
Արսեն Թորոսյան․ «Մանկատանը հատուկ բժշկական հերթապահություն է սահմանվել»
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ովքեր են պատասխանատու այն հարցում, որ կորոնավիրուս է հայտնաբերվել փակ հաստատություններում` տուն-ինտերնատում և մանկատանը:
Քանի որ հարցուպատասխանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկա չէր, հարցին պատասխանեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը խոսեց վարակակիրների առողջական վիճակի մասին` ասելով, որ դեռ փետրվար ամսից բոլոր փակ հաստատություններին հրահանգ է իջեցրել տեղում միջոցառումներ իրականացնելու համար:
«Վարակվելու վտանգը հարյուր տոկոսով բացառել հնարավոր չէ, քանի որ մարդիկ, միևնույն է, պետք է գնան տուն, գան: Դժբախտաբար երկու նման օջախ ունենք, մեկը՝ տուն-ինտերնատն է, մյուսը` մանկատունը: Մանկատան մասով կարող եմ ասել, որ ընդհանուր տենդենցների շրջանակում երեխաների համար ավելի քիչ վտանգավոր է այդ ամենը, մենք մեր սեփական փորձով ենք դա տեսնում»,- ասաց Թորոսյանը:
Նախարարի խոսքով` մանկատանը հատուկ բժշկական հերթապահություն է սահմանվել` մշտական բժշկի ներկայությամբ, որ միշտ այնտեղ լինի, և հարկ եղած դեպքում երեխաները հոսպիտալացվեն:
«Տուն-ինտերնատի դեպքում նույն մեխանիզմով էինք աշխատում։ Սկզբում պարզեցինք բոլոր վարակված անձանց: Այն քաղաքացիները, որոնք ունեին հիվանդանոցային բուժման կարիք, տեղափոխվեցին ԲԿ-ներ, նրանք, որոնք թեթև են տանում, տեղափոխվել են հյուրանոցային հաստատություններ: Շուտով դուրսգրումներ կունենանք»,-եզրափակեց Արսեն Թորոսյանը:
Մեկնաբանել