HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետի առաջին տեղակալ. «Աննախադեպ ցածր ուղևորափոխադրում կա այս պահի դրությամբ»

Երևանի այն հյուրանոցները, որոնք կորոնավիրուսի օրերին դարձել են մեկուսավայրեր, դրանց աղբն ամենօրյա ռեժիմով, հատուկ աղբատարներով տեղափոխվել է աղբավայր և ոչնչացվել։ Իսկ այդ աղբատարներն աղբավայրից դուրս գալուց հետո լվացվել են, որպեսզի հնարավոր վարակն իրենց հետ փողոցներ չտեղափոխեն։ Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Սարգսյանը քաղաքացիներին հորդորեց դիմակներն ու ձեռնոցները պոլիԷթիլենային տոպրակով փաթաթել, նոր նետել աղբարկղը։

Այսօրվանից Երևանում իր աշխատանքն է սկսում հանրային տրանսպորտը։ Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով հանրային տրանսպորտի վերագործարկմանն, ասաց՝ երթուղի են դուրս բերվել ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ մասնավոր ուղևորափոխադրողների ավտոմեքենաները։

Նա «Հետքի» հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ դեռևս անհրաժեշտություն չկա քաղաքապետարանի պահուստային ավտոբուսները գործարկել և չվացուցակներում փոփոխություններ կատարել, որպեսզի քաղաքացիները երթուղայիններում առանց կանգնելու և երկար սպասելու երթևեկեն։ Ասաց՝ կախված կլինի ուղևորափոխադրման հոսքից. «Աննախադեպ ցածր ուղևորափոխադրում կա այս պահի դրությամբ։ Մեզ հարկավոր է, որպեսզի հասկանանք, թե այդ ուղևորափոխադրումն ինչ տենդենց ունի։ Կարծում եմ` մի քանի օրվա ընթացքում կհասկանանք, այնուհետև նոր կկարողանանք որոշում կայացնել` ըստ հաճախականության երթուղայինների քանակն ավելացնել, թե ոչ»,- նշեց Սարգսյանը։

Քաղաքապետի առաջին տեղակալի փոխանցմամբ՝ տարվա այս ամիսներին ուղևորահոսքը 30 %-ի չափով նվազում է՝ հաշվի առնելով, որ դպրոցներն ու ուսումնական հաստատությունները փակվում են։ 

Հրաչյա Սարգսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երթուղայինների վարորդները պետք է ունենան ձեռնոցներ և դիմակներ։ Ասաց՝ պաշտպանիչ այդ միջոցներն այժմ ուղևորափոխադրում իրականացնողներն են գնում։ Իսկ երթուղայիններն ամեն օր ախտահանվելու են։

Հրաչյա Սարգսյանը չթաքցրեց, որ հանրային տրանսպորն ու վարորդներին վերահսկելու ռեսուրս այս պահին չկա։ Նշեց՝ որքան էլ հավելյալ ուժ ներգրավեն, 800 գազելների և 300-ից ավելի ավտոբուսների վարորդներին հսկել չեն կարող։ Նա քաղաքացիներին հորդորեց այլ քաղաքացիների և վարորդների նկատմամբ ուշադիր լինել, հորդորել հետևել անվտանգության կանոններին։

Հրաչյա Սարգսյանը, սակայն, ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տեսուչները և ոստիկանության ծառայողները երթուղայինների վերահսկողություն են իրականացնելու։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter