք (ընդհանուր թիվը՝ 20): 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր): Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից): Արցախում 20 դեպքից բուժվել է 8 հոգի: 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իրազեկեց, որ հաստատվել է 7 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 400-ի, որից առողջացել է 181-ը: Արձանագրված մահերի թիվը 9 է:

Մայիսի 13-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3860 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +142), բուժվածները՝ 1572 (+72), մահվան դեպքերը՝ 49 (+1): Վերջին մահացածը եղել է 81 տարեկան տղամարդ, ով ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 21 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

12.05.2020

ԱԳՆ-ն հիշեցրեց, որ Վերին Լարսի անցակետը փակ է օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: «Պարետատան եւ ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետեւանքների եւ խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: Ուստի կոչ ենք անում արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձը իրականացնել բացառապես պարետատան եւ ԱԳՆ համակարգմամբ գործող սխեմայով եւ ձեռնպահ մնալ անհատական նախաձեռնություններից»,- հայտարարեց նախարարությունը: 

Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ հերթական խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին: Քննարկվել են մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ միջոցառումների խթանումը, համապատասխան մեխանիզմներ մշակումն ու ներդրումը:

ԱՆ-ից «Հետքին» հայտնել են, որ Հայաստանում COVID-19 հիվանդների բուժման համար նախարարությունն առանձնացրել է թոքերի արհեստական օդափոխության 205 սարք: ԱՆ-ն նախատեսում է ձեռք բերել եւս 50 սարք։

Մայիսի 12-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3718 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +180), բուժվածները՝ 1500 (+70), մահվան դեպքերը՝ 48 (+1): Վերջին մահացածը եղել է 65 տարեկան տղամարդ, ով, սակայն, չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 12-ի դրությամբ արձանագրվել է մահվան 21 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

11.05.2020

ՏՄՊՊՀ-ն հայտնեց, որ մարտի 16-ից մինչեւ ապրիլի վերջ իրականացրել է ձեռքի ախտահանիչ միջոցների եւ բժշկական դիմակների գների մոնիտորինգ, ինչի արդյունքում պարզվել է, որ ձեռքի ախտահանիչ միջոցները (100 մլ) վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը եղել է 200-250 դրամ: Ըստ հանձնաժողովի՝ գները հիմնականում կայուն են եղել:  

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իրազեկեց, որ մարզում գրանցվել է եւս 15 դեպք, 10 հոգի էլ ապաքինվել է: Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Դեպքեր են գրանցվել Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։

Մշտադիտարկումների ժամանակ հայտնաբերված խախտումների հետեւանքով պարետը որոշեց 24 ժամով կասեցնել 52 տնտեսվարողների գործունեությունը: 

Մայիսի 11-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3538 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +146), բուժվածները՝ 1430 (+82), մահվան դեպքերը՝ 47 (+1): Վերջին մահացածը եղել է 82 տարեկան կին եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 11-ի դրությամբ արձանագրվել է մահվան 19 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

10.05.2020

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ հանրապետությունում գրանցվել է եւս 4 դեպք (ընդհանուր՝ 14): Նոր վարակակիրները Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից են եւ առնչություն ունեն մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում հաստատված դեպքի հետ: 4-ից 2-ը եղել են մեկուսացված Շուշի քաղաքի հյուրանոցերից մեկում, իսկ մյուս 2-ը գտնվել են ինքնամեկուսացման մեջ: ԱՀ պարետի որոշմամբ՝ մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում եւ Քնարավան համայնքի Չափնի գյուղում, իսկ մայիսի 8-ից Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ:   

Մայիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3392 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +79), բուժվածները՝ 1359 (+34), մահվան դեպքերը՝ 46 (+1): Վերջին մահացածը եղել է 69 տարեկան կին եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

09.05.2020

Մայիսի 9-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3313 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +138), բուժվածները՝ 1325 (+58), մահվան դեպքերը՝ 45 (+1): Վերջին մահացածը եղել է 71 տարեկան կին եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 9-ի դրությամբ արձանագրվել է մահվան 15 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

08.05.2020

ԱՆ-ն որոշ մանրամասներ ներկայացրեց մինչ այդ արձանագրված 43 մահվան դեպքերի մասին: Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38 % դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13 %), զարկերակային հիպերտենզիա (60 %), շաքարային դիաբետ (38 %), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երեւույթներ կրած ինֆարկտից եւ ինսուլտից հետո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն եւ այլն: Հիմնականում պացիենտներն ունեցել են մեկից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Եղել է 1 դեպք (69-ամյա տղամարդ), երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն։

Փոխվարչապետ, պարետ Տ. Ավինյանի գրասենյակից «Հետքին» հայտնել են, որ Կոտայքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի 362 դեպք, ինչը կազմում է հանրապետությունում գրանցված դեպքերի ընդհանուր թվի (3029) մոտ 12 %-ը: 362 վարակակիրներից 164-ն արդեն իսկ առողջացել է։ Արձանագրվել է 7 մահվան դեպք․ 4-ը՝ Չարենցավանում, 3-ը՝ Աբովյանում։ Մահացածներից երկուսը եղել են 69 տարեկան, մյուսները՝ 47, 66, 73, 78 եւ 89 տարեկան։

Մայիսի 8-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3175 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +146), բուժվածները՝ 1267 (+49), մահվան դեպքերը՝ 44 (+1): Վերջին մահացածը եղել է 61 տարեկան կին եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 8-ի դրությամբ արձանագրվել է մահվան 12 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

07.05.2020

ՊԵԿ-ը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակում գյուղատնտեսական եւ բժշկական որոշ ապրանքատեսակների ներկրումը ԵԱՏՄ տարածքում ազատվել է մաքսատուրքից: 

Գործադիրը հաստատեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետեւանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաեւ խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը եւ առեւտրայնացմանը։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ շտապօգնության 12 բժիշկ կորոնավիրուսով վարակված է եւ մեկուսացված բժշկական կենտրոններում։ 

Արցախի ԱՆ-ն իրազեկեց, որ հաստատվել է եւս 2 դեպք, ինչի հետեւանքով ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10-ի: 6 հոգի բուժմամբ արդեն իսկ դուրս է գրվել: Նոր վարակակիրները Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքից են, նույն ընտանիքի անդամներ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման եւ տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:

Մայիսի 7-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3029 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +145), բուժվածները՝ 1218 (+33), մահվան դեպքերը՝ 43 (+1): Վերջին մահացածը եղել է 48 տարեկան կին եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն: Մայիսի 7-ի դրությամբ արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

06.05.2020

ԱԺ-ում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված է 1500 մահճակալ հիվանդանոցներում, առաջիկա օրերին սպասվում է, որ եւս 150 մահճակալ շահագործման կհանձնվի: Բացի սրանից՝ 600 հյուրանոցային տեղ կա ասիմպտոմ դեպքերի համար: 2300 հյուրանոցային տեղ էլ պատրաստվել է կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար: Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը 16 հակաճգնաժամային միջոցառում է իրականացրել, որոնց շրջանակներում 21 հազ. տնտեսվարող արտոնյալ վարկ է ստացել, ավելի քան 1 մլն մարդ էլ կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ խորհրդարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված անձ կա: «Տվյալ անձը մեկուսացված է, շփման շրջանակը՝ հստակեցված եւ մեկուսացված»,- ասաց ԱԺ խոսնակը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանն էլ նշել է, որ գիշերը խորհրդարանի վարչական շենքն ամբողջությամբ ախտահանվել է:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են նաեւ ՀՀ կառավարության եւ ԱՀԿ-ի միջեւ համագործակցության հարցերը եւ անդրադարձել դրանց ընդլայնման հեռանկարներին:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Դդմաշեն համայնքում հայտնաբերվել է նոր օջախ: Սրանից ելնելով՝ պարետի որոշել է գյուղում մտցնել ելքի-մուտքի հատուկ ռեժիմ, որը կգործի մայիսի 6-ի 18։00-ից մինչեւ մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։ «Այսօրվա դրությամբ մարզում հաստատվել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք, որից 39 դեպք՝ Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր ունենք նաեւ մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան եւ Գեղամավան համայնքներում։ Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետեւանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում»,- իրազեկեց Սանոսյանը։ 

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հայտնեց, որ մինչ օրս սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ: Մարտի 20-ից սկսած տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել 869 կազմակերպություններում, որոնցում արձանագրված խախտումների արդյունքում 98 կազմակերպությունների գործունեությունը ժամականավորապես դադարեցվել է, սկզբնական շրջանում՝ 6 ժամով, ապա՝ 24 ժամով: 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը փոխանցեց, որ մարտի 13-ից մինչեւ մայիսի 1-ը Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից եւ անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռն իրականացրել է աջակցության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 288 մլն դրամ։

Ըստ ՀՀ վիճկոմիտեի՝ մարտի համեմատ ապրիլին պարենային որոշ ապրանքներ կտրուկ թանկացել են, իսկ բենզինն ու դիզվառելիքը՝ զգալի էժանացել։

Մայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 2884 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +102), բուժվածները՝ 1185 (+50), մահվան դեպքերը՝ 42 (+2): Վերջին մահացածները տղամարդիկ են՝ 78 եւ 66 տարեկան։ Մայիսի 6-ի դրությամբ արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

05.05.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց, որ վերջին 2 օրերին մարզում հաստատվել է 15 նոր դեպք, ինչից հետո ընդհանուր դեպքերի թիվը հասել է 117-ի: Նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված անձանց շրջանում: Սանոսյանը նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի 64 եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի 76 աշխատողների 14-օրյա մեկուսացման ժամկետը, եւ նրանցից ոչ մեկ չի ախտորոշվել կորոնավիրուսով, իսկ բուժհաստատությունները մայիսի 6-ից վերսկսելու են աշխատանքները:  

Վիճկոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 14,6 %-ով, իսկ մեր երկրից մեկնած զբոսաշրջիկների թիվը նվազել է 13,3 %-ով: 

Արցախի ԱՆ-ն իրազեկեց, որ եւս 23 քաղաքացի է թեստավորվել, արդյունքները բացասական են: Ընդհանուր հաստատված 8 դեպքից բուժումը շարունակում է 2 պացիենտ, 6-ն առողջացմամբ դուրս է գրվել: 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հակաճգնաժամային միջոցառումների քննարկումների ժամանակ զեկուցել է տրամադրված տնտեսական եւ սոցիալական օժանդակության ծավալների մասին. մայիսի 5-ի դրությամբ օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ: Աջակցություն է ստացել շուրջ 24.000 տնտեսվարող, 360.000 ֆիզիկական անձ, իսկ կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների քանակը գերազանցում է 1 միլիոնը:

ԱՆ-ն հայտնեց, որ Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման կրկնակի դեպքեր: Պացիենտները որեւէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: Նրանք մեկուսացվել են` հավանական վարակը կանխարգելելու նպատակով: Ըստ ԱՆ-ի այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում է հարցը, թե արդյոք նման դեպքերը կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն՝ նորից անձը վարակվե՞լ է, թե՞ պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում եւ հետո ակտիվացում:

Մայիսի 5-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 2782 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +163), բուժվածները՝ 1135 (+24), մահվան դեպքերը՝ 40 (+0): Մայիսի 5-ին արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է։

04.05.2020

ԱԺ-ում նախարար Ա. Թորոսյանը նշեց, որ մայիսի 3-ի դրությամբ արհեստական օդափոխության սարքերին միացված է 9 պացիենտ, ինչպես նաեւ 35 ծայրահեղ ծանր եւ 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մեկուսացման վայրերում կա մոտ 2000 քաղաքացի, հիվանդանոցային համակարգի մահճակալային ֆոնդում կա մոտ 350 ազատ մահճակալ, քանի որ քաղաքացիների մի մասն իրենց «բուժօգնությունը» ստանում են հյուրանոցներում, որովհետեւ որեւէ սիմպտոմ չունեն, եւ այդ մոտեցումը դեռ շարունակվելու է: Թորոսյանը չբացառեց, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված եւ բուժված քաղաքացին կրկին վարակվի: Նրա խոսքով` արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտնեց, որ, ըստ նախնական հաշվարկների, գործազրկությունը 1,3 տոկոսով կավելանա` 17,7 տոկոսից բարձրանալով 19 տոկոսի: «Եթե վերածենք թվերի, ապա հավելյալ 40 հազար գործազուրկ: Այն ոլորտները, որտեղ գործազրկությունը զգալի կլինի, հետեւյալն են` սպասարկման, հանրայի սննդի ծառայություններ, մի փոքր չափով կտուժի նաեւ շինարարությունը»,- նշեց պաշտոնյան:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզում վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Շիրակի մարզպետարանն էլ փոխանցեց, որ առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով  24 պացիենտ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից կտեղափոխվի այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։ Այս հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 

Լիբանանից Հայաստան տեղափոխվեց ՀՀ 20 քաղաքացի:

Մայիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 2619 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +112), բուժվածները՝ 1111 (+40), մահվան դեպքերը՝ 40 (+1): Մահացածը եղել է 64-ամյա կին եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մայիսի 4-ին արձանագրվել է մահվան եւս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։

03.05.2020

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13,4 %-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ։ «Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաեւ ԱՆ-ի այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով եւ քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ Սա, իհարկե, կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանուեմ օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը եւ վտանգը, որի մեջ նրանք աշխատում են»,- նշեց նախարարը: 

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրեց, որ մայիսի 4-ից հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն՝ տեղաշարժման թերթիկի կարիք այլեւս չի լինի, շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը, վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը: Փոփոխություններ կլինեն նաեւ տնտեսական գործունեության դաշտում: 

Ավինյանն ու Թորոսյանը վարչապետ Փաշինյանի հետ քննարկեցին առկա իրավիճակը, սահմանափակումների թեթեւացումը, հետագա քայլերը: 

«Հետքը» պարզել է, որ ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման շրջանակի մեկուսացումն ապահովում է 35 հյուրանոցային տնտեսություն: Վերջիններիս հետ կնքվել են պայմանագրեր: 2 հյուրանոց տարածքը տրամադրել է անվճար հիմունքներով:

Մայիսի 3-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 2507 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +121), բուժվածները՝ 1071 (+36), մահվան դեպքերը՝ 39 (+4): Մահացածներից մեկը եղել է 71-ամյա կին, մյուսները՝ 83, 66 եւ 79 տարեկան տղամարդիկ։ Ըստ ԱՆ-ի՝ նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

02.05.2020

ԱՆ Արսեն Թորոսյանը մի քանի թիվ ներկայացրեց կորոնավիրուսի թեմայով. կա թոքաբորբով հիվանդ 454 հոգի, ծանր վիճակում է 63 հոգի, ծայրահեղ ծանր՝ 28, եւս 5 հոգի միացված է արհեստական շնչառության համակարգին: 

Հայտնի դարձավ, որ ամերիկյան իշխանությունները պաշտոնապես թույլատրել են ռեմդեսիվիր հակավիրուսային միջոցի կիրառումը COVID-19-ի դեմ պայքարում։ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը խորհուրդ է տվել օգտագործել ռեմդեսիվիրը, որը նախկինում կիրառվում էր էբոլայի վիրուսի բուժման համար։

Մայիսի 2-ին մեր երկրում վարակակիրների թիվը հասել է 2386-ի (նախորդ օրվա դրությամբ՝ +113), բուժվածները՝ 1035 (+25), մահվան դեպքերը՝ 35 (+2): ԱՆ-ի տեղեկացմամբ՝ մահացած պացիենտները եղել են 79 (կին) եւ 58 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Բացի այս 35-ից՝ արձանագրվել է եւս 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուս, սակայն մահվան պատճառն այլ հիվանդություն է եղել: 

01.05.2020

Վարչապետը ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում բաշխվել է 57,3 միլիարդ դրամ: Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական եւ 825 հազար ֆիզիկական անձանց միջեւ: 14-16-րդ ծրագրերը իրագործման փուլում են: Դրանք եւս հաշվելու դեպքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1 միլիոն 200 հազարը:

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտարարեց, որ մայիսի 4-ից տեղաշարժի սահմանափակումները հանվելու են, տեղաշարժի թերթիկի անհրաժեշտություն չի լինի, սակայն հանրային տրանսպորտը դեռեւս չի գործի՝ հաշվի առնելով, որ վարակի տարծման տեսանկյունից հանրային տրանսպորտի գործունեությունը բարձր ռիսկային է։ «Միայն մոլերն ու հանրախանութներն են փակ լինելու։ Որոշ գործունեության տեսակներ էլ սահմանափակումներով կգործեն։ Հանրային սննդի կազմակերպման ոլորտում կգործեն այն սուբյեկտները, որոնք կունենան բացօթյա տարածք»,- ասաց Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար, սպորտային ակումբների գործունեությունը եւս կթույլատրվի միայն մարզիկների համար: 

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ 8 հաստատված դեպքերից բուժմամբ դուրս է գրվել 6-րդ պացիենտը: «Հետքը» տեղեկացավ, որ ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում հաստատվել է 16 դեպք, որից բուժմամբ դուրս է գրվել 9 հոգի: ԱԱԾ-ում էլ առողջացել են 16 հոգուց 3-ը: Քննչական կոմիտեում եւ ՀՔԾ-ում դեպքեր չեն արձանագրվել: Բուժման մեջ է 1 դատախազ: 

Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում վարակակիրների թիվը հասել է 2273-ի (նախորդ օրվա դրությամբ՝ +125), բուժվածները՝ 1010 (+33), մահվան դեպքերը՝ 33 (+0): Բացի այս 33-ից՝ արձանագրվել է եւս 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուս, սակայն մահվան պատճառն այլ հիվանդություն է եղել: 

30.04.2020

Կառավարության նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մայիսի 4-ից էականորեն փոխվելու են տնտեսական գործունեության սահմանափակումները: «Եթե տեսնենք, որ այս մեղմացումների  քաղաքականությունը, որը մենք վարում ենք, բերում է վտանգավոր հետեւանքների, եւ վարակի տարածման արագությունն ու տեմպը աճում է այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, կարծում եմ, որ միանշանակ ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ»,- հավելեց նա։ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ մեծագույն խնդիրը տնտեսվարողների, անհատ քաղաքացիների, երեխաների, մեծահասակների, միջին տարիքի մարդկանց վարքագծային նոր կանոնների հաստատումն է: 

Գործադիրը հաստատեց աջակցության 15-րդ ծրագիրը, որի նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը: Ծրագրի բյուջեն 200 մլն դրամ է: Վարչապետը հայտնեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 54,9 մլրդ դրամ։ Շահառու տնտեսվարողների թիվը 22.000 է, շահառու ֆիզիկական անձանց թիվը կազմում է շուրջ 775.000 մարդ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես են կազմակերպվելու ընդունելության առաջիկա քննությունները: 

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ հաստատված 8 վարակակիրներից բուժման մեջ գտնվող 3 հոգին կրկին թեստավորվել են, երկուսի արդյունքները դրական են, նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդի թեստը բացասական է եղել: Եթե 24 ժամ հետո կրկնակի թեստը եւս բացասական լինի, քաղաքացին կհամարվի բուժված եւ դուրս կգրվի: 

Հետազոտություններ ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ռեմդեսիվիր հակավիրուսային միջոցն արդյունավետ է գործում: Հետազոտությունները շարունակվում են, դեռեւս ամփոփվել են միայն ռեմդեսիվիրի կիրառման նախնական արդյունքները։  

Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում վարակակիրների թիվը հասել է 2148-ի (նախորդ օրվա դրությամբ՝ +82), բուժվածները՝ 977 (+48), մահվան դեպքերը՝ 33 (+1): Մահացած պացիենտը եղել է 27-ամյա կին, ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

29.04.2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Խորհրդարանն ընդունեց նաեւ «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր 160 մլրդ դրամով բյուջեի դեֆիցիտը մեծացնել՝ համավարակի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու համար:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարեց, որ այսուհետ Ռուսաստանից դեպի Հայաստան իրակացվելիք թռիչքների համար քաղաքացիները պետք է վճարեն, իսկ դեսպանությունը բարերարների եւ բարեգործական կառույցների աջակցությամբ հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին։ 

Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանում վարակակիրների թիվը հասել է 2066-ի (նախորդ օրվա դրությամբ՝ +134), բուժվածները՝ 929 (+29), մահվան դեպքերը՝ 32 (+2): Մահացած պացիենտները եղել են 47 եւ 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

28.04.2020

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ առաջիկա զորակոչի ընթացքում զինված ուժեր կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու մի շարք միջոցառումներ կիրականացվեն: 

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը մտածում է առաջիկա 10 օրվա ընթացքում տնտեսական գործունեության բոլոր տեսակները թույլատրելու մասին: Կթուլացվեն նաեւ տեղաշարժի սահմանափակումները: Փաշինյանը նաեւ նշեց, որ կոմունալ վճարումների մասով հայտարարված ֆորս մաժորից հետո գործադիրը համաձայնել է, որ ՀԾԿՀ-ն եւ մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը. «Խոշոր սպառողների կողմից վճարումներ չկատարելու պատճառով դիրքորոշումը կոշտացնելուց հետո մի քանի օրվա ընթացքում մոտավորապես 7 մլրդ դրամ վճարումներ եղան համակարգ։ Հազարավոր խոշոր բաժանորդներ, որոնք սոցիալապես անապահով խմբերի մեջ չեն եղել, վճարումներ չեն կատարել։ Դիրքորոշումները կոշտացնելու արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից»: 

Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը վերաբերող հերթական խորհրդակցությանը Փաշինյանն ասաց. «Եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն արձանագրենք, խոստովանենք եւ հանրությանն էլ ասենք, որ առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ: Առաջին գործողությունը այն է, որ պետք է ինքներս մեզ եւ մեր հանրությանը կարողանանք ադապտացնել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն, զարգանալուն եւ ժամանակը ռացիոնալ օգտագործելուն՝ իհարկե, հասկանալով, որ դա իր հետ բերելու է նաեւ որոշակի ռիսկեր համաճարակային առումով»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ-ում «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկմանը հայտարարեց, որ չնայած այս տարվա բյուջեով 4,9 տոկոս աճի կանխատեսում կար, առաջարկվող նախագծով 2 տոկոս անկում կունենանք: Նախարարի ներկայացմամբ` տնտեսական անկման պայմաններում 2020-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169,1 մլրդ դրամով: «Մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է պայմանական օգտագործել տնտեսական եւ սոցիալական խնդիրների մեղմման նպատակով, մոտ 80 մլրդ դրամ՝ տնտեսական երկարաժամակետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար եւ 20 միլիարդ դրամ՝ պահուստային միջոցներն ըստ անհրաժեշտության վերաբաշխելու համար»,- ասաց Ջանջուղազյանը:

Հայաստանի բանկերի միությունը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ի դրությամբ  վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են մոտ 470 հազ. ֆիզիկական անձանց 758.325 վարկ՝ 26,5 մլրդ դրամի չափով եւ  14,6 հազ. իրավաբանական անձանց 16.356 վարկ՝ 48,3 մլրդ դրամի չափով:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Դրանցով ամրագրվում է, որ գործադիրի որոշմամբ՝ վարչապետը կամ փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության պարետ: Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաեւ համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը։ Պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Հատուկ չվերթով Կիեւից Երեւան ժամանեց ՀՀ քաղաքացիների երկրորդ խումբը:  

Ապրիլի 27-ի դրությամբ Հայաստանում վարակակիրների թիվը հասել է 1932-ի (նախորդ օրվա դրությամբ՝ +65), բուժվածները՝ 900 (+34), մահվան դեպքերը՝ 30 (+0):

27.04.2020

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ արձանագրվել է Արցախում հաստատված 8 դեպքերից 5-րդ առողջացման դեպքը: Այս անգամ բուժմամբ դուրս է գրվել ՀՀ քաղաքացին, ով կորոնավիրուսով ախտորոշվել էր Արցախի տարածքում, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխվել Հայաստան: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ տեղեկացրեց, որ մարզում վարակվածների թիվը հասել է 62-ի (+6), արձանագրվել է եւս մեկ մահվան դեպք, անձը եղել է 80 տարեկան (ներառված է ապրիլի 26-ի վիճակագրության մեջ):   

Ըստ ՀՀ վիճկոմիտեի՝ չնայած 2020 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4 %-ով, այս տարվա մարտին անցյալ տարվա մարտի համեմատ նույն ցուցանիշը նվազել է 4,9 %-ով: 2019 թ. առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն էլ նվազել է 4 %-ով։

ՊԵԿ-ը հայտարարեց, որ արտակարգ դրության ժամանակահատվածում եւ դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին, մինչեւ 1,5 մլն դրամի պարտավորություն ունեցողներից կոմիտեն չի իրականացնի հարկադիր գանձում: Կոմիտեն նաեւ հայտնեց, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես են ավարտին հասցնելու ուսումնական տարին:  

Կադաստրի կոմիտեն տեղեկացրեց, որ կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները, բացառությամբ «Վարդենիս» սպասարկման գրասենյակի, ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱՄԷ-ի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հեռախոսազրույցից հետո հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երեւան հասցվեցին բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Ամբողջ բեռը նվիրատվություն է ԱՄԷ կառավարության եւ ժողովրդի կողմից՝ ի հավաստումն Հայաստանի հանդեպ ունեցած բարեկամական ու առանձնահատուկ վերաբերմունքի, ինչպես նաեւ որպես Հայաստանի նախագահի եւ ԱՄԷ ղեկավարության միջեւ առկա ջերմ հարաբերությունների եւս մեկ վկայություն:

Ապրիլի 27-ի դրությամբ Հայաստանում վարակակիրների թիվը հասել է 1867-ի (նախորդ օրվա դրությամբ՝ +59), բուժվածները՝ 866 (+18), մահվան դեպքերը՝ 30 (+1): Ըստ ԱՆ-ի՝ մահացած պացիենտը եղել է 67 տարեկան եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

26.04.2020

Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանում վարակակիրների թիվը հասել է 1808-ի (նախորդ օրվա դրությամբ՝ +62), բուժվածները՝ 848 (+15), մահվան դեպքերը՝ 29 (+1): ԱՆ-ն հայտնել է, որ մահացած պացիենտը եղել է 80 տարեկան եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

25.04.2020

Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է վարակվածության 1746 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +69), բուժվածներ՝ 833 (+30), մահվան դեպքեր՝ 28 (+0):

24.04.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարեց, որ ապրիլի 22-ին ֆորս մաժորի վերացումից հետո 3-օրյա ժամկետում վճարումներ չկատարած քաղաքացիներից առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը: ՀԷՑ-ն իր հերթին նշեց, որ այն բաժանորդները, ովքեր փետրվար եւ մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչեւ 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ 

«Ավիակոմպանիա Արմենիան» հատուկ չվերթով Էրբիլ տեղափոխեց Իրաքի 125 քաղաքացու եւ այնտեղից ՀՀ բերեց 21 հայաստանցու: 

Կառավարությունում կայացած հերթական խորհրդակցությանը նշվել է, որ ապրիլի 24-ի դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական եւ տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43,4 մլրդ դրամ: 

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ առողջացմամբ դուրս է գրվել Քարվաճառի բնակիչ Ալբերտ Մկրտչյանը, ով վարակով ախտորոշվել էր ապրիլի 10-ին: Այսպիսով՝ Արցախում 8 վարակակիրներից բուժվել է 4-ը: 

Ապրիլի 24-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է վարակվածության 1677 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +81), բուժվածներ՝ 803 (+75), մահվան դեպքեր՝ 28 (+1): Մահացած պացիենտը եղել է 71 տարեկան եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

23.04.2020

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ապրիլի 22-ի 23:59-ից ուժի մեջ են մտել տնտեսական գործունեության սահմանափակումների մի շարք փոփոխություններ:  

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհի մրցույթի արդյունքները։ Ընդհանուր 22 մլն դրամի դրամաշնորհ է ստացել հաղթող ճանաչված 5 կազմակերպություն:  

ԱՆ Ա. Թորոսյանը կառավարության նիտում հայտնեց հետեւյալը. «Այս պահին ունենք 10 ծայրահեղ ծանր, մոտ 230 թոքաբորբով հիվանդ, արհեստական օդափոխությամբ 5 հոգի, որոնցից մեկը 27 տարեկան է, սակայն ունի ծանր բնածին հիվանդություն։ Բժիշկներն ամեն ինչ անում են՝ իրավիճակը կայունացնելու համար։ Հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել: Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթեւ ձեւերը՝ հյուրանոցային պայմաններում պահելու համար, սակայն թուլանալու կամ զգոնությունը կորցնելու առիթներ չունենք»:

Կառավարությունը հաստատեց աջակցության 14-րդ ծրագիրը, որը վերաբերում է ուսանողներին: 

Հայտնի դարձավ, որ ԱԺ-ն ապրիլի 28-ին արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգի հարցերից մեկը վերաբերում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն: Առաջարկվում է ամրագրել, որ գործադիրի որոշմամբ՝ վարչապետը կամ փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության պարետ: Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաեւ համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը։ Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ փետրվարի համեմատ մարտին գրանցված աշխատատեղերն ավելացել են 3700-ով: Ապրիլի տվյալները հայտնի կդառնան մայիսին: 

ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ նախարարության մասնագետներն ապրիլի 22-ին վարակազերծել են մեկուսացված Վարդենիս քաղաքի հիվանդանոցը (3300 քմ մակերեսով), պոլիկլինիկան (1800 քմ մակերեսով), շտապօգնության 6 մեքենաները, ինչպես նաեւ կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատունը: 

Գեղարքունիքի մարզպետարանն էլ հայտնեց, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը՝ մահվան ելքով: 87 տարեկան կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաեւ խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխանն է դրական եկել։ Գեղարքունիքում մեկուսացված է 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ 

Արցախի ԱՆ-ն իրազեկեց, որ երկրում գրանցվել է վարակվածության 8-րդ դեպքը, որն առնչություն ունի Քարվաճառի բնակչի դեպքի հետ: Ապաքինվածների թիվը 3 է: Վերջին բուժվածը եւս Քարվաճառից է, նրա կրկնակի թեստը բացասական է եղել:  

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթով ռուսական երկու քաղաքներից ՀՀ վերադարձավ 230 հայաստանցի: 

Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է վարակվածության 1596 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +73), բուժվածներ՝ 728 (+69), մահվան դեպքեր՝ 27 (+3), բացասական թեստերը՝ 14957: Մահացած պացիենտները եղել են 87, 84 եւ 81 տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ:

22.04.2020

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի շուրջ տեղի ունեցած զարգացումները քննարկման առարկա դարձան ԱԺ-ում: Ընկերության բազմաթիվ աշխատակիցներ գնացել էին աշխատանքի, սակայն ոստիկանությունը տուգանել էր նրանց արտակարգ դրության ռեժիմը խախտելու հիմքով: «Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները երեկ գնում են աշխատանքի, եւ ոստիկանությունը սկսում է մարդկանց տուգանել: Ունենք իրավիճակ, որ պետությունը հայտարարում է՝ ամսի 20-ից կարող եք աշխատել, մարդիկ գնում են աշխատանքի, ու էդ մարդկանց տուգանում են»,- ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ պարետատունը հայտարարել էր՝ ապրիլի 20-ից տեքստիլ արտադրամասերն իրենց աշխատանքը կվերսկսեն, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի 1-ից. «Ընդգծեմ, որ այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը 1-ից բարձր է, եւ դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի: Տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում, եւ իրենց առաջարկել են կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն ընկերությունները, որոնք նախապես դիմեն Էկոնոմիկայի նախարարությանը»:

ՀԾԿՀ-ն հայտարարեց, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած: Ավելի ուշ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնեց, որ սպրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի: Նմանատիպ հայտարարություն տարածեց նաեւ ՀԷՑ-ը: 

Արցախի ԱՆ-ն տեղեկացրեց, որ 7 հաստատված դեպքերից դեռեւս բուժվող 5 անձից 3-ի թեստերի պատասխանները ստացվել են, երկուսը բացասական են, մեկը՝ դրական: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի՝ եթե 24 ժամ հետո անձի թեստը կրկին բացասական է լինում, նա համարվում է բուժված եւ դուրս է գրվում:

Ն. Փաշինյանը հայտնեց, որ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10.531 իրավաբանական անձ եւ 639.592 ընտանիք: Միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 29 միլիարդ 900 միլիոն դրամ: 

Մոսկվայից Երեւան վերադարձավ ՌԴ մայրաքաղաքում գտնվող մեր հայրենակիցների 4-րդ խումբը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապրիլի 23-ին կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարջը Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթով: 

Ապրիլի 22-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է վարակվածության 1523 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +50), բուժվածներ՝ 659 (+26), մահվան դեպքեր՝ 24 (+0), բացասական թեստերը՝ 14338: 

21.04.2020

ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտնեց, որ մարտի 14-ից ՀՀ է տեղափոխվել մոտ 22 հազար քաղաքացի: Նրա խոսքով՝ ապրիլի 21-ի դրությամբ Հայաստան վերադառնալու ցանկություն է հայտնել եւս 1283 քաղաքացի: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական «Սիբիր» ավիաընկերությունը Մոսկվայից Երեւան է տեղափոխելու ՌԴ մայրաքաղաքում գտնվող մեր հայրենակիցների 4-րդ խմբին: 

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակով կոչ արեց կառավարությանը քայլեր ձեռնարկել զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների եւ հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: 

«Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4 % սահմաններում,- հայտարարեց ԱՆ Արսեն Թորոսյանը,- ունենք նաեւ բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատանվում է 700-800 սահմաններում: Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ եւ «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու եւ թուլանալու»: Նախարարն անհանգստություն հայտնեց Երեւանում ու մարզերում բուժաշխատողների վարակման դեպքերի վերաբերյալ: 

Մամուլի ասուլիսում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը հայտնեց, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը քաղաքացիների համար փակ է լինելու: «Միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին, կլինեն եկեղեցական զանգերի ղողանջեներ, որոնց ներքո պետք է մարեն Երեւանի եւ մազկենտրոնների փողոցների լույսերը: Կոչ ենք անելու քաղաքացիներին անջատել բնակարանների լույսերը եւ հայացքները սեւեռել դեպի հուշահամալիր»,- ասաց Աղաջանյանը:

Պարետի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք մուտք գործելու եւ համայնքից դուրս գալու հատուկ ռեժիմ է սահմանվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Սահմանափակումները ուժի մեջ ապրիլի 22-ի 08:00-ից մինչեւ ապրիլի 28-ի 23:59-ը։

Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո (24.03.2020) մինչեւ ապրիլի 20-ը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի նկատմամբ։ Հայտնաբերվել է նաեւ ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոները խախտելու 82 դեպք։ 

Կորոնավիրուսի հետեւանքների մեղմմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հերթական քննարկմանը ձեւավորվել է ընդհանուր մոտեցում՝ ավելացնել գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը եւ ընթացիկ պահանջարկը բավարարելուց հետո քննարկել աջակցության 2-րդ ծրագրի հետագա ընթացքը։ Ն. Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում հաստատման ներկայացնել համապատասխան նախագիծ։

Ապրիլի 21-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է վարակվածության 1473 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +72), բուժվածներ՝ 633 (+24), մահվան դեպքեր՝ 24 (+0), բացասական թեստերը՝ 13494: 

20.04.2020

Արցախի պարետի որոշմամբ՝ ապրիլի 22-ից արգելվեց Արցախի քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով:

Գլխավոր դատախազությունից հաստատեցին, որ դատախազներից մեկն ախտորոշվել է կորոնավիրուսով: Նրա ընտանիքի անդամները մեկուսացված են, իսկ շփում ունեցած գործընկերները գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն էլ հայտնեց, որ 10 ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որից 5-ն արդեն առողջացել է։ Ըստ Մհրյանի՝ հանրապետությունում մեկուսացման 37 վայր կա, այդ թվում՝ հիվանդանոցներ եւ հյուրանոցներ։ 

Չնայած ԱԺ-ն աշխատակազմը հերքեց լուրերը, թե աշխատակազմում վարակակիր կա, հայտնի դարձավ, որ պատգամավորները կորոնավիրուսի թեստ են հանձնելու «հերթական կանխարգելիչ միջոցառումների շրջանակում»: Թեստավորման օրը դեռ հայտնի չէ: 

ՀՖՖ-ի եւ պարետատան ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբները կարող են վերսկսել մարզումներն ապրիլի 23-ից: Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավել, քան 20 (), ներառյալ՝ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող եւ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ: Ըստ ՀՖՖ-ի՝ առաջնության եւ գավաթի խաղարկության հանդիպումների վերսկսման հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես-հունիսի սկիզբը՝ կախված արտակարգ դրության ավարտից եւ մի շարք այլ հանգամանքներից։

Ապրիլի 20-ին եւ 21-ին Ռուսաստանի  Կրասնոդար եւ Դոնի Ռոստով քաղաքներից Հայաստան է տեղափոխվել ՀՀ 200 քաղաքացի, յուրաքանչյուրից՝ 100-ական հոգի: Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Տեղափոխությունն իրականացվել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության միջոցով: 

Ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է վարակվածության 1401 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +62), բուժվածներ՝ 609 (+29), մահվան դեպքեր՝ 24 (+22), բացասական թեստերը՝ 12528: Մահացած վերջին 2 անձինք՝ 88 եւ 65 տարեկան պացիենտները, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

19.04.2020

Գյումրու բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ 29 մեկուսացված բուժաշխատողները հանձնել են կորոնավիրուսն ախտորոշող թեստեր, որոնց պատասխանները եղել են բացասական։ Մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ, որը մահացել էր ապրիլի 5-ին: 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ մարզում վարակակիրների թիվը հասել է 10-ի:  

Հայտնաբերված խախտումների հիմքով պարետի որոշմամբ 24 ժամով արգելվեց մի շարք սուպերմարկետների գործունեությունը: Ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1339 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +48), բուժվածները՝ 580 (+35), մահվան դեպքերը՝ 22 (+2), բացասական թեստերը՝ 12034: Մահացած վերջին 2 հիվանդները եղել են 62 եւ 90 տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: 

18.04.2020

Արցախի ԱՆ-ից հայտնեցին, որ ապրիլի 18-ին 28 քաղաքացուց թեստավորման համար նմուշառում է իրականացվել եւ ուղարկվել ՀՀ: Բոլորի պատասխանները բացասական են եղել: Ավելի ուշ Արցախի պարետատան մամուլի պատասխանատու Տիգրան Աբրահամյանը «Հետքին» փոխանցեց, որ Արցախում կա 27 մեկուսացված, որից 7-ը վերջին վարակակրի՝ Ստեփանակերտի ԲԿ-ի բուժաշխատողի ընտանիքի անդամներն են: Անդրադառնալով հարցին, թե ինչու են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ եւ Ծիծեռնավանք գյուղերում հայտարարված տեղաշարժի սահմանափակումները 2 օր անց հանվել, Աբրահամյանը նշել է, որ սահմանափակումները պայմանավորված էին այդ գյուղերի 2 վարակակրի հանգամանքով, որոնք, սակայն, ապրիլի 17-ին առողջացմամբ դուրս են գրվել, իսկ մյուսն էլ (առաջին վարակակիրը՝ Միրիկի բնակչուհին) գտնվում է Հայաստանում, ընդհանուր վիճակը բավարար է գնահատվում: 

Կառավարությունում կայացած խորհրդակցությանը ներկայացվել են աջակցության նոր առաջարկներ: Քննարկվել են ուսանողներին եւ բուհերին աջակցելու քայլեր։ Արծարծվել են բարձր առաջադիմությամբ ուսանողների կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաեւ ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ բարձր առաջադիմություն ունեցող որեւէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու, եւ գործադիրը հնարավորինս օժանդակելու է նրանց: Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել առաջարկը եւ ներկայացնել վերջնական տարբերակ։

Ապրիլի 18-ի դրությամբ վարակակիրների ընդհանուր թիվը 1291 է (նախորդ օրվա համեմատ՝ +43), բուժվածները՝ 545 (+22), մահվան դեպքերը՝ 20 (+0), բացասական թեստերը՝ 11389:   

17.04.2020

ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված կնոջ ծննդաբերությունից հետո նրա թեստը բացասական է եղել, իսկ երեխան դեռ պետք է թեստավորվի: Սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ ծննդաբերում է վարակակիր անձը: 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ տեղեկացրեց, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է արձանագրվել: Հիշեցնենք, որ մինչ այս արձանագրվել էր եւս մեկ դեպք, սակայն երիտասարդ կնոջ հաջորդ երկու թեստերը բացասական էին եղել: 

Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդել է տվյալներ, ըստ որոնց՝ մի շարք ապրանքատեսակներ այս տարվա առաջին եռամսյակում թանկացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:  

Արցախում հաստատվեց վարակվածության 7-րդ դեպքը: Վարակակիրը ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկն է: Բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են եւ գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: Այս մասին հայտնեց Արցախի ԱՆ-ն: Ըստ գերատեսչության՝ բուժհաստատություններում եւ մեկուսացման համար նախատեսված այլ օբյեկտներում մեկուսացվածների թիվը 21 է:

Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը փոխանցեց, որ Քաշաթաղի բուժմիավորումից դուրս են գրվել կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները: Հայտնի դարձավ նաեւ, որ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը որոշել է հանել Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ եւ Ծիծեռնավանք համայնքներում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները, որոնք գործում էին ապրիլի 15-ից: 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ասուլիսում տեղեկացրեց, որ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը հայտնել է, որ չունեն աշխատանք, կացարան, ֆինանսական միջոցներ եւ ցանկանում են Հայաստան վերադառնալ, սակայն չեն կարողանում։ Սինանյանը նշեց, որ ԱԺ պատգամավորներն նրանց խնդիրները լուծելու համար ակտիվ աշխատում են, իրենք էլ դուրսը մնացած անձանց համար կացարան են փնտրում. «Խնդիրը բարդանում է նրանով, որ մեր՝ դրսում հայտնված հայրենակիցներից շատերը հնարավոր է վարակված են, իսկ ոչ քաղաքացիներին բժշկական ծառայություն շատ տեղերում չեն մատուցում։ Եթե մենք նույնիսկ հիմա փորձում ենք իրենց համար կացարաններ գտնել, իրենց վարակված կամ չվարակված լինելն էլ խնդրահարույց է դառնում։ Այդ ուղղությամբ խնդիրն, իրոք, լուրջ է»։ 

Իր հերթին ՀՀ պարետատունը հայտարարեց, որ մարտ 14-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել կամ համակարգվել է մի շարք երկրներից 21206 ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան: Ապրիլի 19-23 ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից եւ երկրներից: Անմիջապես դրանից հետո աշխատանքներ կտարվեն այժմ Մոսկվայում գտնվող քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ՝ գործողությունները համադրելով  վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած հերթական խորհրդակցությանը ներկայացվել են տնտեսական օժանդակության նոր գաղափարներն ու առաջարկները։ Քննարկվել են, մասնավորապես, սկսնակ գործարարներին կրթական բաղադրիչով ծրագրերով խթանելուն, բիզնեսին հարկային ու վարկային գործիքակազմով տրամադրվող աջակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ 

Ներկա իրավիճակի եւ ձեռնարկվող քայլերի մասին երեկոյան քաղաքացիներին ուղերձ հղեց  Նիկոլ Փաշինյանը: 

Ապրիլի 17-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1248 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +47), բուժվածները՝ 523 (+121), մահվան դեպքերը՝ 20 (+1), բացասական թեստերը՝ 10548: Պարզվել է, որ վերջին մահացածը 75-ամյա կին է, ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի եւ կորոնար անոթների ախտահարումով: 

16.04.2020

Կառավարության նիստում վարչապետը հայտնեց, որ պարետատունը որոշել է մեկուսացնել Արարատի մարզի Նորաշեն համայնքը. «Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։ Ոստիկանության եւ մասնագետի ուղեկցությամբ է նա գնացել հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը, բայց հասկանալի է, որ իրավիճակը հուզումնալից է եղել, եւ նրանք, այնուամենայնիվ, չեն պահել պայմանները եւ գրկախառնվել են։ Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել: Սրա արդյունքում հիմա պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայքն ամբողջությամբ մեկուսացնել»։

Գործադիրի նիստում հաստատվեց աջակցության 13-րդ ծրագիրը: Որոշվեց նպաստառու ընտանիքներին աջակցություն տրամադրել նպաստի 50 տոկոսի չափով: Գումարի 70 տոկոսը կփոխանցվի կանխիկ, իսկ 30-ը՝ որպես էլ.էներգիայի վճար: Ընդլայնվեց 8-րդ եւ 9-րդ միջոցառումների շահառուների շրջանակը: Նույնն արվեց 3-րդ միջոցառման մասով: 

Կառավարությունը որոշեց «Ինժեներական Ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամի դրամաշնորհ՝ կազմակերպելու թոքերի արհեստական շնչառական սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձեւավորման աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը: Ըստ նախարար Հակոբ Արշակյանի՝ 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի հասնել արտադրական վիճակի եւ ունենալ արդեն իսկ աշխատող սարքավորում։ Հնարավորություն կլինի ամսական շուրջ 40-50 սարքավորում արտադրել։

Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարության սահմանափակված ծառայությունները ապրիլի 17-ից կընդլայնվեն: 

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի փոխանցմամբ՝ 31 ինքնամեկուսացված եւ մեկուսացված աշխատակիցների թեստերի արդյունքները բացասական են եղել։ Իսկ վարակված 2 աշխատողների վիճակը գնահատվում է նորմալ, վարակի ընթացքը թեթեւ է: Տեսճական մարմինը ստուգումների ժամանակ արձանագրած խախտումների պատճառով ժամականավոր դադարեցրել է շուրջ 55 կազմակերպության կամ դրանց մասնաճյուղերի գործունեությունը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դիմել են իրենց՝ խնդրելով հորդորել ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում լքել օդանավակայանի տարածքը։ Հիշեցնենք, որ քաղաքացիները սպասում են հայրենիք վերադառնալու չվերթի: «Կրկին խնդրում եւ հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ օդանավակայանում գտնվելուց եւ առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կրկին կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից։ Կրկին նշենք, որ առաջիկայում Մոսկվայից դեպի Հայաստան թռիչք չի նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ունենալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- հայտարարեց դեսպանությունը։

Ապրիլի 15-ի դրությամբ ամփոփիչ պատկերն այսպիսին է. հաստատվել է 1201 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +42), բուժվածները՝ 402 (+44), մահվան դեպքերը՝ 19 (+1), բացասական թեստերը՝ 9592: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ` մահվան վերջին դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլեւացիայով: Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատեւ թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

15.04.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան դեռ չի հասել իր գագաթնակետին։ Միաժամանակ ԱՀԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կհայտնվի ոչ շուտ, քան մեկ տարի անց։ 

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացրեց, որ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել: Աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ, քանի որ ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատվել էր վարակը: Աշխատակիցն ինքն է հեռախոսազանգով տեղեկացրել, որ իր ընտանիքի անդամի մոտ թեստը դրական արդյունք է տվել, եւ ինքն աշխատանքի չի ներկայանալու, ընտանիքով ինքնամեկուսացել են: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Հետքին» հայտնեց դատարաններում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարեց, որ ԱՆ Ա. Թորոսյանի հրամանով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի ողջ աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4 մլն դրամ:

Կառավարությունում կայացած խորհրդակցությանը քննարկվել են ստեղծված իրավիճակում ավարտական քննությունները կազմակերպելու հարցերը: Ավելի ուշ ԱԺ-ում Ն. Փաշինյանը հայտնեց, որ գործադիրը որոշել է նպաստառու ընտանիքներին նպաստի կես չափով միանվագ աջակցություն տրամադրել: Ըստ վարչապետի՝ կյանքը կորոնավիրուսից հետո բոլոր բնագավառներում փոխվելու է, նախկինը չի լինելու, պետք է լինեն նոր կանոններ. «Հույս ունենք, որ եղանակը կտաքանա, միջանցք կվերցնենք, բայց հնարավոր է այդ միջանցքը լինի մինչ սեպտեմբեր-հոկտեմբեր, եւ հոկտեմբերից նորից սկսենք ամեն ինչ զրոյից: Երկրորդ, երրորդ ալիքին ավելի պատրաստված պետք է լինենք»: 

ԿԲ ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով փոխարժեքի՝ վերջին շրջանում գրանցված կտրուկ տատանումներին, հորդորեց չտրվել կարճաժամկետ ակնկալիքներին եւ վստահել դրամին: Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը վերջերս միջամտեց՝ կտրուկ տատանումների հետեւանքները մեղմելու համար. «Ինչպես տեսնում ենք, սա իր արդյունքներն է տալիս, եւ դրամի փոխարժեքը վերադառնում է իր նախկին ցուցանիշներին»:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային վարակումից եւ հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում մինչեւ ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ:

Արցախի արտակարգ իրավիճակի պարետ Գ. Մարտիրոսյանը ցուցում է տվել վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով հատկացնել առանձին հյուրանոց, որպեսզի նրանք այս ընթացքում առանձին բնակվեն եւ իրենց ընտանիքների անդամների առողջությունը չվտանգեն: 

Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները շարունակում են սպասել Հայաստան վերադառնալու իրենց հերթին: Նրանք «Հետքին» հայտնել են, որ մեր դեսպանության հաղորդմամբ՝ մինչեւ կիրակի նոր չվերթ դեպի Երեւան չի լինելու: Մինչ այս կազմակերպվել է 3 հատուկ չվերթ: 

Ապրիլի 15-ի դրությամբ ամփոփիչ պատկերն այսպիսին է. հաստատվել է 1159 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +48), բուժվածները՝ 358 (+61), մահվան դեպքերը՝ 18 (+1), բացասական թեստերը՝ 8473: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաեւ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում՝ սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձեւ, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ: 

14.04.2020

Առավոտյան ուղիղ եթերում, անդրադառնալով նոր դեպքերի նվազմանը, վարչապետ Փաշինյանը նշեց, թե հնարավորություն կա ջարդել համաճարակի ողնաշարը: ԱՆ-ն իր հերթին հայտարարեց, որ բուժհաստատություններում եւ մեկուսարաններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ու հսկողության ուղղությամբ կատարվող աշխատանքների համար անհրաժեշտ են կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ/санитар, санитарка):

Տնտեսվարողներին կոչ արեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Պարբերաբար իրականացվող մշտադիտարկման, ինչպես նաեւ առկա վերլուծական ու հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում, առանձին հարկ վճարողների մոտ մենք ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են առերեւույթ կեղծիքի, որպեսզի դառնան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելուն միտված այս կամ այն միջոցառման շահառու կամ հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում գիտակցաբար թերի են հայտարարագրում իրենց հարկային պարտավորությունները»,- նշել է Անանյանը՝ հորդորելով դրսեւորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ եւ զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսեւորումից։

ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով սոցիալական աջակցության ծրագրերին, նշեց, որ ներկա պահին խոցելի խմբերի եւ թոշակառուների համար այս պահին չկա աջակցության ծրագիր, բայց «Հայփոստի» հետ համատեղ փորձում են սահմանափակել նրանց տնից դուրս գալը, կենսաթոշակները տրամադրվում են բացառապես տնայցերի միջոցով: 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարեց, որ ապրիլի 14-ից մինչեւ արտակարգ դրության ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները հնարավորություն կունենան անվճար երթեւեկել իրենց էլեկտրագնացքներով:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացրեց, որ ապրիլի 9-13-ն ստուգել է ՀՀ-ում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանք եւ պարզել, որ արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր), ու արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում:

Կառավարությունը հաստատեց աջակցության 12-րդ ծրագիրը, որի համաձայն՝ վճարելու է փետրվարին մինչեւ 5000-10000 դրամի էլ.էներգիա եւ 10000-30000 դրամի գազ սպառած բաժանորդների ծախսերի 30 տոկոսը: Կառավարությունում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է աջակցության ծրագրերի ընթացքը:

Այն բանից հետո, երբ Գեղարքունիքում հայտնաբերված վարակակրի՝ երիտասարդ կնոջ երկրորդ թեստը բացասական էր եղել, որոշվել էր անցկացնել երրորդը, որը եւս բացասական պատասխան է ունեցել: Այս մասին տեղեկացրեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Արցախի պարետ Գ. Մարտիրոսյանի որոշմամբ՝ ապրիլի 15-ի ժամը 00:01-ից անձանց ազատ տեղաշարժը սահմանափակվելու է Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Շահումյանի շրջանի Քարվաճառ, Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ եւ Հաթերք համայքների վարչական տարածքներում: «Հետքի» հարցին, թե ինչու են սահմանափակումներ մտցվել Մարտակերտի շրջանում, պարետատնից հայտնել են, որ այդ համայնքներում կան ինքնամեկուսացված անձինք: 

Ապրիլի 13-ի դրությամբ հաստատված դեպքերի թիվը 1111 է (նախորդ օրվա համեմատ՝ +44), բուժվածները՝ 297 (+32), մահվան դեպքերը՝ 17 (+1), բացասական թեստերը՝ 7984: Մահվան վերջին դեպքի մասին հայտնի դարձով, որ 66-ամյա տղամարդն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետեւանքով ձեւավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։

13.04.2020

Կառավարության նիստում որոշվեց արտակարգ դրությունը երկարացնել մինչեւ մայիսի 14-ի 17:00-ն ներառյալ: Օրենսդրության պահանջով հրավիրվեց ԱԺ հատուկ նիստ, որում հանդես եկավ պարետ Տ. Ավինյանը: «Մենք գործողությունները բաժանել ենք չորս հիմնական փուլի, հիմա երրորդ փուլում ենք, որը ենթադրում է ավելի ինտենսիվ տեղորոշման գործիքակազմի օգտագործում, խիստ սահմանափակումներ եւ թեստավորման ծավալների աճ»,- ասաց նա՝ հավելելով, որ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մարտի 23-ին կազմել է 1,2-1,3, իսկ սահմանափակումներից հետո՝ մարտի 31-ին՝ 0,8-0,9: Ավինյանը խոսեց նաեւ վարակակիրների կոնտակտավորների տեղորոշման գործիքակազմի մասին: Պարետն անդրադարձավ նաեւ միջմարզային սահմանափակումներին ու արտակարգ դրությունը երկարացնելուն

«Հաջորդ քայլով, որը նախատեսվում է իրականացնել, այն է, որ Չինաստանից ներկրելու ենք 100 հազար թեստերի համար ռեագենտներ, դրանք հանձնելու ենք Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, ինչպես նաեւ նախատեսվում է հատուկ սարքավորումներ ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով արտադրել ԲՇՌ թեստերից»,- ասաց Ավինյանը՝ ավելացնելով, որ արդեն իսկ ներկրվել է 60 հազար թեստ Չինաստանից, 20 հազար թեստ էլ սպասվում է Լեհաստանից:

Գործադիրն ընդունեց աջակցության 11-րդ ծրագիրը, որի համաձայն՝ վճարելու է փետրվարին մինչեւ 5000 դրամի էլ.էներգիա եւ 10000 դրամի գազ սպառած բաժանորդների ծախսերի 50 տոկոսը: 

ԱԺ-ն ընդունեց նախագիծը, ըստ որի՝ եթե արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության բուժօգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան լիցենզիա ունեցող բուժօգնություն եւ սպասարկում իրականացնողների կարողությունները, ապա կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել այդպիսիք իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի բուժօգնության եւ սպասարկման իրականացումը` որոշմամբ սահմանված պայմաններով, ինչպես նաեւ որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումը բուժօգնության եւ սպասարկման իրականացմանը՝ կրկին սահմանված պայմաններով: Կթույլատրվի նաեւ այն ԲԿ-ների ներգրավումը, որոնք չունեն ինֆեկցիոն բաժանմունքներ:

Արցախում տեղի ունեցավ պարետատան առաջին նիստը: Պարետ Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է որոշումների նախագծերը, որով սահմանվելու են մի շարք սահամանփակումներ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնեց, որ ԱՀ հսկիչ-անցագրային կետերում եւ հանրապետության բնակավայրերում ախտահանման աշխատանքները մեծ ծավալով իրականացնելու նպատակով ԱԻՊԾ-ն կստանա ախտահանիչ նյութերի մեծ խմբաքանակ, իսկ շուրջօրյա հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները` համապատասխան լրացուցիչ հանդերձանք: Իսկ Արցախի ԱՆ-ի փոխանցմամբ՝ «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մարտի 14-ի քվեարկությանն ընդառաջ բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ:

ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացրեց, որ ԶՈւ-ում հայտնաբերված 6 վակարակիրները բուժմամբ դուրս են գրվել: Օհանյանը չհայտնեց ներկա պահին վարակակիր եւ մեկուսացված զինծառայողների թիվը, սակայն նշեց, որ այն փոքր է: 

Հայտնի դարձավ, որ օդային երթեւեկության սպասարկում իրականացնող «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են, ընկերությունն անցել է բնականոն ռեժիմի:

Ապրիլի 13-ի դրությամբ հաստատված դեպքերի թիվը 1067 է (նախորդ օրվա համեմատ՝ +28), բուժվածները՝ 265 (+45), մահվան դեպքերը՝ 16 (+2), բացասական թեստերը՝ 7249: Պարզվել է, որ վերջին մահացածները՝ 65-ամյա եւ 82-ամյա պացիենտները, ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն, բացի դրանից՝ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ 

12.04.2020

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն անցկացրեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ: Նա ուղերձով դիմեց հանրապետության քաղաքացիներին՝ հայտնելով, որ հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: ԱԻ հայտարարվեց ապրիլի 12-ի 22:00-ից մինչեւ մայիսի 12-ի 22:00-ն ներառյալ: ԱԻ իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծեց պարետատուն՝ պարետ նշանակված պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Սահմանվեցին ԱԻ ռեժիմն ապահովող միջոցներ՝ սահմանափակումներ: Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, այն կկայանա, քանի որ ԱՀ Սահմանադրությամբ, ի տաբերություն արտակարգ դրության, արտակարգ իրավիճակի դեպքում նման արգելք չկա: 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արցախում վարակակիրների թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 6-ի: Վերջին վարակակիրը Քարվաճառի բնակչի կինն է: 

Ռուսաստանից Հայաստան վերադարձավ այդ երկրում մնացած ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը՝ 230 հայաստանցի: 

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ տնտեսական գործունեության որոշ տեսակներ թույլատրվեցին ապրիլի 13-ից:   

Ապրիլի 12-ի ամփոփիչ տվյալներն են. հաստատված դեպքեր՝ 1039 (նախորդ օրվա համեմատ՝ +26), բուժվածներ՝ 211 (+14), մահվան դեպքեր՝ 14 (+1), բացասական թեստերը՝ 6592: Մահվան նոր դեպքը գրանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ 67-ամյա կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ, բացի դրանից՝ ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։

11.04.2020

Ապրիլի 13-ին կառավարության առաջարկով ԱԺ-ն հրավիրելու է արտահերթ նիստ, որում քննարկելու է օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է օրենքով սահմանել, որ եթե արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան լիցենզիա ունեցող բուժօգնություն եւ սպասարկում իրականացնողների կարողությունները, ապա կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել այդպիսիք իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի բուժօգնության եւ սպասարկման իրականացումը` որոշմամբ սահմանված պայմաններով, ինչպես նաեւ որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումը բուժօգնության եւ սպասարկման իրականացմանը՝ կրկին սահմանված պայմաններով: Այսինքն՝ առաջարկվում է համապատասխան մասնագետների հնարավոր բացը լրացնել այլ մասնագետներով:

Արցախի ԱՆ-ն հայտնեց, որ 5 վարակակիրներից մեկի՝ 1951 թ. ծնված Քարվաճառի բնակչի վիճակը միջին ծանրության է, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ, մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարն էլ «Հետքին» փոխանցել է, որ քարվաճառցի վարակակիրը տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Հանրապետական հիվանդանոց, նրա ընտանիքն ու վերջինիս հետ կապ ունեցածները մեկուսացվել են:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Առաջարկվեց եւս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Այնուհետեւ քննարկվեցին տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումներին, դրանց վերացման հնարավորության ժամանակացույցին, վարակի տարածման հակազդելուն ուղղված գործողությունների պլանին վերաբերող հարցեր: Վարչապետը հանձնարարեց ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի ԱԺ հատուկ նիստ:

Քիչ ուշ վարչապետը ֆեյսբուքյան եթերով հայտնեց, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ թույլատրվելու են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ: Փաշինյանի խոսքով՝ ապրիլի 24-ի, մայիսի 1-ի, 8-ի եւ 9-ի հիշատակի ու տոնական միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը սահմանափակվելու է, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է վարակի անվերահսկելի բռնկում:

Կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ էլ որոշվեց ընդլայնել սոցիալական աջակցության շահառուների շրջանակը: 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ մարզում հայտնաբերվել է առաջին վարակակիրը: «Հետքը» պարզեց, որ նա Մարտունու տարածաշրջանի Աստղաձոր գյուղի 30-35 տարեկան բնակչուհի է:

Ոստիկանությունը հայտարարեց, որ հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առեւտրի դեմ ուղղված միջոցառումներ։ Մասնավորապես, ապրիլի 11-ին ոստիկանության աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերել են փողոցներում ապօրինի առեւտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրել են փողոցային առեւտուրը։ «Փողոցային առեւտրով զբաղվելն արգելված է օրենքով։ Հատկապես այս օրերին՝ բոլորիս առողջության պահպանման անհրաժեշտությունից ելնելով»,- նշում է ոստիկանությունը։

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, ով նաեւ վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավարն է, հայտնեց, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ախտահանվում են բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակների սրահները։ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ տեղեկացրեց, որ քաղաքի բյուջեից 45 մլն դրամ է հատկացվել սոցիալական աջակցության ծրագրին, որի հիմնական շահառուները միայնակ եւ անժառանգ տարեցներն են: «Շուրջ 30 կգ-անոց արկղեր են, որոնք հանձնվել են 2000 տարեցների։ Հաշվարկն արվել է այնպես, որ պարենային արկղերում կալորիականությունը համարժեք լինի մեկ ամսվա սննդի կալորիականության պահանջին»,- ասաց մամուլի խոսնակը։ Բացի դրանից՝ պարգեւավճարային ֆոնդից 130 մլն դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին. քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակից իր վարձատրության մի մասը զիջել է բուժանձնակազմի շուրջ 1800 աշխատակցի։

ՊՆ Դավիթ Տոնոյանը ծանոթացավ Երեւանում բացազատված վարակի հետազոտման շարժական լաբորատորիային, որը ՀՀ է տեղափոխվել ՌԴ-ից: Ըստ ՊՆ-ի՝ մեր ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ ապրիլի 12-ին Մոսկվայից հայրենիք է վերադառնալու Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը: 

Ապրիլի 11-ի դրությամբ ամփոփիչ տվյալներն այսպիսին են. հաստատված դեպքերի թիվը՝ 1013 (նախորդ օրվա համեմատ՝ +46), բուժվածները՝ 197 (+24), մահվան դեպքեր՝ 13 (+0), բացասական թեստերի թիվը՝ 6151: 

10.04.2020

ԱԳՆ-ն հայտարարեց, որ հայ-վրացական համագործակցության արդյունքում Հայաստան է տեղափոխվում ԱՄՆ-ում սովորող 35 աշակերտ, որոնք վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: 

Արցախի ոստիկանությունը հայտնեց, որ անվտանգությունից ելնելով ինքնամեկուսացվել է Աղավնոյի հսկիչ անցակետում ծառայություն իրականացրած 4 ոստիկան: Ավելի ուշ ԱՀ ԱՆ-ն փոխանցեց, որ վարակով ախտորոշվել է եւս 2 անձ: Նրանցից մեկը առաջին վարակակրի (Միրիկ գյուղի բնակչուհու) ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), մյուսը՝  երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (ծնվ. 1951 թ.), որի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության. նա նաեւ ուղեկցող քրոնիկական հիվանդություններ ունի: Այսպիսով՝ Արցախում վարակվածների թիվը հասավ 5-ի: 

Ըստ ԱԻՆ-ի՝ ապրիլի 9-ին փրկարարները վարակազերծել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր, որոնցից 129-ը՝ առեւտրի կենտրոն, սուպերմարկետ եւ խանութ: 

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը հայտնեց, որ մի շարք ապրանքատեսակներ էժանացել են, որոշներն էլ՝ թանկացել: Ըստ Գեւորգյանի՝ ցանցերում, մատակարարների ու արտադրողների մոտ պարենային ապրանքների սղություն չկա: Խոսելով Վանաձորում հացի թանկացման մասին՝ նա նշեց. «Անհանգստացնող փաստ է, որ հացի գների բարձրացումը տեղի է ունեցել զանգվածաբար, այսինքն՝ հաց արտարողները որոշակի պայմանավորվածություն են ունեցել։ Հացի թանկացման փաստերն այս պահին  մենք ուսումնասիրում ենք»: 

ԱՆ Արսեն Թորոսյանը ԱԺ-ում խոսեց սահմանային վերահսկողության մասին: Ըստ նրա՝ Իրանից եկած վարորդներից որեւէ մեկի մոտ չի արձանագրվել վարակ։ Լրագրողների հետ հանդիպմանն էլ ոլորտի պատասխանատուն հայտարարեց, որ հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, ինչը նաեւ հետեւանք է արտակարգ դրության եւ վերջին երկու շաբաթվա ավելի խիստ սահմանափակ ռեժիմի, որը, սակայն, խնդիր ունի պահպանման. «Տեսնելով ցածր թվեր՝ չպետք է թուլանանք եւ լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետեւում է։ Ունենալով ցածր թվեր՝ մենք ունենք աղբյուրների բազմազանություն։ Հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական եւ այլ աղբյուրներից են»։ Ըստ Թորոսյանի՝ կորոնավիրուսով հիվանդության դեպքերի 80 %-ը չի պահանջում բուժում կամ պահանջում է բուժում տնային պայմաններում, եւ արդեն բազմաթիվ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց Հայաստանը դեռ չի անցել։ 

Նախարարի խոսքով՝ մինչ օրս արվել է մոտավորապես 6500 թեստ. «Արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան եղել է ցուցում։ Չափանիշներն ընդլայնվել են, մենք ավելի շատ թեստ կիրականացնենք` կապված նաեւ համաճարակաբանական իրավիճակով։ Ամենօրյա կատարվող թեստերի քանակը կավելանա, մենք նպատակ ունենք, ինչպես բազմիցս նշել ենք, դրանց թիվը հասցնել օրական 1000-ի»: Ըստ Թորոսյանի՝ ախտորոշում անող լաբորատորիանրը շատ չեն. «Մենք ունենք մեր ենթակայության այդպիսի 6 լաբորատորիա, եւ մեր հետազոտությունները ցույց են տվել, որ կա եւս 2 մասնավոր լաբորատորիա, որոնք այսօրվանից ընդգրկված են պրոցեսում»:

Ա. Թորոսյանը նաեւ անդրադարձավ Արցախում գրանցված դեպքերին` նշելով, որ այնտեղ արվում են անհրաժեշտ հակահամաճարակային քայլեր վարակի տարածումը կանխարգելելու համար. «Թե՛ մեթոդական խորհրդատվական տեսանկյունից, թե՛ նյութական, թե՛ հետազոտություններն անելու տեսանկյունից ամեն ինչով աջակցում ենք Արցախի իշխանություններին»։ 

Ապրիլի 10-ի դրությամբ տվյալներն այսպիսին են. հաստատված դեպքեր՝ 967 (նախորդ օրվա համեմատ՝ +30), բուժվածներ՝ 173 (+24), մահվան դեպքեր՝ 13 (+2), բացասական թեստերի թիվը՝ 5517: Վերջին 2 մահացածները եղել են 86 եւ 81 տարեկան, ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ, բացի դրանից՝ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

09.04.2020

Կառավարության նիստում վարչապետը հայտնեց, որ ապրիլի 10-ից պիտի ստեղծեն օրական 1000 թեստավորում անելի հնարավորություն. «Հնարավոր է՝ առաջին փուլում այդ թեստերի թիվը 1000 չլինի, քանի որ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի, ուղղակի մարդկանց՝ առանց որեւէ չափանիշի հրավիրել եւ թեստավորել, կլինի ժամանակի եւ ռեսուրսի անիմաստ կորուստ։ Վաղվանից ցուցումով մարդկանց, մասնավորապես՝ բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք եւ արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք մեր ընթացիկ իրավիճակի մասին»: 

Գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը, որի նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին: Ն. Փաշինյանն իր հերթին հայտնեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ: Զեկուցվեց նաեւ, որ արդեն իսկ հաստատվել է տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու 8,5 մլրդ դրամի հայտ: Նախորդ օրվա համեմատ այդ ծավալն ավելացել է 3 անգամ: Հակաճգնաժամային միջոցառումերին անդրադարձան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախարարներ Տիգրան Խաչատրյանն ու Զարուհի Բաթոյանը: 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրազեկեց, որ հարուցված կատարողական վարույթներով արգելանք չի կիրառի կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում կառավարության կողմից տրամադրված դրամական միջոցների վրա: 

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ այս տարվա մարտին կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել 2018 եւ 2019 թթ. նույն ժամանակահատվածի համեմատ: Հացի եւ ալյուրի գծով հիմնականում դիտվել են գնային փոքր բարձրացումներ, կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա: Տավարի, ոչխարի մսի եւ ձկան գները չեն փոխվել: Խոզի միսը մարտ ամսին էժանացել է շուրջ 700 դրամով, ներկայում գինը կայուն է:

Արցախում հաստատվեց վարակվածության եւս 2 դեպք (+1=3): Նոր հայտնաբերված վարակակիրներից մեկն առաջին վարակակրի հարսն է: Նա եղել է ինքնամեկուսացման մեջ: Պարզվել է նաեւ, որ մարտի 31-ին կինը մասնակցել է քվեարկության իր գրանցման վայրում՝ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում: Իսկ երրորդ անձը Հայաստանից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից. նա հետագայում տեղափոխվելու է Հայաստան:

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն էլ հայտնեց, որ նպատակահարմար են գտել սահմանափակել բոլոր տեսակի շփումները շրջանի երեք համայնքների՝ Միրիկի, Մոշաթաղի եւ Ծիծեռնավանքի հետ։ Այս գյուղերի սննդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների հարցը հոգալու են: Պարզ դարձավ նաեւ, որ առաջին վարակակիր կնոջը՝ Միրիկ գյուղի բնակչին, բուժման նպատակով տեղափոխել են Երեւան:

Տավուշի մարզի իրավիճակի մասին տեղեկություններ հաղորդեց մարզպետ Հայկ Չոբանյանը. «Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի»։

SARS-CoV-2 կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Արժույթի միջազգային  հիմնադրամը կանխատեսել է 1929-1933 թթ. Մեծ ճգնաժամից հետո ամենախոշոր տնտեսական փլուզումը։ «Մենք սպասում ենք Մեծ դեպրեսիայի ժամանակներից հետո ամենածանր տնտեսական հետեւանքները»,- հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան՝ հավելելով, որ նույնիսկ լավագույն սցենարի պարագայում 2021 թ. կարելի է ակնկալել տնտեսության միայն մասնակի վերականգնում, չնայած ամեն ինչ կարող է լինել ավելի վատ։ 

Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ Վրաստանի տարածքով տեղափոխվեցին Հայաստան:

Ըստ ԱՆ Արսեն Թորոսյանի՝ վարակի աճը փոքր-ինչ դանդաղել է. դեպքերը կրկնապատկվում են 10 օրը մեկ նախորդ 7-ի փոխարեն: 

Ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է վարակվածության 937 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +16), բուժվածների թիվը՝ 149 (+11), մահվան դեպքերը՝ 11 (+1), բացասական թեստերը՝ 5144: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ մահվան վերջին դեպքը գրանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ 72-ամյա տղամարդն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ, բացի դրանից՝ նա ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

08.04.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ տարբեր տեղերից հավաքագրվել եւ նախարարությանն է տրամադրվել թոքերի արհեստական օդափոխության 10 սարք, որոնք վերականգնվել են եւ ենթակա են շահագործման: Նախարարը նշեց, որ Հայաստանում գործող ինժեներական ընկերությունները, համալսարաններն ու գիտահետազոտական կենտրոնները պատրաստակամություն են հայտնել միանալ թոքերի արհեստական օդափոխության սարքերի ստեղծման նախագծին։

ԱՀ պաշտպանության բանակը իրազեկեց, որ պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ: Առ այսօր ՊԲ-ում վարակակիր չի հայտնաբերվել: Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնեց, որ Ստեփանակերտի շուկայում ախտահանում է կատարվել: 

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ներկայացրեց մեկուսացված անձանց վերահսկելու մեխանիզմները: 

Անդրադառնալով Վանաձորում հացի թանկացմանը՝ ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ տնտեսավարողները այն հիմնականում պայմանավորում են ալյուրի թանկացմամբ, ինչպես նաեւ արտակարգ դրությամբ պայմանավորված հացի սպառման ծավալների նվազմամբ, քանի որ, ըստ նրանց, այս օրերին մի շարք քաղաքացիներ նախընտրում են թխել հաց տնային պայմաններում, իսկ կրթական հաստատությունների փակ լինելու պատճառով կտրուկ նվազել են հացաբուլկեղենային արտադրանքների իրացման ծավալները: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ առաջիկայում նախատեսվում է աշխատանքային հանդիպում արտադրողների հետ՝ բարձրացված խնդիրների, ինչպես նաեւ տրամադրված տեղեկատվության հիմնավորվածությունը գնահատելու նպատակով: Հանձնաժողովը նաեւ նշեց, որ Կոտայքում գնային փոփոխություններ չկան, իսլ Լոռու մարզում թանկացել են մի քանի ապրանքատեսակներ: 

Չինաստանի նախագահը ՀՀ նախագահին ուղարկած պատասխան նամակում հայտնել է, որ չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերն ու պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը քիչ ուշ փոխանցեց, որ ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից գնված, ինչպես նաեւ այդ երկրի պետական մարմինների, հայ ու չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաների եւ սարքավորումների մեծ խմբաքանակը: 

Այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրում օդային ուղեւորահոսքը (554.243 մարդ) 2019-ի նույն ժամանակահատվածում գրանցվածի (578.575) համեմատ նվազել է 24.332 հոգով կամ 4,2 %-ով: Պատճառը կորոնավիրուսն է:  

Կառավարությունում կայացածը քննարկմանը ներկայացվել է կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացմանն ուղղված տնտեսական միջոցառումների կատարման ընթացքը: Վարչապետը հանձնարարել է մշակել միջոցառումների նոր ծրագիր եւ ներկայացնել գործադիրի հաստատմանը: 

Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է վարակվածության 921 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +40): Վարչապետը հետագայում պարզաբանել է, որ այս 40-ից 12-ը հայտնաբերված անճշտություն է, որը տեղ չի գտել նախորդ օրերի վիճակագրության մեջ: Բուժվածների թիվը՝ 138 (+24), մահվան դեպքերը՝ 10 (+1), բացասական թեստերը՝ 4902: 

07.04.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարեց, որ 2020 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ուղեւարհոսքը նվազել է 8 տոկոսով, իսկ բեռանփոխադրումները՝ 2,4: 

Առավոտյան Ն. Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 6-ին արձանագրված 20 նոր դեպքերին եւ առողջացման 25 դեպքերին: Ապրիլի 5-ին էլ գրանցվել էր 11 նոր դեպք: Վարչապետը հայտնեց, որ պահպանում է զգուշավոր լավատեսություն:  

Հայտնի դարձավ, որ Մոսկվայում COVID-19-ից մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը: Մարտի 27-ին էլ մահացել էր նրա կինը՝ բժիշկ, պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում հայտարարեց, որ մարզպետներին բանավոր հանձնարարել է շինաշխատանքներում ներգրավել այն անձանց, ովքեր կորոնավիրուսի պատճառով այս տարի չեն մեկնել արտագնա աշխատանքի: 

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ հեռավար ուսուցման գործընթացում ներգրավված է աշակերտների 80 տոկոսը: Պաշտոնյան խոսեց հեռավար ուսուցման համար հավաքագրված տեխնիկայի ու «Վերջին զանգի» մասին: 

Արցախում գրանցվեց վարակի առաջին դեպքը: Վարակակիրը Քաշաթաղի Միրիկ գյուղի բնակիչ է, որը վերադարձել էր ՀՀ-ից: Նրա հետ շփված 17 քաղաքացիները ինքնամեկուսացվել են: Դեպքի վերաբերյալ մանրամասներ ներկայացրին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ու ԱՆ Արայիկ Բաղրյանը: 

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը ԱԺ-ում նշեց, թե որոշակի գնաճ կա, բայց այն աղաղակող չէ: Ըստ Գեւորգյանի՝ թանկացումները հիմնականում կապվում են արտարժույթի բարձրացման եւ ներմուծման թանկացումների հետ, այսինքն՝ տնտեսվարողներն են այդկերպ բացատրում: Ավելի ուշ հանձնաժողովը հայտնեց, որ մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես՝ կարագի, բուսական յուղի,  բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով: 

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր հերթին հայտարարեց, որ մարզերում շուկաների մեծ մասը չի գործում, իսկ գործող շուկաներում միայն մի քանի կետերում է վաճառք կազմակերպվում, այցելուների քանակն էլ նկատելիորեն պակասել է։ 

Արդարադատության նախարարությունն իրազեկեց, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում ՔԿՀ-ներում: 

Ըստ ոստիկանության՝ պարետի համապատասխան որոշումից հետո (24.03.2020-ից) մինչեւ ապրիլի 7-ի 15:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հիմքով 6982 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: 

Մոսկվայից Հայաստան տեղափոխվեց ՌԴ-ում մնացած մեր հայրենակիցների երկրորդ խումբը: 

Վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած 9 միջոցառումների կատարման մասին: Փաշինյանը հանձնարարել է արագ ավարտել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիոն կարգի հաստատման աշխատանքները, որպեսզի շահառուները կարողանան հնարավորինս շուտ օգտվել այդ օժանդակությունից:

Ապրիլի 7-ի դրությամբ ամփոփիչ տվյալներն այսպիսին են. հաստատված դեպքեր՝ 881 (նախորդ օրվա համեմատ՝ +28), բուժվածներ՝ 114 (+27), մահվան դեպքեր՝ 9 (+1): Բացասական թեստերի թիվը՝ 4571: Ն. Փաշինյանն ավելի ուշ հայտնել է, որ 9-րդ մահացածը 93 տարեկան է եղել, նաեւ քաղցկեղ է ունեցել: 

06.04.2020

Առավոտյան ուղիղ եթերում անդրադառնալով ապրիլի 5-ին գրանցված 11 նոր դեպքերին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ դա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է: «Նախկինում էլ օրեր ենք ունեցել, երբ անկում է եղել նախորդ օրվա համեմատությամբ, բայց հաջորդ օրը թվերն աճել են: Այս լուրի գնահատականն ամբողջական տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կունենանք վաղն առավոտյան, քանի որ գիշերը եւս թեստավորում է արվելու»,- ասաց Փաշինյանը: Իսկ գրանցված 8-րդ մահի մասին ասաց. «68 տարեկան մեր հայրենակիցն ունեցել է երկկողմանի պոլիսեգմենտար ձուլվող թոքաբորբ, նաեւ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում` իշեմիկ տիպի… Այս դեպքում գործ ունենք այն երեւույթի հետ, երբ խրոնիկ հիվանդություններն իրենց սեւ գործն անում են»:  

Գյումրու ԲԿ-ի 29 աշխատակից մեկուսացվել է, քանի որ շփում է ունեցել հիվանդանոց դիմած քաղաքացու հետ, ով հետո ախտորոշվել է վարակով: Մարալիկի բնակիչը մահացել է ապրիլի 5-ին (վերը նշված 8-րդ դեպքն է): 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 5 դեպք, իսկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնեց, որ ունեն 173 դեպք, սակայն ապրիլի 5-ին նոր դեպք չի գրանցվել: 

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ ապրիլի 5-ին փրկարար ծառայության աշխատակիցները սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 475 հանրային տարածքներում: Նախարարությունը նաեւ հայտնեց, որ ապրիլի 6-ի լուսադեմին Մինսկից Երեւան ժամանած ուղեւորները ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:   

