
Արսեն Թորոսյան. «Վարակված 2 ամսական երեխան և նրա մայրիկը ախտանշաններ չունեն»
Մարտի 26-ին մեկուսացված 40 քաղաքացիների թեստերը բացասական արդյունք են տվել, և նրանք վերադարձել են իրենց բնակության վայրեր: Վարակված 10 քաղաքացիների կրկնակի թեստերը ևս բացասական են եղել, և նրանք այսօր դուրս կգրվեն հիվանդանոցից, 300 քաղաքացի էլ կշարունակի բուժումը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կարող ենք ասել, որ այս պահին ունենք գումարային 28 բուժված քաղաքացի: Մյուս պացիենտների վիճակի վերաբերյալ կարող եմ ասել, որ ունենք մեկ ծայրահեղ ծանր քաղաքացի, որի վիճակը շարունակում է մնալ այդպիսին՝ չկա ոչ վատթարացում, ոչ էլ լավացում: Ունենք 1 ծանր վիճակով քաղաքացի, իսկ մնացածի կյանքին այս պահի դրությամբ որևէ վտանգ չի սպառնում: Պացիենտների մեծ մասը որևէ ախտանշան չունի, նրանք պարզապես մեկուսացման մեջ են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարը հաստատեց մամուլում առկա այն հրապարակումները, որ վարակակիրների մեջ նաև 2 ամսական երեխա կա՝ իր մայրիկի հետ:
«Երեխան ընդհանրապես ախտանշաններ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, սակայն նա նույնպես այս պահին ախտանշաններ չունի: Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: Ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունն ապահովելու և առողջությունը վերականագնել համար, թեպետ կրկնում եմ՝ վերականգնվելու կարիք էլ չկա: Հուսով եմ նրանք էլ ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով նախօրեին գրանցված մահվան դեպքին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ այդ դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բարդությունները հիմնականում առաջանում են տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, և շատ կարևոր է հատկապես նրանց պաշտպանությունը վարակի տարածումից: Ըստ նախարարի՝ իրենց գործողությունները միտված են խոցելի քաղաքացիների առողջության պահպանմանը:
Մեկնաբանել