Էկոնոմիկայի նախարար. «Այս տարի էական տնտեսական կորուստներ կունենանք»
Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդմանն ուղղված կառավարության ծրագրերում, հնարավոր է, հետագայում փոփոխություններ արվեն դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Մենք ընտրություն ենք կատարել արագության և ճշտության միջև։ Նախընտրել ենք, որ մեր աջակցությունը հնարավորինս արագ տեղ հասնի։ Չի բացառվում, որ որոշ դեպքերում մենք ունեցել ենք այնպիսի որոշումներ, որոնք վերանայման կարիք ունեն։ Մասնավոր հատվածից զուգահեռաբար ստանում ենք հարցումներ, որոնք մեզ հուշում են, թե մենք որտեղ պետք է ավելի զգույշ լինենք»,- ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ այս պահին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդմանն ուղղված չորս ծրագիր է գործարկվել. «Առաջինով նախատեսել ենք արագ եղանակով ֆինանսական միջոցները հասանելի դարձնել այն կազմակերպություններին, որոնք առևտրային բանկերի համար հանդիսանում են հուսալի գործընկերներ։ Բանկերն են որոշում, թե որ կազմակերպություններն են այն հուսալի վարկառուները, որոնք կարող են օգտվել կառավարության համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման ծրագրերից»։
Երկրորդ միջոցառումն, ըստ նախարարի, ուղղված է գյուղատնտեսության ոլորտին։ Այս միջոցառումների շրջանակներում նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրել արտոնյալ վարկեր՝ զրո տոկոսադրույքով։ «Այս ուղղությունը նոր չէ կառավարության համար։ Նախորդ տարի նույնպես շատ մեծ ծավալի աջակցություն է ցուցաբերվել։ Այս տարի որոշակի լրացումներ ենք կատարել այդ փաթեթում՝ նպատակ ունենալով հատկապես գարնանը սկսվող գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ավելի հասանելի դարձնել այն ֆինանսական միջոցները, որոնք մեր ֆերմերային տնտեսությունները կօգտագործեն իրենց գործունեության մեջ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Երրորդ ուղղությունը փոքր և միջին բիզնեսի աջակցությունն է, որով ևս նախատեսված է արագացված ընթացակարգով արտոնյալ վարկավորման հնարավորություն տալ ՓՄՁ սուբյեկտներին, եթե նրանք ունեն բարվոք վարկային պատմություն։
«Եվ չորրորդ գործիքով աջակցություն է ցուցաբերվելու այն կազմակերպություններին, որոնք այս տարվա մարտից, չնայած տնտեսական դժվարությանը, չեն կրճատել աշխատակիցներին և աշխատավարձային ֆոնդը։ Մենք հայտարարեցինք, որ այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի միջին աշխատավարձը վճարում է կառավարությունը»,- տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարությունը։
Աջակցություն ստացած անհատների ու կազմակերպությունների անունները չեն հրապարակվելու
Կառավարությունը չի հրապարակելու այն անհատների կամ կազմակերպությունների անունները, որոնք օգտվելու են տնտեսական աջակցության վերը նշված ծրագրերից։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ միայն կհրապարկվի թե քանի շահառու է օգտվել ծրագրերից և ինչ ծավալի աջակցություն է ցուցաբերվել։
«Ծրագրերը նոր են և այս պահին շատ թվեր չկան։ Օրինակ՝ երրորդ միջոցառման շրջանակներում, որով աջակցություն է ցուցաբերվում այն կազմակերպություններին, որոնք նախորդ տարի ունեցել են 24-500 մլն դրամ շրջանառություն, չեն ունեցել ժամկետանց հարկային և վարկային պարտավորություններ, արդեն ստացել ենք ավելի քան 120 դիմում՝ 1.4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջով։ Նախարարությունը դեռևս պետք է պարզի՝ արդյոք այս կազմակերպությունները համապատասխանու՞մ են ծրագրի պահանջներին, թե՞ ոչ»,- տեղեկացրեց նախարարը։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության աջակցության ծրագրին, ապա Էկոնոմիկայի