ԱՆ Ա. Թորոսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության վարակակիրների համար մահճակալային ֆոնդում կա 1400 մահճակալ, որոնց կեսը զբաղեցված է։ Այն վարակակիրները, որոնք ունեն թույլ գանգատներ կամ ընդհանրապես գանգատ չունեն, գտնվում են հյուրանոցներում՝ բժշկական հսկողության տակ. «Պացիենտների մեծ մասը ջերմություն չունի, 146 հոգի երեկվա դրությամբ ունի թոքաբորբ, 35 հոգի ծանր վիճակում է, որոնցից մեծ մասը թթվածնի կարիք ունի, իսկ ծայրահեղ հիվանդ 8 հոգի են»: Ըստ նախարարի՝ մեկուսացման վայրերում կա 1500 քաղաքացի, ինքնամեկուսացված է ավելի քան 5000 քաղաքացի։ 400-ից ավելի քաղաքացիներ դուրս են եկել մեկուսացումից։

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հայտնեց, որ վիրուսակիր անձանց հետ շփումները բացառելու նպատակով ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել մեկուսացման 27 վայրերում՝ հիվանդանոցներում եւ հյուրանոցներում, որտեղ պահվում են կորոնավիրուսով վարակվածներն ու նրանց հետ շփվածները։ Բացի դրանից՝ հանրապետության տարբեր տարածքներում կա 69 հատուկ անցակետ՝ բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար։ Ոստիկանությունն արգելել է 3007 տրանսպորտային միջոցի մուտքը մի վարչական տարածքից մյուսը։ Վերահսկվում է նաեւ քաղաքացիների մասնակցությունը հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին: Հայտնի դարձավ նաեւ, որ կա վարակակիր 6 ոստիկան, 16-ն էլ մեկուսացված են: 

Մոսկվայից Հայաստան ժամանեց Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիների առաջին խումբը, որոնք ՌԴ-ի կողմից միջազգային չվերթներն արգելելուց հետո մնացել էին դժվար կացության մեջ: Եվս մեկ չվերթ նախատեսվեց ապրիլի 7-ին: 

Պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ վարչապետը նշեց, որ Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան եւ չեն էլ սպառնում։ Նա բարձր գնահատեց այս օրերին հեռավար ուսուցում իրականացնող մանկավարժների գնահատականը, սակայն ասաց, թե նրանց աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ չի ուզում այնպիսի խոստումներ տալ, որոնք կարող են հավելյալ խնդիրներ առաջացնել։ Ըստ Փաշինյանի՝ ամենաուշը ապրիլի 10-ից մեր երկրում օրական 1000 թեստավորում է արվելու, ինչի համար ՀՀ-ն մոտ 70.000 թեստ է ձեռք բերել: Վարչապետը հայտնեց, որ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը 550.000 դոլար կստանա՝ թեստերի տեղական արտադրություն սկսելու համար: 

Արցախում թեստավորում չանելու պատճառը, ըստ ԱՀ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի, այն է, որ չկա համապատասխան լաբորատորիա: Արցախի տեղեկատվական շտաբից էլ հայտնել են, որ բոլոր շրջանների բուժհաստատություններում կան առանձնացված սենյակներ անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին մեկուսացնելու համար։

Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է վարակի հաստատված 853 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +20), բուժվածներ՝ 87 (+25), մահվան դեպքեր՝ 8 (+0), բացասական թեստերի թիվը՝ 4287: Այսինքն՝ առաջին անգամ բուժվածների թիվը գերազանցել է նոր դեպքերի թվին: 

05.04.2020

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մի շարք ապանքնատեսակներ ազատել է ներկրման մաքսատուրքերից։ Ցանկի մեջ են  գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ՝ կարտոֆիլը, սոխը, կաղամբը, գազարը, պղպեղը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, հյութերն ու պատրաստի մանկական սնունդը։ Մաքսատուրքից ազատվել են նաեւ պատրաստի դեղագործական նյութերն ու բժշկական նշանակության այլ ապրանքներ, ինչպես օրինակ, էնդոսկոպները, անհպում ջերմաչափերը, միանգամյա օգտագործման կաթոցիկներն ու շարժական ախտահանիչ սարքերը։

Արցախի նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի հետ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը ընտրողներին կոչ արեց չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: «ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի հայտարարել եմ, որ համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա եւ ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Առավել եւս, որ համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների»,- նշեց թեկնածուն։

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվեցին կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային 9 միջոցառումների ընթացիկ արդյունքները: Կառավարության ղեկավարը հանձնարարեց պատասխանատուներին ամենօրյա կտրվածքով ներկայացնել ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ տվյալները, որոնց հիման վրա էլ կգնահատվի միջոցառումների դինամիկան եւ արդյունավետությունը:

Ապրիլի 5-ի դրությամբ ամփոփիչ տվյալներն այսպիսին են. հաստատված դեպքեր՝ 833 (նախորդ օրվա համեմատ՝ +11), բուժվածներ՝ 62 (+5), մահվան դեպքեր՝ 8 (+1), բացասական թեստերի թիվը՝ 4096: 

04.04.2020

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել նաեւ Վանաձորում (նախկինում մեկուսացված անձանց մեջ):  

Հայկական բժշկական ասոցիացիան հայտարարեց, որ իր ավելի քան 1000 անդամներից յուրաքանչյուրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներգրավվել COVID-19-ի համաճարակի դեմ տարվող այն ծրագրերում, որտեղ հարմար կգտնի պետությունը:

Ըստ ոստիկանության՝ պարետի համապատասխան որոշումից հետո (24.03.2020-ից) մինչեւ ապրիլի 4-ի 09:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հիմքով 5665 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: 

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ ապրիլի 1-4-ը փրկարար ծառայության աշխատակիցները սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 128 հանրային տարածքներում: 

ԱԳՆ-ն հայտնեց, որ Դոնի Ռոստովում եւ Կրասնոդարում գտնվող ՀՀ քաղաքացիների համար, ովքեր այս օրերին չեն կարողանում հայրենիք վերադառնալ ու մնացել են անօթեւան, Դոնի Ռոստովում ստեղծվել է ժամանակավոր կացարան:  

Ապրիլի 4-ի դրությամբ ամփոփիչ տվյալներն այսպիսին են. հաստատված դեպքեր՝ 822 (նախորդ օրվա համեմատ +52), բուժվածներ՝ 57 (+14), մահվան դեպքեր՝ 7 (+0), բացասական թեստերի թիվը՝ 3844:

03.04.2020

ԱԳՆ-ն առավոտյան հիշեցրեց, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։ Ավելի ուշ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ ռուսական «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարության կողմից ստացել է մեկանգամյա թռիչքի թույլտվություն եւ ապրիլի 6-ին բացառապես ՀՀ քաղաքացիներին կտեղափոխի Հայաստան:

ՄԻՊ Արման Թաթոյանն էլ ռուսաստանցի իր գործընկերոջ հետ քննարկել է ՌԴ-ում գտնվող մեր քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց ՌԴ-ում աշխատող անձանց իրավունքների հարցերը: Առանձին ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով ընտանիքների վերամիավորումներին եւ երկրներ վերադարձին:

ԱԳՆ-ն նաեւ հայտնեց, որ արտերկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրները համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ-ն ու պարետատունը, սակայն, տիրապետում են ավելի քան 50 երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը եւ աշխատում են դրանց լուծման ուղղությամբ: 

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը տեղեկացրեց, որ ՀԲ-ն ՀՀ ԱՆ-ի խնդրանքով 3 մլն դոլար է հատկացրել մեր երկրին՝ կորոնավիրուսով ախտորոշված անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն եւ վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1,35 մլն դոլար արժողությամբ։ Իր հերթին վարչապետն «Ինժեներական քաղաքում» ծանոթացավ թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին:

Մասնագետները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա եւ կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Ընդգծվել է, որ նրանք կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ այս տարի էական տնտեսական կորուստներ ենք ունենալու: Ասիական զարգացման բանկը գնահատել է երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը՝ նշելով, որ այն կդանդաղի այս տարի եւ մի փոքր առաջընթաց կլինի 2021-ին: Կառավարությունում քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները:  

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին կորոնավիրուսի տարածման հետեւանքով տնտեսվարողների համար նախատեսվող պետական աջակցության մեխանիզմները: Անդրադարձ կատարվեց նաեւ սոցիալական բնույթի աջակցության հնարավորություններին:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը խոսել է արտակարգ դրության ժամանակ ԱԱՏՄ-ի հայտաբերած խախտումների, սահմանային վերահսկողության եւ տեսչական մարմնի վարակված աշխատողների մասին:  

ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ նախարարության աշխատակիցները ոստիկանության, ԱԱԾ-ի եւ ռազմական ոստիկանության հետ վերահսկում են պարետի սահմանած տեղաշարժի սահմանափակումների ռեժիմը: 

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնեց, որ ապրիլի 2-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 158 դեպք: 

ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ ապրիլի 3-ի դրությամբ ամփոփիչ տվյալներն այսպիսին են՝ 770 հաստատված դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +34), բուժվածներ՝ 43 (+0), մահվան դեպքեր՝ 7 (+0): Բացասական թեստերի թիվը 3477 է: 

02.04.2020

«ժառանգությունը» մի քանի առաջարկ ներկայացրեց կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների հաղթահարման ուղղությամբ:  

ԱՆ Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 9 բուժհաստատություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ։ Դրանք են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենք։ Ըստ նախարարի՝ այսպիսին կդարձվի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը: Քիչ ուշ այստեղից սկսեցին տարհանել հիվանդներին:

Թորոսյանի խոսքով՝ կա 16 հաստատություն, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթեւ ձեւերով պացիենտները եւ թե՛ այն քաղաքացիները, որոնք շփվել են վարակակիրների հետ։ Պարզվեց նաեւ, որ արդեն պատրաստ է «Նորք» ինֆեկցիոնի հարեւանությամբ հավաքաված եւ 42 սպասասենյակ ունեցող մոդուլը: 

Նախարարը նաեւ իրազեկեց, որ կա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 հիվանդ, որոնց միացված են արհեստական շնչառության սարքեր։ Նշվածներից 4-ը տարեցներ են, որոնք ունեն ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, մեկը երիտասարդ է, ատիպիկ թոքաբորբ է տանում:

Երեւանի քաղաքապետարանը հայտնեց, որ մասնագետների հավաքագրման վերաբերյալ Ա. Թորոսյանի կոչին արձագանքել է քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող:

Կառավարության նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ փաթեթը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով սոցիալական խնդիրների առջեւ կանգնած մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձավ կառավարության կողմից հաստատված աջակցության մի քանի ծրագրերի: 

Արդարադատության նախարարությունը տեղեկացրեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության բաժնի 5 աշխատակից ախտորոշվել է կորոնավիրուսով: Բոլորը մեկուսացվել են բուժհիմնարկներում, բաժնի մյուս 28 աշխատողները եւս մեկուսացվել են: Նրանցից ոչ մեկ շփում չի ունեցել կալանավորվածների կամ դատապարտյալների հետ: 

Այն բանից հետո, երբ մարտի 31-ին մեկուսացումից դուրս են եկել Իտալիայից հատուկ չվերթով ժամանած եւ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկուսացված քաղաքացիները, ՊՆ-ն ախտահանել է վարժարանը: Այստեղ դասերը հետաձգված են մինչեւ ապրիլի 14-ը: 

ԱԻՆ-ը հաղորդեց, որ մարտի 28-ից մինչեւ ապրիլի 2-ը փրկարար ծառայության ստորաբաժանումները սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել 30 քաղաքներում ու Երեւանում, ընդհանուր՝ 1899 հանրային վայրերում՝ հանրային փոխադրամիջոցների կանգառներում, բնակելի շենքերի շքամուտքերի եւ աստիճանավանդակների, վերելակների ու բանկոմատների, գազալցակայանի սպասասրահներում: Նույնն արվել է Բագրատաշենի անցակետում: 

Ըստ ոստիկանության՝ պարետի համապատասխան որոշումից հետո (24.03.2020-ից) մինչեւ ապրիլի 2-ի 15:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հիմքով 4842 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի փոխանցմամբ՝ մարզում ապրիլի 2-ի դրությամբ գրանցվել է վարակի 5 դեպք: 

Ապրիլի 2-ը մահվան դեպքերի քանակով աննախադեպ էր: Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ «Նորք» ինֆեկցիոնում մահացել է 68-ամյա պացիենտ, ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ, բացի դրանից՝ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։ Ուշ երեկոյան մահացավ 78-ամյա կին (ՀՀ քաղաքացի չէ), ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, նրա մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, ինչն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Հիվանդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Եվս մեկ դեպք գրանցվեց կեսգիշերին մոտ: 76-ամյա կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, նաեւ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Ապրիլի 2-ի դրությամբ ամփոփիչ տվյալներն այսպիսին են. հաստատված դեպքեր՝ 736 (նախորդ օրվա համեմատ՝ +73), բուժվածներ՝ 43 (+10), մահվան դեպքեր՝ 7 (+3), բացասական թեստերի թիվը՝ 3258:

01.04.2020

ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիներին: «Համակարգը ոտքի կանգնեցնելու եւ ամբողջ թափով գործարկելու համար մեզ անհրաժեշտ են մինչեւ 55 տարեկան հետեւյալ մասնագիտությամբ բուժաշխատողները (ընդհանուր կամ թերապեւտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել), լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ, ռեանիմատոլոգներ, բուժքույրեր, մայրապետեր), որոնք կարճատեւ վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ եւ կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որեւէ մեկում»,- հայտնեց նախարարը: 

Ըստ ոստիկանության՝ պարետի համապատասխան որոշումից հետո (24.03.2020-ից) մինչեւ ապրիլի 1-ի 15:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հիմքով 4281 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: 

ԱՆ-ն տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցվել է մահվան 4-րդ դեպքը: 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի դրանից՝ քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Հիշեցնենք, որ մյուս մահացածները 72, 55 եւ 73 տարեկան էին: 

Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 663 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +92), բուժվածների թիվը՝ 33 (+2), մահվան դեպքերը՝ 4 (+1), բացասական թեստերի թիվը՝ 2940:

31.03.2020

Ամսի 31-ի լույս գիշերը Հնդկաստանից Երեւան ժամանեց հայկական «Atlantis European Airways»-ի օդանավը, որը Կալկաթայի տարհանել էր Հայոց մարդասիրական ճեմարանի 68 աշակերտներին ու նրանց մանկավարժներին: Այս ընկերությունն էր մարտի 15-ի, լույս 16-ի գիշերը Իտալիայից Երեւան տեղափոխել մեր հայրենակիցներին: ԱԳՆ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հայտնեց, որ 46 երկրներում կա ՀՀ մի քանի հարյուր քաղաքացի, որոնց հետ մշտական կապի մեջ են մեր դեսպանությունները: Վերջիններս փորձում են գտնել օպտիմալ եւ հասցեական միջոցներ՝ կա՛մ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու, կա՛մ նրանց համար տեղում ապահովեն անվտանգ պայմաններ ապահովելու համար: Ադոնցը նշեց, որ քայլեր են ձեռնարկվում Թուրքիայում գտնվող ՀՀ 56 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնեց, որ առաջիկա օրերին առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով՝ 100 շնչառական ապարատով, 60 հազար թեստով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով եւ այլն։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հեռախոսային խոսակցությունները վերահսկելու՝ կառավարության ներկայացրած օրինագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց, քանի որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը: Այդուհանդերձ, օրվա ընթացքում գործադիրը նույն հարցով կրկին մտավ խորհրդարան, որտեղ ուշ երեկոյան իշխանական խմբակցությունը կարողացավ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել նախագիծը: 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իրազեկեց, որ մարզում գրանցվել է 2 վարակակիր. մեկն արտերկրից ժամանած վարորդն է, որը մեկուսացվել է սահմանը հատելուն պես, իսկ մյուսը Դիլիջանից է: Լավ լուր հայտնեց ԱՆ Արսեն Թորոսյանը. «Ունենք եւս 1 առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Նաեւ մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»: 

Վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ տեղաշարժի սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարացվելու են: Նույն օրը պարետ Տ. Ավինյանը ընդունեց համապատասխան որոշումը, ըստ որի՝ սահմանափակումները կգործեն մինչեւ ապրիլի 12-ի 23:59-ը: Որոշման էական կետերից է այն, որ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացի երկաթուղուց: Թույլատրվում է տաքսիների եւ անձնական օգտագործման մեքենաների շարժը: Էական եւ այն, որ աշխատանքի գնացողնեը պետք է տեղեկանք ունեն գործատուի կողմից: Ավինյանը մամուլի ասուլիսում նշեց, որ վարակի դեմ պայքարի 4 փուլերից ներկայում մոտենում ենք 3-րդին, երբ պիտի նախատեսվեն ամենախիստ միջոցառումները: 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրեց, որ պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ եւ դրանցից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել  քաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն էլ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն է:

Կառավարությունը հայտնեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության (նվազեցման) վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով ՀՀ կառավարության անունից դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Գործադիրում Ն. Փաշինյանի գլխավորությամբ կայացավ հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին հակաճգնաժամային միջոցառումները: Այս անգամ անդրադարձ կատարվեց տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթների:   

Ըստ ոստիկանության՝ պարետի համապատասխան որոշումից հետո (24.03.2020-ից) մինչեւ մարտի 31-ի 18:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հիմքով 3806 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: Նույնն արվել է հասարակական տրանսպորտի 69 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղեւոր։

Մարտի 31-ի ամփոփիչ տվյալներն այսպիսին են. 571 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +39), բուժվածների թիվը՝ 31 (+1), մահվան դեպքերը՝ 3 (+0), բացասական թեստերի թիվը՝ 2704:

30.03.2020

Կառավարությունում արտահերթ նիստ տեղի ունեցավ, որտեղ քննարկվել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 3 նոր փաթեթ (մանրամասները՝ այստեղ)։ ԱՆ Ա. Թորոսյանը հայտնել է, որ մարտի 29-ի դրությամբ հաստատված 482 դեպքերից 14-ի վիճակը ծանր է, 1-ինը՝ ծայրահեղ ծանր: «Սակայն կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր, հնարավոր է՝ արհեստական օդափոխության սարքն անջատենք, եւ պացիենտը ինքնուրույն շնչի, եւ եւս երկու ծանր, որոնք գնահատում էինք, որ հնարավոր է դառնան ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ»,- նշեց նախարարը։ Ավելի ուշ՝ ուշ երեկոյան, Թորոսյանը հայտնեց, որ 2 ծանր հիվանդ (49 եւ 60 տարեկան) վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք: 

Անդրադառնալով ամսի 29-ին գրանցված մահվան 2 դեպքին՝ Թորոսյանը կառավարության նօստում ասաց, որ հիվանդներից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, մյուսը՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից եւ ինսուլտից հետո առաջացած հետեւանքներ։

Չնայած իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների մի մասի դժգոհություններին՝ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հեռախոսային խոսակցությունները վերահսկելու՝ կառավարության ներկայացրած օրինագիծը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության եւս մեկ նախագիծ, որը վերաբերում է կորոնավիրուսով հիվանդացության մահերի դեպքերում դիահերձումն արգելելուն: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ Արցախի ընտրություններին մեկնող ԱԺ պատգամավորները կորոնավիրուսով չեն ախտորոշվել: 

Եվս 1 զինծառայողի մոտ հաստատվեց կորոնավիրուս (+5=6): Ըստ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ զինվորականը նախապես մեկուսացված է եղել: «Համոզված ենք, որ զինուժն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես եւ անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»,- ավելի ուշ հայտարարեց ՊՆ-ն: 

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մարտի 29-ի տվյալներով մարզում գրանցվել է 85 վարակակիր: Նա վարակվածներին ներկայացրեց ըստ բնակավայրերի:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հայտնեց, որ այս պահին Հայաստանում եւ ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունների քանակը ձգտում է զրոյի։ 2019 թ. հունվար-մարտ ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում տուրիստների հոսքը մեր երկիր 175 հազարով պակաս է եղել։ Սաֆարյանի դիտարկմամբ՝ սա զգալի կորուստ է։ Ըստ նրա՝ այս տարվա երկրորդ եռամսյակի պատկերը կարող է առավել վատ լինել:

Ոստիկանությունը իրազեկեց, որ պարետի համապատասխան որոշումից հետո (24.03.2020-ից) մինչեւ մարտի 30-ի 18:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հիմքով 3213 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: Նույնն արվել է հասարակական տրանսպորտի 58 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղեւոր։

Հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի պայքարի դեմ շրջանակներում ԵՄ-ն Արեւելյան գործընկերության անդամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, հատակցնելու է 140 միլիոն եվրո աջակցություն: 

Մարտի 30-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է 532 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +50), բուժվածների թիվը՝ 30 (+0), մահվան դեպքերը՝ 3 (+0), բացասական թեստերի թիվը՝ 2533:

29.03.2020

Հայտնի դարձավ, որ 75 տարեկան հասակում մահացել է ֆրանսահայ հայտնի գործիչ Պատրիկ Դեւեջյանը, ով ախտորոշվել էր կորոնավիրուսով: 

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակիցները ինքնամեկուսացումից 14 օր անց որոշել են շարունակել մնալ նույն ռեժիմում: «Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթեւեկության հոսքերի կանոնավորության եւ աերոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ»,- նշեց քաղավիացիայի կոմիտեն:  

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացավ հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Ներկայացվեցին նոր միջոցառումները, որոնցով առաջարկվում է օժանդակություն հատկացնել կորոնավիրուսի հետեւանքով գործազուրկ դարձած եւ հարկադիր պարապուրդի մեջ գտնվող գրանցված աշխատողներին:

Վարչապետը նաեւ հանդիպում ունեցավ արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: «Վերջին օրերին աշխատել ենք Վրաստանի եւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ եւ՛ Վրաստանը, եւ՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով եւ Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել եւ կյանքի կոչել»,- ասաց Փաշինյանը:

ԲՀԿ-ն ներկայացրեց ամենահրատապ լուծում պահանջող 7 առաջարկ:

Չինաստանը հայտարարեց, որ երկրում դադարել է կորոնավիրուսի համաճարակի տարածումը։

Պարետ Տ. Ավինյանը ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում հայտնեց, որ ԱԺ-ում քննարկվելու է օրենսդրական փաթեթ, որը թույլ է տալու օնլայն ռեժիմով եւ ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը:

Մարտի 29-ի ամփոփիչ տվյալները՝ ըստ ազգային կենտրոնի. հաստատված դեպքեր՝ 482 (նախորդ օրվա համեմատ՝ +58), բուժվածներ՝ 30 (+0), մահվան դեպքեր՝ 3 (+2, ամսի 29-ի լույս գիշերը գրանցված դեպքերն են), բացասական թեստերի թիվը՝ 2216:  

28.03.2020

ԱԻՆ-ը հայտարարեց, որ վաղ առավոտից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել 9 մարզերի 30 քաղաքներում եւ Երեւանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում: 

Ռուսաստանի կառավարությունը հայտնեց, որ մարտի 30-ի 00:00-ից սահմանափակում է սահմանային անցակետերում տեղաշարժը՝ մի քանի բացառություններ անելով: Քիչ անց վարչապետ Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով իրազեկեց, որ զրուցել է ՌԴ գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ: «Բեռները ինչպես Հայաստանից տեղափոխվում էին Ռուսաստան եւ Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմը այդ որոշումից հետո շարունակվելու է։ Այսինքն՝ մենք շարունակելու ենք աշխատել սովորական ռեժիմով, սովորական այնքանով, որ կարող ենք երեք օր առաջվա ռեժիմը համարել սովորական»,- նշեց Փաշինյանը:  

ԱԳՆ-ն իր հերթին հայտնեց, թե քանի որ ռուսական ավիափոխադրողները այլ երկրներից Ռուսաստան են տեղափոխում միայն սեփական քաղաքացիներին, ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի տարածքով Հայաստան վերադառնալու խնդիրների են բախվել. «Հորդորում ենք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն»։

«Հետքը» որոշեց լրագրող չգործուղել Արցախ՝ մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ ԱԺ ընտրությունները լուսաբանելու: Ընտրությունները լուսաբանելու է տեղի մեր սեփական թղթակիցը: Մեր որոշումը պայմանավորված է այն մտահոգությամբ, որ Երեւանից մեկնող անձինք կարող են կորոնավիրուսի պոտենցիալ վարակակիր լինել եւ իրենց մուտքով նպաստել Արցախում վարակի տարածմանը։

Կեսգիշերն անց՝ արդեն մարտի 29-ին, նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված եւս երկու մարդ՝ 55-ամյա կին եւ 73-ամյա տղամարդ: Այսպիսով՝ մահացածների թիվը հասավ 3-ի: Մարտի 28-ի ամփոփիչ տվյալներն այսպիսին են՝ հաստատված դեպքեր՝ 424 (նախորդ օրվա համեմատ՝ +52), բուժվածներ՝ 30 (+2), մահվան դեպքեր՝ 1 (+0), բացասական թեստերի թիվը՝ 2054:   

27.03.2020

Առավոտյան նախարար Ա. Թորոսյանը հայտնեց, որ կա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 հիվանդ, եւս մեկի վիճակը ծանր է, իսկ մնացածի կյանքին վտանգ չի սպառնում: «Պացիենտների մեծ մասը որեւէ ախտանշան չունի, նրանք պարզապես մեկուսացման մեջ են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում»,- ասաց Արսեն Թորոսյանը: Վերջինս հաստատեց, որ վարակավածների մեջ կա 2 ամսական երախա՝ մոր հետ, որոնք, սակայն, ախտանշաններ չունեն: 

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում ընդունեց տնտեսական գործունեության սահմանափակումների մասին՝ ուժը կորցրած ճանաչելով մարտի 24-ին ընդունած որոշումը: Նոր փաստաթղթով արգելվեցին նաեւ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային ու միջպետական ուղեւորափոխադրումները:  

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարեց, որ մինչեւ արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարում չկատարելու դեպքում գազամատակարարումը դադարեցնելուց: 

ՊՆ-ն տեղեկացրեց, որ բանակում հայտնաբերվել է եւս 2 վարակակիր (+3=5), որոնք, ինչպես մարտի 26-ին հայտնաբերվածները, եղել են մեկուսացված անձանց մեջ: «5 վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս 4 զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ»,- հայտնեց նախարարությունը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար դասախոսություններ կարդալ բուհերի ուսանողների համար: Այս անգամ նա դասախոսել է ԵՊԲՀ-ի եւ ՀԱՊՀ-ի ուսանողների համար՝ տալով համապատասխան առաջադրանքներ: Հեռավար ուսուցման վերաբերյալ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է ունեցել նախարար Արայիկ Հարությունյանը: 

Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են քննարկումները կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ: Այս անգամ քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները եւ մեխանիզմները: 

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը հայտնեց, որ Երեւանի ջոկատներից մեկում ունեն վիրուսակիր, նրա հետ շփված 11 հոգի արդեն մեկուսացվել է: «Վաղը առավոտյան` 06:00-ից, օրը երկու անգամ ողջ հանրապետության տարածքով հանրային տարածքներում, մասնավորապես՝ կանգառներում, կիրականացվեն ախտահանման աշխատանքներ»,- իր հերթին նշեց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը։ 

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հետքին» տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ հանրային տրանսպորտից օգտվողների թիվը կրճատվել է 4 անգամ։ Ըստ նրա՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ֆինանսական վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչ գործիքակազմով կարող են աջակցել մասնավոր հատվածի ուղեւորափոխադրողներին։ 

Ըստ ոստիկանության՝ միայն մարտի 27-ին՝ 09:00-21:00 հատվածում, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 722 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ 

ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն ավելի ուշ հայտնեց, որ մարտի 27-ի դրությամբ կա 372 հաստատված դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +43), բուժվածներ՝ 28 (+0), մահվան դեպքեր՝ 1 (+0): Բացասական թեստերի թիվը 1837 է:

26.03.2020

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսական անբարենպաստ պայմանները հաղթահարելու համար գործադիրը հաստատեց աջակցության 5 ծրագիր՝ ուղղված բիզնեսին եւ անչափահաս երեխա ունեցող սոցիալապես թիրախային ընտանիքներին: Մանրամասները՝ այստեղ: Վարչապետը նաեւ հայտնեց, որ մարտի 31-ին Արցախում կայանալիք ընտրություններին մեկնող դիտորդները կստուգվեն արագ (ռապիդ) թեստերով: 

ՊՆ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ բանակում գրանցվել է վարակման 3 դեպք: «Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: 3 զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են եւ առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից՝ նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։ Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որեւէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն եւ հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ վարակվածների հետ սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում, իսկ այն զորամասում (մարտական հերթապահություն չի իրականացնում, առաջնագծից էլ հեռու է), որտեղ ծառայում են զինվորականները, հայտարարված է զորանոցային դրություն։ Տոնոյանը նաեւ շեշտեց, որ Արցախի ՊԲ-ում կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որեւէ դեպք չի արձանագրվել:

ԱՆ Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ թեստերի պակաս Հայաստանը չունի: Ըստ նրա՝ վարակվածների մեջ կա 3 բուժաշխատող՝ բուժքույր, բժիշկ եւ շտապօգնության վարորդ։ Էրեբունու եւ Կոտայքի մարզի արտադրամասերի վերաբերյալ էլ նախարարը տեղեկացրեց, որ մեկուսացվել է մի քանի հարյուր անձ, մարտի 25-ի տվյալներով՝ Էրեբունի վարչական համայնքում գործող արտադրամասից մեկուսացվել է 140 անձ՝ աշխատակից եւ փոխկապակցված անձինք։ 

Ոստիկանությունը շարունակում է վերահսկել ազատ տեղաշարժի սահմանափակումների իրականացումը: Պարետի համապատասխան որոշումից հետո, որն ուժի մեջ է մտել մարտի 24-ի 23:59-ից, մարտի 26-ի 18:00-ի դրությամբ ոստիկանները 635 անձի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նմանատիպ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղեւորներ։ Ոստիկանությունը նաեւ հայտնեց, որ ժամանակավորապես կարգելվի բոլոր անձանց մուտքն Արցախ, որտեղ, ի դեպ, չի հայտնաբերվել վարակման դեպք: Բացառություն կարվի Արցախում հաշվառվածների, բեռնափոխադրողների եւ գալիք ընտրությունների դիտորդների ու լրագրողների համար: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հայտարարեց, որ ԵԱՏՄ երկրները կսահմանափակեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների արտահանումը։ 

Օրվա ընթացքում ԱՆ-ն տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը, որը 72 տարեկան էր. «Պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաեւ երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն եւ սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը»։ 

ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ավելի ուշ հայտնեց մարտի 26-ի դրությամբ ամփոփիչ տվյալները՝ 329 հաստատված դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +39), բուժվածներ՝ 28 (+10), մահվան դեպքեր՝ 1: Բացասական թեստերի թիվը 1625 է: 

25.03.2020

ԵԱՀԿ ԶԼՄ-ի ազատության հարցերով ներկյացուցիչ Հարլեմ Դեզիրը մարտի 24-ին իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ ԱԺ-ի կողմից կատարված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Խոսքը լրատվամիջոցներին առնչվող պատասխանատվության նոր դրույթների մասին է: «Ես իսկապես հասկանում եմ նոր օրենքի նպատակը․ այն է՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ խուսափել խուճապից, ագրեսիայից եւ պայքարել ապատեղեկատվության դեմ։ Բայց միեւնույն ժամանակ ԶԼՄ-ն պետք է որոշիչ դեր խաղան բնակչությանը կարեւոր տեղեկատվության տրամադրման գործում եւ հակազդեն ապատեղեկատվությանը։ Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին եւ համավարակի մասին տեղեկություններ հաղորդելուն։ Միայն իշխանությունների տրամադրած տեղեկատվության հաղորդումը շատ սահմանափակող միջոց է։ Դրանով սահմանափակվում են ԶԼՄ-ի ազատությունը եւ տեղեկատվության հասանելիությունը»,- նշել է Դեզիրը։ 

Մարտի 25-ին էլ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը հայտնեց, որ կառավարությունը նախորդ օրը որոշ փոփոխություններ է կատարել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում, որոնք սահմանվել էին արտակարգ դրություն հայտարարելու մարտի 16-ի որոշման մեջ։ 

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ ՀՀ-ԱՀ սահմանային 4 հսկիչ կետերում իրականացնում են Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ: Իր հերթին ԱՀ ոստիկանությունը կոչ արեց առաջիկա օրերին զերծ մնալ ՀՀ մեկնելուց:

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը տեղեկացրեց մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակող պարետի որոշումից իրականացված ոստիկանական գործողությունների մասին: Քիչ ուշ հայտնի դարձավ, որ 20:30-ի դրությամբ 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ 

Ուղեւորահոսքի նվազման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դադարեցրեց Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքի ուղերթները, մյուս էլեկտրագնցաքները կշարունակեն աշխատել:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ալկոգելի շուկայում լայնածավալ ստուգումներ սկսեց։ «Հետքը» մարտի 19-ին գրել էր այս օրերին այդ ոլորտի իրավիճակի մասին:  

Կառավարությունն ամփոփեց բիզնեսին եւ սոցիալական թիրախային խմբերին աջակցություն ցույց տալու ծրագրերը: Գործադիրն անդրադարձավ աշխատատեղերի պահպանման գծով բիզնեսին աջակցությելու գործիքակազմերին, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին: 

ԱԺ-կառավարություն հարուցպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ հեռավար դասապրոցեսին անցած մեկ շաբաթում մասնակցել է աշակերտների 80 տոկոսը: «Երկու շաբաթների արդյունքում կամփոփվի՝ արդյոք լրացուցիչ դասընթացների կարիք լինելու է, թե ոչ։ Այս ներգրավվածությունը ցույց է տալիս, որ եթե անգամ լրացուցիչ դասերի կարիք լինի, շատ քիչ դասեր են լինելու»,- ասաց նախարարը։ Ավելի ուշ Հարությունյանը ուղիղ եթերում որոշ տվյալներ հաղորդեց հեռավար ուսուցման մասին:  

Վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում խոսեց բիզնեսին ու սոցիալապես խոցելի խմբերին աջակցելու իրենց ծրագրերի մասին: Գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ բոլոր ընկերությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ թիրախային խմբի կոմունալ վճարների ուշացումների դեպքում անջատումներ չեն լինի: 

Այս ֆոնին հայտարարություն արեց ՀԾԿՀ-ն՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը մինչեւ հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրաէներգիայի, բնական գազի եւ խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ «Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը եւ խմելու ջրի մատակարարումը»,- տեղեկացրեց հանձնաժողովը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսեց արտակարգ պայմաններում սննդամթերքի անվտանգությանն ուղղված միջոցառումների ու վերահսկողության մասին: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն էլ հաղորդեց, որ երեւանյան սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել են խախտումներ:  

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լավ լուր հայտնեց՝ բուժվածների թիվն ավելացել է 2-ով՝ դառնալով 18: Կեսգիշերն անց նա տեղեկացրեց, որ մարտի 25-ի տվյալներով կա թոքաբորբով հիվանդ 36 անձ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին եւ ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս 1 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Մարտի 25-ի ամփոփիչ տվյալներն այսպիսին են՝ 290 հաստատված դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +25), 18 բուժված, 0 մահ: 

24.03.2020

Մարտի 24-ը հագեցած էր իրադարձություններով: 

Կայացավ պարետատան հերթական նիստը: Պարետ Տիգրան Ավինյանը որոշում կայացրեց ՀՀ ողջ տարածքում արգելել տնտեսական գործունեությամբ զբաղվելը՝ մի շարք բացառություններ անելով: Սա այն էր, ինչի մասին ժամեր առաջ հայտարարել էր վարչապետը: 

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԺ-ի ընդունած նախագծերը ՎԻՎ եւ Քրեական օրենսգրքերում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին: «Օրենքները նպատակաուղղված են բարձրացնելու արտակարգ դրության ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը: Կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են եւ պետք է անվերապահ եւ պատասխանատու ձեւով կատարվեն յուրաքանչյուրի կողմից»,- ասվում էր նախագահի տարածած հաղորդագրության մեջ: 

Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած խորհրդակցությանը քննարկվեցին կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները: 

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը խոսեց մի շարք ապրանքատեսակների թանկացման մասին: 

Միջազգային օլիմպիական կոմիտեն ի վերջո որոշեց 1 տարով հետաձգել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը, ՅՈւՆԵՍԿՕ-ն էլ հայտարարեց, որ վերջին օրերի ընթացքում տանը մնացած սովորողների թիվն ամբողջ աշխարհում հասել է 1,37 մլրդ-ի, աշխատանքի չի հաճախում 60,2 մլն դասավանդող: 

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը հայտնեց, որ համայնքում կա կորոնավիրուսի հաստատված 1 դեպք. քաղաքացին տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: 

Վարչապետ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ հայտնելով, որ ժամը 18-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է 249 դեպք, որոնց մեծ մասը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում: Կա թոքաբորբով 30 հիվանդ, որոնցից 5-ն ինտենսիվ թերապիայի կարիք ունի, ընդ որում՝ 1-ի վիճակը (77 տարեկան) ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր: Կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում: Ըստ վարչապետի՝ առաջնային դեպքերից հաջողվել է կանգնեցնել Իրանի ու Էջմիածնի դեպքերի զարգացումները, սակայն Շենգավիթի արտադարամասի օջախն անվերահսկելի զարգացումներ է ունեցել, քանի որ նոր դեպքեր են գրանցվել Երեւանի (Էրեբունի վարչական շրջանում) ու Չարենցավանի այլ արտադրամասերում:

«Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է, եւ թույլատրվում է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ, որ կարեւոր է, մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Փողոցում դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի «կենսական անհրաժեշտ» տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- հայտարարեց Փաշինյանը:

Քիչ անց հրապարակվեց պարետ Տ. Ավինյանի որոշումը Հայաստանի ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ, որով սահմանվեց պարտադիր ինքնամեկուսացում: Մարտի 24-ի 23:59-ից մինչեւ մարտի 31-ի 23:59-ը թույլատրվում է միայն չարգելված տնտեսական գործունեությամբ զբաղվողների, հանրային իշխանության մարմինների աշխատակիցների՝ աշխատավայր գնալն ու վերադարձը, ինչպես նաեւ պարենային խանութներ, դեղատներ, գյուղատնտեսական շուկաներ, բժշկական հաստատություններ այցելելը, հոգեհանգստի եւ հուղարկավորության մասնակցելը, բնակության վայրի մոտակայքում օրվա մեջ մեկ անգամ ֆիզիկական վարժություններով զբաղվելը կամ հեծանիվ վարելը: Անձնական տրանսպորտի մեջ թույլատրվում է առավելագույնը 2 հոգու ներկայություն:

Ըստ պարետի որոշման՝ ցանկացած դեպքում քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ եւ թեկուզ ձեռագիր լրացված ձեւաթերթիկ: Որոշման պահանջների իրականացման վերահսկողությունը հանձնարարվեց ոստիկանությանը: 

Ավելի ուշ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակեց մարտի 24-ի դրությամբ ամփոփոիչ տվյալները: Բացասական արդյունքով թեստերի թիվը՝ 1315, հաստատված դեպքերը՝ 265 (նախորդ օրվա համեմատ՝ +30), բուժվածների թիվը՝ 16 (+14), մահվան դեպքերը՝ 0: 

23.03.2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: Այսուհետ մեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժի սահմանափակումը խախտելու համար քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 100.000-200.000 դրամի չափով, սակայն եթե դրա հետեւանքով վարակվի այլ անձ, ապա պատասխանատվությունը դառնում է քրեական՝ տուգանք, կալանք եւ նույնիսկ ազատազրկում, իսկ եթե խախտման պատճառով մարդու մահ գրանցվի՝ ազատազրկում 2-4 տարի ժամկետով: Մյուս կողմից՝ եթե լրատվական գործունեություն իրականացնողները խախտեն արտակարգ դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները, կենթարկվեն տուգանքի 100.000-300.000 դրամի չափով: Ու եթե մեկ օրվա ընթացքում համապատասխան հրապարակումը չվերացնեն, կենթարկվեն 500.000-1.000.000 դր տուգանքի։ 

Ոստիկանության տեղեկացմամբ՝ 22 լրատվամիջոցի արդեն հորդորվել է հեռացնել այն տեղեկությունները, որոնք չեն համապատասխանում պարետի ցուցումներին եւ պաշտոնական տեղեկատվությանը: Այդուհանդերձ, անհասկանալի է, թե ինչպես է իրականացվում «խուճապ առաջացնող» տեղեկության գնահատումը: 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Ավելի ուշ նրա գլխավորությամբ կայացավ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նշվել է, որ քայլեր են կատարվում թեստերի եւ դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծել է՝ հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման ուղղութամբ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո, եւ ողջ ուշադրությունը կենտրոնացված է կանխարգելիչ միջոցառումների վրա:

ԱԳՆ-ն հայտնեց այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների՝ ՀՀ մուտքի վրա արտակարգ դրության ընթացքում սահմանափակում է դրված:  

Պարզ դարձավ, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել էին, իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Աշխատանքների որոշակի դադարի հետեւանք էր այն, որ մարտի 22-ին հաստատվել էր վարակման ընդամենը 4 դեպք: 

Հոսանք, ջուր եւ գազ մատակարարող կազմակերպությունները «Հետքին» հայտնել են իրենց դիրքորոշումը կոմունալ վճարների հնարավոր հետաձգման եւ չվճարող քաղաքացիներին ծառայություն չտրամադրելու մասին: 

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցին հայտնել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ եւ թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110.000 դոլարի չափով:   

ԲԴԽ-ն տեղեկացրեց, որ բոլոր դատա­րաններին հատկացվել են տեսախցիկներ եւ պրոյեկտորներ` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: 

Արցախի ԿԸՀ-ն հայտնեց, որ մարտի 31-ին կայանալիք ընտրություններում համաճարակային կայուն վիճակը պահպանելու համար ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ: 

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հաղորդեց, որ ծառայության զանգերը նվազել են, մյուս կողմից՝ կորոնավիրուսով վարակված աշխատակից ՓԲԸ-ն չունի։ Վարակված առաջին քաղաքացու հետ շփված 3 աշխատակիցները մեկուսացվել էին, բայց արդեն դուրս են գրվել եւ անցել աշխատանքային առօրյային։

Կեսգիշերն անց վարչապետը հայտնեց, որ հաստատվել է վարակման եւս 41 դեպք, ընդհանուր՝ 235: Նրանցից 26-ը թոքաբորբ ունեն։ Հայտնաբերվել է 2 նոր օջախ Կոտայքի մարզում ու Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող արտադրամասերում։ «Մարտի 24-ից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների եւ սրճարանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքման ծառայությունների, որոշակիորեն կդադարեն նաեւ շինարարական աշխատանքները, տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղերի արտադրությունը: Կշարունակվի սննդի արդյունաբերությունը, խանութները, մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով»,- հայտնեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ պարետատունը կոնկրետ հայտարարություն կանի: ԱՆ Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ մարտի 24-ին կարող են լինել մեծ թվով առողջացած քաղաքացիներ, ինչպես նաեւ մեկուսացման վայրերից դուրս գրվողներ, եթե նրանց թեստերը բացասական արդյունք տան։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վատ լուր հայտնեց՝ նոր կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերն արագանում են։

Այսպիսով՝ մարտի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 235 դեպք, որից 2-ը բուժվել են, մահացած չկա: Ըստ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ 1132 թեստ բացասական արդյունք է ունեցել: 

22.03.2020

Ելնելով արտակարգ դրության օրերին աշխատողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից՝ վարչապետի աշխատակազմի ձեւավորած Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը հայտարարություն տարածեց՝ մեջբերելով գործող օրենսդրության դրույթները։  

ԱՀ ՊԲ-ն հայտարարեց, որ ստուգայցեր են կատարվել մի շարք զորամասեր, մինչ օրս բանակում չի հայտնաբերվել կորոնավիրուսով վարակվածության դեպք, զորամասերն ու զինվորական հոսպիտալներն ապահովված են վարակի կանխարգելման անհրաժեշտ միջոցներով։ 

ԱՆ-ն տեղեկացրեց, որ նախորդ օրվա դրությամբ գրանցված 190 դեպքերից 157-ն առնչություն ունի Էջմիածնի եւ Շենգավիթի արտադրամասի օջախների հետ։ Իր հերթին նախարար Թորոսյանը որոշ տվյալներ ներկայացրեց վարակվածների մասին։ «Նրանից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, եւ նրանցից 6-ը ինտենսիվ թերապիայի կարիք ունի։ Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում։ Այդ 6 քաղաքացիների առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն, այսինքն՝ ծանր չեն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն իրականացվում է»,- նշեց Թորոսյանը։ 

Երեկոյան վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ գրանցվել է 194 դեպք, որոնց ավելի քան 70 տոկոսը կապված է Էջմիածնի ու երեւանյան արտադրամասի օջախների հետ։ Նրանցից առողջացմամբ դուրս են գրվել 2-ը։ Ընդ որում, ըստ գործադիրի ղեկավարի, Էջմիածնի դեպքերի տարածումը հաջողվել է կանգնեցնել։

Վարչապետը նաեւ ներկայացրեց արտակարգ դրության հետեւանքով ֆինանսական դժվարությունների բախված տնտեսվարողներին աջակցություն ցույց տալու կառավարության ծրագրերը։

21.03.2020

Արցախում ձեւավորված տեղեկատվական շտաբը հայտնեց, որ սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում եւ հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ։

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ կորոնավիրուսի պատճառով ուղեւորահոսքը մայրաքաղաքում մի քանի անգամ նվազել է, դրա հետեւանքով կրճատվել են նաեւ տրանսպորտային միջոցները։ 

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարտի 22-ից մինչեւ արտակարգ դրության ավարտը արգելվեց առեւտրի կենտրոնների (բացառությամբ սննդի, խմիչքի ու ծխախոտի մանրածախ առեւտրի), բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների, խաղատների, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրությունը։ 

Երեկոյան նախարար Թորոսյանը հայտնեց, որ առողջացմամբ դուրս է գրվել 2-րդ պացիենտը։ Տուն է ուղարկվել նաեւ նրա հետ շփում ունեցած մայրը, ում մոտ չէր հայտնաբերվել կորոնավիրուս։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հաստատված վարակակիրների թիվը հասել է 190-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 30-ով։

Այսպիսով՝ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 190 վարակակիր, որոնցից առողջացել են 2-ը։ 

20.03.2020

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը որոշեց ժամականավոր սահմանափակել մի շարք բժշկական ապրանքատեսակների արտահանումը Հայաստանից: Դրանց արտահանումը կարող է թույլատրվել ՊԵԿ-ի կողմից՝ հիմք ընդունելով ԱՆ-ի գրավոր համաձայնությունը։

ՊԵԿ-ն իր հերթին հորդորեց ժամանակին եւ ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները: «Պետական եկամուտների կոմիտեն կամ պետական կառավարման այլ մարմին իրավասու չէ իրավական որեւէ այլ ակտով այս կամ այն խումբ հարկ վճարողների համար սահմանել հարկային արտոնություններ»,- նշեց գերատեսչությունը՝ նկատի ունենալով հարկային արձակուրդ տալու մասին լուրերը։ Փոխարենը մարտի 19-ին կայացած կառավարության նիստին վարչապետը հայտնել էր, որ պատրաստվում են գործարկել բիզնեսի աջակցության 25 մլրդ դր արժողությամբ փաթեթ, որին կհաջորդեն 25 մլրդ եւ 80 մլրդ դրամ ծավալի եւս 2 փաթեթներ: Ավելի ուշ կառավարությունում կայացավ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները:

ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է ցածր գնաճ:  

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ մարտի 11-ին Հայաստանից Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացին ախտորոշվել է կորոնավիրուսով եւ մեկուսացվել Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկում: 

ՊՆ-ն հայտնեց, որ բանակում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Մարտական հերթափոխի մեկնող անձնակազմը պարտադիր բժշկական զննում է անցնում: 

ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։ Ավելի ուշ նախարարության ներկայացուցիչները հայտնեցին մի շարք այլ առցանց ծրագրերի մասին: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ փոխանցեց, որ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: Ըստ նախարարության՝ «Առաքելություն Հայաստան» եւ «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն արդեն սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը: 

Լրագրողական մի քանի կազմակերպություններ հայտարարեցին, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշման հավելվածում անհրաժեշտ է փոփոխել տեղեկատվության տարածումը սահմանափակող դրույթները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործադիրը որոշակի փոփոխություններ է կատարել, սակայն դրանք մեծ հաշվով ընդհանրություն չունեն լրագրողների ակնկալիքների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձ կատարեց աշխատողների իրավունքների պաշտպանությանը՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիներ իրեն բողոքներ են հասցեագրում այն մասին, որ գործատուները չեն ապահովում իրենց աշխատանքային իրավունքները։ «Գործատուները պարտավոր են զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքը խախտող արարքներից»,- շեշտեց ՄԻՊ-ը։

ԱԺ-ն ուշ երեկոյան Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում առաջին ընթերցմամբ լրացումներ կատարեց: Այսպես՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար քաղաքացին կպատժվի 300.000-500.000 դրամ տուգանքով: Այն դեպքերում, երբ մեկուսացման եւ ինքնամեկուսացման պահանջները խախտելն անզգուշությամբ առաջացրել է զանգվածային հիվանդացում, սահմանվում է կալանք մինչեւ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով: Լրացումների փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվելու երկուշաբթի:

Կեսգիշերն անց նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ դեպքերի աճ է գրանցվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարակակիրների 136 թիվը դարձել է 160, բուժվածների թիվն առայժմ 1 է:

Պարզ դարձավ, որ նրանք մեկուսացված են ոչ միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: «Մենք ունենք ծավալած շուրջ հինգ բուժհաստատություն, եւս երկու մարզային հիվանդանոցներում կան քիչ թվով պացիենտներ... Այս պահին ունենք ռենտգենով հաստատված թոքաբորբի 11 դեպք, որոնցից միայն 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա։ Սակայն որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք 24-ժամյա հսկողության տակ են... Մեր հիմնական ձեռքբերումը կապված է պացիենտների եւ նրանց կոնտակտավորների մեկուսացումով, սակայն գիտենք, որ դա անվերջ հնարավոր չէ շարունակել։ Մենք այս պահին ունենք 600-ից ավել մեկուսացված անձ Հայաստանի տարբեր մարզերում, բայց համարում ենք, որ այդ ռեզերվը մոտենում է իր ավարտին, եւ մենք պետք է արդեն մեր կանխարգելիչ գործողությունները պայմանավորենք ինքնամեկուսացումով, սակայն փորձը ցույց է տվել, որ մեր հարգելի քաղաքացիները, միշտ չէ, որ հասկանալով կամ գիտակցելով վտանգը, հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը»,- ասաց նախարարը։  

19.03.2020

Առավոտյան հայտնի դարձավ, որ հաստատվել է կորոնավիրուսով վարակված լինելու եւս 5 դեպք, այսինքն՝ ընդհանուր թիվը հասել է 115-ի, որոնցից 1-ն արդեն առողջացել է: Ընդ որում՝ 115-ից 99-ին միավորում են Էջմիածնի եւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի արտադրամասի դեպքերը: Օրվա ընթացքում նախարար Թորոսյանը տեղեկացրեց, որ հաստատված դեպքերի թիվն ավելացել է 7-ով՝ հասնելով 122-ի: Այս վերջին դեպքերը եւս կապված են արտադրամասի օջախի հետ, այսինքն՝ 122 հոգուց 106-ը վարակվել են ընդամենը 2 օջախից: Խոսուն փաստ է: Մինչեւ օրվա ավարտը այս թիվը հասավ 136-ի, որից 112-ը կապ ունեն Էջմիածնի ու արտադրամասի դեպքերի հետ:    

Նախարարը նաեւ նշեց, որ լուրջ խնդիր ունեցող անձ չկա, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ «Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 %-ի ջերմությունը տատանվում է 37 եւ 38 աստիճանի միջակայքում, մի քանի անձ 38-ի եւ 39-ի միջակայքում է ջերմում, 39-ից  բարձր ջերմություն չունենք»: Սա, ըստ նրա, պայմանավորված է եւ՛ այն հանգամանքով, որ պացիենտները հսկողության տակ են գտնվում, եւ՛  նրանով, որ, իսկապես, նրանց առողջական վիճակը լավ է։ Թորոսյանը հայտնեց, որ 60 տարեկանից բարձր պացիենտները 13-ն են, նրանք լուրջ առողջական խնդիր չունեն։

Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ երկիրը չունի պարենի ու վառելիքի պակաս: Քիչ անց առողջապահության նախարարը լրագրողներին հայտնեց, որ, փորձից ելնելով, իմաստ չկա թեստավորել մեկուսացված անձանց, եթե նրանք չունեն նախանշան, փոխարենը թեստ կարվի 14-օրյա կարանտինի ավարտին:    

«Հետքի» հրապարակումից հետո «Էյչ-Էս-Բի-Սի»-ն դարձավ վերջին՝ 17-րդ բանկը, որը վարկային արձակուրդ տրամադրեց իր հաճախորդներին (նախավերջինն էլ մարտի 18-ին «ԱրմՍվիսԲանկն» էր): 

Արցախի առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ մինչ օրս երկրում չի գրանցվել կորոնավիրուսով վարակվելու դեպք:  

18․03․2020

Կեսօրին մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսվով վարակման դեպքերի նոր տվյալները, համաձայն որոնց՝ մարտի 17-ի համեմատ դեպքերն ավելացել էին 6-ով՝ կազմելով ընդհանուր 84։ Ըստ կառավարության ղեկավարի՝ դեպքերի 81 տոկոսը կապված էր Էջմիածնի եւ արտադրամասի հայտնի դեպքերի հետ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը լավ լուր հայտնեց թոշակառուների եւ նպաստառուների համար։ Նախարարությունը բանակցություներ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները եւ նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստի» բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

Արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը: Իսկ թե որ ավիաընկերությունները որ չվերթների սպասարկումն են դադարեցրել, կարող եք կարդալ այստեղ։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում թոքաբորբից մարդ է մահացել։ Նրա մոտ կասկածվել է նաեւ կորոնավիրուսային հիվանդություն: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական:

Էկոնոմիկայի նախարարությունն էլ հայտնեց, որ մարտի 18-ից Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջեւ տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։

14։50-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով։ 1 պացիենտ առողջացել է։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ԱՀ տարածքում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։

Արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Էջմիածին քաղաքի բոլոր ելքերը ժամը 20։00-ից բացվել են, բժիշկներն այլեւս հերթապահություն չենի անի, քանի որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել։ Հիշեցնենք, որ մարտի 16-ից սկսած Էջմիածնի 27 ելքերից 24-ը փակվել էին, իսկ մնացած 3-ում հսկողություն էր սահմանվել։

18։30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը անցավ 100-ը։ Նախորդ 84 դեպքին ավելացել էին եւս 18-ը՝ ընդհանուր կազմելով 102։

Եվրոպայում կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկվեց մայիսին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում նախատեսված «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը։ Ամենայն հավանակությամբ Ռոտերդամում կանցնի «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթը։

metro.jpg (133 KB)
Երեւանի մետրոն՝ մարտի 18-ին

Ոստիկանները զգուշացրել են «Առավոտին» 500 հազար դրամով տուգանելու մասին։ Aravot.am կայքը հրապարակել էր ռուս քաղաքագետ, պատմաբան Վալերի Սոլովեյի՝ «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցի թարգմանությունը, որում քաղաքագետը նշել էր, թե Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով 1600 մարդ է մահացել։ ՀՀ ոստիկանությունը, արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված, «Առավոտ» օրաթերթին զգուշացրել է տուգանել 500 հազար դրամով, եթե կայքից չհեռացնեն հարցազրույցի թարգմանությունը։ Կայքը ի վերջո հեռացրել է նյութը։

Օրվա վերջում առողջապահության նախարարությունը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները։ Դեպքերն ավելացել են 8-ով՝ ընդհանուր կազմելով 110։ Ըստ նախարարության՝ պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

17․03․2020 

Առավոտյան հայտնի դարձավ, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգվում են։ Այն պետք է տեղի ունենար մարտի 23-ին։ Ռեկտորի ընտրությունների նոր ժամկետ կնշանակվի Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո։

Մարտի 17-ի ժամը 12։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացավ 12-ով՝ դառնալով 64 (52+12=64)։ 12 նոր դեպքերից 6-ը կապված էին Էջմիածնի հայտնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` Երեւանի արտադրամասի դեպքի հետ։

Ներկայացրինք, թե Հայաստանում որ բանկերն են կորոնավիրուսով պայմանավորված վարկային արձակուրդ տրամադրել, եւ որոնք՝ ոչ։ Հայաստանում գործունեություն ծավալող բանկերից միայն «ՎՏԲ»-ն, «Մելլաթը», «Էյչ-Էս-Բի-Սի»-ն, «ԱրմՍվիսԲանկն» ու «ԱյԴի Բանկը» որեւէ արտոնություն չեն կիրառել, սակայն մեր հրապարակումից հետո՝ մինչեւ ժամը 18:00-ն, վարկային արձակուրդների մասին հայտարարեցին նաեւ «ԱյԴի Բանկն» ու «Մելլաթ» բանկը, իսկ ավելի ուշ՝ նաեւ «ՎՏԲ»-ն։

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվեց։ 

89632937_3063623623694267_1719904543988252672_o.png (305 KB)

Արցախի Հանրապետության ոստիկանությունը կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների շրջանակներում կոչ արեց Արցախից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորվելիս ձեռքի տակ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։

Երեւանի քաղաքապետարանն էլ մանկապարտեզներիում պահեստավորված սնունդը կտրամադրի անապահով ընտանիքներին։ 

Վատ նորություններ ֆուտբոլասերների համար։ ՈւԵՖԱ-ն որոշեց մեկ տարով հետաձգել Եվրոպայի 2020 թ․ առաջնությունը։ Աշխարհամասի առաջնությունը՝ տեղի կունենա 2021թ․ հունիսի 11-ից հուլիսի 11-ը։

18:00-ի դրությամբ՝ վարակակիրների թիվը հասավ 72-ի, թիվն ավելացել էր 8-ով (64+8=72)։ 


Երեւան-էջմիածին մայրուղին շարունակում է մնալ հսկողության տակ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ Արցախում 71 հոգուց կորոնավիրուսի թեստ է վերցվել, որոնք բոլորն էլ բացասական արդյունք են ունեցել։

Երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վարակակիրների թիվն ավելացել է 6-ով՝ ընդհանուր դառնալով 78։ 6 նոր դեպքերը կապված են Երեւանի արտադրամասի դեպքի հետ։ Նախարար նշեց նաեւ, որ օրվա ավարտին մեկուսացվածների թիվը կհասնի 600-ի, եւ հնարավոր է, որ մի քանի հարյուր մարդու եւս մեկուսացնեն, որից հետո կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը։

16․03․2020

Վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ի դրությամբ հաստատված 28 վարակակիրներից մեկը Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակից է։ Հետագայում պարզ դարձավ, որ այդ ձեռնարկությունը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Դրանից քիչ անց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կա վարակի 2 նոր դեպք (28+2=30), որոնցից մեկը կապված է Էջմիածնի հայտնի դեպքի հետ։ 

Այսօր արդեն փակ էին Էջմիածին քաղաքի 27 ելքերից 24-ը, իսկ մնացած 3-ում սահմանվել էր համապատասխան հսկողություն։ Ճանապարհները փակելու մասին մարտի 15-ին իրազեկել էր վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության արտահերթ նիստ կգումարվի երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը քննարկելու նպատակով։

Քիչ ավելի ուշ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ 

Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց ունեցան՝ որոշելով երկու շաբաթով դադարեցնել ուղեւորափոխադրումը երկու երկրների միջեւ, սակայն քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց հայրենիք, բաց կլինեն բեռնափոխադրումները։

Երկարատեւ քննարկումներից հետո ի վերջո կառավարությունը որոշեց արտակարգ դրություն մտցնել հանրապետությունում։ Հակիրճ ներկայացրել ենք, թե ինչ է իրենից ենթադրում արտակարգ դրություն ասվածը։ 

Նիստի ավարտից հետո վարչապետ Փաշինյանը շտապեց Ազգային ժողով, որտեղ արտակարգ դրություն մտցնելու առթիվ հատուկ նիստ էր գումարվել։ Կառավարության ղեկավարը այնտեղ պատասխանեց պատգամավորների տարատեսակ հարցերի։ Նա հայտնեց, որ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվելու է։