նախարարի կանխատեսմամբ՝ այս տարի ավելի շատ շահառուներ կլինեն, քան նախորդ տարի։ « 2019 թվականի ընթացքում մենք ունեցել ենք ավելի քան 9 հազար շահառու, որոնց պետությունը սուբսիդավորել է ավելի քան 53 մլրդ դրամ վարկային կամ լիզինգային միջոցների շրջանակներում։ Այդ վարկերի տոկոսագումարները հիմնակում վճարել է պետությունը, մայր գումարը՝ վարկառուն։ Այս նոր ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ վճարել տոկոսագումարները պետության կողմից։ Եվ կարող ենք վստահ պատկերացնել, որ 2020 թվականի ընթացքում այս ծրագրից օգտվողների քանակը կազմելու է առնվազն 10 հազար՝ առնվազն 60 մլրդ դրամ վարկային ռեսուրսներով»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Էկոնոմիկայի նախարարությունը, հասկանալու համար, թե մարտ ամսվա ընթացքում ինչ կորուստներ է կրել բիզնես հատվածը, հարցումներ է կատարել մասնավոր հատվածի այն կազմակերպությունների շրջանակում, որոնք արդեն մարտի կեսից կամ ավելի շուտ տարբեր պատճառներով սահմանափակել են իրենց տնտեսական գործունեության ծավալները։ Այս կազմակերպությունների թիվն ավելի քան 1200 է: Թե ինչ ծավալի կորուստներ են գրանցել, նախարարը չնշեց՝ միայն ասաց, որ դրանք զգալի են. «Իսկ տարվա համար դեռևս շուտ է գնահատականներ տալը, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե մենք որքան արագ կարող ենք կառավարելի դարձնել կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը։ Բայց, բնական է, որ էական կորուստներ են լինելու։ Երբ կազմակերպությունները վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, գործարկելու ենք կառավարության կողմից այլ աջակցության ծրագրեր ևս»։
Նախարարն անդրադարձավ նաև վարձակալության խնդրին։ Այսօր բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ փաստացի փակել են գործունեության իրենց վայրերը, որոնք վարձակալել են։ Պետության կողմից չկա որևէ ցուցում կամ աջակցության ծրագիր՝ այս ընթացքում նրանց վարձակալության գումարների հարցը լուծելու համար։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ դա պետք է կարգավորեն վարձակալն ու վարձատուն և փորձեն գտնել ոսկե միջին տարբերակը։
«Իրավիճակն անսովոր է։ Սա արտակարգ իրավիճակ է տնտեսության համար։ Մենք հուսով ենք, որ երկու կողմերն էլ՝ վարձակալներն ու վարձատուները, լավ են պատկերացնում իրավիճակը, և նրանց կողմից կլինի համաձայնություն, որ փոխադարձաբար հաշվի առնեն կորուստներն ու հնարավորությունները։ Այստեղ կառավարությունը շատ չի կարող միջամտել։ Ոլորտները մեծ են՝ փոքր խանութ, վարսահարդարման սրահ, բուքմեյքերական ընկերություններ և այլն։ Մենք կարծում ենք, որ պետք է մասնավոր հատվածի երկու կողմերն էլ համաձայնության գան՝ իրենց համար նվազագույն կորուստներով»,- ասած նախարարը։
Տրանսֆերտների կրճատում, խնդիրներ արտաքին առևտրի ոլորտում. Ռուսաստանից եկող ազդակները
Առևտրաշրջանառության և դրամական տրանսֆերտների ծավալներով Հայաստանի համար մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը ևս անկումային է, ինչպես աշխարհի շատ պետություններում, և դա շթղայաբար ազդում է նաև Հայաստանի տնտեսության և արտաքին առևտրի վրա։
«Թե ինչ ծավալի կորուստներ կլինեն, դժվար է գնահատականներ տալը։ Իրավիճակը շատ արագ փոփոխվում է, և հետևաբար փոփոխվում են նաև գնահատականները կամ կանխատեսումները։ Բայց, բնական է, որ այս տարի էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումը տարվա սկզբի կանխատեսումների համեմատ։ Տարվա սկզբում կանխատեսումները բավականին լավատեսական էին։ Կանցնեն դժվար ժամանակները և չնայած դժվարություններին, մենք արագ կվերականգնենք մեր պոտենցիալը և տնտեսական ակտիվությունը»,- նշում է Տիգրան Խաչատրյանը։
Մեկնաբանել