«Air Cairo» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Անռիվա Տուր»-ը տեղեկացրեց, որ ավիաընկերությունը մինչեւ ապրիլի 19-ը դադարեցնում է Երեւանից Շարմ էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ չվերթները։ Մարտի 19-ին հավելյալ չվերթով մեր հայրենակիցները կտեղափոխվեն Երեւան։

Մարտի 16-ն ավարտվեց բացասական լուրերով։ Կեսգիշերին Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան լայվում հայտնեց, որ մարտի 16-ին իրականացրել են 105 թեստ, որոնցից 22-ը դրական արդյունք է տվել (30+22=52), եւ դրանցից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ։

«Թեստ հանձնածներից վերջին 12-ի մոտ ախտանշաններ ընդհանրապես չկան, եւ նրանք հիմա նույնիսկ հիվանդանոցներում էլ չեն գտնվում, այլ մեկուսացման վայրում, նույնիսկ չեն էլ ենթադրում, թե իրենցից ում մոտ է թեստը դրական։ Ամենայն հավանականությամբ, նրանց մասով անհատական որոշումներ կկայացնենք՝ նրանց պետք է հիվանդանոց տեղափոխել, թե ոչ, որովհետեւ բացի ժամանակից իրենք ուրիշ որեւէ բանի կարիք չունեն՝ վիրուսը օրգանիզմից դուրս գալու համար»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Այսպիսով՝ մարտի 16-ի լույս 17-ի կեսգիշերին Հայաստանում գրանցվել է 52 վարակակիր, որոնցից 1-ը բուժվել է, 2-ի մոտ առկա է թոքաբորբ։ Վարակակիրներից 31-ն առնչվում են Էջմիածնի դեպքին։ 

15.03.2020

Կեսգիշերն անց Արսեն Թորոսյանը կոչ արեց քաղաքացիներին եւ կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչեւ համաճարակի վտանգի իսպառ վերացումը: «Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»,- գրեց նախարարը: 

Հայտնի դարձավ, որ Հայաստանի օդային երթեւեկությունը կառավարող «Հայաէրովագիացիա» ՓԲԸ-ի աշխատակիցները 14 օրով ինքնամեկուսացել են «Զվարթնոց» օդանավակայանի հարեւանությամբ գտնվող իրենց աշխատավայրում, քանի որ ընկերության աշխատակիցներից մեկը վարակվել է Էջմիածնի հայտնի նշանդրեքի հետեւանքով: 

ԱՆ-ն հայտնեց, որ վարակվածների թիվն ավելացել է 3-ով (20+3=23), բոլորն 3-ն էլ կապ ունեն Էջմիածնի դեպքի հետ ու եղել են արդեն իսկ մեկուսացված անձանց թվում: Պարզվեց նաեւ, որ մարտի 14-ից հայտնաբերված 7 վարակակիրներից մեկը դպրոցական է կրկին Էջմիածնից: Կազմակերպվեց երեխայի հետ շփված անձանց մեկուսացումը: «21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում՝ երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»,- հայտնեց առողջապահության նախարարությունը:

Երեկոյան ԱՆ-ն հաղորդեց 3 նոր դեպքի մասին (23+3=26): Ըստ գերատեսչության՝ դրանցից 2-ը կապ ունեն Էջմիածնի դեպքի հետ (անձինք եղել են մեկուսացված), իսկ 1-ը գրանցվել է Մեղրի քաղաքում՝ Իտալիայից վերջերս վերադարձած քաղաքացու մոտ: «Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի»,- հայտարարեց ԱՆ-ն:    

Դեռեւս Սեւանում գտնվող վարչապետ Փաշինյանը ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Վայքում կոնտակտ է եղել Մեղրիի վարակակիր բնակչի հետ, եւ ինքը կրկին թեստ է հանձնել, որի բացասական պատասխանի դեպքում կվերադառնա Երեւան: Կառավարության ղեկավարը նաեւ հայտնեց, որ վարակակիրների թիվը հասել է 28-ի (26+2=28), որոնցից 18-ը կապ ունեն Էջմիածնի դեպքի հետ: Քիչ անց նախարար Թորոսյանն էլ գրեց, որ վերջին 2 դեպքերը կապ ունեն իրար հետ, իսկ մարտի 1-ին հայտնաբերված առաջին վարակակիրը (Իրանից ժամանած քաղաքացին) բուժվել է:

28 վարակակիր, 1 առողջացած անձ #covid19Armenia #covid19

Posted by Հետք on Sunday, March 15, 2020

Փաշինյանը ուղիղ եթերում նաեւ նշեց, որ որոշում կկայացնեն ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ: Բացի դրանից՝ որոշվել է սահմանափակել Էջմիածնի ելքերը՝ թողնելով միայն 3 ճանապարհ, որոնք վերահսկվելու են բժիշկների ու ոստիկանների կողմից: 

Առեւտրային խոշոր կենտրոնները հայտարարեցին, որ փակ են լինելու մարտի 16-23-ը: 

14.03.2020

Նախարար Թորոսյանը կեսօրին հայտնեց, որ հաստատվել է եւս 2 դեպք, եւ այդ անձինք կապ ունեն Էջմիածնի դեպքի հետ ու ի սկզբանե մեկուսացված են եղել (13+2=15): Քիչ ուշ վարչապետը տեղեկացրեց, որ իր եւ կնոջ թեստերը բացասական են եղել, սակայն վարակվածների թիվը հասել է 18-ի (15+3=18): Ապա Ա. Թորոսյանը հայտնեց, որ 3 նոր վարակակիրները եղել են մեկուսացված ու ԱՆ-ի հսկողության տակ, իսկ ընդհանրապես 18 հոգուց 11-ն առնչվում են Էջմիածնի դեպքին, 1 հոգի էլ կապ ունի մարտի 1-ին Իրանից ժամանած քաղաքացու հետ: Արդեն երեկոյան նախարարը գրեց եւս 2 դեպքի մասին, որոնք էլի կապ ունեն Էջմածնի հետ, այսպիսով՝ վարակվածների թիվը Հայաստանում հասավ 20-ի (18+2=20): Նրանցից 13-ին միավորում է Էջմիածնի հայտնի դեպքը:

«Այս պահին ունենք հաստատված 20 դեպք՝ հույս ունենալով, որ վաղը կունենանք վերջնական բուժված 1 պացիենտ»,- տեղեկացրեց Թորոսյանը՝ նկատի ունենալով Իրանից ժամանած 29-ամյա տղամարդու դեպքը (հաստատված մարտի 1-ին), որի մոտ արդեն իսկ մեկ անգամ արձանագրվել է բացասական արդյունք:  

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ Կենտրոնական բանկը դեռեւս մարտի 9-ին դիմել է առեւտրային բանկերին՝ առաջարկելով վերանայել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման ժամկետները՝ պայմանավորված կորոնավիրուսով: «Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերն անհատական մոտեցմամբ, քննարկելով հաճախորդների հետ, կներկայացնեն վարկերի մարման նոր ժամկետներ, կվերանայվեն մարման գրաֆիկները, կփոխվեն տոկոսադրույքները»,- ասաց Փաշինյանը:

ԱԳՆ-ն կրկին կոչ արեց խուսափել այցելել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրան, Չինաստան, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, ԱՄՆ, ԵՄ եւ այլ եվրոպական երկրներ, առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա եւ Ավստրիա:

Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդաժողովում որոշվեց բուժհիմնարկներում դադարեցնել բոլոր պլանային վիրահատության դեպքերը եւ խիստ սահմանափակել քաղաքացիների այցելությունները հիվանդներին, դադարեցնել երկրորդային գնումներն ու ֆինանսական միջոցները ուղղել միայն դեղերի, ախտահանիչ նյութերի, բժշկական նշանակության ապրանքների ու պարագաների ձեռք բերմանը եւ դրանք օգտագործել խիստ խնայողաբար:

«Հետքը» սկսեց ֆլեշմոբ՝ «կհաղթահարենք միասին» ուղերձով #կհաղթահարենքմիասին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մարտի 14-24-ը կասեցրեց Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքների երթեւեկությունը:    

Ցերեկն ախտահանում իրականացվեց Էջմիածնում, իսկ երեկոյան սկսեցին ախտահանել Երեւանի քաղաքապետարանին ենթակա հանրային տրանսպորտային միջոցները: 

13.03.2020

Կառավարությունն անցկացրեց խորհրդակցություն, որոշվեց մինչեւ մարտի 23-ը դադարեցնել դասապրոցեսը: Ըստ Ա. Թորոսյանի՝ 6 վարակակիրներից մեկի մոտ (45-ամյա կնոջ) առկա է թոքաբորբ, սակայն առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել, մյուս 5-ն իրենց լավ են զգում եւ լուրջ սիմպտոմներ չունեն: Նախարարը նշեց, որ դեղորայքի եւ բժշկական պարագաների դեֆիցիտ պետությունը չունի, առկա է դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ, որի միջոցով էլ բժշկական հաստատությունները համալրվում են: Ըստ Թորոսյանի՝ քայլեր են ձեռնարկվում դիմակների նոր խմբաքանակ ներկրելու ուղղությամբ:

Օրվա ընթացքում Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վարակվածների թիվն ավելացել է 2-ով (6+2=8): ԱՆ-ն հայտարարեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է եւ այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով ու հաստատված պացիենտներին: Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Ըստ ԱՆ-ի՝ ժամը 14։00-ի դրությամբ իրականացվել է 292 հետազոտություն՝ 8 դրական արդյունքով:

Ուշ երեկոյան վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ մարտի 1-ից Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսում» մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ը տուն կգնան, իսկ 2-ը կուղարկվեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Կարանտինի մեջ գտնվող եւս մի քաղաքացի կմնա մեկուսացման մեջ, քանի որ նշված երկուսից մեկի հարազատն է: Բացի դրանից՝ վարակ է հայտնաբերվել էջմիածինցի 45-ամյա կնոջ հետ շփված եւս 2 անձի ու Ֆրանսիայից ժամանած 1 քաղաքացու մոտ, այսպիսով՝ ընդհանուր 13 դեպք (8+2+3=13):

Փաշինյանը նշեց, որ չնայած հերքվել է Բրազիլիայի նախագահի վարակված լինելու մասին լուրը, քանի որ Աննա Հակոբյանը շփվել է նախագահի կնոջ հետ, ինքն ու կինը մեկուսացել են Սեւանի ամառանոցում ու առավոտյան թեստ կհանձնեն:

Կառավարությունը որոշում կայացրեց մինչեւ մարտի 24-ը սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը՝ թույլ տալով միայն բեռնափոխադրողների մուտքը մեր երկիր, ինչպես նաեւ թե՛ ցամաքով, թե՛ օդով երկու երկրների քաղաքացիների վերադարձն իրենց հայրենիք: Թույլատրվեց նաեւ պաշտոնատար անձանց, նրանց ուղեկցողների, ինչպես նաեւ դիվանագիտական կառույցների աշխատողների ելումուտը:

Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային վիճակը լիովին վերահսկելի է՝ COVID-19 հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, եւ դրան բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց մինչեւ մարտի 23-ը դադարեցնել իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: 

12.03.2020

Նախարար Թորոսյանը հայտնեց, որ մարտի 11-ին հաստատված 3 վարակակիրների հետ շփված անձանց շրջանակը պարզվել է, վերջիններս, որոնք թվով 57-ն են, մեկուսացվել են: Դեռեւս մարտի 1-ից հայտնի էր եւս 1 վարակվածի ու 31 մեկուսացվածի մասին: Ըստ նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 262 հետազոտություն, որից 4-ն ունեցել է դրական արդյունք:

Երեկոյան վարչապետը հայտնեց, որ եւս 2 դեպք է արձանագրվել: Պարզվեց, որ այս անձինք կապ ունեն մարտի 11-ին ախտորոշված 45-ամյա կնոջ հետ, մեկը ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան: Երեքն էլ Էջմիածնի բնակիչներ են, մասնակցել են նշանադրության: Քիչ անց Արսեն Թորոսյանը 2 նոր դեպքի մասին գրեց. «Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք թեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»:

Այսպիսով՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 6-ի (4+2):

Փաշինյանն ընդհատեց արձակուրդը, որը վերցրել էր՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին մասնակցելու համար: ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը հայտնեց, որ մարտի 13-ին դասեր չեն լինի:

Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն իր հերթին հայտնեց, որ մինչ այդ պահը 40 փորձանմուշ է ուղարկվել ՀՀ՝ լաբորատոր հետազոտության: Պատասխանները բացասական են:  

ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ զինված ուժերում շարունակվում են իրականացվող կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները, որոնց մասին նախարարությունը հայտնել էր մարտի 5-ին:

11.03.2020

Ն. Փաշինյանը հայտնեց, որ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք, որոնցից 2-ը ՀՀ քաղաքացիներ են (45 եւ 27 տարեկան), 1-ը՝ Իտալիայի քաղաքացի (51 տարեկան), ով աշխատում է մեր երկրում: 3-ն էլ ժամանել են Իտալիայից: «Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն: ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում,- տեղեկացրեց վարչապետը,- պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել»:

Այսպիսով՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 4-ի (1+3):

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող մեր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ:

ԱՀԿ-ն հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում հասել է պանդեմիայի մակարդակի:

10.03.2020

ԱԳՆ-ն կոչ արեց ՀՀ քաղաքացիներին խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ այդ երկրում գտնվող մեր քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղեւորությունն ու վերադառնալ Հայաստան։ ԱՆ-ի կոչն էր՝ խուսափել ճանապարհորդելուց դեպի Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Կորեայի Հանրապետություն:

Հռոմից եւ Միլանից դեպի Երեւան թռիչքներ կատարող «Ryanair» ավիաըանկերությունը հայտարարեց, որ մարտի 13-ից մինչեւ ապրիլի 8-ը դադարեցնում է Իտալիային առնչվող բոլոր միջազգային չվերթները: Այդպիսով՝ չեղարկվեցին նաեւ Հռոմ-Երեւան-Հռոմ, Միլան-Երեւան-Միլան թռիչքները: Վերջին չվերթները եղել են մարտի 10-ին:

09.03.2020

Ըստ ԱՆ-ի՝ իրականացվել է 211 հետազոտություն, որից միայն 1-ն է եղել դրական (մարտի 1-ին արձանագրվածը):

05.03.2020

Կառավարությունը վիզային ռեժիմ մտցրեց ՀՀ ժամանել ցանկացող Իրանի քաղաքացիների համար: Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 7-ից:

02.03.2020

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հայտարարվեց, որ մինչ այդ կատարվել է 120 լաբորատոր հետազոտություն, որից միայն 1-ն է դրական արդյունք ունեցել (+ 31 մեկուսացված): Վարչապետն ասաց, որ 5 օրվա ընթացքում Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի, նաեւ կոչ արեց հնարավորինս սահմանափակել ուղեւորությունները դեպի Թուրքիա եւ Իտալիա:   

01.03.2020

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջով հայտնեց, որ փետրվարի 28-ին Թեհրան-Երեւան չվերթով ժամանած ուղեւորներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածությունը: «Նա ինքն է դիմել բժշկի, եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին: Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեստի պատասխանը բացասական է: Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը ԱՀԿ-ի սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի: Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն»,- տեղեկացրեց վարչապետը։

Հրավիրած մամուլի ասուլիսում Ա. Թորոսյանը հայտնեց, որ վարակված ՀՀ քաղաքացին 29-ամյա տղամարդ է: «Միջազգային ռեկոմենդացիաների համաձայն՝ եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված անձ, անկախ նրա մոտ եղած հիվանդության ծանրությունից, խորհուրդ է տրվում նրանից երկու շարք առաջ, երկու շարք հետ եւ իր շարքը մեկուսացնել 14 օրով, ինչ այս պահին կատարվում է եւ արդեն ավարտական փուլում է,- հայտնեց նախարարը,- քաղաքացին հիվանդանոց գնացել է շտապօգնության մեքենայով, որի անձնակազմը նույնպես մեկուսացվել է։ Դրանից դուրս գտնվող անձինք ռիսկի գոտում չեն։ Եթե նույնսիկ կնոջ մոտ վիրուսի բացակայություն կա, կարող ենք ենթադրել, որ մեծ է հավանականությունը այլ մարդկանց չվարակվելու: Եվ չնայած դրան՝ մենք բոլոր ուղեւորներին պահում ենք հսկողության տակ»: Հայտնի դարձավ նաեւ, որ վարակվածի հետ շփում ունեցած 31 անձ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գելդեն Փելիս» հյուրանոցում:

Նույն օրը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կլինեն նախատեսվածից մի փոքր շուտ՝ մարտի 2-8-ը:

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց:

28.02.2020

ԱԳՆ-ն կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն եւ Իտալիա (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելելուց՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Նույն օրը «Արմենիա Էյրվեյզը» Թեհրանից Երեւան տեղափոխեց 80 ուղեւորի:

27.02.2020

Կառավարության նիստում Ա. Թորոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի վարակվածության 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով: Ըստ նախարարի՝ մեր երկրում կա 850 թեստ, եւս 3000-ը կստացվի առաջիկայում:  

26.02.2020

Հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը Թեհրանից Երեւան տեղափոխեց 52 ուղեւորի, որոնց հետ եղել է ԱՆ մասնագետ: Նախարարության փոխանցմամբ՝ բոլորը ուղեւորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում եւ՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են, սակայն գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել: Նրանք գտնվելու են տնային հսկողության տակ:  

ԱՆ-ն նաեւ հայտնեց, որ Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են իր մասնագետների եւ ոստիկանության ուղեկցությամբ: Ընդ որում՝ Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչեւ նրանք հետ վերադառնան, իսկ ՀՀ քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի:

ՊՆ-ն էլ տեղեկացրեց, որ փետրվարի 25-ից զինուժի բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):

24.02.2020

Կառավարությունը որոշում կայացրեց 2 շաբաթով սահմանափակել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ՝ թույլ տալով միայն բեռնափոխադրողների մուտքը մեր երկիր, ինչպես նաեւ թե՛ ցամաքով, թե՛ օդով երկու երկրների քաղաքացիների վերադարձը իրենց հայրենիք: Թույլատրվեց նաեւ պաշտոնատար անձանց, նրանց ուղեկցողների, ինչպես նաեւ դիվանագիտական կառույցների աշխատողների ելումուտը:    

23.02.2020

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտնեց, որ կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ Ըստ այդմ՝ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

22.02.2020

Տարեսկզբին մեր հարեւան Իրանում սկսեցին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր գրանցվել. փետրվարի 21-ի դրությամբ արձանագրվել էր 18 դեպք, որից 4-ը՝ մահվան ելքով:

Փետրվարի 22-ին Իրանում ՀՀ դեսպանությունը կոչ արեց այնտեղ գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ ու տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի մասին:  

05.02.2020

Ըստ ԱՆ-ի՝ դեռեւս հունվարի 27-ից նախարարության մասնագետները գործուղվել էին սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր: 27.01-05.02 հատվածում Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրս գրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռեւս հոսպիտալացված է: Բոլորը ստացել եւ ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները: Արդյունքում՝ եզակի դեպքերում հայտնաբերվել են գրիպի A տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական:

ԱՆ-ն նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին տրամադրելու է լաբորատոր թեստերի նոր խմբաքանակ:

04.02.2020

ԱՆ-ն հայտնեց, որ, որ հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում թե՛ գրիպի, թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

02.02.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Հայաստանն ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը, որոնք շատ կարեւոր են հիվանդության կանխարգելման եւ բուժման համար: «Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաեւ լաբորատոր ստուգում անցկացնել»,- հայտնեց Թորոսյանը։

31.01.2020

Տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումներն ու Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները: Ըստ Թորոսյանի՝ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ:

Փոխարտգործնախարար Ավետ Ադոնցն էլ տեղեկացրեց, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը շարունակական կապի մեջ է ՀՀ մոտ 600 քաղաքացիների հետ եւ իրականացնում է անհրաժեշտ գործողությունները: Ըստ Ադոնցի՝ գործընկեր երկրների հետ քննարկվում է Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների կամավոր տարահանման հնարավորությունները: Նիստի ընթացքում քննարկվեց Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը:

30.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter